ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր օրհներգ ունենալու ակնկալիքով

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանի ազգային օրհներգը փոխելու գաղափար է առաջարկել Սերժ Սարգսյանին: Նա ցանկություն է հայտնել, որ օրհներգը դառնա «Քեզ համար, Հայաստան» երգը: «Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում: Հնարավոր է, որ «Քեզ համար, Հայաստանը» դառնա նոր օրհներգը: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում տեղեկացրել է շանսոնյեն: Դե, եթե հանրապետականների պատրոնն է դա Ազնավուրին հավաստիացրել, ուրեմն թվում է, թե օրհներգի փոփոխությունն անխուսափելի է: Ու նույնիսկ զարմանալի չէ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դրանից անտեղյակ է: Սակայն այդ մասին լրագրողներից իմացած նախարարն ավելորդ չի համարել նշել, որ, այնուամենայնիվ, իր նախագահի հավանությանն արժանացած «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է, և Հայաստանի օրհներգի փոփոխությանը, բնականաբար, նա դեմ չի արտահայտվի:

Այս արանքում` ՀՀ նոր օրհներգի խոսքերի իր նախագիծն է հասցրել առաջարկել Հայաստանից ԱՄՆ ներգաղթած հոգեբույժ Վարդգես Դավթյանը. «Մանուշակ էիր, պարտեզում բացված, դու երազ էիր ինձ համար դարձած… և այլն»: Կարելի է ուրիշ նախագիծ էլ առաջարկել Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի մասնակցությամբ: Ինչո՞ւ ոչ, կարծում եք հանա՞ք բան է, որ հայկական շոու-բիզնեսի այս կարկառուն ներկայացուցիչների «Մի գնա» երգը լայն տարածում է գտել, մասնավորապես, Թուրքիայում, և ռեկորդային` 43,5 միլիոն դիտումների ցուցանիշ գրանցել համացանցում: Նրանց` հայ ռաբիսի մեր տաղանդների նշանակալիությունն առավել համոզիչ ներկայացնելու համար, ասեմ միայն, որ «Մի գնա» երգի երաժշտության ու գործիքավորման հիման վրա ոչ միայն թուրքական երգ է գրվել, այլև տեսահոլովակ նկարահանվել:

Օրհներգի փոփոխման հարցը նոր չէ, այն օրակարգում է եղել նաև 2006 թվականին, երբ մի խումբ հայ մտավորականներ բաց նամակով դիմել էին երկրի ղեկավարությանը՝ հայտնելով օրհներգը փոխելու կարևորության մասին իրենց դիրքորոշումը: Այնուհետև հայտարարվեց ՀՀ օրհներգի մրցույթ, որին մասնակցեցին Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, ևս մեկ տասնյակ կոմպոզիտորներ ու գրեթե 60 բանաստեղծներ: Ամիսներ շարունակ թեժ քննարկումներով ընթացած մրցութային թոհուբոհում խոտանվեց, գետնին հավասարեցվեց գործող «Մեր հայրենիք» օրհներգը: Իհարկե, խրոխտ արտահայտություններ հնչեցին, թե առհասարակ մեզ` հայերիս հետ, ի՞նչ առնչություն կարող է ունենալ իտալական ազատագրական պայքարին նվիրված երգը: Բայց, ի վերջո, մրցույթի երկրորդ փուլ անցած Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի տարբերակներն էլ չընդունվեցին: Փոխարենը` մրցութային հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկեց Արամ Խաչատրյանի երաժշտությամբ Խորհրդային Հայաստանի օրհներգի օգտին, բայց այստեղ հարկ համարեց խաղի մեջ մտնել ՀՅԴ-ն: Ինչպե՞ս կարող էր զերծ մնալ, երբ Հայաստանի Առաջին հանրապետությունում, որի կառավարությունը ձևավորել էր դաշնակցությունը, «Մեր հայրենիք»-ն էր ընդունված: Ուստի այս ծանրակշիռ փաստարկն ունենալով, ՀՅԴ-ն առանց հապաղելու, օրինագծով մտավ խորհրդարան և օրհներգի խորհրդային տարբերակի ընդունումը ձախողեց:

Հիմա կարծես ՀՅԴ փառահեղ ավանդույթներից պահպանված ու մեր օրերը հասած մի ատրիբուտի փոփոխման դիմակայությամբ հանդես է գալիս ոչ ավել, ոչ պակաս, ինքը` Ազնավուրը: Մնում է սպասել, թե այս դեպքում ՀՅԴ-ն ի՞նչ «հրետակոծություն» է ձեռնարկելու Ազնավուրի հանդեպ: Չէ՞ որ իրենք` դաշնակցականներն էլ, ոչ ավել, ոչ պակաս, այս երկրի անընդմեջ կառավարողների հետ կոալիցիայում են, պաշտոններ են ստացել, հետո ի՞նչ, որ կուլտուրայի նախարարությունն իրենցը չէ, պե՞տք է, որ գոնե այս խորհրդանշական հարցում իրենց ձայնը որոշակի կշիռ ունենա: Մյուս կողմից, հետո ի՞նչ նաև, որ կուլտուրականությունը նրանց պատկերացումներում դոմինանտության հավակնություն չունի, պետք եղավ, այսինքն` հարկ եղած դեպքում, «մաուզերով» տեր կկանգնեն իրենց «ատրիբուտին»:

Մեր` գյումրեցիներիս հարցն այլ է: Մեր քաղաքը համընդհանուր հավանությանն արժանացած իր` կարելի է ասել, հիմնն ունի: «Գյումրի-Լենինական» երգը, որի երաժշտության հեղինակը Վլադիլեն Բալյանն է: Կոմպոզիտոր, որ ծնվելով Երևանում, որոշ ժամանակ ապրել է «խոսքաշեն ու սրամիտ» Լենինականում, աշխատել Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես տնօրեն, և լավ ծանոթ է եղել հայրաքաղաքի կոլորիտին. «Դու իմ Գյումրի, Լենինական, դու իմ նոր…»: Այ, սա իսկական ստանդարտ է: Մեզ մոտ, համենայնդեպս, ոչ-ոք չի վիճարկում, որ հենց այս երգն է մեր քաղաքի այցեքարտը:

Ինչ վերաբերում է «Մեր հայրենիքին», ըստ իս, այս օրհներգի փոփոխությամբ չէ, որ կարելի է մեր հայրենիքում բոլոր խնդիրները լուծել, այսինքն` արմատավորել Սահմանադրությամբ հռչակած սոցիալական պետության կարգավիճակը: Եվ, առհասարակ, ճիշտ չէ՞ր լինի երկու օրհներգ ունենալ: Մեկը այս երկրի` իրենց տեր հռչակածների համար` «տաշի-տուշիի» ոճով, Սպիտակցի Հայկոյի երաժշտությամբ ու ամերիկահայ հոգեբույժի խոսքերով, իսկ մյուսը` մյուսների համար, դարձյալ «Մեր հայրենիքը», սակայն առանց «թշվառ ու անտեր» բնութագրիչները «թրաշելու» տարբերակի: Դա, կարծում եմ, ռեալիստական տեսանկյունից, առավել հարիր տարբերակ կլիներ: Մեկ էլ` կուզենայի, որ այս երկու հիմների «օպտիմալացում» չլիներ, միևնույն է, դրանից տնտեսական օգուտ կամ, ինչպես կառավարողներն են ասում` խնայողություն ակնկալելն անհնար կլիներ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ