ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ընտանեկան ջերմություն՝ օտարների օջախում

Ասում են՝ ծնողներին ու զավակներին մենք չենք ընտրում: Մյուս կողմից, ասում են, չէ՞, ծնողը երեխային կյանք է նվիրում, և պարտավորվում իր երեխային տալ այն ամենը, ինչը հնարավոր է, ապրել՝ հանուն երեխայի, նրան հասցնել այն կետին, որտեղից չափահաս դարձած երեխան կկարողանա ինքնուրույն շարունակել կյանքը: Եվ նույնն էլ հակառակն է. չափահաս դարձածն է, ըստ կյանքի չգրված օրենքների, արդեն պարտավորություն վերցնում ծնողներին տեր կանգնելու…

Ես մեր ընտանիքի երրորդն եմ: Ծնողներս երեխա էլ չեն ուզեցել, սակայն բժշկական միջամտությամբ հեռացնելու հնարավորություն չունենալու պատճառով՝ ինձ թողել են, ասել է, թե՝ չսպասված երեխա եմ: Ու երբ խելքս շատ թե քիչ հասնում էր, հասկացա, որ իմ սիրասուն մայրն ինձ հետ վարվում էր խորթի պես: Ես տեսնում էի, որ մայրս սնունդի «թանկ կտորները» տալիս էր ինձանից մեծերին, մեծ քրոջս համար զգեստներ էին գնում, որոնք երբ հնանում էին, նոր միայն ինձ էին բաժին հասցնում: Եղբորս ոչնչից չէին զրկում, իրենց աշխատածն ու ստացածը միայն նրանց վրա էին ծախսում: Անգամ, երբ մորաքույրս, որն ապրում է Վրաստանում, մեր ընտանիքին հրավիրել էր ամառն այնտեղ անցկացնելու, մայրս հարմար գտավ ինձ թողնել տատիկիս մոտ, իր հետ տանելով ավագներին: Եվ դա ամեն ամառ կրկնվում էր:

Ես դպրոցում լավ էի սովորում: Լավ է, որ այդպես էր, հակառակ դեպքում, կարծում եմ, մայրս առիթը բաց չէր թողնի՝ ինձ ձաղկելու, կշտամբելու, հայրս էլ՝ նույնկերպ: Ես չէի հասկանում, թե ինչով եմ մեղավոր, որ ծնողներս ատելությամբ էին լցված իմ հանդեպ: Նայում էի հայելու մեջ. արատավոր ոչինչ չունեի, խելքս էլ տեղն էր, թե ի՞նչ էին ուզում նրանք, ես չէի հասկանում: Մի՞թե, քանի որ սպասված չէի, դրա համար էին ինձ հետ այդպես վարվում: Մի օր չդիմացա ու տատիկիս հարցրեցի այդ մասին: Սիրտը լցվեց. փառք Աստծո, գոնե նրա մեջ մարդկային խիղճ ասվածը կար: Բայց հարցիս չպատասխանեց:

Հայրս սկսել էր խմել ու, երբ հարբում էր, ես արդեն գիտեի, որ ինձ վրա լուտանքներ թափելու ժամանակն է եկել: Արդեն 8-րդ դասարանում էի, չդիմացա ու տանից փախա: Թաքնվել էի ընկերուհուս  տանը, սակայն նրա մայրը զանգել էր մորս ու ասել, որ իրենց տանն եմ: Եկան հետևիցս: Երեք օր դասի չգնացի, որովհետև ի վիճակի չէի:

Արդեն դպրոցն ավարտել էի: Ծնողներս բոլորովին չէին մտածում ինձ ուսման տալու: Նրանց ուշքն ու միտքը իրենց աղջկան լավ տեղ ամուսնացնելն էր, իսկ եղբայրս Ռուսաստանում արդեն ամուսնացել էր, երեխաներ ուներ:

Մի օր, որտեղից որտեղ, ինձ ուզող հայտնվեց, առանց իմ կարծիքն հաշվի առնելու՝ ամուսնացրեցին: Արցունքն աչքերիս ամուսնացա, ինչ-որ տեղ ինձ հույս տալով, թե կարող է և ամուսնուս տանը ինձ ավելի լավ զգամ: Բայց անբախտ մարդու ճակատագիրը, որի մանկության դրոշմը ողջ կյանքի համար դրոշմված էր մնալու, այստեղ էլ շարունակվեց: Ամուսինս այլանդակի մեկն էր… Փառք Աստծո, երեխաներ չունեինք, ու ես փախա նրա մոտից: Այլ քաղաքում, անփող ու անտեր, չգիտեի ուր գնալ, ինչ անել: Ընկերուհիս, իմանալով վիճակիս մասին, թույլ տվեց մնալ իրենց տանը: Այս-այն սրճարանում աման լվանալով, հավաքարար աշխատելով՝ մի կերպ ոտքի կանգնեցի: Ծնողներիցս լուր չունեի, ու ոչ էլ մտադիր էի նրանց զանգելու:

Ես աշխատատեղից աշխատատեղ էի տեղափոխվում, վարձով՝ տնից-տուն: Ընթացքում մի քանի անգամ կապվել էի տատիկիս հետ, նրան պատմել ամեն ինչ: Պարզվում է, նա իմ հարցով լուրջ կոնֆլիկտներ էր ունեցել մորս հետ: Իսկ որոշ ժամանակ անց տատիս հարևանն ինձ զանգահարեց ու հայտնեց, որ խեղճ կինը դարդից մահացել է: Ես ինձ զգում էի՝ ասես այն փորձաքարը, որին կամ Աստված, կամ սատանան պիտի հաղթեր:

Եղան օրեր, որ մի պատառ անգամ հաց չէի կարողանում հայթայթել: Գնացի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ: Սկզբում մտածեցի մուրացկանություն անել, հետո փոշմանեցի, մտածեցի նետվել կամրջից… Երբ ուշքի եկա (ուշագնաց էի եղել սովից, աղիողորմ արտասվելուց ու տառապանքից), ինչ-որ սենյակում էի: Իմ կողքին անծանոթ մարդիկ էին կանգնած: Պարզվեց, եկեղեցի եկած մի ընտանիք, տեսնելով իմ վիճակը՝ խղճները տանջել էր: Ինձ իրենց տուն էին բերել: Արդեն երեք տարի է՝ ապրում եմ Աստծո ուղարկած բարեգութ ընտանիքի տանը, պաշտում եմ նրանց: Ապրածս տարիների ընթացքում ես առաջին անգամ ընտանեկան ջերմություն էի զգացել: Եվ ինչպե՞ս այս մարդկանց Աստծո ամեն օր չօրհնես:

N.N.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: