ՀՈՒՇԵՐ

Հանձնվելու տարբերակ չկա

Չորս օր անց, երբ Թամարան կատարվածի մասին պատմել է պատահաբար ոստիկանություն այցելած ռուս բարձրաստիճան զինվորականին, վերջինս միջամտել է, որպեսզի տաջիկ ոստիկաններն ազատ արձակեն նրան: Դուրս գալով ոստիկանությունից, Թամարան գնացել է Տաջիկստանի դատախազություն, բողոք գրել գեներալի դեմ, բողոք է ներկայացրել նաև ՌԴ դեսպանատուն, դիմել է նաև ազգությամբ գերմանացի Մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս՝ կանխավ վճարելով բուժման ծախսերը, կնոջն իր աշխատակցուհու հետ ուղարկել էր հիվանդանոց: Այստեղ Թամարան գլխով եկածը պատմել է բժիշկ Խաչամուրադովին, ով եղել է Տաջիկստանի նախագահի ընտանեկան բժիշկը: Նա՝ գնահատելով իրավիճակը, զգուշացրել էր. «Թամարա խանում, սիրտս ցավում է ձեզ համար, բայց, քանի որ բողոք է գրվել ձեր դեմ, չեմ կարող օգնել, անպայման վրեժխնդիր կլինեն ձեզնից: Այդ մարդը (գեներալը) ամեն ինչի ընդունակ է, թմրադեղեր կօգտագործի ձեր դեմ ու կտանի, բանտում կպահի»: Բժիշկը մահմեդական էր, բայց խղճով մարդ էր, խորհուրդ էր տվել լքել Տաջիկստանը, այլապես տաջիկների հաշվեհարդարից չէր խուսափի, քանի որ ոստիկան գեներալը մեծ հեղինակություն և լայն կապեր ուներ: Պատմում է Թամարան. «Փրկության միակ ելքը մնում էր ամեն գնով Տաջիկստանից փախուստի դիմելը: Նույնիսկ կարևոր չէր, թե ինչ ճանապարհով: Ռուս սահմանապահ կայազորի զինվորականները, որոնց ես դիմել էի, անտարբեր չգտնվեցին, իմ պատմությունը նրանց հոգում խղճմտանք առաջացրեց: Նրանք հանձն առան իրենց «Ուազիկով» ինձ թաքուն ուղեկցել մինչև Աֆղանստանի սահմանը: Այդ զինվորականներն իրենց ծառայության ընթացքում հասցրել էին ճանաչել տաջիկների ամբարիշտ բնավորությունը և այժմ գիտակցում էին ինձ սպառնացող վտանգի լրջությունը: Իսկ իմ բացակայության ընթացքում փեսայիս մորաքրոջ ամուսնուն կանչել են պատասխանատվության: Նա էլ պատճառաբանել էր, թե ես փախել եմ մարդկանց խաբելու պատճառով»:

Մինչ Թամարայի փախուստը, բժիշկ Խաչամուրադովը նրան ծանոթացրել էր մի քանի կանանց հետ, ովքեր ներգրավված էին մաքսանենգության մեջ և պատրաստվում էին հերթական «պարտիայի» փոխադրմանը Աֆղանստան: Ըստ պայմանավորվածության, այդ կանայք պետք է նրան սպասեին Աֆղանստանին սահմանամերձ մի տեղանքում: Նրանք պարզապես ստանձնել էին դժբախտ կնոջն ուղեկցելու դերը: Թամարան մտածում էր՝ գուցե սա է ամենահարմար պահը` սահմանն անցնելով, հնարավորություն կունենա դիմել Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատուն` այդ երկրում ապաստանի իրավունք ստանալու խնդրանքով: Հույս ուներ, որ դեսպանատունը չի մերժի իր խնդրանքը:

Այդպես պետք է սկսվեր Թամարայի ոդիսականը. մի քանի պետական սահմանների հատումը: Արդեն հետախուզում էր հայտարարված նրա նկատմամբ, ու Թամարան ստիպված էր հինգ տարի փախուստի մեջ գտնվել: Նախ՝ հայտնվեց Աֆղանստանում, որտեղ նրան սպասում էր առաջին հիասթափությունը. ԱՄՆ դեսպանատանը մերժեցին նրա «հանձնվելու» խնդրանքը: Հետո՝ Ուզբեկստան, Ղազախստան… Չոր տափաստաններ էին, ջուր չկար, գիշատիչների հարձակումներից ու սողունների խայթոցներից պաշտպանվելու համար ծառերի վրա էր քնում: Մի օր, երբ ծառի վրա էր գիշերը լուսացրել, ճյուղը կոտրվել է: Պատմում է. «Գետնին ակամա հայտնված կոբրան կարծես ինձ էր սպասում. պլշած նայում էր, ասես հայացքով տնտղում էր, թե ինչպես «վարվի» պատահական զոհի հետ: Ֆշշացրեց, բայց հանկարծ խայթելու բնազդից ետ կանգնեց: Տափաստանում հայտնված կոբրան ավելի խելացի էր ու բարի: Եվ նման չէր այն մարդկանց, ովքեր Տաջիկստանում ցանկանում էին ինձ վնաս հասցնել»:

… Հետո Չեչնիա, որտեղ գրոհայիններն հանձն առան նրան ավտոմեքենայով որոշակի ճանապարհահատված տեղափոխել: Երբ հասան Վրաստանի սահմանին, նրան ասացին. «Ներող կլինես, խանում, էլ չենք կարող առաջ շարժվել»: Այդ ժամանակ ռուսները ռմբակոծում էին Ցխենվալը: «Ախալքալակում էի, մարդկանց չէի ասում, թե ով եմ, խաբում էի, պատմություններ հորինում: Դե, հետախուզման մեջ էի, վախենում էի: Ո՞վ գիտի, եթե մարդկանց վստահեի և ճշմարտությունն ասեի, դրա հետևանքն ինչ կլիներ, ի՞նչ կրակի մեջ կընկնեի այսքան փորձություններից հետո: Մատնությունից էի վախենում: Մի հայ ընտանիք հյուրընկալեց ինձ: Մի օր էլ, երբ ճաշում էինք, գինի հյուրասիրեցին: Առհասարակ, ես խմող չեմ, ոչ էլ ծխում եմ, բայց այս անգամ, չգիտես ինչու, խմելու ցանկություն ունեցա»:

Վախը, սովը, անքուն գիշերները հյուծել էին մարմինը, գինին ներգործեց, ու դարդերը պատմելու պահանջն ինքնաբերաբար արթնացավ ու պատմեց, թե իրականում ով է ինքը: Այնուհետև այդ «հյուրընկալ» մարդիկ յոթ օր նրան շան բնում պահեցին, փող էին պահանջում:

«Ասում էին` մուլտիմիլիարդերկա ես, զանգիր, փողերդ բերեն: Հազիվ փախա էդ շան բնից… Վրաստանում ընդունելություն խնդրեցի Իլյա կաթողիկոսից: Նա ուշադիր լսեց ու ուղարկեց Հայաստանի դեսպանատուն: 28 օր սպասեցի, մինչև Հայաստան վերադառնալու վկայական տվեցին: Բագրատաշենի մաքսատանն ինձ ասացին, թե հետախուզման մեջ եմ գտնվում: Երեք ժամ պահեցին, բայց լավ վերաբերվեցին: Մի փոխգնդապետ լսելով ինձ, բարյացակամորեն հորդորեց՝ չհուսալքվել. «Տիկին Թամարա, մի լացեք, ինչ էլ արած լինեք, հայը 60 տարեկան կնոջը չի կարող հանձնել մուսուլմանին»:

2010 թվականի մայիսի 6-ն էր: Նրան հարցաքննելու եկավ գլխավոր դատախազության քննիչներից մեկը: Զրույցի ընթացքում քննիչն իմիջիայլոց նետեց. «Էնքան փող ունես. պետություն կա՝ էդքան փող չունի, բեր փողերդ, բաց թողնենք: Թե չէ` փակի տակ կպահենք»: «Որտեղի՞ց բերեմ, ես հազիվ Հայաստան եմ հասել»: «Դե, որ էդպես է, քամակդ շարժելով, կգնաս գաղութ»:

Տարան Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, որտեղ Թամարա Վարդանյանը հացադուլ հայտարարեց. «37 օր հացադուլի մեջ էի: Ես հավատացյալ չեմ եղել, եկեղեցի չեմ մտել, բայց օգնել եմ մանկատներին, ծերանոցներին: Բայց սա երևի Աստծո փորձությունն էր, որ պետք էր ինձ: Ամբողջ կյանքում աշխատել եմ՝ օգնել մարդկանց, հաշվի չառնելով նրանց ազգությունը: Ռուսաստանում և աշխարհի տարբեր ծայրերում կան մեծահարուստներ, ովքեր հրաժարվում են անգամ 10 ռուբլի տալ իրենց հարազատներին ու մերձավորներին: Իսկ ես միայն ինձ համար չեմ ապրել, բայց` արի ու տես, որ դարձել էի ամենավերջին չքավորը: Գլխավոր դատախազի կողմից որոշում կայացվեց՝ բավարարել Տաջիկստանի գլխավոր դատախազության միջնորդությունն ու ինձ հանձնել Տաջիկստանի իրավապահներին: Ահով էի ապրում, ամեն վայրկյան սպասում էի, որ ահա կգան ետևիցս, կտանեն տաջիկներին հանձնելու: Սարսափելի էր երևակայել, թե ինչ էր ինձ այնտեղ սպասվում…»:

(շարունակությունը հաջորդ էջում)

Պիտակներ՝