ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Անցած շաբաթ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ փոխվարչապետի այցին անդրադառնալը, նախ կուզենայի խոսել մի թեմայի շուրջ. ԶԼՄ-ներին տեղեկացվել էր, որ նրանք ներկա կգտնվեն միայն խորհրդակցության առաջին 10 րոպեներին, իսկ խորհրդակցությունից հետո փոխվարչապետն ասուլիսով հանդես կգա: Նախ՝այդպես էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ լրագրողները չպետք է ներկա գտնվեն խորհրդակցություններին, եթե լրագրողները թե՛ համայնքապետերի, թե՛ ոլորտային ղեկավարների հետ միշտ էլ կապի մեջ են եղել, տեղյակ են մարզային խնդիրներից, բարձրաձայնել են, և այլն…  Թե ո՞րն է գաղտնիքը, որ նման աշխատելաոճ է որդեգրված՝ անհասկանալի է… Ոմանք իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ են զգում, փորձում են տեղի-անտեղի իրենց դերն ու նշանակությունը մատնանշել… Երբ առաջին 10 րոպեներն անցան, իսկ փոխվարչապետի գրասենյակից ոչ մեկն առանձնապես տրամադրված չէր լրագրողներին դուրս հրավիրել, մարզային աշխատակիցները սկսեցին անհանգստություն դրսևորել, ի վերջո, փոխվարչապետի արարողակարգի ղեկավարը ստիպված եղավ լրագրողներին խնդրել, որ լքեն դահլիճը: Սակայն նկատելով մեր դժգոհությունը, մեզ հետ դուրս եկավ, փորձեց հարթել տհաճ միջադեպը՝ ասելով, որ բնավ խստորեն չէր դրված լրագրողների՝ դահլիճում չգտնվելու հարցը, նույնիսկ առաջարկեց վերադառնալ դահլիճ: Տեսնելով, որ ոչ մեկը չի պատրաստվում վերադառնալ, խոստացավ, ըստ նախատեսվածի, մարզպետարանի դահլիճում կազմակերպել փոխվարչապետի ասուլիսը: Սա չվրիպեց անգամ փոխվարչապետի և մարզպետի աչքից, անգամ համայնքապետերը զարմացած հարցնում էին, թե ինչ է պատահել: Բայց սա էլ վերջը չէր… Դարձյալ ինչ-որ մարդիկ փորձեցին կարգադրել, թե լրագրողները որտեղ կանգնեն, քանի րոպե է տրամադրվում… Փոքր միջադեպից հետո, ըստ նախնական պայմանավորվածության, մարզպետարանի նիստերի դահլիճում փոխվարչապետն հանդես եկավ ասուլիսով: Ինչո՞ւ այսքանը մանրամասնեցի. եթե նախկինները սխալներ էին թույլ տալիս, ապա գոնե փոխված իրավիճակում նման բացթողումներն արդեն շատ ցցուն են ու անընդունելի:



Խորհրդակցության առաջին 10 րոպեն

Փոխվարչապետը նախ ներկայացրեց, որ աշխատանքի տեմպերը 3-4 անգամ արագացնելու են, նաև Շիրակի մարզում առկա խնդիրները լինելու են  առաջնային ցանկում: Ապա խոսքը փոխանցեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին: Վերջինս նշեց, որ կառավարության կողմից հավանության արժանացած 23 հրատապ ծրագրեր ընթացքի մեջ են, գտնվում են նախագծա-նախահաշվային փուլում: Այնուհետև խոսք տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետը նկարագրեց, որ այս պահին քաղաքում իրականացվում է 3 ծրագիր. «Քաղաքում բուռն թափով աշխատանքներ են գնում փողոցներում, կառավարութան հետ համատեղ ևս 2 ծրագիր է իրականացվում՝ դրանք «Մուշ-2»-ի հրապարակի կառուցումն է, որի 70%-ի ներդրումն իրականացնում է համայնքը, իսկ 30%-ը՝ կառավարությունը, և տեխնիկայի ներկրման ծրագիր, 5 տեխնիկա՝ 3 աղբատար և 2 ինքնաթափ է բերվելու, որը շատ կարևոր է քաղաքի համար»:

Ս.Բալասանյանը նեղվեց համահարթեցման բանաձևից և օրինակ բերեց. «Գյումրին պատմական քաղաք է, երկրորդ քաղաքն է, շուտով հյուսիս-հարավ ճանապարհը կվերակառուցվի, շատ լավ կլինի, տուրիստների հոսքն այս վիճակում 2 անգամ կրկնապատկվել է: Այնպես որ, ինձ թվում է՝ բյուջեի հետ կապված անպայման պետք է վերանայենք, որովհետև չի կարող Երևանն ունենա 180 միլիոն դոլար բյուջե, Գյումրին՝ 6 միլիոն, որից 500մլն դրամը նորից հետ ենք փոխանցում որպես եկամտահարկ։ Համահարթեցման հետ կապված բանաձևը եթե փոփոխության ենթարկեն, այդ դեպքում ոչ միայն Գյումրին, այլև բոլոր համայնքները կզարգանան»։

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ խնդիրը տեղին բարձրաձայնելու համար և ասաց, որ ուրախալի լուր ունի՝ կապված «Շիրակ» օդանավակայանի շահագործման հետ՝ վերանորոգման և նոր հատվածի կառուցման աշխատանքները քննարկման փուլում են և շուտով ընթացքի մեջ կլինեն:

Քաղաքապետը բարձրաձայնեց Իսրայելի առևտրի պալատի հետ համագործակցության հարցը, այն է. 343 հեկտար վարձակալությամբ հող են տրամադրել իսրայելական ընկերությանը, որը 2 միլիարդի ներդրում կանի Գյումրիում, լոգիստիկ կենտրոն են կառուցելու, մեծ թվով աշխատատեղեր են ստեղծելու, միայն թե անհրաժեշտ է Ազգային ժողովն ընդունի ներդրողի՝ ազատ տնտեսական գոտի ստեղծելու պահանջը։ Հետաքրքրվեց, թե երբ կարձագանքեն, քանզի սա լուրջ ներդրում է քաղաքի համար: Փոխվարչապետն արձագանքեց, որ տեղեկացված է, ընթացքի մեջ է:

Այնուհետև խորհրդակցությունն ընթացավ առանց լրագրողների ներկայության…

 

Տիգրան Ավինյանի ասուլիսը

Խորհրդակցության ավարտին փոխվարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

Փոխվարչապետը նախ նշեց, որ Գյումրիում շատ հարցեր կլուծվեն մի քանի ոլորտների զարգացմամբ: Օրինակ, աշխատատեղեր ստեղծելու նախապայման դիտարկեց արդյունաբերության զարգացումը. «Կարծում եմ աշխատատեղերի ստեղծման մի քանի ոլորտ կա: Այդ ոլորտներից առաջնայինը թեթև արդյունաբերությունն է: Այս ոլորտում առաջիկա 1-2 տարվա ընթացքում մենք լուրջ արդյունքներ ենք ունենալու, արդեն պայմանավորվածություն ունենք Գյումրիում թեթև արդյունաբերության դպրոցի ստեղծման համար: Այն բավականին մեծ թվով «աշակերտներ» է ընդունելու։ Թեթև արդյունաբերողների, ներդրողների հետ մեր զրույցներում առաջին իսկ մարզը, որը մատնանշվում է` Շիրակի մարզն է»:

Երկրորդ ոլորտը, ըստ փոխվարչապետի, ՏՏ ոլորտն է. «Այն ավելի մեծ ներդրում է պահանջում: Ես համոզված եմ, որ Գյումրիում կա մարդկային այն կապիտալը, մարդկային այն ինտելեկտը, որը կարող է ռեալ ներդրում ունենալ տեղեկատվական ոլորտում ոչ միայն ներհայաստանյան մակարդակով, այլ համաշխարհային մակարդակով ապրանքատեսակներ ստեղծելու առումով»։

Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ կառավարությունն ի՞նչ է մտածում, երբ դեռ 3000-ից ավել տնակային բնակիչներ ունենք: Տիգրան Ավինյանն ասաց. «Այն ինֆորմացիան, որ ես ունեմ, ինձ ասում է, որ պետք է արդեն իսկ անօթևանների խնդիրները լուծված լինեին, բայց փաստացի դեռևս ունենք տնակներ։ Սա նշանակում է, որ նախկինում քաղաքականությունը, որ վարվել է այս ոլորտում, սխալ է եղել, և խնդիրն անընդհատ մնացել է։ Այսինքն՝ մարդիկ ավելացել են, սերունդներն են ընտանիքներ կազմել, հետևապես ընդհանուր քաղաքականության մեջ տրամաբանական սխալ կա։ Մենք պետք է հեղափոխության եղած կետից հետո արձանագրենք այն, ինչ ունենք և լուծենք անօթևան ընտանիքների հարցը։ Պետք է հստակ ժամկետ մեր առջև դնենք և այդ հարցը լուծենք, որպեսզի այլևս նման հարց այս մարզում չունենանք։ Տարածքային կառավարման նախարարությունը հարցից տեղեկացված է, մարզպետը տեղյակ է, ինտենսիվ աշխատում են, որպեսզի ծրագիր մշակեն և այդ ծրագիրը ներկայացնեն հանրությանը»:

Գյումրին  ազատ տնտեսական գոտի հռչակելու հարցին փոխվարչապետը պատասխանեց, որ այդ փաթեթն արդեն կառավարությունում է. «Ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու, ինչպես նաև տեղի է ունենալու «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումը, և շատ ավելի մեծ քանակի չվերթներ են իրականացվելու: Բանակցություններ են գնում խոշոր՝ այսպես կոչված, լոուքոսթերների հետ, և կարծում եմ, որ սա ևս ազդելու է Շիրակի մարզի տնտեսության վրա: Մարզի տնտեսության զարգացման վրա ազդելու են նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում «Հյուսիս-հարավ» երրորդ տրանշի աշխատանքները շատ մեծ թափով իրականացվում են, տեմպն ավելացել է մոտ 3-4 անգամ։ Եվ այս տեմպով ենթադրվում է, որ 2020 թվականին մենք կունենանք երրորդ հատվածը նույնպես կառուցված»:

Հարցին՝ քայլեր ձեռնարկվում են դեմպինգի պատճառով Գյումրու ավիաշուկայից հեռացած «Տարոն Ավիա» ազգային ավիափոխադրողին հետ բերելու ուղղությամբ, Տիգրան Ավինյանն ասաց. «Այստեղ կա երկու հիմնական խնդիր, որ պետք է տարբերել. մենք ազատ օդի քաղաքականություն ենք որդեգրել և բոլորին, ներառյալ մեր ազգային փոխադրողներին առաջարկում ենք նույն պայմանները, հետևապես բավական մրցակցային են պայմանները, և մեր ազգային փոխադրողները նույնպես պետք է մրցակցության մեջ մտնեն և կարողանան իրենց դիրքն ամրապնդել։ Բայց կա հարցի երկրորդ մասը, որ այլ երկրներ մեր նկատմամբ մի փոքր այլ քաղաքականություն են վարում, և այդ երկրների հետ մեր բանակցությունների հիմնական նպատակն է լինելու, որպեսզի մենք ստանանք այն պայմանները մեր ավիափոխադրողների համար, ինչ պայմաններ որ տալիս ենք իրենց ավիափոխադրողներին։ Սա է գերնպատակը, որ կառավարությունն իր առջև դրել է։ Կոնկրետ «Տարոն Ավիայի» հարցով չենք զբաղվում, որովհետև կան նաև այլ ընկերություններ, որոնք եղել են հայկական շուկայում, որոնք կապվել են մեզ, բայց ես իմ տեսակետն ասեմ՝ գլոբալ այս ավիափոխադրումների շուկայում շատ դժվար է ունենալ փոքր ազգային փոխադրող։ Պետք է լինի նորարական տեխնոլոգիա, պետք է լինի նոր գաղափար, որը թույլ կտա նոր մարկետինգային մեթոդներով այդ ավիափոխադրողին մրցունակ լինել շուկայում։ Եվ կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ ծրագրերը»։

Նոր կառավարությունը կշարունակի՞ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիրը, մանավանդ նախկին վարչապետը մի քանի գործարարների համոզել ու բերել էր Գյումրի, որպեսզի ներդրումներ կատարեին, ինքն էլ դարձել էր առաջին ներդրողը: «Գործարարներին համոզելու համար պետք է ընդամենը մեկ բան՝ ներդրումային բարենպաստ միջավայր և շահութաբեր ծրագիր։ Եթե մենք կարողանանք ապահովել ներդրումային բարենպաստ միջավայրը, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք կգտնենք այն շահութաբեր ծրագրերը, որոնց մեջ գործարարները կանեն իրենց ներդրումները։ Կոնկրետ «Կումայրիի» հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին կան քննարկումներ 1-2 գործարարի հետ, և ես հուսով եմ, որ այդ քննարկումները կպսակվեն հաջողությամբ և այդ ծրագիրը նույնպես կիրականացվի»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ գյումրեցին ե՞րբ կզգա փոփոխություն իր սեփական մաշկի վրա, ե՞րբ այլևս խոպան չի գնա, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ մենք ջանք չենք խնայելու, որ դա տեղի ունենա օր առաջ։ Ես հուսով եմ, որ մեկ տարվա կտրվածքում արդեն իսկ որոշակի փոփոխություններ մարդն իր կյանքում կզգա։ Ես հուսով եմ, որ 5 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Շիրակի բնակիչն էականորեն կզգան իրենց կյանքում, և մենք այդ նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու»։

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ