ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Այս անծանոթ հիվանդությանը հաղթահարելը կախված է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունից»

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի տնօերն ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Բժիշկ, քանի որ մեր թերթը կարանտինի պատճառով ժամանակավոր դադարեցրել էր աշխատանքները, ապա վերսկսելով՝ ուզում ենք նախ ներկայացնել մարզի խոշոր բուժհաստատությանը՝ համաճարակի շրջանում:

— Գիտեք, որ մեր կենտրոնը տարածաշրջանի մեծ բուժհաստատություններից է ոչ միայն բազմապրոֆիլությամբ ու շենքային պայմաններով, այլև աշխատակիցների թվով (420 աշխատակից): Գիտեք նաև, որ պանդեմիայի պատճառով` Առողջապահության նախարարի և ՀՀ պարետի որոշմամբ, տարբեր հիվանդանոցներ տարբեր գործառույթներ սկսեցին իրականացնել: Եվ մեր կենտրոնը շարունակեց իր մշտական գործունեությունը, ասել է թե՝ ոչ ինֆեկցիոն գործառույթը և, իհարկե, ոչ լրիվ թափով, այլ սպասարկում ենք բացառապես ծանր դեպքերով հիվանդներին: Այսինքն, պլանային վիրահատություններ, որոնք մեծ թիվ էին կազմելու, կամ այլ ծառայություններ՝ չենք իրացրել: Տեսանելի ասած՝ եթե ամբուլատոր, պլանային սպասարկման դիմաց պիտի 56 մլն դրամ մտներ կենտրոնի բյուջե, ապա 7 մլն է ընդամենը ստացվել: Սա բավականին լուրջ տարբերություն է: Քանզի վճարովի ծառայության մոտ 70 տոկոսը աշխատավարձի ֆոնդն էր: Չիրացվեց նաև պետպատվերով սահմանված վիրահատությունները, որը մեր համախառն արդյունքի մեջ կազմում էր ևս 30 տոկոս: Արդյունքում՝ բավական մեծ ֆինանսական վնասներ կրեցինք:

Այդ դեպքում, ինչպե՞ս հաջողվեց կազմակերպել աշխատանքները:

— Մեզ մի քիչ օգնեց նախորդ ամիսների կուտակումները. արած գործերը, որոնք ներկայացվում են գործակալություն: Եվ մեր աշխատակիցները, որոնք պետք է օգտվեին արձակուրդներից, եթե վճարովի ծառայություններից չստանային իրենց հասանելիք գումարները, ապա արձակուրդային գումարն ավելի ցածր կլիներ: Եվ որպեսզի հարկադիր պարապուրդի չմատնվեին, նախ փորձեցինք առաջին ամսում հասանելիք վճարովի արձակուրդի ուղարկել, և իրենք ստացան նորմալ արձակուրդային: Երկրորդ ամսում, քանզի արդեն արված ծառայություններ ու կուտակումներ չունեինք, առաջանում էր աշխատավարձերի խնդիր: Արդեն հարկադիր պարապուրդի գումարներ հատկացվեցին, բայց, իհարկե, մենք այստեղ արդեն խնդիր ունեինք: Քանի որ բաժնետիրական ընկերություն ենք, մենք իրավունք ունենք օգտվելու վարկային հոսքագծից. բանկերում 12 տոկոս կարճատև վարկ է հատկացվում, որի 6 տոկոսը պետությունն է վճարում, մյուս մասը՝ մենք: Վարկի մի մասն ուղղորդել ենք աշխատավարձային ֆոնդ, մի հատված հարկային պարտադիր վճարումների ու պարտավորությունների կատարմանը:

Իսկ կոմունալ ծախսերը, որը մեծ գումար է կազմում, հավանաբար արդեն նվազե՞լ էր:

— Ոչ, այն չի նվազում: Տեսեք, եթե մի հիվանդասենյակում, ասենք 4 հիվանդ էր պառկում, և օգտագործվում էր հոսանք ու ջեռուցում, ապա այս դեպքում, հիվանդասենյակում մեկ հիվանդի առկայությամբ ևս օգտագործել ենք նույն կոմունալ ծախսերը, սակայն տարբերությունն այն է, որ 4-ի դեպքում մենք վճարովի հատվածով առավել գումար էինք ստանում:

Պատրա՞ստ էր արդյոք կենտրոնը՝ ճգնաժամին դիմակայելուն:

— Առաջին դեպքում, երբ մենք չիմանալով, բախվեցինք համավարակին՝ դա Մարալիկի քաղաքացու հետ տեղի ունեցածն էր. ստիպված եղանք մեր անձնակազմից 29 հոգու մեկուսացնել: Բայց նմուշառումներից պարզվեց, որ մեր բուժանձնակազմը մատների արանքով չէր մոտեցել երևույթին, այլև արդեն իսկ պաշտպանիչ միջոցներով ու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել էինք: Դրանից հետո մենք ստիպված էինք լինելու կենտրոն բերված հիվանդների պարտադիր մեկուսացման: Երբ հիվանդը գալիս է, առաջին հերթին ջերմաչափվում է, եթե սիմպտոմներն էլ կասկածելի եղան, ապա պարտադիր պահում ենք մեկուսարանում, մինչև թեստավորման պատասխան ստանալը, հետո նոր պառկեցնում ենք կամ ուղղորդում կորոնավիրուսի բուժման համար նախատեսված բուժհաստատություններ։ Կարող է սիմպտոմներն այլ հիվանդության է, բայց հիվանդը շփում է ունեցել վիրուսակրի հետ, որը 6-7 օր հետո է ի հայտ գալիս, ապա դարձյալ ստիպված ենք լինելու մեկուսացնել հիվանդին, մինչև վերջնական արդյունքները: Ասեմ, որ այս ընթացքում, մենք ունեցել ենք այդպիսի հիվանդների հետ շփված մոտ 50-60 բուժաշխատող: Պետք է փաստեմ, որ պատվով ենք դուրս եկել այն առումով, որ մեր անձնակազմից ոչ մեկի մոտ դրական պատասխանով թեստ չի գրանցվել: Հիշում եք, դիալեզի բաժանմունքի հիվանդը, որը պարտադիր պետք է ստանար իր հերթական կուրսը, բայց Ինֆեկցիոնում հաստատված դեպքով մեզ մոտ տեղափոխեցին, իսկ մենք հատուկ սենյակ առանձնացրեցինք, հատուկ պայմաններ ստեղծեցինք, ամբողջ սպասարկող անձնակազմը բժշկական անհրաժեշտ պարագաներով վերազինվեց, և մենք կարողացանք հիվանդին սպասարկել ինչպես հարկն է: Հետո անձնակազմը դարձյալ անցավ թեստավորման և, փառք Աստծո, դարձյալ բացասական պատասխաններ ստացանք: Հետո, իհարկե, տվյալ հիվանդը ևս բացասական թեստի պատասխան ունեցավ, այսինքն՝ բուժվեց վիրուսից:

Այս ամենով հանդերձ, որքան էլ մեզ մոտ պահպանվում են բոլոր հիգիենիկ կանոնները, որքանով էլ պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում, չի կարելի ասել, թե որևէ մեկն ապահովագրված է… Ի վերջո, մեր բուժանձնակազմից տուն են գնում, որևէ տեղ շփվում են այլ մարդկանց հետ: Շատ ժամանակ մեր աշխատակիցներն ասում են, թե տպավորություն է, որ մեր հիվանդանոցը դրսի աշխարհից տարբերվում է. մեկ օրվա մեջ մենք մինիմում երկու անգամ սանիտարական աշխատանքներ ենք իրականացնում, դիմակ, ձեռնոց, ակնոց, արտահագուստ կրելը պարտադիր է, ու որտե՞ղ է առավել պաշտպանված նա՝ հիվանդանոցի ներսո՞ւմ, թե՞ խանութում կամ շուկայում: Սակայն կրկնվեմ, որ մեզանից ոչ մեկը ապահովագրված չէ, քանի դեռ դրսի այլ շրջանակների հետ ենք շփվում: Դուք հավանաբար նկատեցիք, որ մեզ մոտ այցելողն արդեն դրսից ջերմաչափվում է… Երբ մենք պլանային աշխատանքները վերսկսեցինք, իհարկե, ցանկալի է, որ առաջնային օղակում նա անցնի թեստավորում, նոր մեզ մոտ ուղեգրվի: Ամեն դեպքում, մենք առանձնացրել ենք «դեղին զոնա», որտեղ, եթե կասկածելի հիվանդ է, անմիջապես այդ զոնա ենք տեղափոխում, որտեղ նախ պաշտպանիչ միջոցներով աշխատելու ենք հետը, թեստավորում իրականացնում, հետո համապատասխանաբար մոտեցում ցուցաբերում:

Ի՞նչ սովորեցրեց համաճարակը

— Համաճարակը մեզ՝ կենտրոնին, ապացուցելու հնարավորություն տվեց, որ մենք շատ արագ կարող ենք ինքնակարգավորվել, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գործողություններ, հստակեցնել աշխատանքային ծավալները: Մեզ սովորեցրեց՝ իրար ձեռք մեկնել. եթե մեզ մոտ այդ հիվանդները չպիտի անցնեին բուժում, մեր ունեցած շնչառական ապարատները մենք օգնության կարգով փոխանցեցինք երևանյան կլինիկային: Առաջին դեպքից հետո զգաստացանք, որ անկախ այն բանից, թե հիվանդն ինչ սիմպտոմներով է մեզ մոտ հայտնվել, պարտադիր թեստավորում անցնի:

Դիտարկենք, որ պետական այն ծրագրերը, որոնք միտված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, կարծես թե չհասան այն բուժհաստատություններին, որոնք կորոնավիրուսի բուժման համար նախատեսված չէին

— Չէ, ինչո՞ւ: Որոշ բուժհաստատություններ համալրվեցին բուժտեխնիկայով, նոր շնչառական սարքավորումներով: Ֆինանսական առումով, մեզ մոտ, այն բուժաշխատողները, ովքեր դեղին զոնայում են աշխատելու, արդեն վտանգավորության աստիճանով պայմանավորված, մեր կողմից 30 տոկոս հավելավճար են ստանալու: Նախարարության հետ համագործակցում ենք, այս ընթացքում մեզ հնարավորություն տրվեց որոշ գործողություններ իրականացնել ոչ մրցութային կարգով՝ ընթացիկ, հրատապ ծրագրերով: Համագործակցության մեջ ենք մարզպետարանի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, համատեղ մշտական կապի մեջ ենք, ավելի զգոն ենք, ավելի պաշտպանված:

Ի՞նչ խորհուրդ կտաք քաղաքացիներին:

— Ինչպիսի կարգավորումներ որ իշխանությունը կամ առողջապահության նախարարությունն առաջարկում է, պետք է ամենայն պատասխանատվությամբ ենթարկվել. այսօր էլ, երեկ էլ, և վաղն էլ, այս անծանոթ հիվանդությանը հաղթահարելը կախված է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունից:

Պիտակներ՝