Անցակետ-1 ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցակետ-1

Այսպես` անցած շաբաթվա թերևս գլխավոր իրադարձությունը գյումրեցիների համար այն էր, որ ձյուն իջավ քաղաքի վրա: Ձյունը, իհարկե, այնքան առատ չէր, միայն թեթևակի ճերմակություն բերեց քաղաքին, բայց այն փաստը, որ ձմեռն իր իրավունքների մեջ մտնելու մասին «բարձրաձայնեց», ակնհայտ դարձավ բոլորին: Անցած տարվանից եղանակային անակնկալներին հետևած տեսաբանն (հիմա բոլորս ինչ-որ չափով, ինչ որ ոլորտում տեսաբան ենք դարձել) ասաց. «Լավ ձգեցինք էս տարի, անցած տարի` էսօրվա պես հիշում եմ, հոկտեմբերի 21-ին ձյուն էկավ»: Իսկ միևնույն հայաթում ապրող մեր մայլի երեք եղբայրներն իրենց ընտանիքներով մտմտացին ու փորձեցին հիշել էն խելացի գուսանի անունը, որ երգ ուներ, թե` «Ձախորդ օրերը ձմռան նման գուկան ու կերթան»: Մարդիկ այդպես էլ չէին կարողացել հայտնի գուսանի անունը հիշել, բայց թե տեղին էին մտաբերել երգի խոսքերը: Ու գյումրեցու հոգսերի բեռի ավելացումը շատ դիպուկ էր կապվել ձմռան գալուստի հետ: Այնուհանդերձ, ուրախանալու առիթ, համենայն դեպս, գտնվեց` Վարդանանց հրապարակում մոնտաժման է պատրաստվում քաղաքի գլխավոր տոնածառը: Ուրեմն` Նոր Տարին հեռու չէ: Հարուստի համար` ցուցադրականության հանդիսություն, քյասիբի համար` հյուր գնալու առիթը բաց չթողնելու տոնակատարություն: Այսինքն` քյասիբի համար շահած վիճակախաղի պես մի տոն է Ամանորը:

Ռուսական խուլ գյուղերից մեկի խարխուլ խրճիթում ապրող 63-ամյա քյասիբ կինը երջանիկ պատահականությամբ միանգամից միլիոնատեր դարձավ` վիճակախաղի տոմսով ջեկ-փոթ շահելով: Այ թե ուրախանալու առիթ էր կնոջ համար: Շահումն էլ` ոչ ավել, ոչ պակաս, 106 միլիոն ռուբլի, ավելի շատ, քան իր ապրած վարչական շրջանի բյուջեի գումարը: Հիմա երևի իր ամբողջ համեստ կյանքի ամենաշքեղ, ամենափառահեղ Նոր Տարին կտոնի: Իրենց գյուղի բոլոր քյասիբներին հյուր կկանչի, կպատվի, կկիսվի ուրախությամբ: Բայց թե սա էլ մի ուրիշ տեսակի հոգս է դարձել իր թխած կարկանդակները վաճառող, խեղճ կնոջ համար: Հիմա քունը կորցրած, մտածում է, թե խոշոր շահումը ստանալուց հետո, ինչպե՞ս է պաշտպանվելու իր հետ ակամա փայ մտնելու մտադրությամբ զինված, արկածախնդիր մարդկանց ճնշումներից: Սրանք արդեն հեռակա կարգով` սպառնալիքներով, հիշեցնում են իրենց գոյության մասին: Տեսնես Հայաստանից էլ կա՞ սպառնացող: Դե, հայտնի բան է, պահած բան հո՞ չէ, մենք էլ ունենք «50 տոկոսով» ամենուր փայ մտնող, նախագահի բարձր հովանու ներքո գործող շատ հայտնի փորձագետ: Բայց ինձ, այնուհանդերձ, հետաքրքրում է, թե այդ կինը շարունակո՞ւմ է կարկանդակ ծախել: Կարծում եմ` իր քրտնքի հոտին սովորած մարդը չի կարող հրաժարվել այդ զգացողությունից, դե ուրիշի փողերի մեջ իր արտոնյալ քիթը խոթողն էլ` իր թանկարժեք օծանելիքի բույրից:

Իսկ խուլ գյուղերից հեռու` ռուս հասարակության ավելի լայն շրջանակներում չդադարեցին հանճարեղ հայի հետ կապված տխուր սկանդալի շուրջ խոսակցությունները: Դիտակետում հայտնված Արմեն Ջիգարխանյանի ձախորդությունը շատերին է մտահոգել: Նրա դեպքում երևի ճիշտ կլիներ ասել, թե «Գարբատին» երկու ոտքով է թակարդն ընկնում: Ծեր արտիստը 50 տարով իրենից փոքր կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի (հո անուն չէ՞, իսկական տոնածառ է) մասին ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց. «Նա ֆանտաստիկ գող է», իսկ իր փաստաբանն ասաց, թե այդ Վիտալինան պաթոլոգիկ ագահ է: Գործին խառնվեց նաև Արմեն Բորիսիչի որդին` Ստեփանը: Ասաց, թե էս ջահել կնիկն իրեն «Ոսկե ձկնիկի» պառավի տեղն է դրել, հորն էլ նույն հեքիաթի` հալևորի, բայց հաստատ` ալիքները խառնել է: Հետո ասաց, թե էս կնկա թախումը բողոքվել է, թե Արմեն Բորիսիչը մշտապես հայերի է ընդունել իր տանը` «Դժգոհելու թեմա են գտել, բա իմ հերը հայ է, հո կորեացիներին չէր ընդունելու»: Մնում է մեզ` հայերիս, լավատեսությամբ զինվել և հավատալ Սերժ Սարգսյանի` ՏՏ ոլորտի հանճար Թոնի Ֆադելին Երևանում մեդալ շնորհելուց հետո արտաբերած այն մտքին, թե ձախողումը քայլ է հաջողության հասնելու համար: Միայն չհասկացա, թե այդ միտքը սեփակա՞ն, թե ուրիշ հայերի փորձից էր բխեցրել:

37 տարի Զիմբաբվեն կառավարած 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն չէր ուզում նախագահական գահը զիջել, երևի ուխտ էր արել, որ մինչև հարյուրամյակը բոլորելը, այն չի հանձնելու ուրիշին: Սա էլ երևի պարագլխելու պաթոլոգիայով էր տառապում: «Խելքի աշեցեք»` կասեր գյումրեցի եղբայրների չհիշած անունով գուսանը` Ջիվանին: Չստացվեց: ժողովուրդը և նույնիսկ իր գլխավորած կուսակցությունը ստիպեցին հեռանալ: Հալալ է զիմբաբվեցիներին: Մուգաբեին հո՞ ամեն ինչ ի վերուստ տրված չէր կարող լինել, ինչպես ասենք խռպաձայն երգիչ Գրիգորի Լեպսին, որ իր երգում կրկնում է, թե ինքն օծյալ է ու հարյուր տարի է, ինչ երջանիկ է ու, թե ոչ ոք իր չափ երջանիկ չէ: Բա՞, Մուգաբե ջան, երջանկությունը հո՞ մենակ գահի վրա չի լինում:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,174