ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամենատարածվածը կարելի է համարել սրտի իշեմիկ հիվանդացությունը

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի Ախտորոշիչ բաժանմունքի էխոկարդիոգրաֆիայի կաբինետի ֆունկցիոնալ սրտաբան ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Բժշկուհի, ըստ Ձեզ, Հայաստանում սրտային ո՞ր հիվանդություններն են ավելի շատ տարածված:

— Ե՛վ ամբողջ աշխարհում, և՛ Հայաստանում ամենատարածվածը կարելի է համարել սրտի իշեմիկ հիվանդացությունը, անգամ ըստ մահացածության ցուցիչով է այն բարձր աստիճանի…

Գյումրիում էլ, հավանաբար, որպես բարձրավանդակային գոտի, առավել քան բարձր է այդ ցուցիչը

— Այո, կարելի է ասել` ամեն օր դիմում են և՛ պլանային ստենտավորվող հիվանդներ, և՛ նոր հիվանդներ:

Իսկ սրտային հիվանդությունների աճը կապ ունի՞ եղանակային փոփոխությունների հետ:

— Եղանակային կտրուկ փոփոխությունների, տատանումների, մագնիսական դաշտերի ազդեցությամբ սրանում են հիպերտոնիկ հիվանդությունները: Իշեմիկ հիվանդություններն էլ կարելի է կապել կյանքի որակի, կենսաձևի և մի շարք այլ նման հանգամանքների հետ: Տղամարդկանց մոտ անգամ հիվանդացությունը կարելի է կապել սննդակարգի հետ. հայ տղամարդիկ սիրում են, չէ՞, յուղային սնունդ, նաև բնավորության առանձնահատկությունները ևս նշանակություն ունեն:

Որպես բժշկուհի, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպիսի՞ սննդամթերք կարգելեք կամ կթույլատրեք:

— Ասել, թե կտրականապես պետք է հրաժարվել յուղային սննդակարգից, դա ճիշտ չէ, իրականում խոլեստերինը օրգանիզմում ևս օգտակար է, սինթեզվում են հորմոններ, ճարպաթթուներ և այլն: Բայց, եթե կա իշեմիկ հիվանդության նախատրամադրվածություն, կամ կա ժառանգականության ծանրաբեռնվածություն, ապա ինչ-որ չափով ոչ միայն խոլեստերինային սննդի մուտքը օրգանիզմ պետք է սահմանափակել, այլ չափավորել աղի քանակը, որի շատ օգտագործումը ևս մեր ազգային յուրահատկություններից է: Նաև մեր հիպոդինամիկան՝ շարժունակությունը ևս կապ ունի: Իսկ ամենաառաջնայինը կնշեմ ծխախոտի վնասակարության մասին:

Կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ է ավելի շատ տարածված սրտանոթային հիվանդությունները, կարելի՞ է սեռային բաժանում դնել:

— Գիտեք, այդուամենայնիվ, ավելի շատ տղամարդկանց մոտ է բարձր ցուցանիշը՝ սրտի իշեմիկ հիվանդացության տեսանկյունից: Իսկ կանանց շրջանում հիպերտոնիկ հիվանդացություններն են առավել տարածված:

Երբ ասացիք՝ բնավորության առանձնահատկություններով էլ է պայմանավորված, և քանի որ կանայք ավելի էմոցիոնալ են, կարծում էի, թե կառանձնացնեք հատկապես կանանց

— Ինչ-որ տեղ Ձեզ հետ համաձայն եմ, բայց, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհի ցուցանիշների վրա հենվելով, նշեմ, որ ծխելու վնասակար հատկանիշներն ուղղակի բարձր ազդեցություն են թողնում սրտի հիվանդությունների զարգացման վրա: Սրտի անոթներն ամենազգայունն են, իրենց տրամաչափով՝ փոքրիկ, եթե խոլեստերինի կուտակումներն էլ բարձր են ու նեղացնում, սեղմում են անոթներին, դրան էլ ավելանա նիկոտինը… լուսանցքի նեղացումն հասնում է որոշակի մակարդակի ու արդեն այնքան սեղմում, որ սպազմատիկ վիճակ է առաջացնում: Իսկ, քանի որ Հայաստանում ծխող կանանց թիվը մեծ չէ, դրա համար, միանշանակ որևէ բան ասելը սխալ կլիներ:

Ժառանգականության մասին ևս խոսք գնաց. սրտանոթային հիվանդությունները փոխանցվո՞ւմ են:

— Ոչ թե ժառանգաբար փոխանցվում են, այլ շատ կարևոր է ժառանգական ծանրաբեռնվածությունը: Եթե շատ մոտ ազգականների շրջանում տարածված է հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, ապա շատ հավանական է, որ ժառանգների մոտ ևս ի հայտ գա հիվանդացություն, սակայն պարտադիր չէ:

Հաճախակիացել են սրտի արատով ծնվող երեխաների դեպքերը: Դա ինչի՞ հետևանք կարելի է դիտարկել:

— Ավելի շատ կապված է մոր պաթոլոգիական հղիության ընթացքից:

Զգացմունքայնության թեման շարունակելով. այ, երբ մարդը սիրահարված է լինում, ուղղակիորեն սրտին է դիպչում այդ զգացմունքը, ասես՝ հիվանդացնում սիրտը: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում սիրահարվածության ժամանակ, որ մարդու սրտի բաբախներն ավելի են արագանում:

— (Ծիծաղում է): Զգացմունքն ավելի շուտ նյարդային համակարգի վրա է ազդում, իսկ օրգանիզմում ցանկացած փոփոխություն, հատկապես նյարդային համակարգում, անմիջապես ազդում է սրտի վրա, առաջանում է սրտխփոց, անհանգիստ վիճակ է գրանցվում, նյարդային համակարգը լարվում է, հույզերից օրգանիզմում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, առաջանում են նյութեր, որոնք առաջ են բերում զարկերակային բարձր հաճախականություն: Այսպես ասած՝ սերը սթրես է, իսկ ցանկացած սթրես մարդուն հարմարվողականություն է տալիս արտաքին «անբարենպաստ» ազդեցության հանդեպ և մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված ու հարմարեցված է:

Գիտեմ, որ Գյումրու բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, սրտի ինվազիվ բաժանմունք ունի, ստենտավորումներ են կատարվում:

— Եվ սրտի անոթների զոնդավորում կամ կորոնոգրաֆիա, նաև ստենտավորում… Շատ կյանքեր են փրկվում, մինչ այդ, շատ սրտանոթներ փրկվում:

Ստենտավորումը կյանքի՞ փրկություն է, թե՞ առողջացմանը տանող միջոց:

— Փոխկապակցված է… վնասված, հիվանդ անոթի, նեղացած հատվածի բացումն է, արյան շրջանառության վերականգնումն է: Իսկ կորոնոգրաֆիան հետազոտությունն է, որպեսզի հասկանանք, թե որ հատվածում, որքան անոթ կա վնասված, քանի տոկոսով: Այնպես որ, սրտի առողջացմանը միտված քայլեր են, որոնք փրկում են կյանքը, երկարացնելով կյանքի տևողությունը:

Սիրտը բուժելը թանկ է, չէ՞:

— Թանկերից մեկն է Հայաստանում: Չնայած վերջերս ինվազիվ սրտաբանության ոլորտում բավական էժանացումներ կատարվեց, Գյումրու բժշկական կենտրոնում կորոնոգրաֆիայի գների վերանայում, դեղապատ և ոչ դեղապատ ստենտերի զեղչեր տեղի ունեցան, ինչը շատ ուրախալի է: Եթե ժամանակին նեղված անոթների բուժում իրականացվի, ապա բարդացումներից զերծ կարելի է մնալ:

Խոսենք դեղերիցԴժգոհություններ կան, որ դեղերի թանկացմանը զուգահեռ աճում է դրանց անօգուտությունը:

— Ես էլ եմ լսել հիվանդների դժգոհությունները. դեղ ես նշանակում, սակայն բոլորովին չի օգնում, նույնանուն դեղը եթե գնվում է արտասահմանում՝ օգնում է, իսկ եթե Հայաստանից՝ ոչ: Կարծում եմ, միակ փրկությունը կլինի, որ լուրջ հսկողություն իրականացվի դեղերի շուկայում, իսկ ֆիրմաները իրենք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի իրենց պրոդուկտը կեղծված չլինի ու իրենց ֆիրմայի անունի հետ չխաղա: