ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործատու-աշխատանք փնտրող. հանդիպման վայրը՝ աշխատանքի տոնավաճառ

Նոյեմբերի 19-ին Գյումրու Երիտասարդական պալատում Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ու «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքի հերթական տոնավաճառը։

Նշենք, որ այս տոնավաճառը նախորդներից տարբերվում էր նրանով, որ ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո է կազմակերպվում և նպատակ ունի մեկ հարկի տակ միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Այսինքն, եթե նախորդների ժամանակ տոնավաճառը մարդաշատ էր՝ հատկապես միջին տարիքի աշխատանք փնտրողներն էին գերակշիռ մասը կազմում, իսկ այս փոքր տարածքում աչքի էր զարնում երիտասարդների մասնակցությունը:

Ինչպես գիտեք, աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպվում, որպեսզի աշխատանք փնտրողների համար հնարավորություն ստեղծվի միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող տարբեր գործատուների, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերին և պահանջներին: Արդյունքում գործատուները՝ ունենալով մեծ ընտրության հնարավորություն՝ հաջողությամբ կկարողանան համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը:

Մի քանի տվյալներ մեջբերենք. Շիրակի մարզում 2021 թվականի օգոստոս ամսվա  դրությամբ՝ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 17489, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.6 %-ով (16877 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.2 %-ը կամ 11920 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.9 %-ով (11703 մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի մոտ 70%-ը:

Հավելենք, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նպաստում է Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանը։ Ծրագրի մասնակից` ՄԿՈՒ չորս հաստատությունները (Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, Արթիկի պետական քոլեջ և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջ) դասընթացների և ֆինանսական աջակցության արդյունքում այժմ ունեն վերապատրաստված դասախոսական կազմ, մասնագիտությունների վերանայված մոդուլներ և մասնագիտական լաբորատորիաներ կամ դասասենյակներ։ Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունքում ձևավորվել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր, որոնց հիմքում աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) մոդելն է։ Տեքստիլ և ագրոբիզնես ոլորտներում ՄԿՈՒ հաստատությունների ուսումնական ծրագրերի արդիականացման ու զարգացման նպատակով համագործակցություն է ձևավորվել ոլորտի համախոհ բոլոր կառույցների հետ։ Աշխատաշուկայի և մասնագիտական կրթության անհամապատասխանությունները նվազեցնելու նպատակով՝ ՄԿՈՒ հաստատություններն ընդլայնել են համագործակցությունների շրջանակը տեղական ձեռնարկությունների հետ, որի արդյունքում ուսանողները ձեռք են բերում գործատուի պահանջներին համապատասխան գիտելիք ու հմտություններ։

Տոնավաճառին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և Գյումրու համայնքապետի նորընտիր տեղակալները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, այլ կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ:

«Ադամյան և ընկերներ» ԱՁ ղեկավար Ամալյա Ադամյանի ներկայացմամբ, թեպետ տոնավաճառին ներկա են 25 գործատու, սակայն իրականում 127 գործատու է ներկայացված, ովքեր առաջարկում են 650-ից ավել թափուր աշխատատեղեր, ինչպես նաև 119 սպասվող աշխատատեղեր:

«Մարդը կարիքի մեջ» հայաստանյան կազմակերպության ղեկավար Վարդուհի Դադունցն էլ նշեց, որ միջոցառման «Անցում կրթությունից աշխատաշուկա» անվանումն արդեն իսկ հուշում է, որ նպատակը կրթությունից սահուն կերպով աշխատաշուկա մտնելն է։ «Այս ծրագրի շրջանակում իրականացրել ենք Շիրակի մարզի տեքստիլ և ագրո ոլորտներում աշխատաշուկայի պահանջների վերլուծություն, որի արդյունքում 8 մասնագիտությունների համար մշակել ենք ուսումնական ծրագրեր և Արթիկի, Մարալիկի, Գյումրու քոլեջների ուսանողներից մոտ 130 աշակերտ կարողացել է մասնագիտություններում մասնագիտանալ: Դասընթացներից հետո 10-ը գտել են աշխատանք այն գործատուների մոտ, որոնց մոտ պրակտիկա են անցել։ Եվս 8 հոգի այսօր կկնքեն աշխատանքային պայմանագրեր։

Մարզպետը նկատեց, որ այսօր լուրջ խնդիր է. միջին մասնագիտական հաստատություններ ավարտողները հետագայում չեն կարողանում աշխատանք գտնել: Հույս հայտնեց, որ նման ծրագրերի շնորհիվ կամուրջ կստեղծվի մասնագետ-գործատուի միջև: Մի դիտարկում արեց. Շիրակի մարզը համարվում է գործազրկության ցուցանիշով ամենաբարձր մարզը, սակայն աշխատաշուկայում կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում որոշակի կարողությունների և հմտությունների պակասի պատճառով: Նաև նկատեց, որ այս գործում մեծ դերակատարություն ունեն ԶԼՄ-ները:

Հերթով մոտենալով տաղավարներին և զրուցելով, ավելի շուտ պարզ դարձավ, որ աշխատատեղեր կան՝ բազմապրոֆիլ ոլորտներում, սակայն արձագանքողները չգիտես ինչու չեն շտապում: Օրինակ, Գյումրու կոմունալ ծառայության տաղավարում ներկայացուցիչ Հասմիկ Մանասյանը ներկայացրեց, որ սանմաքրման բանվորների և աղբատարների վարորդների կարիք ունեն, հայտարարություններ տարածել են, հիմա էլ տոնավաճառին են մասնակցում: Հույս ունեն, որ նախորդ օրինակով, այս անգամ էլ աշխատակից կգտնեն: Նկատում ենք՝ աշխատավա՞րձն է, որ առաջնային է համարվում, թե՞ պայմանները: «Կարծում եմ՝ աշխատավարձը: Սանմաքրման բանվորի դրույքաչափը 98 հազար է, իսկ վարորդինը՝ 230 հազար՝ ներառյալ հարկերը»:

«Զաքարյան» ջինս ընկերության տաղավարում կարող բանվորների կարիք են ներկայացրել: Իրենք ևս նախորդ տոնավաճառներից գոհ են մնացել, հիմա էլ հույս ունեն, որ կգտնեն աշխատակիցների: Նաև ծրագրավորող-օպերատորի կարիք ունեն:

«Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Անժելա Կարապետյանն ասում է, որ ոչ թե աշխատակից են փնտրում, այլ համապատասխան այս տոնավաճառի գաղափարի են մասնակցում՝ շրջանավարտների համար մասնագիտական կողմնորոշման համար, և ուզում են արհեստների մեջ մասնագիտացողների թիվն ավելացնել: