ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված  Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59  և դեմ՝ 42 պատգամավոր:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար էր 53 ձայնը:

ՀՀԿ խմբակցության պատգամավերներից Նիկոլ Փաշինյանին կողմ են քվեարկել հետևյալ պատգամավորները՝

Մանվել Գրիգորյան
Շիրակ Թորոսյան
Արսեն Միխայլով
Կնյազ Հասանով
Միհրան Պողոսյան
Սամվել Ալեքսանյան
Արտակ Սարգսյան
Արայիկ Գրիգորյան
Մուրադ Մուրադյան
Սեդրակ Սարոյան
Արման Սահակյան
Ֆելիքս Ցոլակյան
Աշոտ Արսենյան

 

Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում:

1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացվել է Երևանի Պետական Համալսարանից (1995 թ.)։

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ: 1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։

1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր:

1999 թ-ից  «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է։  Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:

Քաղաքական գործունեություն

1998 թվական — ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր։

2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը:

2007 թվականին «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։ «Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով:

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։

2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։

2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից: Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։

2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ելք» դաշինքով և  7 տոկոս ձայներով դաշինքով մտնում է խորհրդարան և ընտրվում որպես խմբակցության ղեկավար:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության ակցիաների հետևանքով ապրիլի 23-ի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանն ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։