ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Մի ազատամարտիկի պատմություն

Աղասին հաճախ էին տանում մայոր Բայրամովի մեքենան լվանալու: Պարզվեց՝ Բայրամովը պետական անվտանգության սպա է ու մեծ համարում ունի, թե՛ հայերի, թե՛ ազերիների մոտ: Նա դոստացել էր Աղասի հետ, խոստացել աջակցել: Աղասը «աշխատանքից» հետո միշտ լիքն էր գալիս՝ հետը բերում էր հաց, ծխախոտ, լուրեր մեր փոխանակման հետ կապված: Ոգևորվում էինք: Սակայն օրերն անցնում էին ու նոր հիասթափություն բերում՝ սայլը տեղից չէր շարժվում: Մենք Ֆիկրետին հարցուփորձ էինք անում Բայրամովի մասին՝ ի՞նչ մարդ է, կարելի՞ է հավատալ նրան, արդյո՞ք կարող է մեզ օգնել, ի՞նչ իրավասություններ ունի և այլն: Ֆիկրետը մեծ հարգանքով էր արտահայտվում Բայրամովի մասին, հավաստիացնում, որ պատվարժան մարդ է ու, եթե իրենից կախված լիներ փոխանակման հարցը, ապա, հաստատ, մենք արդեն ազատության մեջ կլինեինք: Ու պատմեց մի անչափ հետաքրքիր դրվագ նրա կյանքից.

— Ազերիները գերի էին վերցրել Աշոտ անունով ազատամարտիկի, ում բերել էին Ղազախ՝ Բայրամովի մոտ: Պետք է ասել, որ նման գերիների հետ շատ դաժան են վարվում: Հիմնականում խոշտանգում են ու կենդանի չեն թողնում…

Ֆիկրետը մեծ հարգանքով էր արտահայտվում Բայրամովի մասին, հավաստիացնում, որ պատվարժան մարդ է ու, եթե իրենից կախված լիներ փոխանակման հարցը, ապա, հաստատ, մենք արդեն ազատության մեջ կլինեինք: Ու պատմեց մի անչափ հետաքրքիր դրվագ նրա կյանքից.

— Ազերիները գերի էին վերցրել Աշոտ անունով ազատամարտիկի, ում բերել էին Ղազախ՝ Բայրամովի մոտ: Պետք է ասել, որ նման գերիների հետ շատ դաժան են վարվում: Հիմնականում խոշտանգում են ու կենդանի չեն թողնում: Բայրամովը, ի տարբերություն մյուսների, հարգանքով է վերաբերվում, ձգտում չվնասել, որպեսզի հնարավոր լինի համարժեք փոխանակում կատարել: Սակայն, Աշոտի հետ կապված, Բայրամովը այլ պլաններ ուներ: Բանն այն է, որ նրա եղբայրն այդ ժամանակ հայերի մոտ գերության մեջ էր և նրա ճակատագրի մասին ոչ ոք ոչ մի բան չի իմանում: Բայրամովն առաջարկում է Աշոտին. «Ես քեզ բաց կթողնեմ, եթե եղբորս մասին ստույգ խաբար բերես, գոնե այն մասին՝ ո՞ղջ է, թե՞ մահացած»: Աշոտը թե. «Իսկ դու վստա՞հ ես, որ ետ կգամ»: «Մինչև վերջ վստահ չեմ, իհարկե, բայց եթե չգաս էլ, խնդրանքս ինչ-որ կերպ կկատարես, բացի այդ՝ ինչ-որ բան, այդուհանդերձ, ինձ հուշում է, որ կգաս, եթե խոստացար»: Աշոտն ասում է. «Չեմ խոստանում, բայց ամեն ինչ կանեմ, որ տեղեկանամ եղբորդ մասին»: Բնական է, ղեկավարությունը հավանություն չի տալիս այդ գործարքին ու արգելում ազատել Աշոտին: Սակայն Բայրամովը՝ իր կարիերան ու կյանքը նժարի վրա դնելով, բոլորին հակառակ, բաց է թողնում Աշոտին՝ տալով նրան երեք օր ժամանակ: Պայմանավորված ժամը որքան մոտենում է, այդքան ավելի շատ ամպեր են կուտակվում մայորի գլխին: Ոչ մեկը չի հավատում Աշոտի վերադարձին, բացի, թերևս, Բայրամովից: Սակայն, հայ մարտիկը բոլորին շոկի մեջ է գցում: Նա՝ ճիշտ է ուշացումով (ընդամենը մի երկու ժամ), բայց գալիս հանձնվում է ազերիներին ու հայտնում Բայրամովին, որ, ցավոք, ոչ մի ինֆորմացիա չի կարողացել իմանալ եղբոր մասին: Ադրբեջանի ՊԱԿ-ը պարզապես չի կարողանում որևէ լուծում տալ՝ կալանքի մեջ պահել, ազատել, թե՞ սպանել: Աշոտը մի շաբաթի չափ մնում է Ղազախում, մինչև իշխանությունների վճիռ կայացնելը: Այդ ընթացքում նրան թույլ են տալիս ազատ տեղաշարժվել քաղաքում: Ոչ մի ազերի մատով անգամ չի կպնում նրան: Հակառակը՝ շատերը բարևում են, արտահայտում իրենց հիացմունքն ու հարգանքը: Ի վերջո, Աշոտին ազատ են արձակում, ու նա՝ գլուխը բարձր պահած, վերադառնում է Հայաստան: Նման անվեհեր, ազնվաբարո մարդուն նույնիսկ ամենանենգ թուրքն անգամ ստիպված էր հարգել: Ահա այսպիսի՝ մի պատմություն»:

Մեր ազատվելուց որոշ ժամանակ անց իմացանք, որ Բայրամովին սպանել են հենց իրենք՝ ազերիները՝ հայերի նկատմամբ լոյալ, նույնիսկ բարեկամական հարաբերություններ ունենալու պատճառով:

 

Նոր փորձություն

Օրերը գլորվում էին: Մենք, կարծես, ընտելացել էինք՝ չէին նեղում, կրկին մեկ-մեկ տանում աշխատեցնում տարբեր տեղեր: Լինում էր ուտելիք տալիս էին, լինում էր՝ ոչ, մեկ սոված էինք, մեկ՝ կուշտ: Բանակցություններից լուրերը կցկտուր էին հասնում, նոր բան չկար՝ էսօր-էգուց: Հույսերս մեկ մարում էին, մեկ՝ նորից վերակենդանանում: Գիտեինք, որ մի շաբաթ ազերիներն ընդհանրապես չեն գնացել հանդիպման: Ի՞նչն էր պատճառը՝ մնում էր միայն ենթադրել: Երեկոյան «աշխատանքից» վերադառնալուց հետո, մտքեր էինք փոխանակում, քննարկում փակուղի մտած իրավիճակը, հացի մնացած (եթե մնացած էր լինում որևէ բան) ու պահած փշուրները հավաքում, կամ մանդարին (երբեմն բանտարկյալները միրգ էին ուղարկում) ու դրսից հավաքած մասուր էինք ուտում: Ես մի քանի անգամ մանդարինի կճեպ կերա, տղաները փորձեցին՝ չկարողացան: Ընդհանրապես, ես համեմատաբար ավելի հեշտ էի դիմանում սովին, քանի որ նախորդ տարիներին մի քանի սննդակարգ էի փորձարկել՝ Բրէգգի, Շելթոնի, Վինոգրադովայի և այլոց, որոնք բացի տարանջատ (օրինակ՝ մսի հետ հաց չուտել, միրգն ուտել ճաշից առնվազն մեկ ժամ անց և այլն) սնվելու պահանջից, ներառում էին նաև սովահարություն: Բացի այդ, ճնշված հոգեվիճակը այնքան էլ չէր նպաստում նորմալ ախորժակ ունենալուն:

Մի օր էլ, երբ նստած՝ ամեն մեկս իր դարդ ու ցավին ու, կարծես, վերևից մանանայի էինք սպասում, հանկարծ իրարանցում սկսվեց: Ոստիկաններից հասցրեցինք իմանալ, որ մի «թափով» ռեցիդիվիստ են բռնել, ով ինչ-որ օպերլիազորի է սպանել ատրճանակով: Անունը Ռաուֆ՝ բազմիցս բանտարկված, թմրամոլ և մեծ վայելում ունեցող կրիմինալ աշխարհում, մի չափազանց վտանգավոր անձնավորություն: Մենք զգաստացանք, բայց դեռ չէինք պատկերացնում՝ ինչ կարելի է սպասել այդ գազանից:

Ռաուֆը մտավ ԿՊԶ-ի միջանցք ու անմիջապես մոտեցավ մեր խցին, գոռգոռալով ու հայհոյանքներ տեղալով՝ բռունցքով մի քանի անգամ խփեց մեր դռանը: Նայեց դռան պատուհանիկից ներս ու խռպոտ ձայնով բղավեց.

— Է՜յ, էրմենի, վաս վսեխ զառեժու, դո ուտռա վի տրուպի (էյ, հայեր, ձեզ բոլորիդ մորթելու եմ, մինչև առավոտ դուք դիակ եք դառնալու):

Նրան մի կերպ հանգստացրին ու տարան խուց, որտեղից շարունակում էր մեզ «ջրել» ամենաանճոռնի լուտանքներով:

— Վայթե դոզայի տակ է, գործերս բուրդ է, տղե՛ք,- լսվեց տղաներից մեկի վախվորած ձայնը: — Ի՞նչ պտի էնենք, ըսոր վրա միլիցեքն էլ չեն կռնա:

Իրավիճակը, իրոք, կտրուկ վատացավ: Ոչ ոստիկաններից, ոչ բանտարկյալներից՝ ի դեմս Դեդի, օգնություն սպասելը միամտություն կլիներ: Մենք երկար-բարակ քննարկեցինք, սակայն ոչ մի փոքրիշատե խելոք լուծում չկարողացանք գտնել: Հասկանալի էր, որ ինքնահոսի թողնել չի լինի, անհրաժեշտ էր Դեդի հետ խորհրդակցել, կամ ինչ-որ ոչ ստանդարտ որոշում ընդունել: Հաշվի առնելով Ռաուֆի բեսպրեդել կերպարը, ոչ մի ելք իրատեսական չէր թվում: Դեդի հետ զրուցելու մեր ջանքերն անարդյունք ավարտվեցին: Նա չպատասխանեց մեր կանչերին. կամ քնած էր, կամ ձևանում էր, կամ էլ, պարզապես, հասկանալով, որ ոչնչով չի կարող օգնել, չցանկացավ անտեղի «ջուր ծեծել»:

— Դե լավ, տղե՛ք, մեկ է խելքին մոտիկ բան չենք կռնա մտածել, արեք քնինք, կարող է ըսիգ մեր վերջին օրն է, առավոտը գա՝ բարին հետը, հալբաթ Աստված մեզի կպաշտպանե,- հորդորեցի ընկերներիս ու պառկեցի կոշտ մահճակալիս:

— Ուրա թե, ապ ջան, Աստված օր էղնիր, ըբը կթողնիր մեզի էս վիճակին,- ցասումով հակադարձեց Ֆելոն ու հայհոյանքներով սկսեց «անկողինը» պատրաստել:

Մտքումս ներողություն խնդրեցի Բարձրյալից՝ Ֆելոյի խոսքերի համար, հիշեցի աղավնի-հրեշտակիս, աղոթեցի՝ խնդրեցի վերին ուժերին՝ պահապան լինել մեզ: Քունս չէր տանում, ձգտում էի հասկանալ՝ ինչ վարքագիծ բռնել առավոտյան, երբ դուրս կգանք զբոսանքի: Պարզ էր, որ եթե Ռաուֆը սկսի մեզ ծեծել, դժվար թե որևէ մեկը մեզ կարողանա պաշտպանել: Երկար մտմտացի, տասնյակ տարբերակներ վերլուծեցի ու կանգնեցի մեկի վրա: Ճիշտ է, այնքան էլ լավ տարբերակ չէր, ռիսկային էր, բայց ուրիշ բան չգտա: Ժամը 6-ի մոտ կլիներ երևի, պետք էր մի քիչ քնել՝ վաղը վճռորոշ օր էր, թարմ ուղեղ էր պետք ունենալ…

Այդ վաղը եկավ: Բոլորս շուտ արթնացանք, տագնապալի հայացքներ գցելով միմյանց վրա, կարծես, ուզում էինք հեռացնել այն պահը, երբ կբացեն բանտախցի դուռը, ու մենք ստիպված կլինենք դուրս գալ «մարտաբեմ», դուրս գալ կռվի: Դա կռիվ էլ չէր, հնարավոր է և մեր վախճանն էր: Չէի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ ամեն ինչ կանխորոշված է ոչ մեր օգտին: Հույսը միշտ վերջինն է մեռնում, պետք էր փորձել իմ մշակած տարբերակը, որն իր թույլ կողմերով հանդերձ, այնուամենայնիվ, միակն էր ու չէր բացառվում, որ կարող էր աշխատել: Տղաներին տարբերակի մասին ոչինչ չասացի: Դուռը բացեցին, մենք վարանում էինք, բայց պետք էր դուրս գալ: Հուշիկ քայլերով մտանք բակ՝ վայրկյան առ վայրկյան սպասելով հարձակման: Բանտարկյալներից ոչ բոլորն էին արթնացել, նրանց բոլորին դեմքով ճանաչում էինք: Բակում մի 8-9 հոգի էին, նորեկը նրանց մեջ չկար: Մտածեցինք՝ զուգարան մտնելուց ու լվացվելուց հետո, արագ վերադառնանք խուց, որտեղ հարաբերականորեն անվտանգ էր: Սակայն հասկանալի էր, որ, եթե Ռաուֆը որոշել է հաշվեհարդար տեսնել, բանտախցի երկաթյա դուռը նրան չի կանգնեցնի: Հետևաբար, պետք էր… զրուցել հետը՝ դա էր իմ պլանը:




Իմ կյանքում մի ժամանակահատված կար, երբ առիթ ունեցա շփվել կրիմինալ աշխարհի հետ: Թեև ռեցիդիվիստներից մի քանիսի հետ բավականին մոտ էի, այդուհանդերձ, նրանք ձգտում էին հեռու պահել ինձ իրենց «ռազբորկաներից» ու գողական անցուդարձից: Մի քանի դեպք եղավ, երբ իրական օգնություն ցուցաբերեցին: Նրանցից ամենամոտը Աբոն էր, ով դեռ պատանեկան տարիքում հայտնվել էր գաղութում, հետո կրկին դատվել: Շատ հարգված, համարձակ, ու՝ զարմանալի թող չթվա, բավականին համեստ անձնավորություն էր: Հաճախ էինք զրուցում, պատմում էր իր բանտային կյանքից, խրատներ տալիս, ինձ միշտ ասում էր. «Ապ ջան, դու քու ճամփեդ ունիս (ես այդ ժամանակ ուսանող էի), գրե, կարդա, ըսիգ քուկդ չէ, էս ամեն ինչից հեռու մնա, թե քեզի պրոբլեմ էղնի՝ ես կանգնած եմ (իրոք, մի քանի անգամ լուրջ աջակցություն ցուցաբերեց)»: Աբոյի բազմաթիվ դասերից ես շատ բան քաղեցի, ինչը գրքերից, թերևս, քաղել չէր լինի: Մասնավորապես, տվյալ իրավիճակի համար կիրառելի էր նրա խրատներից մեկը, որը նա հաճախ էր կրկնում. «Ապ ջան, աշխատի միշտ խոսքով հասկընալ դեմինիդ, ինքն էլ է մարդ, դու էլ, հանգիստ քուկդ ըսա, պետք էղավ՝ մե քանիմ անգամ ըսա՝ ոչինչ: Մախերը (նկատի ուներ՝ բռունցքները) միշտ էլ կան, ըդիգ ամենավերջում, երբ օր կտեսնիս կոտոշավոր է: Ըդպես կոտոշներ ենք ջարդել»:

Ով կմտածեր, որ այդքան տարի անց Աբոյի «դասընթացներից» մի հատված պիտի կիրառեմ իրական կյանքում, այն էլ՝ նման էքստրեմալ իրավիճակում:

Եթե Ռաուֆը դուրս չգար զբոսանքի, ինչը չէր բացառվում, քանզի թմրադեղի ազդեցությունից կարող է և դեռ քնած լիներ, ապա գոնե կզրուցեի Դեդի հետ, կտեսնեի` ինչ ուրիշ ելք կարելի է գտնել: Եվ այսպես, ոտքս մի փոքր կախ գցեցի: Ընկերներս նույնպես չէին հեռանում: Սպասեցինք այնքան, մինչև երկուսն էլ զրուցելով դուրս եկան: Կանգնեցին, վառեցին սիգարեթներն ու շարունակեցին ինչ-որ բան քննարկել: Հազիվ թե մեզանից էին խոսում: Նրանք շատ ու շատ ավելի ընդհանուր ու հետաքրքիր թեմաներ ունեին՝ երկուսն էլ մարդասպան էին, երկուսն էլ մի քանի դատվածություն ունեին, երկուսն էլ ավտորիտետ էին: Երկար չէր կարելի ձգել, պետք էր նախահարձակ լինել: Դա հասկանում էի, բայց «դուխս» չէր հերիքում: Վերջապես հավաքեցի կամքիս վերջին փշուրները, գրպանիցս սիգարեթ հանեցի ու հանդարտ քայլերով մոտեցա: Հանգիստ էի, կարողացա ինքս ինձ ստիպել սառնասիրտ լինել, ուղեղիս անիվները չկչկում էին մուրճի պես:

— Դոբրոյե ուտռո, Դեդ մոժնո պրիկուրիծ (բարի լույս, կարելի՞ է կպցնել):

Այս մոտեցումը հանպատրաստից չէր, հնարավորինս մանրամասն կառուցել էի ծանոթանալու պրոցեսը:

— Պոժալույստա,- արձագանքեց Դեդը:

Կպցրի սիգարեթը, ձեռքս մեկնեցի Ռաուֆին.

— Պոզնակոմիմսյա (ծանոթանանք):

Սպասեցի մինչև բռնեց ձեռքս ու ներկայացա: Անսպասելիությունից նրա բերանը բաց մնաց: Գլուխը կտրուկ շրջեց դեպի ինձ՝ աչքերի մեջ վայրենի կրակներ երևացին: Դեմքը ծռմռվեց. «Էրմենի՞»: Նման համարձակություն, ավելի ստույգ՝ նման ամբարտավանություն նա չէր սպասում: Ռաուֆի ռեակցիան ինձ համար գուշակելի էր, ուստի՝ չթողնելով, որ շարունակի, ուղիղ աչքերի մեջ նայելով, զգուշորեն հարցրի.

— Ռաուֆ, զա շտո տի մենյա խոչեշ ուբիծ, շտո՞ տի իմեեշ պրոտիվ մենյա ի մոիխ դրուզեյ, կոնկրետնո շտո՞ պլոխովո մի տեբե սդելալի (ինչո՞ւ ես ուզում ինձ սպանել, ինչ ունես իմ ու ընկերներիս դեմ, կոնկրետ ինչ վատ բան ենք արել քեզ):

Նա չափազանց շփոթված էր, սակայն դա ամենևին չէր նշանակում, որ մեր զրույցի խաղաղ ելքը ապահովված է: Ես իմ քայլն արել էի և, ինչպես ասում են, հիմա գնդակը նրա կիսադաշտում էր, պետք էր սպասել մրցակցի հակագրոհին: Խառնելով բառերն ու ջղայնանալով, Ռաուֆը նույն նախադասություններով, որոնք մինչ այդ հարյուր անգամ լսել էինք մյուս ազերիներից, սկսեց հայհոյել հայերին. որ երեխա են սպանում, որ պատերազմ են սկսել, որ մարդ չեն, որ անաստված են և այլն, և այլն: Դեդը չէր խառնվում, կարծես չէր էլ լսում: Ես համբերատար սպասեցի մինչև մենախոսության մեջ դադար լինի ու, որսալով հարմար պահը, կրկին նույն հարցը տվեցի…

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝