ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Որոշման իրագործումը տնտեսվարողների վրա ավելորդ բեռ է

Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվելու է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։ Ուժի մեջ մտնող պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, պատվաստման հակացուցում ունեցողներին, առավելագույնը երեք ամիս առաջ քովիդով հիվանդացածներին։ Տնտեսվարողն ինքը պետք է ստուգի՝ արդյո՞ք քաղաքացին ունի համապատասխան փաստաթղթերը, թե՝ ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները կվերահսկեն։ Եթե տնտեսվարողը չպահպանի կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվի 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500 հազար դրամով։ Ի՞նչ ազդեցություն է թողել այս որոշումը տնտեսվարողների վրա. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գյումրու մի շարք տնտեսվարողների հետ:

Ըստ Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի գիտաշխատող Տաթևիկ Գաբրիելյանի, ինչ խոսք, ազգաբնակչության առողջությունն առաջնահերթ է, սակայն նման բեռի տակ ուղղակի տնտեսվարողին դնելը ոչ ցանկալի էր: Գիտաշխատողն օրինակ բերեց. «Մի երկու օր առաջ շատ անախորժ դեպք եղավ. թանգարան էր այցելել մի ընտանիք՝ ծնողները երկու երեխաների հետ: Ըստ որոշման, մենք նախ հետաքրքրվեցինք պատվաստումը հավաստող փաստաթղթերով: Պարզվեց՝ երկու ծնողն էլ պատվաստված չէին և իրենց հետ էլ չունեին ՊՇՌ թեստի հավաստագիր: Ստիպված եղանք ծնողների մուտքը թանգարան արգելել՝ նրանք դրսում մնացին, իսկ երեխաներին ներս հրավիրեցինք և շրջեցինք թանգարանով: Սա շատ տհաճ պատկեր է, երբ հյուր է գալիս, իսկ դու ստիպված ես նրան ներս չհրավիրել: Զբոսաշրջիկները, բնականաբար, ճամփորդելու թույլտվություն ունենալու համար արդեն իսկ պատվաստված կամ թեստավորված են, և օտարերկրացիների հետ խնդիրներ չեն ծագում, և իրենք էլ այս որոշմանը բնական են մոտենում, բայց մեր տեղացիները, նաև ելնելով մեր մենթալիտեդից՝ շատ դժգոհ են հեռանում»:

Հարցին, թե արդյո՞ք այս որոշումը կնպաստի, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, տիկին Գաբրիելյանն ասաց, որ առօրյայում մարդիկ սովորաբար թանգարան չեն այցելում, և զուտ թանգարաններ այցելելու համար չի կարծում, թե կպատվաստվեն: Այլ է սննդի ոլորտում, և կարծիք հայտնեց, որ եթե պետությունը նման որոշմամբ է հանդես եկել, ապա մարդիկ պետք է ենթարկվեն ընդհանուր կանոնին:

***

Գյումրու «Ֆլորենս» ռեստորանի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն ասում է, որ այս որոշումը ևս մի միջոց է՝ քաղաքացիներին պատվաստման խթանելու համար, որպեսզի մարդիկ ծանր չհիվանդանան, բայց այն, ինչը կտրուկ արգելանքով է զուգակցվում, մարդկանց մոտ դա զայրույթ է առաջ բերում: «Նախ՝ արդյո՞ք յուրաքանչյուրն ունի համապատասխան հեռախոս, որ կարողանա ներկայացնել QR կոդ: Երկրորդ. երբ քաղաքացին հարցնում է՝ ինչո՞ւ համար պետք է ինքը պատվաստվի, ինչո՞ւ պետք է իրեն ստիպողաբար դա անել տան, ու որքան էլ մեր աշխատակիցները բացատրեն, դա այն չի: Այս խնդիրը թողել են տնտեսվարողին, նախնական աշխատանք չի տարվել, մենք էլ բոլորի նման տեղեկացել ենք որոշման հրապարակումից»: Հարցին, թե որոշումը որևէ ազդեցություն թողե՞լ է իրենց ռեստորանի աշխատանքների կազմակերպման վրա, Կարենը պատասխանեց. «Գրեթե 40 տոկոսով շրջանառությունը նվազել է, ինչը մեր ոլորտում շատ լուրջ թիվ է: Տեսեք, մենք աշխատում ենք թարմ մթերքով, և այս պարագայում դու չես կարող ճիշտ կողմնորոշվել, թե որքան գնես, այդ օրը որքան սնունդ պատրաստես: Մյուս խնդիրն այն է, որ ասենք, մեծ խումբ է գալիս, որի 80 տոկոսը պատվաստված է կամ ՊՇՌ թեստի պատասխանն է ներկայացնում, իսկ 20 տոկոսը` ոչ. դու վերջիններիս ներս չես թողնում, ու… կորցնում ես նաև մյուս 80 տոկոսին: Մարդիկ նեղացած են հեռանում հենց մեզանից՝ տնտեսվարողներիցս: Կամ ասենք, մի քանի ընտանիք էդ օրը որոշում են գնալ ռեստորան՝ իրենց ժամանցը կազմակերպել: Եվ չեմ կարծում, որ վազեվազ գնան ՊՇՌ հանձնեն, որ ռեստորան այցելեն: Ուրիշ բան ասեմ. քաղաքացին տանից դուրս է գալիս, մտնում է խանութ, հասարակական տրանսպորտ է նստում. մինչև ռեստորան հասնելը այս հասարակական վայրերում մարդկանցից QR կոդ չեն պահանջում, չէ՞: Կամ ի՞նչ ապահովություն, որ պատվաստված մարդն արդեն վարակված չէ, երբ ներկայացնում է QR կոդը… Հասկանո՞ւմ եք, շատ հակասություններ կան: Դրսից եկած զբոսաշրջիկների հետ խնդիրներ չեն առաջանում, պարզ է, մարդը պատվաստվել է, որ իրավունք է ունեցել շրջագայելու, սակայն մեր տեղացիների հետ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում: Դուրս է գալիս, մենք մեր հիմնական զբաղմունքը պիտի թողնենք ու ռեստորան եկած այցելուի հետ բանավիճենք, թե ինչու չի պատվաստվել, կամ պիտի ՊՇՌ հանձնի… Սա նախապես պետությունը պետք է այնքան դիպուկ բացատրեր, սոցիալական գովազդներով կամ այլ մեթոդներով, որ քաղաքացին չհասնի տնտեսվարողի դուռ ու հարցնի, թե ինչու պիտի ինքը պատվաստվի: Թող կամավորներ տրամադրեն, որ վերջիններս այդ աշխատանքը կատարեն: Նեղացած մարդիկ ասում են՝ կգնանք կբողոքենք. ո՞ւմ, կամ մենք ինչո՞վ ենք մեղավոր: Մինչդեռ դեռ նախորդ իրավիճակներից ուշքի չենք եկել. պանդեմիա, լոքդաուն, պատերազմ, հիմա էլ այսպես ենք հաճախորդ կորցնում: Ուզում ես պլանավորել աշխատանքդ, բայց այնքան անորոշ է դիմացը, որ չես կարող, ոչ մի ապահովություն չկա: Կամ՝ որոշումն ընդունելուց մի շաբաթ է անցել, Քովիդի թվերն աճել են. ի՞նչ է, մարդիկ ռեստորան ու թանգարան այցելելո՞վ են վարակվել: Թերացումներ, հակասություններ, խնդիրները շատ-շատ են: Մարդիկ էլ մեզանից են նեղանում, թե՝ «պահ, չես թողնի ռեստորան, կերթամ ուրիշ տեղ»»: Ըստ Կարենի, տեսչական մարմինները շատ լավ են անում իրենց գործը, այցելում են, ստուգումներն իրականացնում են, նույնիսկ այնքան հաճելի կերպով են բացատրում, ինչը դրական է: Բայց նման որոշումները հարցի լուծում չեն»:

***

Գյումրու «Նուռ» սրճարանի տնօրեն Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ տնտեսության վրա ազդել է, մանավանդ, եթե սրճարան այցելողների մեծ մասը երիտասարդներն են, իսկ մինչև 18 տարեկաններին պարտադրված չէ պատվաստումը, ստացվում է, որ եթե խմբով գալիս են, պիտի սրճարանի դռան դեմը հերթ կանգնեն, մեկին թողնեն, մյուսին արգելեն, ու արդյունքում՝ այցելուները նեղսրտում են, վիրավորվում են, հեռանում են: «Եթե զբոսաշրջիկները դա նորմալ են ընդունում, նույնը չենք կարող ասել մեր տեղացիների մասին: Հիմա մի քիչ առաքումներն են աճել, ոնց որ պանդեմիայի ժամանակ էր: Բայց որոշումը՝ մինչև սրճարան-ռեստորան հասնելը, նախ պետք է վերաբերեր հասարակական տրանսպորտին, խանութներին, որից քաղաքացին ամեն օր է օգտվում: Այն տեղերում պետք է պատվաստման հավաստիացում պահանջվեր, որտեղից քաղաքացին ավելի շատ է օգտվում, ի վերջո, սրճարան ամեն օր չի այցելում: Կամ ասենք, նախնական պլանավորումով, սրճարանը վարձակալել են՝ ծննդյան տոն նշելու համար: Պատկերացնո՞ւմ եք, որքան տհաճ իրավիճակ կստեղծվի, երբ հոբելյարի հյուրերի մի մասին տնտեսվարողը ներս չթողնի… Կամ ես ձեզ մի օրինակ էլ բերեմ. պոլիկլինիկաներ, բժշկական հաստատություններ մարդիկ ազատ մտնում-ելնում են, թեկուզ ասենք՝ դիմակով, բայց ոչ թե QR կոդ ներկայացնելով»:

***

Զրուցեցինք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ: Հարցին, թե թատրոնն ինչպե՞ս է հասցնում մինչև ներկայացման սկսվելը այդքան մարդու փաստաթուղթ ստուգել, պատասխանում է.

— Ասեմ, որ այդ թեմայով թե՛ մեր հանրույթում, թե՛ նախարարությունում ժողով-քննարկում է եղել: Միանշանակ, բոլորիս համար շատ կարևոր և առաջնային է հասարակության առողջությունը, մանավանդ, որ ասում են, թե չգիտեմ որերորդ ալիքն է սպասվում: Տեսեք, թատրոնի ներսում խնդիր չկա, որովհետև աշխատակազմի 90 տոկոսը պատվաստված է: Այս որոշումը թատրոնի համար մի քանի խնդիր է առաջացնում. պատկերացրեք, երեկոյան ներկայացումը սկսվում է ժամը 6-ին, իսկ ինչպես գիտեք, մեր ժողովուրդը մի քիչ ուշացումով է գալիս, և տեխնիկական մասով գործընթացը շատ ժամանակատար է. մոտ 40 րոպե է տևում՝ հանդիսատեսի մուտքը թատրոն, մանավանդ հիմա էլ ձմեռ է, եթե ներկայացումը սկսենք 7-ից պակաս, երկու ժամ ներկայացումն է, ապա շատ ուշ ժամ է ստացվում, երբ հանդիսատեսը դուրս է գալիս: Այս ամենին գումարենք այդքանի QR կոդ, ՊՇՌ թեստեր ստուգելու գործընթացը, ապա պատկերացնո՞ւմ եք, թե որքան ժամանակ է անցնում: Մյուս կողմից, շաբաթ օրվա ներկայացման բոլոր տոմսերը սպառված էին, ի դեպ, մեծամասամբ երևանյան և մարզային հանդիսատեսի էինք սպասում, և հունվարի 22-ի որոշումից հետո մարդիկ մեզ հետ ճշտելով, որ առանց պատվաստման կամ համապատասխան փաստաթղթի թատրոն չեն կարողանա մուտք գործել, ստիպված եղան տոմսերը հետ տալ… Մարդիկ կային, որ օն-լայն հարթակում էին տոմս ձեռք բերել, ստիպված եղան չեղարկել: Սակայն այս դեպքում մենք կարողացանք աշխատանքները ճիշտ կազմակերպել, քանի որ օն-լայն հարթակով էին տոմս գնել, մենք կապ հաստատեցինք յուրաքանչյուրի հետ, հարցում արեցինք, բացատրեցինք, որ պարտադիր պետք է պատվաստված լինեն: Սա այդ որոշումից հետո առաջին ներկայացումն է, հետագայի համար խնդիրներն ավելի արագ կկազմակերպենք. նախնական հայտարարություններով, տոմսերի վրա գրելով պարտադիր պատվաստված լինելը, տոմսարկղի մոտ արդեն ամենի մասին զգուշացնելը: Իհարկե, հանդիսատեսի մոտ 30 տոկոսի կորուստ ունեցանք… Հիմա շատ խառը ու ծանր բեռ է ընկնում թատրոնի ուսերին. հակահամաճարակային սանիտարական գործողություններ, հանդիսատեսի՝ իրարից հեռու նստելու գործընթաց, դիմակների ստուգում, ջերմաչափում և դրան գումարած՝ փաստաթղթերի ստուգում… Եթե օն-լայն հարթակով տոմսեր գնողների հետ հարցը կարգավորելը կազմակերպեցինք, տոմսարկղից տոմս գնողների հետ կարող է դժվարություններ ունենանք: Դուք էլ լավ գիտեք մեր գյումրեցիների էմոցիոնալ բնավորությունը, ու պատկերացրեք, դռան վրա նրան թատրոն ներս չես թողնում… կոնֆլիկտային իրավիճակ է: Միևնույն ժամանակ, նկատի ունենանք, որ մեր հանդիսատեսը հիմնականում կոլեկտիվ հայտերով է տոմս գնել, պետական հիմնարկներից են, ուրեմն նաև պատվաստված են: Մի բան ևս. իրոք նման որոշումը կարևոր էր, քանզի եթե մենք այսօր չկարողանանք քովիդի և իր ձևափոխված մուտացիաների տարածման դեմն առնել, ապա վաղը ստիպված ենք լինելու էլի լոքդաունի վերադառնալ: Այդուամենայնիվ, հանդիսատեսի, քաղաքացու առողջությունն ավելի կարևոր է, քան մնացած որևէ բան: Իմ կարծիքով, երբ նժարի վրա դնում ես՝ ֆինանսի ու առողջության միջև, ապա միանշանակ ընտրում ես մարդու առողջությունն ու կյանքը, և իմ կողմից դիմում եմ այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն պատվաստվել. պատվաստվեք, այդ վատ քովիդը հեշտ ու թեթև տանելու, հաղթահարելու միջոցը ամբողջ աշխարհում պատվաստումն է ընտրվել:

Պիտակներ՝