Մեր 21-րդ դարը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր 21-րդ դարը

Մեր թվարկության 21-րդ դարը: Տեսնես պատմիչներն ի՞նչ են գրելու նրա մասին, ի՞նչ լեգենդներ են հյուսվելու նրա հերոսների և չարագործների մասին: Տեխնիկական առաջընթացի վազքուղու վրա ամեն օր նոր գիտական հայտնագործություններ են արձանագրվում, սակայն անփոփոխ է մնում միայն մարդկային բնությունը: Կարծես նույն նախնադարյան համայնական հասարակության վայրենիները լինենք: Մեկմեկու նկատմամբ հանդուրժողականության և մերձավորին ուղղված աստվածաշնչյան սիրո բացարձակ բացակայություն է ամենուր, ու կարծես դատարկ են մեր հոգիները, ավելի ճիշտ` լցված թեփով, ինչպես տիկ հանած կենդանու կաշին: Կքած առօրյա հոգսի տակ` շատ հաճախ չենք նկատում մեզ հարազատ մարդկանց վիշտը, փողոցով քայլում ենք` չնայելով մեկմեկու, կարծես խռոված իրարից, աշխարհից: Ապրում ենք կարծես անկախ մեր կամքից, ավելի ճիշտ գոյություն ենք քարշ տալիս` սպասելով մեր այնքան անսպասելի ու անխուսափելի վախճանին: Մարդկային հանճարեղ միտքը երևի երբեք էլ չկարողանա վերծանել գոյության առեղծվածը, գտնել դրա բանալին:

Փոքրիկ իշխանի պես ողջ կյանքի ընթացքում կփնտրենք մեր մոլորակը, որտեղ չեն լինի բնական ու տեխնածին աղետներ, պատերազմ ու անհանդուրժողականություն և դրանք ծնող արմատները` չարությունն ու անտարբերությունը, ու այդպես էլ չենք գտնի, որովհետև չկա առայժմ այդ մոլորակը և չի էլ լինի, քանի դեռ մենք ինքներս չենք ստեղծել այն մեզ համար: Կապրենք դժգոհելով մեր կյանքից, երբեք չբավականանալով մեր ձեռք բերածով, կմեռնենք` դժգոհելով ուրիշներից, որ խանգարեցին մեզ ապրել: Մեզ երբեք չի բավականացնի սեփական երջանկությունը, որի գոյությունը չենք նկատի, որքան էլ որ այն լինի մեր կողքին, կնախանձենք ուրիշի ունեցածին, իսկ վերջում կփիլիսոփայենք, թե երջանկություն ընդհանրապես գոյություն չունի: Կյանքի անհամար խութերը հարթելու փոխարեն կավելացնենք դրանք մեր և ուրիշների համար, կպարծենանք, եթե կհաջողվի դրանցից որևէ մեկը հաղթահարել ու ամենավերջում նորից դժգոհ կմնանք: Մենք վաղուց ենք արդեն դադարել ուրախանալ այն փոքրիկ, բայց էական ձեռքբերումներով, որոնցից հյուսվում է մարդկային երջանկությունը և որոնք գուցե մեզ ամեն օր ուղեկցում են ընտանիքում և աշխատանքի մեջ: Պարզապես հետ ենք վարժվել լավը տեսնելուց ու գնահատելուց, ձգտում ենք հաճախ անկարելիին ու բնականաբար չենք հասնում: Սովորական մարդկային երջանկությունն արդեն անհարիր է մեր գոյության հետ ու ցանկացած անակնկալ դժբախտություն և անհաջողություն կարող է ծնկի բերել մեզ, նետել մեր կյանքը խելակորույս ու հաճախ անհաղթահարելի շրջապտույտի մեջ:

Մենք հաշտվել ենք արդեն այն իրողության հետ, որ մեր կյանքում կորուստներն ավելի շատ են լինելու ձեռքբերումներից, իսկ երջանկությունը հեքիաթային հավքի նման տեսիլք է թվալու մեզ: Հոգնել ենք ինքներս մեզնից, աշխարհից, և մեզ ոչինչ, տառացիորեն ոչինչ, չի կարող մխիթարել: Գոյության առեղծվածն անլուծելի մի աքսիոմա է մեզ համար, ֆիզիկամաթեմատիկական բարդագույն մի խնդիր, գլուխկոտրուկ, որի վրա դեռ երկար ու ապարդյուն տարիներ ենք կորցնելու: Մեր կյանքն այն կորուսյալ աշխարհն է, որտեղ երբեք իրար չեն հանդիպի երկու անկեղծ սիրող սրտեր, չեն իրագործվի հերոսների նվիրական գաղափարները, հանճարների գլուխներում ծնվող մտքերը, որտեղ անկեղծությունը հիմարություն է համարվում, իսկ ազնվությունը` գոյություն չունեցող բնավորության գիծ: Մենք կարող ենք հեշտությամբ համակերպվել մեր պարտության մտքի հետ, պարզապես բնածին, կենդանական հպարտությունը թույլ չի տալիս մեզ դա անել: Ի՞նչ կա, ավելի հեշտ թշնամու, հակառակորդի առջև ծնկի գալուց, մանավանդ, որ մենք այդպիսին ենք համարում բոլոր մեզ շրջապատողներին: Մեր մեջ կորել է խենթությունը, այն պարզագույն խենթությունը որ հատուկ է ոչ միայն հանճարներին, այլև` հասարակ մահկանացուներիս: Մոռացել ենք, որ այդ խենթությունն է մարդկության զարգացման շարժիչ ուժը ու դոփում ենք տեղում, ինչպես վարգի պատրաստ, բայց ցցից կապված երիվարներ…

… Շտապում է ժամանակը, և անընդհատ ուշանում ենք ու այդ խելացնոր արագության մեջ դառնում ժամանակի գնացքից հավիտյան ետ մնացած ուղևորներ, որոնց հոգում ափսոսանքն է ծվարում չծնված կամ ծնված, բայց կիսատ մնացած, անցած կամ ուշացած խոսքերի, երազների, սերերի համար: Ժամանակը երբեք չի ներում մեզ մեր ուշացումը: Հոսում է ժամանակը, ու վերջում պարզվում է, որ ամբողջ կյանքում ձգտել ենք հասնել ամեն ինչի և չենք հասցրել ոչինչ: Ու եթե անկեղծանանք, պիտի ժխտենք այն կարծիքը, որ չենք նկատում, թե ինչպես է թռչում ժամանակը, ուղղակի չենք ուզում նկատել նրա խելագար, գլխապտույտ ընթացքը, բայց տարվա մեկ օր` էլի առանց մեր ցանկության, պարզապես օրվա թելադրանքով անխուսափելիորեն և ակամա հանդիպում ենք մեր անցյալին ու նկատում, որ մեծացել ենք: Դրա համար էլ տխրում ենք մեր ծննդյան օրերին, որոնք հաջորդելով իրար, անջրպետ են ստեղծում մեր և մանկության միջև, այն ծննդյան օրերին, երբ շրջապատված ենք լինում ընկերներով ու հարազատներով, բայց անասելի մենակ ենք զգում և իրական ընկերակիցը դառնում է ժամանակը, մեր անցած օրերը պատնեշող ժամանակը…

ԳՈՒՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

print

972