Պետական միջոցները գռփելու համար քանի՞ հոգի է «ռասկուլաչիտ» եղել ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական միջոցները գռփելու համար քանի՞ հոգի է «ռասկուլաչիտ» եղել

Երևի ոմանց համար անհնար է ապրել առանց գիտակցելու, որ իրենց շուրջն ապրող մարդիկ ևս կարող են ապրել իրենց կյանքով, սիրել, հուզվել, պայքարել կամ, ի վերջո, պայքարելուց հոգնել: Օրինակ` Հաագայի դատարանում սերբերի իրավունքները պաշտպանած ղեկավարը, ով մեղադրվում էր մահմեդական փոքրամասնության դեմ իրագործած ցեղասպանության համար, դատավճիռը լսելուց հետո կալիումի ցիանիդ խմելով, ինքնասպանություն գործեց:

Օրերս արտակարգ պատահարի հետ կապված մի վավերական հոլովակ դիտեցի: Սիրողական` պատահական ականատեսի կողմից արված նկարահանում էր: Դրանցով հարուստ են, չէ՞, ռուսական լրատվամիջոցները, իսկ մերոնք, իրենց նույնատիպ ձգտումներից ու անգամ էքստրեմի «սիրահար» Շամշյանի եռանդից անկախ, դեռ չեն հասցնում ռուսների ետևից: Ինչորէ, մի մարդ փորձում էր կամրջից վայր նետվելով, ինքնասպան լինել: Արդեն բազրիքն անցել էր, երբ վազելով, նրան հասած 4-5 մարդ բռնելով` փրկեցին: Ի՞նչն էր հետաքրքիր. ինքնասպանության փորձ անողը պայուսակներով բեռնավորված մի կնոջ տեսադաշտում էր, ով աներեր քայլերով առաջ էր գալիս, մինչդեռ նրա թիկունքից եկողներն անգամ, նրան շրջանցելով, հրթիռի պես հասան օգնության, որպեսզի ողբերգությունը կանխեին: Հետո, երբ փրկված մարդն իր փրկիչներով շուրջկալված էր, պայուսակավոր կինը եկավ, կանգնեց նրանց մոտ ու սկսեց զուտ հետաքրքրությունից դրդված, դիտել: Այդպիսի անտարբերությամբ, առանց վերապրումի` մարդիկ անգամ շարժանկար չեն կարողանա դիտել: Իսկ սրա բնավորությունը թույլ էր տալիս դա անել, մարդը սառնարյունների դասից էր: Հաստատ տնեցիների մոտ պատմելու բան կունենար:

Հայտնի բան է` մարդիկ սիրում են երջանիկ վախճանով դեպքերի մասին լուր առնել: Հասարակ ռուսաստանցիներից շատերի համար հաճելի վախճանով ավարտվեց իրենց պետական կոռուպցիոներների` տնտեսական զարգացման մինիստրի ու ոստիկանության գնդապետի նկատմամբ ընթացած դատական գործերը: Եթե մարդու ապրելու նպատակը, այն էլ` բարձրաստիճան պաշտոնյայի, հիմնված է զուտ գռփելու կամայականության վրա, ապա դա իրականում խոսում է իր երկրի ճակատագրի հանդեպ  նրա ունեցած անտարբերության մասին: Ռուս մինիստրը կամայականորեն նեղացնելով իր երկրի մասշտաբները, պատշաճորեն զարգացրել էր միայն սեփական ընտանիքի տնտեսական վիճակը: Սրա պորտֆելն այնքան տարողունակ է եղել, որ հաճախորդները միանգամից 22 կիլո փող են տեղավորել նրա համար: Ոստիկանության գնդապետից էլ, ով համակարգում էր վառելիքաէներգետիկ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, դատարանի վճռով բռնագրավվել է նրա տանը գտնված 9 միլիոն ռուբլի կանխիկ գումարը, 23 այլ տներ, որոնք պատկանել էին նրա ընտանիքին ու նաև գրանցված են եղել իր հարազատների և սիրուհիների անուններով, արտասահմանյան շքեղ մեքենաներ:

Պատկերացնո՞ւմ եք, ամբաստանյալ գնդապետը լսելով դատավորի երկարաշունչ վճիռը, քմծիծաղել է: Որովհետև արդարացում է ունեցել, թե այդ ամենը «հալալ քրտինքով» է վաստակել: Ախր, այ գնդապետ, եթե անգամ քրտնել ես կյանքումդ մի պահ, ապա դա կարող է պատահած լինել կաշառք վերցնելու ռիսկին դիմածդ ժամանակ: Բայց դա իր գործն է, որովհետև` այս դեպքում, արդարադատությունն հաղթեց: Իսկ հիշո՞ւմ եք պետական միջոցները գռփելու քանի՞ հոգու դատավարությունից ենք տեղյակ Հայաստանում, որ ավարտվեր մեղավորներին «ռասկուլաչիտ» անելով: Երևի չհիշենք:

Մենք սիրում ենք մեր մեջ ասել, թե ուժն է ծնում իրավունք: Կամ վերաիմաստավորելով` իշխանությունն է ծնում այդ իրավունքը: Օրինակ, հարևանուհու` օգնության կանչող ճիչը լսելով, հայ մարդը կվազի կանչի ետևից: Բայց այստեղ ականատես լինելով, թե ամուսինն ինչպիսի ուժգին հարվածներ է հասցնում կնոջը, իրավիճակը ճիշտ գնահատելով, կասի` «Ի՞նչ օգնել` մարդը լավ էլ սամթին կզարկե»: Ուրեմն` կարելի է ասել, որ նա լավ էլ հասկանում է գործից: Այս հարցում մենք փայլուն գիտակ ենք: Սա, իհարկե, կատակով: Բայց դե, հո՛ լավ էլ գիտենք, չէ՞, որ օտարերկրյա սպորտային մեկնաբաններ կան, ովքեր ասենք` բռնցքամարտ են մեկնաբանում, բայց հարձակվողին պաշտպանվողից չեն տարբերում: Քաղաքական մեկնաբաններ էլ կան, դա էլ է մեզ հայտնի, ովքեր ոչինչ չեն հասկանում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ընթացող հակամարտությունից, բայց փորձում են առավելություն վերագրել այս կամ այն կողմին: Մինչդեռ, Հյուսիսային Կորեան` իր զարգացրած «մկանները» ցուցադրելու համար, հերթական ռաունդում «տեխնիկական» նոր հնարք գործադրեց, իսկ սա, բնականաբար, պետք է մտածելու տեղիք տար, թե` եթե անգամ այս մարտը «ոչ-ոքի» ավարտվի` երկուսն էլ իրականում հավասարաչափ իրար հարված հասցնեն, ո՞նց կլինի աշխարհի հալը: Բայց գյումրեցիները գիտեն: Մենք տեսել ենք երկրաշարժը, պատկերացնում ենք, թե ինչ դժբախտություններ կարող են թափվել մարդկության գլխին, եթե հանկարծ այս երկրները` խելապակասի պես, գործի դնեն իրենց միջուկային արսենալը: Գյումրեցիները նաև հույսի նկատմամբ հավատ տածող մարդիկ են, հավատում են, որ այս դեպքում այդպես չի լինի: Որովհետև, եթե իրենք կարողացան դիմակայել իրենց հասած հարվածին, ապա աշխարհը չի կարողանա դա անել: Ուրեմն` «Խաղաղություն ամենեցուն», ինչպես կասեր հայ Տեր հայրը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,144