Անցակետ-2 ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցակետ-2

Հայաստանը վերջապես Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց` այն հավաստիացմամբ, թե ինքն այս կառույցին չի դիտարկում որպես մեր երկրին փող տվող բանկոմատ: Աժ նախագահ Արա Բաբլոյանն էլ այս առիթով լավատեսորեն նկատեց, թե Ռուսաստանի համար դա խանդի դրսևորման պաշտոնական պատճառ չի կարող հանդիսանալ: Համենայն դեպս, եթե որոշ ռուս քաղաքական գործիչների, այնուհանդերձ, դա դուր չգա ու իրենց բացասական կարծիքն արտահայտեն, այն կլինի նրանց անձնական տեսակետը և ուրիշ ոչինչ: Սա էլ համարենք Բաբլոյանի կարծիքը: Իսկ զուտ որպես բժշկի, իր մասնագիտական տեսանկյունից, նրան սկզբում տխրեցրել էր այն փաստը, որ 2018 թվականի Հայաստանի բյուջեում կրճատվել էին առողջապահության ոլորտի համար նախատեսված ծախսերը, բայց հուրախություն իրեն, հետո իմանալով, որ կառավարությունը դրական վերանայումներ է արել այս ուղղությամբ, ներքին խորը հրճվանք էր ապրել:

Սակայն, նրբանկատորեն առաջ չանցնելով իրադարձություններից, Բաբլոյանը նաև չցանկացավ կոնկրետացնել սպասվող գումարային ավելացման չափը: Այնպես, ինչպես չկոնկրետացրեց, թե 2018 թվականին ում է տեսնում վարչապետի պաշտոնում, թեև կարծես մտքում պահած ուներ, թե ով է այն հարմար անձը, ով կարող է ի բարօրություն Հայաստան երկրի, լինել այդ դերում: Դե, կգա օրը, բարին էլ հետը, ու բոլորն էլ կիմանան: Հանրապետականների որոշումից հո առաջ չէ՞ր ընկնելու: Իսկ կոնկրետ իր հետագա պաշտոնավարման հավանականությանն անդրադառնալով, այնպես որ իրեն ծուղակը չգցի, ասաց, թե այստեղ պետք է հարցն իր «սահունության» մեջ դիտարկել ու, որ ինքը ժողովրդի կողմից է ընտրված և մտածեց երևի, որ հանրապետականներն այս պարագայում կարծես թե կասկածներ չպիտի ունենան, և դա պետք է, որ տեղավորվի նրանց տրամաբանության մեջ:

Հայաստանի գործող վարչապետն էլ լավատեսական հույս տվեց ոչ մեծ բիզնեսի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե նրանց կողմից թույլ տրված որոշ տնտեսական հանցագործություններ պետք է ապաքրեականացնել, որպեսզի իրենց բիզնեսը չհայտնվի ճաղերի ետևում:

Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքին կողմնակից մի գրագետ մարդ էլ հայտարարեց, թե լավ է, եթե հայ ընտանիքի գլխավորը կրթված մարդ է, որովհետև նա` առիթի դեպքում, ավելի գրագետ ու մեղմ կծեծի կնոջը: Մինչդեռ ահա, խոպանից վերադարձած ամուսինները, նրանց կանանց հավաստմամբ, կոպիտ ու բռի են դառնում: Դե, պարզ է` բռիությունն ու գրագիտությունն անհամատեղելի են: Ու իրենց կանանց ծեծելու առիթը ներկայանալու դեպքում, սրանք անպայման անհամաչափ ուժի կիրառման կողմնակիցներ են դառնում, ինչն էլ տրամաբանական է, որ պետք է քրեականացվի:

Գյումրեցիներից մեկին մտահոգել էր այն փաստը, որ Հոնկոնգի գազանանոցի ճաղերի ետևից հաջողվել է փախչել առյուծին: Իր ազգականները` որպես տուրիստ, նախօրեին էին մեկնել Հոնկոնգ ու մնում էր ենթադրել, թե ի՞նչ կպատահի, եթե նրանք դեմ առ դեմ հանդիպեն առյուծի հետ: Բայց հույսը չէր կորցրել, որ այդ հանդիպումը, այսուհանդերձ, չէր կայանա: Ես էլ նրան հուսադրեցի՝ հիշեցնելով տարիներ առաջ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով տեղի գազանանոցից փողոցներում ակամա հայտնված գազանների հետ կապված դեպքը: Հիշեցրի, որ գազաններն այն ժամանակ միանգամայն կոռեկտ էին պահել իրենց ու նրանց կողմից բռիության դրսևորում չէր նկատվել մարդկանց նկատմամբ: Նա էլ, թե` ի՞նչ գիտեմ հոնկոնգյան առյուծի մասին, կարող է սա լրիվ ա՞յլ բնավորության տեր է:

Իսկ չինուհի տուրիստն Հայաստանում բնավ մտահոգվելու առիթ չէր ունեցել, որովհետև մեր գազանանոցներում, և ինչո՞ւ միայն գազանանոցներում, ո՞վ չգիտի, որ արշալույսները խաղաղ են: Չինուհին նույնիսկ այնքան ոգևորվել էր հայերի նիստուկացը տեսնելով, որ ասաց, թե կգերադասեր այստեղ ապրել: Երբ նրան հարցրել էին, թե մասնավորապես ի՞նչն է նրան այդչափ գրավիչ թվացել, պատասխանել էր, թե օրինակ, երբ հավես չունես գործի գնալու, պարզապես զանգում ես գործատուին, մի ախմախ պատճառ ես հնարում և նա հեշտ ու հանգիստ համոզվում է: Ասաց, թե իրենց մոտ դա մեծ պրոբլեմ է: Երևի չինուհու պատմածը չէր վերաբերում հայ բանվորին: Որովհետև ես շատ գյումրեցիների եմ ճանաչում, ովքեր ասում են, թե գործատուն մինչև կաշիդ չքերթի, փողի երես չես տեսնի: Լավ է, որ այսպիսի դեպքերի մասին չգիտի չինուհին: Լավ է, որ չկոտրվեց նրա բյուրեղյա երազանքը, թե չէ, մյուս տարի առնվազն մեկ տուրիստ պակաս կընդուներ Հայաստանը:

Գյումրու օդանավակայանն այս տարի ուղեվորափոխադրումների ռեկորդային աճ է գրանցել` 42 տոկոս: Սա կարող էր ուրախանալու առիթ լիներ, եթե հստակ հայտնի լիներ, թե այդ ուղևորների ո՞ր մասն են կազմում տուրիստները և ո՞ր մասը Հայաստանից արտագաղթողները: Իսկ այն, որ նաև Շիրակի մարզում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների ցուցանիշն է ամենաբարձրը, սա արդեն հստակ վիճակագրություն է, որ պարծենալու տեղ չի թողնում ռեկորդների անվանակարգում:

Տոնածառի զարդարմանը նախապատվություն տալը` այլ հարց է: Սա տոն է, որով պետք է ուրախանալ ու առաջնորդվել: Օրինակ` ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը լուսավորվեց, ամերիկացիները ցնծացին: Գյումրուն էլ շուտով հերթը կհասնի: Մեր քաղաքի բյուջեն, ճիշտ է, կրճատվել է, բայց փոխարենը` քաղաքային իշխանությունները հոգ են տարել, որ ամանորյա տոնակատարությունների ծախսերն ավելանան: Ու շուտով մենք էլ ամերիկացիների պես, մեր տոնածառը զարդարված կտեսնենք:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,180