ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ուրախ եմ, որ փորձում եք ճանապարհներ գտնել ի շահ ձեր մարզի

Հնդկաստանում հանդիպեցի Հարյանա նահանգի նախկին նահանգապետ, Փենջաբ և Հարյանա նահանգների Բար-Խորհրդի անդամ, Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Բհուպինդեր Սինգհ Հուուդայի հետ: Ներկայացնում եմ նրա հետ զրույցից փոքր հատված:

Բհուպինդեր Սինգհ Հուուդայի հետ հանդիպման ժամանակ նշեցի, որ չնայած Հայաստանի հասարակ քաղաքացի եմ, բայց շատ կուզենայի, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև սերտ կապեր հաստատվեին բիզնեսի, մշակույթի, զբոսաշրջության, սպորտի ոլորտներում, ինչին պարոն Հուուդան դրական վերաբերվեց, մասնավորապես, նշելով. «Ես շատ ուրախ կլինեմ Հայաստանի հետ համագործակցել: Հայերի և հնդիկների միջև կան բազմաթիվ նմանություններ: Գիտեմ, որ հայերը թե՛ արվեստում ու մշակույթում, թե՛ սպորտում, մեծ հաջողություններ ունեն: Շատ մեծ ցանկություն ունեմ, որպեսզի մեր կապերը հետագայում էլ ավելի ամուր լինեն: Մենք և դուք ունենք պատմական շատ տեսարժան վայրեր, ու կարելի է քայլեր ձեռնարկել թե՛ Հնդկաստանում, թե՛ Հայաստանում զարգացնելու զբոսաշրջության ոլորտը: Մարդիկ պետք է գան, տեսնեն երկիրը, քաղաքները, գյուղերը… Բայց ես մեծ տեղ եմ տալիս հատկապես գյուղական կյանքին, քանի որ երկրի իրական մշակույթը կարելի է տեսնել միայն գյուղերում: Մարզական ոլորտում ևս կաևորում եմ շփումները»:

Պարոն Հուուդա, մեր նպատակները համընկնում են: Տեղյակ եմ, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում նաև սպորտին, հատկապես՝ ըմբշամարտին: Ի դեպ, Հայաստանում ըմբշամարտը զարգացած է,  իսկ անցած տարի Օլիմպիադայից ոսկի բերեցին

— Ըմբշամարտո՞ւմ… օ՜…

Նշեմ, որ դեռևս սովետական ժամանակաշրջանում տարբեր մարզաձևերում մեծ մարզիկներ ենք ունեցել, որոնք միշտ մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարերում: Իսկ իմ քաղաքը՝ Գյումրին, համարվում է սպորտի ու մշակույթի շտեմարան: Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր սպորտին տեր են կանգնում, ինչպես Դուք՝ Հնդկաստանում:

— Իհարկե, պետք է ուշադրության կենտրոնում պահես այն, ինչն ուզում ես, որ զարգանա: Իմ դեպքում՝ ըմբշամարտն է, մանավանդ, ես ևս զբաղվել եմ, և գիտեմ, որ սպորտը և սպորտսմենները կարևոր են ոչ միայն երկրի ներսում, այլ ամբողջ աշխարհի համար: Երբ ես ներդրումներ եմ անում սպորտում, հասկանում եմ, որ նախևառաջ բարելավում եմ իմ երկրի վիճակը:

Դուք զբաղվում եք նաև գյուղատնտեսական հարցերով, գիտեմ, որ այդ ոլորտում կարևոր օրինագծեր ունեք մշակածԴուք ունեք մեծ շուկա, որը լայն հնարավորություններ է բացում Հնդկաստանում հայկական արտադրանքի ներկայացման համար: Ես այստեղ շատ մրգեր տեսա, սակայն ծիրան չկար

— … Կներեք, դա մի՞րգ է: Ես լսել էի հայկական խաղողի մասին…

Այո, միրգ է, շատ համեղ ու օգտակար, ասեմ, որ Հայաստանը համարվում է Ծիրանի երկիրԻսկ խաղողի մասին էլ բան չասեմ, քանզի արդեն գիտեք: Բացի այդ, մեր խաղողի գինիներն են հայտնի ամբողջ աշխարում:

— Ես գիտեմ հայկական գինու մասին… Հնդկաստանում նույնպես արտադրվում է տարբեր խմիչքներ, այդ թվում գինի: Մեր երկիրը հարուստ է տարբեր տեսակի մրգերով, բայց բանջարեղենով հարուստ չենք:

Ասում են, թե Հնդկաստան դժվար է ինչոր ապրանք ներմուծելը՝ բարձր հարկերի պատճառով, դա այդպե՞ս է:

— Ոչ, այդպես չէ, մենք ներմուծում ենք ապրանքներ ամբողջ աշխարհից, այդ թվում Ռուսաստանից:

Պարոն Հուուդա, ընդունված է «քույրքաղաք» ձևաչափով համագործակցությունը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Շիրակի մարզի և Հարյանա նահանգի միջև «մարզնահանգ» համագործակցությունը:

— Նախ ես ուրախ եմ, որ Դուք փորձում եք ճանապարհներ գտնել, որպեսզի այն ծառայի ի շահ ձեր մարզի: Ինչո՞ւ ոչ, հնարավոր համարում եմ Ձեր առաջարկը՝ մարզ-նահանգ համագործակցության ասպեկտում: Ուրեմն՝ նախ հայտնեք Ձեր ղեկավարությանը, թող գրավոր ձևաթուղթ պատրաստեն, հղեն մեր նահանգային իշխանությանը: Իսկ ես, իմ հերթին, խոստանում եմ, որ կնպաստեմ դրա դրական լուծմանը:

Շնորհակալություն պարոն Հուուդա, որ ժամանակ տրամադրեցիք:

— Ես էլ մաղթում եմ հայերին, որպեսզի նրանց մոտ ապագայում ամեն ինչ լավ լինի: Ես հղում եմ հնդիկների կողմից ամենաջերմ մաղթանքները հայ ժողովրդին: Եվ հաստատակամորեն ասում եմ՝ ցանկանում եմ բարելավել Հնդկաստանի և Հայաստանի միջև եղած կապերը և դառնալ ավելի լավ ընկեր-երկրներ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Դելի-Գյումրի

Պիտակներ՝