ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատաշուկայում պահանջարկն ու առաջարկը չեն զուգակցվում

Շիրակի մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում՝ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ: Այն համատեղ կազմակերպել էին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ՕքսԵՋեն հիմնադրամը: Քննարկմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը,  ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Զբաղվածության պետական գործակալության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակն էր՝ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև վերհանել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ունենք բավականին մտահոգիչ վիճակագրություն. «Բոլորս էլ գիտենք, որ մեր մարզը գործազրկությամբ հանրապետությունում առաջին տեղում է, զուգահեռ՝  մենք աշխատաշուկայում ունենք 380 թափուր աշխատատեղ: Վստահ եմ, որ այն քաղաքաքակությունը, որ որդեգրել է մեր պետությունը քաղաքացիների հիմնային պահանջը՝ աշխատանքի իրավունքը բավարարելու գործում, հնարավոր կլինի իրականացնել զբաղվածության պետական գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցով»:

«Մտահոգիչ է այն տենդենցը, որ մի կողմից ունենք թափուր աշխատատեղեր, մյուս կողմից՝ գործազրկության բարձր ցուցանիշ,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը,- և նմանատիպ քննարկումները տեղական մակարդակներում  այնքանով են կարևոր, որ հենց շահառուներից պետք է լսել այն խնդիրներն ու պատճառները, որի արդյունքում առաջարկը և պահանջարկը չեն զուգակցվում աշխատաշուկայում: Աշխատանքն եղել և մնում է աղքատությունից դուրս գալու ամենաուղիղ ճանապարհը: Մենք պետք է հասկանանք, թե ինչու մարդիկ չեն գնում աշխատելու, երբ կա պահանջը: Տեսականորեն, միայն աշխատավարձի ցածր լինելը չէ պատճառը, որովհետև աշխատաշուկայում ունենք շահառուների մեծ խմբեր, որոնց համար, մանավանդ, առաջին անգամ աշխատաշուկա մտնելը պետք է հրապուրիչ լինի»:

Բանախոսները խոսեցին զբաղվածության ծրագրերից՝ կարևորելով հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Զբաղվածության պետական գործակալության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը մանրամասն ներկայացրեց ծրագրերը, սպասվող փոփոխությունները, գործատուների հետ համագործակցությունները, ինչպես նաև ներկայացվեց հաջողության պատմությունները: