Հայկ Բալանյան. «90-ականներին Ադրբեջանը կարող էր դաժանորեն պատժվել» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկ Բալանյան. «90-ականներին Ադրբեջանը կարող էր դաժանորեն պատժվել»

Հարցազրույց քաղաքագետ ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Բալանյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական այցերը մեր տարածաշրջան  չեն նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Սահմանին տիրող լարված իրավիճակի պատճառով մենք շարունակում ենք կորցնել մեր զինվորներին: Մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու:

— Ուզում եմ հիշեցնել, որ պատերազմի ավարտից՝ 1994 թվականից մինչև վերջին 8-9 տարիները նման լարվածություն չկար, որովհետև ուժերի հարաբերակցությունն այնպիսին էր, որ Ադրբեջանը կարող էր դաժանորեն պատժվել: Մյուս կողմից հայկական ղեկավարությունը կազմված էր այնպիսի մարդկանցից, որոնց հետ այս լեզվով խոսելը կարող էր շատ թանկ նստել ադրբեջանցիների վրա։ Ձեր հարցի պատասխանն այս հանգամանքներում է: Երբ Հայաստանը և հայկական ղեկավարությունը դառնան համարժեք արտաքին մարտահրավերին՝ և՛ նյութատեխնիկական, և՛ քաղաքական կամքի տեսակետից Ադրբեջանն այլևս չի համարձակվի վարել սադրանքների և ցածր ինտենսիվության ռազմական ճնշման քաղաքականություն։

 Նախիջևանում տեղի ունեցան թուրքադրբեջանական զորավարժություններ: Արդյո՞ք սահմանին իրավիճակի սրման հետևում Թուրքիան է կանգնած:

— Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի թիկունքում, բայց տվյալ դեպքում խնդիրը հունիսի 19-ին Բաքվում տեղի ունեցած Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն էր։ Ալիևն ուզում է հայկական կողմի պատասխան պատժիչ գործողություններն ի ցույց դնելով՝ փաստարկներ ունենալ, թե իբր հայերն են մեղավոր, որ սահմանին կռիվներ են։ Կարծում եմ՝ պատժիչ գործողությունները պետք է դարձնել այնքան ցավալի, որ  դիտորդների տեղակայման և բախումների կանխարգելման մեխանիզմների ներդրման համաձայնագրի կատարումը պնդելու հիմք լինի։ Հանձինս Թուրքիայի, Ադրբեջանի կողմից տղա բերելու ցանկությունը և համատեղ զորավարժությունների անցկացումն ավելի շատ խոսում է այն մասին, որ Անկարան ուղղակի փաստի առաջ է կանգնեցվել, ոչ թե նախաձեռնել է այս սադրանքը։ Անկարան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հավասար ուզում է մտնել խնդրի կարգավորման գործընթացի մեջ, բայց այս ձևն այդ նպատակին չի ծառայի, քանի որ հեղինակազրկելու է Մինսկի խմբին։

Թեև ՀՀԿն ԱԺ ընտրությունների ժամանակ հանրությանը ներկայացավ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով, նկատելի է, որ դրանով մեր սահմաններն անվտանգ չդարձան: Իշխանությունները դատարկ խոսքերից այն կողմ չեն անցնում: Չի՞ սպառվել արդյոք իրենց սուտ խոսելու պաշարը:

— Չի սպառվել այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության զգալի հատվածը նախընտրում է դրանք լսել և ունենալ յոլա տանելու որոշակի նյութական վիճակ։ Քանի դեռ վարչակարգը մի քիչ հաց է ապահովում, ապա տեսարանները և փիառը կաշխատեն։ Խնդիրը դատարկ խոսքերը չեն, այլ այն, որ դեռ տնտեսական վիճակը պահպանվում է, իհարկե՝ ճահճացած, բայց կայուն։ Ոչ մի դատարկ խոսք չի կարող փոխարինել փողին: Չնայած ինչքան փողը քիչ լինի, այդքան դատարկաբանությունը կշատանա։ Բայց պատճառն այն իրավիճակն է, որ մարդիկ ունեցածը չեն ուզում կորցնել։ Հենց կորցնեն, փիառն այլևս չի աշխատի։

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,353