ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մենք ոչ մեկին չենք պարտադրում, այլ առաջարկում ենք ազնիվ աշխատելաոճ որդեգրել

Հարցազրույց Շիրակի մարզպետի տեղակալ ՍՈՖԻԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

Երբ Կարեն Սարուխանյանը ստանձնեց մարզային իշխանության ղեկը, հայտարարեց, որ առաջնային է համարում կրթության ոլորտը կոռուպցիայից մաքրելը: Սկսվել է նոր ուստարին. ինչպիսի՞ քայլեր են լինելու, ի՞նչ կարող ենք ակնկալել այդ ոլորտի «հիվանդության բուժումից», երբ քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ շրջանառվում էին այնպիսի խոսակցություններ, ինչպիսիք են՝ տնօրենի պաշտոնն այսքան արժի, ուսուցչին նշանակելը՝ այսքան

— Ցավոք, պետք է ասեմ, որ այո, կրթությունն այն ոլորտն էր, որտեղ ամեն քայլափոխին կոռուպցիա էր: Այսինքն, եթե այլ հաստատությունում կարող էր լինել տնօրենի, փոխտնօրենի մակարդակով, կրթության մեջ, սկսած հավաքարարից մինչև վերև կար կոռուպցիա: Եվ, երբ ես նշանակվեցի և իմ ենթակայության տակ արդեն կար առողջապահությունը, կրթությունը, կարելի է ասել՝ միանգամից թաթախվեցի բուն կոռուպցիոն ռիսկեր պարունակող հաստատությունների խնդիրների մեջ: Եթե այսօր ասեմ, թե ոլորտը մաքրված է կոռուպցիայից, սուտ կլինի, որովհետև տարիների կուտակված ապրելակերպ է եղել և հնարավոր չէ միանգամից հաղթահարել: Եվ ամբողջ խնդիրն ինչումն է կայանում. տնօրենները դեռ որպես արժեք չեն գիտակցում դա, և ամեն կերպ, մանիպուլյացիոն գործելակերպով կարողանում են իրենց ձևը գտնել և այդ պահանջների կամայականությունները շրջանցել: Պատկերացրեք, ինչ է տեղի ունենում. երբ տնօրենի հետ հստակ պահանջով և առաջարկով խոսում ես կոռուպցիոն ռիսկերի վերացման մասին, ցավով եմ խոսելու այս մասին, և միտքս կոպիտ կհնչի. երբ շատերը տարիներ շարունակ եղել են ստրկամիտ, կամակատարներ, անգամ թույլ չի տրվել՝ լինելով ՊՈԱԿ-ի ղեկավար, իրավունք ունենան ինքնուրույն դպրոցից դուրս գալ, քայլ անել, պետք է իրենց գործողությունների մասին  նախօրոք համապատասխան բաժին տեղեկացնեին: Այսօր, երբ հիշեցնում ես, որ ՊՈԱԿ-ի տնօրեն են, որ որոշակի պատասխանատվություն ունեն, որ ազատ են քայլեր անելու, ինքնուրույն ղեկավարելու, սա բերել է այն սանձարձակությանը, որ որոշ տնօրեններ որոշել են, որպեսզի կոռուպցիոն ռիսկերից մանիպուլյացիաներ անեն, փոխմարզպետի վրա բողոքեն: Այսինքն, երբ խոսվում է դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի բարձրացման մասին, իրենք կրկին գնում են հակառակ բևեռի. փոխանակ ընդունեն ի գիտություն, կամ ասեն, թե, եթե առաջարկում եք, բերեք միասին հաղթահարենք այս կամ այն խնդիրը, չէ, իրենք նորից գնում են նրան, թե փոխմարզպետը մեզանից պահանջում է… Ընդ որում, թեպետ ի պաշտոնե, իմ լիազորությունների մեջ են մտնում՝ կարգադրելն ու պահանջելը, սակայն ես երբևէ ինձ թույլ չեմ տալիս և իմ բնավորության մեջ չկա կարգադրիչի հոգեբանությունը, այլ ոչ միայն առաջարկում, նաև խնդրում եմ, մշտական պատրաստակամություն հայտնում աջակցելու: Աջակցություն հայտնեցի նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով և ի շահ տնօրենի, որպեսզի իրենց անունները զուր չշահարկվեն, քննություններն անցկացնեն բացարձակ թափանցիկ: Բանավոր քննությունը տեսաձայնագրվի, և եթե մի քանի մասնագետներ հավասար ուժերով հանդես գան, ապա հենց իրենք էլ տեսաձայնագրությունը դիտեն ու համոզվեն հաղթողն ինչով էր առավել:



Այս պարագայում, համոզմունք կամրապնդվի, որ նաև անկողմնակալ են եղել:

— Այո, կհամոզվեն, որ առավելագույն պատրաստվածն է հատել անցումային շեմը: Սրանք բոլորը քայլեր են, որոնք արվում են, և արդյունավետության ակնկալիքն աննախադեպ կլինի: Իհարկե, արդյունավետ կլիներ, եթե մենք կարողանայինք ուսուցիչների մասնագիտական կարողությունները բացահայտել, բայց սա դեռ չենք կարող անել, սա թերություն է, միևնույն ժամանակ վերահսկողության մակարդակում բավականին լուրջ ձեռքբերում է: Հիմա տեսեք, սա նույնպես տնօրենների մոտ մտահոգություն է առաջացրել, որովհետև այլևս իրենց ուզածով, իրենց ցանկացած մասնակից-ուսուցչին չեն կարողանա «ընդունել»:

Այսինքն, այս տարբերակով բացառվում է խնամիծանոթբարեկամ կամ այլ ճանապարհով մրցույթ անցկացնելը:

— Այո, այլևս չի տալիս հնարավորություն, որ «ծույլիկ» դիմորդը իր նվազագույն գիտելիքներով ուսուցչի պատվավոր աշխատանքի ակնկալիք ունենա: Թող թափուր տեղը կրկին թափուր մնա, բայց, ի վերջո, գտնվի այն լուրջ մասնագետը, որն իրավունք կստանա կրթական ոլորտ մտնել: Իսկ մինչ այս ի՞նչ էր տեղի ունենում. տնօրենն թույլ մասնագետի ընդունելով, իր բռում էր պահում, և վերջինս՝ տեղը պահելու համար, կոռուպցիոն ռիսկի էր գնում:

Փաստորեն, նախկինում, երբ այդ աստիճան թերի է եղել, որ ներքևից վերև, այսպես ասած, «փաթեթ» է փոխանցվել. ուսուցչից տնօրենին, տնօրենից պետին, պետից էլ ոլորմոլոր, մինչև նախարար: Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ սա երկար տարիների ապրելակերպ է եղել, իսկ տեղերում դեռ մնում են նման հին աշխատաոճին սովոր մարդիկ. արդյո՞ք կարող ենք հուսալ, թե նոր իրավիճակներում հին սովորություններին հնարավոր կլինի վերջ տալ:

— Այլընտրանք չկա. սա մեր աշխատելաոճն է, սա նոր կառավարության քաղաքական որոշումն է՝ վերջ դնել կոռուպցիային, մենք ոչ մեկին չենք պարտադրում, այլ ներկայացնում, առաջարկում ենք ազնիվ աշխատելաոճ որդեգրել, իսկ թե ինչ որոշում իրենք կկայացնեն, դա իրենց որոշելիքն է: Վերջապես, կրթօջախ է, պետք է արժեքներ կրող լինեն, հասկանան, որ մատաղ սերունդ են կրթում, որին չպետք է դարձնեն վատ սովորությունների մասնակիցը: Եթե իրենք դա չեն հասկանում ու չեն ընդունում, մենք պատրաստ չենք նման մարդկանց հետ աշխատել:

Իհարկե, այստեղ համառ կամք է պետք: Օրինակ, ես ինքս չեմ ուզենա, որ իմ երեխայի կրթությամբ զբաղվի մեկը, որը ոչ միայն մասնագետ չէ, թերի է, այլ նաև մանկավարժությունից է կիլոմետրերով հեռու:

— Եվ դրա համար էլ հիմա կրթության նախարարությունը մշակել է մի հայեցակարգ, շուտով այն կլինի, որ ցանկացած ուսուցիչ պետք է որակավորվի համապատասխանաբար, այլ ոչ թե գնա հերթական ատեստացիան անցնի և գա 5 տարի ինչպես ուզի, այնպես աշխատի: Արդեն պարտավոր կլինի որակ ապահովել, իսկ եթե ոչ, ապա մենք հանգիստ կարող ենք այդ ուսուցչին ասել «ցտեսություն»: Սա նաև մրցակցություն է առաջացնում, մոտիվացիա:

Խոսենք ներառական կրթությունից: Դուք երկար տարիներ ներառական կրթության մասով աշխատանքային փորձ ունեք: Գնահատեք այդ ծրագիրը:

— Ներառական կրթության մեջ կան բավականին մեծ թերություններ, բայց իրականում այն արժեքները, որոնց մասին մենք հաճախ խոսում ենք, թե կորցրել ենք արժեհամակարգ, դա վերգտնել է պետք, և այլն, կրթական համակարգում արժեհամակարգի կայացման և կարգավորման առումով լավագույն քայլն էր, որ արվել է նախորդ իշխանության կողմից, դա ներառական համակարգ ներդնելն էր: Ուրիշ ոչ մի դրական քայլ չեմ կարող նշել: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա. եթե մեր տարածաշրջանը տեսել է երկրաշարժ, որը մեկ վայրկյանում առողջ մարդուն դարձրել է հաշմանդամ, և հասարակության մեջ դեռ կա վերապահումով մոտեցում հաշմանդամություն ունեցող մարդու հանդեպ, սա անթույլատրելի է, ու դրա համար մենք ներառական կրթության միջոցով պետք է մարդու մեջ փոխենք վերաբերմունք, կոտրենք կարծրատիպեր, ինտեգրումն ավելի սահուն ու հարթ դարձնենք: Հետևողականություն ենք ցուցաբերում նաև այն իրողությանը, երբ ներառական կարիք չունեցող, բայց նախկինում անհեթեթ կերպով ներառված երեխաները նորից չսողոսկեն ֆինանսավորման համար: Նստած ուսումնասիրում եմ, թե որ երեխան ինչ կարք ունի, որ մաքրեմ այդ ցուցակները, պետությունից գումար կորզելու վերջին ճիգերը վերացնենք:

Ըստ Ձեզ, դպրոցներում դրամահավաքությունը զսպվե՞լ է

— Այո, որևէ դպրոցից նման դժգոհություն ծնողներից չի ստացվել, միայն Արթիկի տարածաշրջանի դպրոցներից մեկից մեզ տեղեկություն հասավ: Եթե նման բան կա, միանշանակ կկանխվի:

Իսկ եթե ծնողական խորհուրդն է որոշում, կամ ծնողն ինքն է այդպես ցանկանում, որ շնորհակալություն հայտնի ուսուցչուհուն:

— Ճիշտ հասկացեք, եթե մենք ունենք երախտապարտության զգացողություն, ոչ մեկն իրավունք չունի մարդուն ստիպել, որ նա դա չանի: Բայց, եթե ուսուցիչն ինքն է պահանջում, որ իրենից «շնորհակալ» լինեն, սա այլևս վաստակ չի, այլ պահանջ է, և ուսուցիչը կորցնում է իր արժեքը: Սակայն որոշակի հարցեր կան, օրինակ, դասասենյակների մաքրության… Այստեղ խնդիրը նուրբ երանգներ է կրում. կամ ծնողները պետք է օգնության հասնեն, քանի որ դպրոցի մեկ կամ երկու հավաքարարն ի վիճակի չեն բոլոր դասասենյակներն ու միջանցքները մաքրել, կամ երեխաներն իրենք են մասնակից դառնում, որը հնարավոր է, թերի լինի: Այս պարագայում միգուցե որոշում են վարձել կամ վճարել մեկին, ով այն կիրականացնի: Ես, իհարկե, կողմ եմ այն բանին, որ ծնողներն ու երեխաները համատեղ ուժերով այս պրոցեսն իրականացնեն, որովհետև սա նաև դաստիարակչական բնույթ է կրում. երեխան կհասկանա, կսովորի մաքուր պահել շուրջբոլորը, ուշադիր լինել գույքի նկատմամբ:

Անդրադառնանք առողջապահական ոլորտին:

— Այս ոլորտը նույնպես ախտահարված է, պատճառահետևանքային կապերն էլ կան. երբ կարծում էինք, թե բժշկի ցածր աշխատավարձն է պատճառը, որ գոյություն ունեն այլ ճանապարհներով գումարի վաստակում, ապա փորձը ցույց է տվել, որ մեծ աշխատավարձ ունեցողներն են ավելի շատ մեծ գումարների պահանջ ներկայացնում, ասել է, թե՝ «ախորժակն ուտելուց է բացվում»: Ես գտնում եմ, որ պետք է բժշկի աշխատավարձը բարձր լինի, ուսուցչինն էլ, մնացածն արդեն արժանապատվության հարց է: Նախկինում ինչո՞ւ էր նման վերաբերմունք ձևավորվել. տվել են, որպեսզի այդ տեղում աշխատեն, վերցրել են, որ տվածը փակեն, սա իներցիայով եկել է: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ հիմա բավականին լուրջ վերահսկողություն կա այս երևույթների նկատմամբ, ու պետք է խոստովանեմ, որ այդչափ բողոքներ չկան, հիվանդների նկատմամբ հոգատար են, վերաբերմունքը փոխված է: Մի շարք պրոցեսներ կան, որ հաղթահարման գծի վրա են: Եվ այս ամենը շարունակական բնույթ է կրելու: Տեսեք, առողջապահական ոլորտում մենք նույնպես ունենք քրեական գործեր հարուցած, ինչը պետք է դաս լինի մյուսների համար:

Այս պահին դեռ բժշկական հանձաժողովի աշխատանքից դժգոհություն կա, դեռ հին մեթոդներն են ուզում կիրառած լինեն:

— Ասեմ, որ Սոցապ նախարարության հետ խոսել եմ, կոռուպցիոն ռիսկերը դեռ կան, բայց սոցիալական ծառայությունների, հանձնաժողովների հանդեպ քրեական գործերի դեպքերը պետք է, որ դաս լինեն, թե նման աշխատաոճով շարունակողներին ինչ է սպասվում: Եթե իմանամ, որ որևէ հաստատությունում դա շարունակվում է, ապա համապատասխան քայլեր անպայման կձեռնարկեմ: Միայն թե, թող ոչ թե պատերի տակ խոսեն, այլ գան, տեղեկացնեն մեզ:

Այսինքն, եթե նախկինում քաղաքացին վստահ չէր, որ իր բողոքը տեղ կհասնի, և այն իր դեմ չի աշխատի, ապա, այժմ

— … Այժմ կարող է վստահաբար համագործակցել, ու դա ի օգուտ իրեն կաշխատի:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Մենք խոսեցինք Ձեր պարտավորությունների օղակում գտնվող կրթության և առողջապահության ոլորտներից, հաջորդ անգամ կզրուցենք մշակույթի և սպորտի ոլորտներից: Եթե Ձեր գործունեության մեջ մեր օգնության անհրաժեշտությունը կզգաք, կարող եք դիմել:

— Շնորհակալություն նաև Ձեզ: Այո, իրականում մենք այս պահին ունենք հիվանդանոցներին ու դպրոցներին աջակցության անհրաժեշտություն. վերականգնման կամ գույքային օգնության կարիք, եթե կլինեն սրտացավ բարերարներ, ովքեր ոչ թե որպես բիզնես ներդրումներ կանեն, այլ որպես բարեգործություն՝ հանուն ինչ-որ գաղափարի, ապա պետք է խնդրենք, որ ձեռք մեկնեն, քանզի ունենք անգամ ռազմավարական նշանակության հիվանդանոց, որտեղ ներդրման կարիք կա, բայց պետությունն այս պահին չի կարող ֆինանսավորել:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ