ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ալլո, դաա, էտօ մատառիստ Վլյե…»

— Ալո, բարև Ձեզ, ես «մատառիստ» Վլեի «կլյուչին» եմ զանգե՞…

— Այլո, դաա, էտօ մատալիստ Վլյե…

Պանդեմիայի օրերին էր, երբ համացանցը «պայթեցրեց» «մատառիստ Վլեի» կատակերգական «լայվախառը» տեսանյութը: Մարդիկ կորոնավիրուսի պատճառով տանը պարապ նստելու ձանձրույթը մի քիչ ցրեցին Վլեի «լայվերով»:

Իսկ ո՞վ է Վլեն: Դե, իհարկե, գյումրեցի է, մեր գործընկեր, օպերատոր ՍԱՅԱԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով մոտ 10 տարի առաջ կյանքի բերումով ընտանիքով տեղափոխվել է ՌԴ Չելյաբինսկ քաղաք: Սակայն Սայաթը հայ երկրպագուներին հայտնի էր դեռ հումորային «Ծօ BLOG»-ից: 2010 թվականին Հայաստանում «Յութուբ» ինտերնետային հարթակը դեռ այնքան էլ զարգացած չէր, Սայաթի ասելով, բզբզալու արդյունքում, հետաքրքրության համար է ստեղծվել «Ծօ BLOG»-ը:

Սայաթ, դա անիմացիոն կատվի՝ «Կըդորմ ուշադիր եղեք, էլի՜» տեսահոլովակների՞ մասին է:

— Դա «Զգուշացեք Լեննագանցի Օնոյից»-ն էր: Երկար ժամանակ գաղտնի էի պահում, թե ով է «կատուն», ու մի 2-3 տարի առաջ եմ «խոստովանել», որ ես եմ: Այդ շարքն ուղղված էր պլագիատության՝ գրագողությանը դեմ: Այսինքն, երբ մերոնք ուրիշներից երգեր են «գողանում», կամ՝ ուրիշները՝ մերոնցից, ես դրանք էի գտնում ու ցուցադրում: Հետո, այդ ժամանակ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կարծեմ թուրքական թիմ էր տեղափոխվելու, թե ինչ, մեծ աղմուկ էր բարձրացել, այդ լուրին անդրադարձա: Հետո «Պապարացի» հայկական ֆիլմն էր… Դրա «կիքսերը» (ֆիլմերում, սերիալներում հաճախ պատահող վրիպումները,- հեղ.) նկատեցի՝ անդրադարձա: Հենց այդ կիքսերի շնորհիվ հաղորդումը «պայթեց»: Դա նկատելով, դիտողներին դիմեցի, որ եթե կիքսեր կնկատեն այլ ֆիլմերում էլ, թող ինձ ուղարկեն: Այնքան կիքսեր ուղարկեցին, որ հաղորդումը կիքսային մեծ շարք ունեցավ: Երբ դիտողների կողմից շատ լավ ընդունվեց, դա ինձ ոգևորեց ավելին անելու համար: Ես այն ժամանակ էի սկսել, երբ «Յութուբում» հայկական կոնտենտները հատուկենտ էին, իսկ «Յութուբն» էլ հայկական կոնտենտ չէր տալիս, այդ ժամանակ միայն HOME VIDEO-ներն (տնային տեսահոլովակներ,- հեղ.) էին պտտվում: Այդ ժամանակ կար Բարսեղյան Հայկենց՝ «Անտիվիրուսը», Կամո-բլոգը, ևս երկուսը, ես, ու վերջ:

Այդ ընթացքո՞ւմ երկրպագուներ շահեցիր:

— Հենց առաջին տեսահոլովակից ես խելառ դիտումներ եմ ունեցել՝ 5 հազար, ինչն այդ ժամանակ լուրջ թիվ էր համարվում: Որովհետև ամենալուրջ ալիքը կարող էր ունենալ 1-2 հազար բաժանորդ: «Ծօ BLOG»-ն ավելի խելառ ձևով սկսեց աճել մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը… Ինչո՞ւ է այդպես ֆիքսվել մոտս. երբ սկսել էի սերիալների կիքսերը նկարել, խելահեղ՝ 10 հազար ու ավել դիտումներ էր ապահովում: Իսկ պատերազմի ժամանակ ես կտրուկ դադարեցրի նկարահանումները:

Դու Չելյաբինսկում քո մասնագիտությա՞մբ ես աշխատում, այսինքն՝ տեղի հեռուստաընկերությունում կամ որևէ ստուդիայում:

— Ոչ, եղավ մի պահ, որ որպես մոնտաժող աշխատեցի ստուդիայում, բայց դուրս եկա, սկսեցի բիզնեսով զբաղվել: Վերջին երեք տարում նորից սկսեցի իմ սիրելի ժանրին վերադառնալ…

— … Եկանքհասանք ՎլեինՎլեն «վո՞վ» է:

— Դա ուղղակի ընկերներիս ծիծաղեցնելու համար նկարել, գցել էի իմ «Ինստագրամի» էջին. որ զանգում, Վլեին հարցնում են, թե՝ «Մոտդ քաշելու բան կա… Ի՞նչ… Տռոս…»… Այդ ժամանակ իմ «Ինստագրամին» այնքան էլ ուշադրություն չէի դարձնում, մոտ 700-800 բաժանորդ ունեի: Իսկ «Ծօ BLOG»-ս շուրջ 50 հազար բաժանորդ ուներ «Յութուբում»: Ու մեկ օրվա մեջ դա այնպես էր տարածվել, որ առավոտյան հեռախոսիս եկող հաղորդագրությունների կտկտոցներից եմ արթնացել: Տեսնեմ, ընկերներս, ծանոթներս ոգևորված, ծիծաղով արձագանքել են. պատմեցին, որ այն մեծ թափով տարածվել է տարբեր էջերում: Տեսա հաջողություն, բռնեցի պոչից. նկարահանեցի 2-րդը, 3-րդը, ու այդպես շարունակ: Ու որը դիտման էի գցում, խելառ դիտում էր ապահովում՝ 70-80-100 հազար, կես միլիոն: Կոնկրետ «Սայաթ Հարությունյան» էջս 36,5 հազար հետևորդ ունի: «Ֆեյսբուքում» «Ծօ BLOG»-ից երկու տեսանյութ ունեմ, որ մեկ միլիոնից ավել են դիտումները. «Վլեին զանգել է Փաշինյանը» իմ առաջին միլիոննիկն է եղել: Երկրորդը Կամո Սեյրանյանինն է:

Իսկ Վլեն ինչոր մեկի կերպա՞րն է:

— Այ, տեղին հարց է, որին ուզում եմ անդրադառնալ: Վլեի մասկից հետո, դե գիտեք, որ դա անիմացիոն մասկա է, որոշ շրջանակներ սկսեցին քննարկել, թե՝ «հա, տես, դու պլագիատի դեմ կպայքարեիր, բայց դու էլ ես վերցրել»… Ես էլ բացատրում եմ, որ շատ տարօրինակ է ինձ մեղադրել մասկա օգտագործելու մեջ, երբ Հայաստանում ես առաջինն եմ, որը «Լեննագանցի Օնո»-ի՝ կատվի մասկով է հայտնի դարձել:

Հա, բայց դա ինչո՞ւ են քննարկման առարկա դարձրելՀիմա բազմաթիվ սոցէջեր կան, ասենք, «Tik-Tok», որտեղ գործիքներ կան, ու հաջողության է հասնում նա, ով այն ավելի հետաքրքիր ձևով է օգտագործում:

— Շատ ճիշտ եք նկատում. այն ժամանակ նման գործիքները քիչ էին, հետո ավելացան: Բայց որպես գաղափար, որ օգտագործես մասկեն՝ հաղորդում սարքելու համար, դա եղել է «Լեննագանցի Օնո»-ն: Ու «Վլեի» մասկեն պատահական ընկավ աչքիս և օգտագործեցի: Իսկ այն հարցին, թե ինչու «մատառիստ Վլե»… Վլեի՝ թրաշով, էդ գլխարկով, մի քիչ գինովցած կերպարը չգիտեմ ինչու մոտս ասոցացվեց արհեստավորի կերպարի հետ, որոնց դուք կարող եք հանդիպել ավտոսպասարկման կետերում, շուկայում, խորովածանոցներում, հազար ու մի տեղ:

Քեզ ճանաչեցի՞ն Վլեի դիմակով:

— Ձայնիցս են ճանաչել:

Հա, ես նույնպես հենց ձայնիցդ եմ ճանաչել: Երբ բարեկամներս դիտում և ուրախանում էին քո տեսանյութերով, ասացի, որ քեզ ճանաչում եմ: Պետք է տեսնեիր, թե ոնց զարմացան: Ես ուրախ եմ, որ դու նման համբավի, հաջողության ես հասել:

— Դա այն դեպքում, երբ ես հանրահայտության հաճույքը չեմ վայելում (ծիծաղում է): Պատկերացրեք, Հայաստանում իմ մասին գիտեն, երկրպագուներ ունեմ, իսկ հեռավոր Չելյաբինսկից՝ հեռվից եմ ես հայտնությունս վայելում… Չնայած այստեղ մի քանի դեպք եղել է, երբ հայերից են հանդիպել, ուրախացել են, հետս նկարվել: Հայտնի աստղերից ընկերներ ունեմ, իրենք ևս փոխանցում են, որ հումորային ժանրի ոլորտում ես ճանաչություն, համբավ ունեմ:

Իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ են զանգում Վլեի «կլուչին» կամ «ծխախոտի տուփին»:

— Դա էլ եղավ այսպես. դե, հեռախոսի միջոցով էի «լայվը» նկարում: Ձեռքիս տակ ուրիշ հեռախոս չկար, ես էլ խասյաթ ունեմ՝ ծխախոտի տուփը ձեռքս է լինում հաճախ, կամ որոշ ժամանակ մեքենաս պրոբլեմ ուներ, մոտս կլուչ կար. մտքովս այդպես անցավ:

Իսկ Պուտինն էլի «զանգե՞ց»… (հարցնում եմ Սայաթին՝ իր հերթական տեսահոլովակի հումորային սցենարի հետ կապված):

— Իսկ դուք գիտե՞ք, որ Վլեի՝ Պուտինի հետ «հեռախոսազրույցի» (կես միլիոնից ավել դիտում) միտքը գողացել և նմանատիպ վիդեո են նկարել “Непосредственно Каха” սերիալից հայտնի Երևանը («Երևանը» բեմական անուն է,- հեղ.) և ռուսական ու ղազախական այլ ինսթա բլոգերներ-միլիոննիկներ (միլիոննիկները, դրանք միլիոնավոր հետևորդ ունեցողներին են ասում,- հեղ.)։ Այ այսպիսի թրենդներ է թելադրում Վլեն:

Շատ ուրախ եմ, որ հայկական սեգմենտից են մարդիկ գաղափարներ վերցնում: Դա նշանակում է, որ ստացված բան ես արել, ուրիշները քեզ նմանակում են, վերցնում են: Սայաթ, այդպես էլ պարզ չդարձավ, թե «Յութուբն» ինչո՞ւ Հայաստանին կոնտենտ չի տալիս:

— Ճիշտ եք: Գիտեք, որ մենք՝ յութուբերներս, բլոգերներս շատ փորձեր արեցինք, նույնիսկ «Յութուբի» ծննդյան օրը հատուկ ակցիա իրականացրեցինք, էլ չեմ ասում, նախարար Հակոբ Արշակյանն էլ է դրանով զբաղվել, թե ինչու չեն տալիս՝ չենք կարող հասկանալ: Օրինակ, մեր հարևան երկրներն ունեն: Եթե բնակչության թիվն է պատճառը, այդ դեպքում փոքր երկրներ էլ կան, որ ունեն, ուրեմն դա չէ պատճառը: Գործընկեր չեն ընդունում ու վերջ… Իսկ եթե կոնտենտ տան, ապա այն մարդիկ, ովքեր հատուկ զբաղվում են տեսանյութային տարբեր ժանրերով, ապա կկարողանան գումար վաստակել ու խթան ունենալով, ավելի զարգացնել իրենց, միայն հոբբիի մակարդակում չեն մնա: