«Փոխանակ նրանք ճահիճը չորացնեն, նավն են շքեղացնում» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փոխանակ նրանք ճահիճը չորացնեն, նավն են շքեղացնում»

Հայաստանի ներքաղաքական-հասարակական իրադարձությունները, վերափոխումների անվան տակ տեղի ունեցող երևույթներն անտարբեր չեն թողնում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Որքան էլ հեռու լինես մայր-հայրենիքից, միևնույն է, չես կարող հեռու լինել նրա ճակատագրից, ապագայից: Հասարակության լայն զանգվածների շրջանում ցավ ու  տառապանք է առաջացնում այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը: Վերափոխումները, փոփոխությունները, տնտեսական պատրանքային աճի ցուցանիշները, անձերի փոխատեղումները, հայտնի արդյունքներով գրանցված ընտրությունները հստակ աշխատող մեխանիզմ են դարձել կոնկրետ անձանց և համակարգի վերարտադրության համար: Այս ամենի  գիտակցումը խորացնում է հուսահատական, տեսանելի ապագայի վերաբերյալ դրական տեղաշարժերի բացակայության տրամադրությունները:

Հարցազրույց Լոս-Անջելեսի AMCA հեռուստաընկերության «30 րոպե» ծրագրի մեկնաբան ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Պարոն Սահակյան, դատելով  Լոս-Անջելեսում հեռարձակվող AMCA հեռուստաընկերության եթերում հնչող կարծիքներից և ստացվող զանգերից, պարզ է դառնում, որ հայ համայնքը բավականին ակտիվ հետաքրքրված է Հայստանի հասարակական-քաղաքական կյանքով:  Արդյո՞ք դա միայն եթերից ստեղծվող կարծիք է, թե՞ իրականում մարդիկ մտահոգված են հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով:

— Դա այդպես է: Լոս-Անջելեսի հայության մեծամասնությունն այժմ կազմված է Հայաստանից վերջին  25 տարիների ընթացքում եկած մեր հայրենակիցներից: Դրանով է բացատրվում Հայաստանի ներքաղաքական կյանքի նկատմամբ առավել մեծ հետաքրքրությունն ու մեր հեռուստաընկերության «30 րոպե» հեռուստածրագրում հնչող զանգերի ու կարծիքների բազմազանությունը:

— Ինչպիսի՞ սպասելիքներ ունի սփյուռքի այդ հատվածի հայությունը հայրենիքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներից:

— Ճիշտն ասած, կա շատ մեծ հոռետեսություն: Մարդիկ, որոնք վերջին 25 տարիների ընթացքում են արտագաղթել ԱՄՆ, չեն հարմարվել այստեղի կյանքին: Նրանք չեն կարող այս երկիրը համարել  իրենցը, դեռևս չեն կտրվել Հայաստանից, այն իրականությունից, որի պատճառով արտագաղթել են: Դրանով են, թերևս, պայմանավորված վերջինների ակնհայտ ընդդիմադիր  տրամադրությունները՝ հայրենիքում ընթացող գործընթացների նկատմամբ: Ստացվել է   մարգինալ վիճակ, երբ մի ոտքով Հայաստանում են, մյուսով՝ Միացյալ Նահանգներում: Մարգինալացումը զգացվում է բոլորի մոտ:

— Իսկ այդ հոռետեսական մտայնությունները, ըստ Ձեզ, ունե՞ն իրական հիմքեր, կարո՞ղ են ազդել այն ուժերի և անհատների վրա, որոնք ցանկանում են Հայաստանում ներդրում անել:

— Ես հանդիպել, զրուցել եմ բազմաթիվ գործարարների հետ, որոնք փորձել են կամ հետաքրքրություն են ունեցել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք այսօր այդ մասին չեն էլ ուզում խոսել՝ ելնելով  սեփական փորձից: Հայաստանում բիզնեսով զբաղվելու նրանց փորձերը կա՛մ խոչընդոտվել են, կա՛մ իրենց, կոպիտ ասած, «քցել են»: Ասում են՝ Հայաստանում բիզնես ներդրում անելու համար պետք է կա՛մ «տանիք» ունենաս, կա՛մ կողոպտված, դատարկված գրպաններով ետ վերադառնաս: Մարդիկ դա իրենց կաշվի վրա են զգացել: Տարածված կարծիք կա, որ, ցավոք, Հայաստանում բացակայում է գործարարության զարգացման բարենպաստ մթնոլորտը: Միակ օգուտն, որ նրանք կարող են տալ հայրենիքին՝ երբեմն-երբեմն Հայաստան այցելելն է: Ընդ որում՝ որպես զբոսաշրջիկ: Անկեղծ ասած, շատերն այդ կարգավիճակում էլ չեն ուզում այցելել: Այդպիսի տրամադրություններ այս համայնքում կան: Դրանք կարող են մի-փոքր ճոխացված էլ լինեն, բայց խնդիրն իսկապես առկա է:

— Հայաստանում  փորձ է արվում վերափոխել գործող համակարգը՝ սահմանադրական  փոփոխութուններ, նոր վարչապետի նշանակում, հայտարարություններ Հայաստանի տնտեսության զարգացման մասին: Այդ ամենը Լոս-Անջելեսի հայ համայնքին հույս չի՞ ներշնչում, որ հայրենիքում հնարավոր են իրական, ոչ «կոսմետիկ»  վերափոխումներ: 

— Բոլորն հասկանում են, որ կոսմետիկ փոփոխություններն ընդամենը կոսմետիկ լուծումներ են, մարդկանց աչքին «թոզ փչելու» համար են, քանի որ համակարգը նույնն է: Անձերի փոփոխությունը ոչ մի արդյունքի չի հանգեցնի, քանզի համակարգը կլանում է բոլորին: Նույնիսկ շատ ազնիվ ու պատրաստված, «եվրոպաներում» կրթություն ստացած մասնագետները՝ դառնալով  համակարգի մաս, չեն կարող ճիշտ աշխատել: Սա ոչ միայն իմ՝ հեռուստալրագրողիս, այլև ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս, փողոցում հանդիպող մարդկանց կարծիքն է: Կա նաև մարդկանց մեկ այլ խումբ, որն իրավիճակի վերաբերյալ ունի իր կարծիքը: Դա իշխանամետների խումբն է և, ավանդական կուսակցություններին՝ դաշնակցությանը հարող անձինք են: Նրանք գտնում են, որ չի կարելի սևացնել երկիրը կամ, ինչպես ասում են, «աղբը տանից դուրս բերել»: Այդ մարդիկ փոքրամասնություն են կազմում: Նրանք չեն շփվել, չգիտեն իրականությունը, ապրում են Մասիս սարով և հայրենիքի մասին «կամ լավը, կամ ՝ոչինչ» սկզբունքով: Մինչդեռ լայն հասարակությունը հասկանում է, որ նոր Սահմանադրությունն ընդունվել է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման, ոչ թե լավ պետություն ստեղծելու նպատակով:

Լոս-անջելեսաբնակ հայությունը շատ ուշադիր հետևում է ամեն ինչին: «Սասնա Ծռերի» ժամանակ այստեղ ցույցեր եղան: Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվում: Գիտե՞ք, իմ  պատկերացմամբ, Հայաստանի իշխանությունները ստեղծել են մի ճահիճ, որի մեջ մի շքեղ նավ է գտնվում: Ու փոխանակ նրանք ճահիճը չորացնեն, նավն են շքեղացնում: Նավում ապրելու իրավունք ունեն Հայաստանի մի քանի ընտանիքները: Կան նավի կողքերից կախվածներ, որոնք իշխանության կամակատարներն են: Նրանց ոսկորներ են շպրտում նավից: Իսկ ժողովրդի 90 տոկոսը մնում է ճահիճի մեջ: Նա, ով կարողանում է հասնել ափին, գնում է հայրենիքից: Ովքեր ուզում են դիմադրել, հայտնվում են հատակում: Հենց դա է պատճառը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Շատերն ինձ ասում են. «Եթե հայրենասեր ես, արի Հայաստան, պայքարիր այստեղ»: Գիտե՞ք, փորձել եմ: Անցալ տարի երկու անգամ եկա ու հասկացա, որ ոչ մեկին պետք չեմ: Դա վերաբերում է ցանկացած եկողի: Մեզ այնտեղ չեն սպասում: Իսկ պատի հետ կռիվ տալով՝ գլուխդ կջարդես: Պատը կմնա պատ, կպակասի մի ճակատ: Ամենաթույլ հայն այստեղ (նկատի ունի՝ Լոս Անջելեսում,- հեղ.) ավելի ուժեղ է, քան ամենահզոր հայը Հայաստանում: Իմ խնդիրն այստեղ ես համարում եմ մարդկանց տեղեկացնելը, այնպիսի հարցեր հնչեցնելը, որոնց  չեն անդրադառնում: Ձգտում եմ ապահովել խոսափող այն մարդկանց համար, ովքեր ասելիք ունեն, բայց զրկված են այդ հնարավորությունից:

— Նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի մասին հայ համայնքում հնչող կարծիքների մասին ի՞նչ կասեք:

— Ես մի քանի խնդիր եմ տեսնում իր հետ կապված: Առաջինն՝ օրինականությունն է: ՀՀ Սահմանադրությունը սահմանել է՝ ո՞վ կարող է լինել ՀՀ նախագահ: Երկրի Մայր օրենքն ասում է, որ նախագահը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի, վերջին 6 տարիների ընթացքում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում: Քանի որ մեր երկրում վերջին տարիներին ընտրությունները կեղծվել են և մշտապես լեգիտիմության խնդիր է առաջացել, չէի ուզենա, որ ՀՀ 4-րդ նախագահը կեղծիքով ընտրված կամ նշանակված լինի: Գտնում եմ, որ Արմեն Սարգսյանի պարզաբանումներն այս հարցի վերաբերյալ պետք է լինեն սպառիչ:

Երկրորդ՝ միջազգային կորպորացիաներում Արմեն Սարգսյանի աշխատելու փաստը դիտվում է որպես դրական գործոն: Ես գտնում եմ, որ դա բացասական է: Կորպորացիաները հավաքագրում են մարդկանց և ծառայեցնում են իրենց շահերին: Այդ շահերն երբեք չեն համընկնում կոնկրետ երկրի շահերին: Ըստ իս, նախագահի թեկնածուի կենսագրության այդ փաստը չի կարող դիտվել որպես առավելություն:

Երրորդը՝ Ամուլսարի պատմությունն է: Արմեն Սարգսյանը փորձեց հերքել իր առնչությունը դրան: Բայց ես գտնում եմ, որ նա սուտ խոսեց: Զարուհի Փոստանջյանը շատ լավ վերլուծական էր ներկայացրել, որտեղ հստակ երևում էր, որ Արմեն Սարգսյանը ոչ թե 5, այլ ընդամենը 1-2 տարի է, ինչ կապ չունի Ամուլսարի հետ: Նա է կանգնած Ամուլսարը շահագործող ընկերության հիմնադիրների ակունքում: Եվ, ընդհանրապես, Ամուլսարի շահագործման վերաբերյալ Ա.Սարգսյանի կարծիքը մեզ հայտնի չէ: Որևէ մեկը նրան չի հարցրել՝ «ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է սարի շահագործումը, թե՞ Ձեր գերշահույթի համար  թունավորում են ժողովրդին»: Կուզեի իմանալ նաև՝ նրա երեխաները  ծառայե՞լ են բանակում:

Եվ վերջինը՝ Արմեն Սարգսյանն ասում է, որ զբաղվել է գիտությամբ: Բայց ինչպե՞ս  է ստացվում, որ գիտությամբ, դիվանագիտությամբ զբաղված մարդը ահռելի հարստություն է կուտակել: Եթե Արմեն Սարգսյանը նախաձեռնի հանդիպում Լոս-Անջելեսի հայ համայնքի հետ, իմ այս հարցերը կուղղեմ նրան: Այսքանով հանդերձ, նա Սերժ Սարգսյանի շրջապատի, թերևս, լավագույն թեկնածուն է, բայց ոչ՝ հայության:

— Ստացվում է՝ մենք դատապարտված ենք ընտրություն կատարել միայն ա՞յդ շրջապատից:

— ՀՀ նախագահին սահմանադրորեն հնարավորություն է ընձեռնված հակադրվել Ազգային Ժողովին, չստորագրել և Սահմանադրական դատարան ուղարկել ցանկացած օրենք: Այսինքն, ցանկության դեպքում, նա կարող է լինել քաղաքական հակակշիռ: Բայց Սերժ Սարգսյանը նշանակում է մի մարդու, որը պետք է հնազանդվի: Իմ կարծիքով՝ հենց իշխանությունն է շահագրգռված աղմուկ ստեղծել Արմեն Սարգսյանի կենսագրության շուրջ: Հրապարակ նետվող կոմպրոմատների միջոցով ձգտում են Արմեն Սարգսյանին կախման մեջ պահել վարչապետից՝ նրանից, ով իրեն կնշանակի:

— Հարցազրույցի ավարտին ուզում եմ հարցնել՝ գյումրեցիներն ակտի՞վ են Լոս-Անջելեսում, մեր համն ու հոտը այդտեղ տարածվե՞լ է:

— Գյումրեցիների համն ու հոտն այստեղ էլ է պահպանվել: Գյումրեցիներն իրենց կատակն այստեղ էլ են տարածում: Նրանք միշտ աչքի են ընկնում՝ անկախ նրանից, թե աշխարհագրական որ վայրում են գտնվում: «Հին Գյումրի» ռեստորան էլ կա մեզ մոտ: Այն իմ սիրելի վայրերից մեկն է: Շատ հաճախ չես զգում, որ բնակվում ես ԱՄՆ-ում: Կարող ես հանդիպել և՛ գյումրեցու, և՛ ապարանցու, և՛ ղարաբաղցու:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ

print
1,232