ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Չեմ ուզում, որ Գյումրին խաշ ուտողների մակարդակ ունենա հյուրերի ու իմ քաղաքին դրսից նայողների համար»

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”2179″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”2180″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”2181″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”2182″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”2183″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]

Հաճախ չի պատահում, երբ մարդն օժտված է լինում մի քանի շնորհներով: Այդպիսի մարդկանց մասին ժողովուրդն ասում է, թե Աստված մի քանի հունարներ է դրել նրանց մեջ:  Լևոն Լաճիկյանն այդպիսիներից մեկն է: Ծնվել է Գյումրիում և որպես լրագրող, գեղագետ, գծանկարիչ` հպարտությամբ է նշում, որ հայրենի քաղաքի նկատմամբ անսպառ սերը կրել է իր ամբողջ կյանքում: Այժմ Երևանում բնակվող Լևոն Լաճիկյանն օրերս հայրենի քաղաք  էր այցելել իր համար անչափ ուրախալի մի առիթով: Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի նրա համադասարանցիները որոշել էին ավարտելուց 45 տարի անց հանդիպել` նշելու այդ տոնը: Մինչ այս, Նյու Յորքում, Սբ. Աստվածածին եկեղեցու «Թուֆայան» սրահում կայացել էր նկարչի «Պոլիս և անդին» խորագիրը կրող 15-րդ անհատական ցուցահանդեսը և այնտեղից վերադարձել էր Սփյուռքի հայրենակիցների հետ իր հանդիպումներից մեծ տպավորություններ ստացած:

Լևոն Լաճիկյանն ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա ավարտել ասպիրանտուրան` «Գեղագիտություն» մասնագիտությամբ: Իր ստեղծագործական ուղին սկսել է «Ազգ» օրաթերթից, լինելով մշակութային էջի հիմնադիրը` գրիչը ծառայեցրել հայ մշակույթի լուսաբանմանը: Այստեղ նա աշխատել է 1992-1994 թվականներին` հեղինակելով մշակութաբանական խորիմաստ վերլուծական հոդվածներ: Այդ տարիներն համընկան Հայաստանի համար ծանր մի ժամանակահատվածի հետ, երբ Արցախյան գոյամարտն էր ընթանում, ժողովուրդն անլույս օրեր էր «գլորում»:

«Որ ճիշտն ասեմ` մարդիկ կիսաքաղց էին ապրում այդ տարիներին,- պատմում է Լ.Լաճիկյանը,-կյանքս այդ շրջանում իմաստավորելու համար, «Ազգի» հիմնադիր-խմբագրին` Հակոբ Ավետիքյանին, առաջարկեցի օրաթերթում մշակութային էջ ունենալ, որը ես կվարեի, ինչին նա ոգևորությամբ արձագանքեց: Նպատակս էր, որ մարդիկ դժվարին ժամանակներում բարձր արվեստի հետ հաղորդակցվեին` իրենց ամենօրյա հոգսերից ինչ-որ կերպ կտրվեին»: Նրա լրագրողական գործունեությանն այսպիսի գնահատանք է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանը. «Մշակույթի վերաբերյալ շատերն են գրել և էլի կգրեն: Սակայն միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ արվեստի, մշակույթի մասին ընդհանրապես` ոչ բոլորը պիտի գրեն: Միայն նրանք, ովքեր նախ` սիրում, ապա հասկանում են արվեստը. Լևոն Լաճիկյանի հոդվածներն առանձնանում են այդ երկուսի ներդաշն միասնությամբ»:

«Ամեն օր հանդես էի գալիս հրապարակումներով,- պատմում է Լաճիկյանը,- ինչ խոսք, դա դժվարին, նվիրում պահանջող գործ էր, բայց ինձ համար` հաճելի զբաղմունք: Կարևոր ու անհրաժեշտ էի համարում մշակութային տարեգրությունն արձանագրել հոդվածներումս:  Հետագայում մարդիկ, ովքեր մշակութային դաշտի հետ սերտ առնչություն ունեին, պիտի հորդորեին, որ «Ազգում» տպագրված հոդվածներիս ընդգրկմամբ գիրք լույս ընծայեմ»:

Այսպես ծնվեց Լաճիկյանի «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գիրքը, ինչը բարեբախտաբար առաջինն ու վերջինը չդարձավ: Տարիների ընթացքում Երևանում և Նյու Յորքում նա տպագրեց այլ գրքեր ևս: Ընդհանուր հաշվով յոթ գիրք: Լաճիկյանն արվեստին նվիրված ութ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է` «Իմ մեջ մեկտեղվել են պրակտիկն ու տեսաբանը»: Նրա Ֆիլմերից մեկը Մոսկվայում կայացած վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել:

«Ես առավելապես հայտնի եմ որպես գրող և գեղագետ, հայրս ու ավագ եղբայրս` Սամվել Լաճիկյանը, նկարիչներ են, ընդ որում` եղբայրս Հայաստանի վաստակավոր նկարիչ: Գուցե՞ ես տեղյակ չեմ եղել, որ ինքս էլ եմ նկարիչ, ու կյանքումս շրջադարձային եղավ այն պահը, երբ հասկացա, որ կարող եմ նաև նկարել: Այնպես պատահեց, որ իմ ուղևորությունների երանգապնակից` Գյումրի, Կարս, Շուշի, Բեյրութ, Մոսկվա, Վիլնյուս, Պրահա, Փարիզ, Մարսել, Վենետիկ, Վիեննա, Ամստերդամ և այլն, նկարներ «գրվեցին», ինչի շնորհիվ էլ երևի ինձ բնորոշեցին որպես քաղաքերգակ նկարիչ… Բայց ասեմ, որ առաջին փորձերս, որպեսզի խաբուսիկ հաջողություն չպատկերանային, դիմեցի ինձ համար մեծ հեղինակություն հանդիսացող ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանին` կարծիքն իմանալու համար: Ես նրան տարա երկու գծանկարներս ու պարզապես հարցրի. «Շարունակե՞մ, թե՞ կանգ առնեմ»: Իսկ նա հաստատապես ասաց. «Դու գծի կուլտուրա ունես»: Պարտադրեց իր խոսքում, որ անպայման շարունակեմ նկարել: Խրախուսանքն այդպիսի վճռորոշ պահին ինձ համար մեծ արժեք ուներ»: Նրա քաջալերանքը նպատակակետին հասավ.

«Անչափ տպավորված եմ Լևոն Լաճիկյանի գծանկարներով. դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով և նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են: Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն և կենդանի պատկերներ է ստեղծում: Շատ կարևոր է, որ Լևոնի գծանկարները նյութի պարզ վերարտադրություն կամ սոսկ փաստագրություն չեն: Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասներ տալով հանդերձ` նա կարողանում է վեր բարձրանալ դրանցից և դրսևորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»,- այսպիսի կարծիք է հայտնել նրա մասին ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը:

«Այդպես շարունակեցի նոր գրաֆիկական գործեր նկարել: Ինձ համար շատ կարևոր էր այն հանգամանքը, որ 2010 թվականին անհատական ցուցահանդես ունեցա հայրենի քաղաքում` «Գյումրի, իմ սեր» խորագրով: Ի դեպ, քաղաքապետարանի ճեմասրահում բացված դա միակ  ցուցահանդեսն էր, որ ավանդույթի ուժ չստացավ հետագայում, շարունակություն չունեցավ: Առիթն այսպես եկավ. այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ժանանակ, իր ելույթում շեշտեց, թե աշխարհով մեկ սփռված բոլոր գյումրեցի նկարիչներին հրավիրում է «իրանց հերանց տուն»` գալ և ցուցահանդեսով ներկայանալ: Դե, ես էլ դիմեցի գծանկարներիս ցուցահանդեսով հերանցս տանը ներկայանալու համար ու մերժում չստացա: Ինձ համար միշտ կարևոր է եղել այստեղ` գյումրեցիներից իմանալ իմ նկարչական գործերի գնահատականը,- անկեղծանում է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի արժանացած արվեստագետը,- ու պարզվեց, որ համաքաղաքացիներս անտարբեր չմնացին նկարներիս հանդեպ: Նրանց արձագանքը ոգևորիչ էր»:

Նկարիչ-գեղագետ Լաճիկյանը վերլուծելով իր ստեղծագործական ոճը, ասում է, թե սեփական  գծանկարներում առկա շենքերի պատկերներն իր համար քարե անշունչ կառույցներ չեն, դրանք մարդկային ոգու ամրոցներ են, որ միջավայր են պայմանավորում, ուղղակիորեն աղերսվում են այդ միջավայրին, բնավորություն, մտածողություն ու ճաշակ ձևավորում: Նա իր գծանկարով սիրել է տալիս Գյումրին:

Գալով Պոլսում կայացած «Պոլիս և անդին» վերնագրով ցուցահանդեսին, ուր ներկայացված են եղել իր 40 գրաՖիկական աշխատանքները, Լևոն Լաճիկյանը շարունակում է. «Մարդ կա իր քաղաքը չի սիրում, բայց ես` իմ գեներով, գալիս եմ Էրզրում-Կարս-Գյումրիից, դրանք իրական քաղաքի հոմանիշներն են, և սա անտեսել որևէ կերպ հնարավոր չէ»: Հավելում է, թե թող սխալ չընկալվի, բայց Երևանն իր համար նման կարգավիճակ չունի, որովհետև այն չունի Գյումրու քաղաքային միջավայրը, էությունը: Քաղաքն էությամբ պետք է այդ կոչմանը հավատարիմ լինի, այլապես քաղաք չի լինի: Իսկ Պոլսո ցուցահանդեսից զատ, նա այնտեղ ներկա գտնված հայերի համար «Պոլսո դերը հայ մշակութային կյանքում» թեմայով դասախոսություն է կարդացել, որում ներկայացրել է հայտնի ու անհայտ փաստեր հայոց պատմամշակութային իրողություններից: «Չգիտեմ, թե ինչի՞ց է, սակայն շարունակաբար մեջս Գյումրու նկատմամբ սերն ահագնանում է, ես չեմ ուզում, որ Գյումրին խաշ ուտողների մակարդակ ունենա հյուրերի ու իմ քաղաքին դրսից նայողների համար»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

[/vc_column_text][/vc_column][/vc_row]