ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Աշխատանքային նոր օրենսգիրքը կընդլայնի աշխատողների իրավունքները

Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ:

Պարոն Ուդումյան, ի՞նչ փոփոխություններ են մտցվել, որոնք օգնելու են ծրագրերն առավել ռացիոնալ օգտագործելուն:

— Առաջին հերթին կուզենայի նշել հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցումը աշխատանքին և դրա շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողին դրամական օժանդակություն ցուցաբերելը: Ծրագրի տևողությունը 1 տարի է, բայց ուղեկցողին մենք 6 ամսով ենք վարձատրում: Երբեմն սա դժվարություն էր առաջացնում: Մենք նախատեսել ենք ուղեկցողի օժանդակությունը ևս մեկ տարով դարձնել: Մյուսը՝ 3-ամսյա գրանցման արգելքի վերացումն է. մեր զբաղվածության ծրագրերից կարող են օգտվել գործակալությունում գրանցված այն շահառուները, որոնք առնվազն 3 ամիս գրանցան պատմություն ունեն: Սակայն կան ծրագրեր, որոնց դեպքում մենք ունենք շահառուներ, որոնք հստակ թեկնածուներ են տվյալ ծրագրում կամ աշխատանքում ներգրավվելու համար, բայց 3-ամսյա սահմանափակումը խնդիր էր դառնում. սա ևս փոփոխվել է, և սահմանափակումը դուրս հանվել:

Որոշ մասնագետների կարծիքով, ընտանեկան նպաստները քաղաքացիներն համարում են պետությունից ստացվող կայուն եկամուտ, և սա պատճառ է, որ նա չաշխատի. սրան ի՞նչ կասեք:

— Ընտանեկան նպաստը շատ ավելի ցածր շահույթ է ընտանիքի համար, քան աշխատավարձ ստանալու պարագայում կարող էր լինել: Մենք գտնում ենք, որ կա ստվերի բաղադրիչ ևս. երբ նպաստառու լինելով, քաղաքացին կարող է օրավարձով կամ այլ պայմանավորվածություններով աշխատել, ամսվա վերջում ունենալ շատ ավելի օգուտ, քան այն աշխատողները, որոնք նվազագույն աշխատավարձ էին ստանում: Մյուս հանգամանքը. նվազագույն 55 հազար աշխատավարձը ցանկանում ենք բարձրացնել՝ հասցնելով 68 հազարի: Սա նույնպես մարդկանց կշահագրգռի, որպեսզի մտածեն դուրս գալու նպաստների համակարգից և մտնել աշխատաշուկա: Կարծում եմ, ունիվերսալ առողջապահական ապահովագրությունը նույնպես խթան կհանդիսանա, որպեսզի քաղաքացին դուրս գա նպաստ համակարգից: Մենք այստեղ երկու հիմնական դերակատարների կարողությունների հզորացման խնդիր ունենք. մեկը գործատուն է, մյուսը՝ աշխատանք փնտրող գործազուրկները: Մեր ծրագրերը երկուսին էլ առնչվում է: Մի բլոկը նախատեսված է, որպեսզի գործատուին մոտիվացնենք, շահագրգռենք երբեմն ոչ մրցունակ անձանց վերցնելու՝ պրակտիկայի, մասնագիտական ուսուցման, աշխատանքի վայրում հմտություններ տալու, մյուս կողմից մենք փորձում ենք դասընթացների, վերապատրաստումների, զբաղվածության ակտիվ այլ ծրագրերի միջոցով շահագրգռել աշխատունակ քաղաքացիներին: Մենք գիտենք, որ գործակալություններում գրանցվում են հիմնականում աշխատաշուկայում ոչ մրցունակ, ցածր մրցունակություն ունեցող քաղաքացիները, իսկ ավելի մրցունակներն իրենց ուժով գտնում են աշխատանք: Մենք ունենք կոմպլեքս խնդիրներով մարդկանց աշխատելու անհրաժեշտություն. սկսած հոգեբանականից և վերջացրած մարդու ինքնագնահատականի բարձրացում:

Աշխատողների իրավունքները մեր երկրում պաշտպանված չեն. ի՞նչ է նախատեսում կառավարությունը, որպեսզի աշխատողը կարողանա իր իրավունքները պաշտպանել:

— Աշխատանքային իրավունքների համապարփակություն և աշխատանքային իրավունքների վերահսկողական համակարգ ունենալու խնդիրը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլ ետխորհրդային մի շարք երկրներին: Կառավարությունը ծրագրում է նախևառաջ եկող մտահոգություններին արձագանքելով, մյուս կողմից ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների ընդունված կոնվենցիաների շրջանակներում ավելի բարելավել Աշխատանքային օրենսգիրքը: Մինչև տարեվերջ կամ 2020թ. գարուն մենք կունենանք օրենսգրքի նոր նախագիծ, որն ավելի կուժեղացնի աշխատողների պաշտպանությունը: Մյուս մասով, աշխատողների իրավունքների և առողջ և անվտանգ աշխատանքի մասով ունենք առողջապահության և աշխատանքի տեսչություն, որը համեմատաբար արդյունավետ աշխատում է առողջ և անվտանգ աշխատանքի մասով, սակայն կարիք ունենք ուժեղացնելու նաև աշխատանքային իրավունքների մասով տեսչական մարմինների լիազորություններն ու մանդատը: Ուսումնասիրում ենք միջազգային փորձերը, մեր նման երկրներն ինչպես են անցել ու հաղթահարել այս խնդիրը: Պետք է անկեղծ լինել, և ասել, որ միգուցե չափազանց մեծ սպասելիքներ ունենք կայացման փուլում գտնվող մարմնից, դեռևս անելիքներ կան այս առումով:

Ի՞նչ եք կարծում, ժամանակակից մասնագիտությունների պահանջարկը լրացնելու համար ոչ ֆորմալ կրթական ծրագրերն ի վիճակի՞ են լրացնելու այն, չե՞ք գտնում, որ աշխատաշուկայում չհամընկնող առաջարկի ու պահանջարկի խնդիրը հենց նոր մասնագիտությունների պահանջարկի հետևանք են:

— Բավական մեծ հարց եք բարձրաձայնում: Սա գլոբալ խնդիր է: Այո, նոր տեխնոլոգիաներով պայմանավորած, աշխատաշուկան, բիզնեսը շատ արագ է գնում առաջ: Բոլոր երկրներում էլ ի վերջո կրթությունը հետ է մնում բիզնեսից: Մեկ-երկու խնդիր կարող ենք բարելավել. երբ մեծ գործատուն ինքն իր մոտ ստեղծում է ուսումնական կենտրոններ, իր ուժերով փորձում համալրել իր պահանջարկը: Սակայն նույնիսկ այս պարագայում, հնարավոր է 5 տարի հետո, նոր տեխնոլոգիաներով պայմանավորված, այսօրվա սովորածը վաղը պահանջարկ չունենալ: Ամեն դեպքում, մենք այսօր մասշտաբի էֆեկտ ունենք. մենք չունենք խոշոր գործատուներ: Քիչ աշխատատեղ ունեցող գործատուի համար թանկ է կրթել, մասնագիտացնել իր աշխատողների գիտելիքները: Միևնույն ժամանակ, Կրթության համակարգում բարեփոխումներ են տեղի ունենում. ՄԿՈւ համակարգում մեր նախարարության մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աջակցությամբ բոլոր ՄԿՈւ հաստատություններում կարիերայի կենտրոններ են ստեղծվել և վերապատրաստվել են մասնագետներ: Մենք գտնում ենք, որ ավագ դպրոցներում պետք է ներդրվի մասնագիտական կողմնորոշման համակարգ, որովհետև, մեր աշակերտները բուհ ավարտելուց հետո անգամ դեռ կողմոնորշված չեն, թե որտեղ պետք է աշխատեն: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ մասնագիտական կողմնորոշումը պետք է սկսել 14 տարեկանից, որպեսզի հատուկ մեթոդաբանությամբ բացահայտվի, մարդն ինքը հասկանա, թե որն է իր ուժեղ կողմերը: