ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀՀ նախագահ. «Գյումրիում մարդիկ պետք է աշխատանք ունենան»

Նոյեմբերի 8-ին Գյումրի էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցը պաշտոնական չդիտարկելու ցանկությանը հակառակ, նրան դիմավորելու էին եկել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որոնց հետ մեկ-երկու բառ փոխանակելուց հետո, Արմեն Սարգսյանը թույլ չտվեց իրեն ուղեկցել: Զարմացել էր նաև մեծ թվով ԶԼՄ-ների ներկայությունից: Իրեն բնորոշ հումորով հարցին, թե որտեղի՞ց են իմացել իր այցի մասին, լրագրողներից մեկն արձագանքեց. «Շպիոններն են խաբար տվել»:



Նախագահը նախ եղավ Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքում, որն արդեն հանձնվել է Շիրակի երկրագիտական թանգարանին: Շենքից դուրս գալիս, նախագահին մոտեցավ Գյումրիում հայտնի «Կացին» մականունով մուրացկանն ու սկսեց ներկայացնել իր ծանր սոցիալական վիճակը, հետո ևս մեկը դարձյալ սոցիալական խնդրանքով մոտեցավ: Նախագահը չզլացավ, զրուցեց երիտասարդների հետ՝ նրանց բացատրելով, որ իր կարգավիճակը տարբերվում է նախորդ նախագահներից, և ինքը կառավարության ղեկավարը չէ՝ նկատի ունենալով, որ շատ բաներ իր իրավասությունից դուրս են։ Թեպետ օգնականին հանձնարարեց օգնել խնդրանքով դիմած քաղաքացիներին: Հետո զրույցի բռնվեց փողոցաշինություն իրականացնող շինարարների հետ:

Գյումրիում հայտնի «Կացին» մականունով մուրացկանը նախագահին ներկայացնում է իր սոցիալական ծանր վիճակը

 

Ապա նախագահն այցելեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Այցելեց «Բրեյն Ֆորս» ընկերություն, բոլոր աշխատակիցներին մեկ առ մեկ ողջունեց, հարցուփորձ արեց, անգամ մի պահ ուզեց նստել համակարգչի դիմաց, հետո երևի փոշմանեց: «Բրեյն Ֆորս» ընկերության հիմնադիր տնօրեն Գուրգեն Ղարիբյանից մանրամասն հետաքրքրվեց, թե քանի աշխատող ունեն, ինչ ծրագրերով են աշխատում, ինչպիսի պատրաստի պրոդուկտ ունեն, ապա հասցեներ ուզեց , որպեսզի ինքն հնարավորություն ունենա ուսումնասիրել այդ պրոդուկտները: Դուրս գալիս Գուրգեն Ղարիբյանին ասաց, որ անպայման կզանգի ու իր կարծիքը կհայտնի պրոդուկտների վերաբերյալ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բրեյն Ֆորս» ընկերությունում

 

Այնուհետև լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր հղել նախագահին: Վերջինս խոստովանեց, որ Գյումրի մի երկու ժամով է այցելել: Հիմնական նպատակն է եղել տեսնել ապագա թանգարանի շենքը, և չի եկել որպես նախագահ, այլ եկել է որպես Արմեն Սարգսյան, ով ժամանակին խոսք է տվել, որ իր ուշադրության կենտրոնում կպահի թանգարանի շենքի կառուցման հետագա ճակատագիրը: Նաև նշեց, որ գնալու է Ձիթողցոնց թանգարան, որի կառուցմանը նա ևս մեծ մասնակցություն է ունեցել: Պատմեց, որ իր պապերը Ձիթողցի են:

— Գյումրին միայն բնակելի կառույցների անհրաժեշտությունը չէ, որ ունի: Ունի շատ կարիքներ, ինչպես նաև կարևոր է հին քաղաքի կառուցումը, որովհետև շատ մարդիկ կայցելեն, և տուրիզմի զարգացումը կբերի նաև քաղաքի համար նոր աշխատատեղեր: Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, և ամեն ինչից բացի, քաղաք է, որտեղ հինը պահպանվել է։ Քաղաք է, որտեղ ժառանգություն է պահպանվել։ Ժառանգություն ասածս շատ ավելի լայն իմաստ ունի, ժառանգության իմաստով նաև բարբառը, իրականում դա Շիրակի բարբառը չէ միայն, սկսած Կարնո դաշտից մինչև Ախալքալաք, Ախալցխա, այսինքն` հարավից հյուսիս մեր պատմական Էրզրում, Ղարս, սովորությունները, ուտելիքը։ Քաղաքը գեղեցիկ է, մինչև հիմա մարդիկ կարողանում են ժառանգությունը պահել։ Երիտասարդները նույնիսկ ասում են Լեննագան, որոշներն էլ ասում են՝ Ալեքպոլ, այսինքն` քաղաքը չի կորցնում իր իմաստը՝ Ալեքպոլից Լեննագան, հետո Գյումրի, և սա շատ էական է, որովհետև Հայաստանում շատ քիչ տեղեր կգտնեք հին քաղաք, սովորություններ: Նույնիսկ թաղերն են մնացել հին, ես էլ գիտեմ ձեր թաղերի անունները:

Հարցին՝ կուզենա՞ր ներդրում անել, կատակով հակադարձեց, թե որտեղի՞ց իմացաք, հետո շարունակեց.

— Ես ուզում եմ օգնել, օգնելու տարբեր միջոցներ կան. անձնապես, բարեգործական ծրագրերով, կարևոր չէ, թե ինչպես, կարևոր է, որ Գյումրին ստանա այն, ինչի արժանի է:  Թանգարանը միայն Գյումրիինը չէ, այն ողջ Հայաստանում շատ յուրատեսակ կլինի ու ցանկալի է, որ գրավիչ կառուցվի:

Լրագրողները փորձեցին նախագահին քաղաքական հարցեր ուղղել, սակայն նայելով ժամացույցին, արդարացավ, որ ցանկություն ունի գոնե այս 2 ժամը չխոսել քաղաքական թեմաներից:

Երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով նախագահը նշեց.

— 30 տարի է անցել, ցավը չի վերացել, վերք է, որը ցավոք սրտի, չի փակվել… 1988-ին համալսարանում դասախոս էի, իմ ընկերների, ուսանողների հետ եկանք օգնելու, որովհետև չէինք հավատում, որ կառավարությունը կկարողանա միայնակ օգնել։ Ե՛վ Սպիտակում, և՛ Լենինականում տեսել եմ այդ հսկայական աղետը, մինչև հիմա հիշում եմ: Հիշում եմ նաև 1996-ը, երբ վարչապետ էի, եկա այստեղ և տեսա գյումրեցիների, այսպես ասած, զուսպ հպարտությունը։ Մարդիկ, որ 8 տարի մոռացված էին եղել, չէին պահանջում, որովհետև գիտեին, որ Հայաստանը դժվար պայմաններում է, Արցախի խնդիրը կա, մարդիկ ատամները սեղմած իրենց դժվար կյանքով ապրում էին իրենց տնկաների մեջ։ Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չէ, եթե մարդուն միայն բնակարան տաս, հարցը չի լուծվի, Գյումրիում մարդիկ պետք է աշխատանք ունենան, և մենք պետք է նորից Գյումրի վերադառնանք բոլորս միասին։