ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ավելի շատ տուժել են այն ՏՏ ընկերությունները, որոնք ի սկզբանե սխալ հիմքերի վրա էին դրվել»

Հարցազրույց ՏՏ ոլորտի  «Բրեյն Ֆորս» ընկերության հիմնադիր-տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

Գուրգեն, տնտեսության շատ ճյուղեր կորոնավիրուսի հետևանքով տուժել են, բայց ՏՏ ոլորտը՝ ոչ այնքան, քանի որ առանց այդ էլ իր գործունեությունն արդեն իսկ իրականացնում էր օնլայն հարթակում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

— Հիմնականում տուժել են այն ՏՏ կազմակերպությունները, որոնք ի սկզբանե սխալ հիմքերի վրա են դրված եղել: Մեզ համար մեծ խնդիր չէր աշխատանքները կազմակերպել  տանից, ու որևէ պրոբլեմ չենք ունեցել, որովհետև այն գործիքակազմին, որն օգնում էր հեռահար աշխատանքին, բավականաչափ լավ տիրապետում ենք, ու մինչև պանդեմիան էլ ենք այդպես կազմակերպել աշխատապրոցեսը: Սակայն, մյուս կողմից, թիմային աշխատանքները հնարավոր չէր կազմակերպել 100 տոկոսով, և այդ ընթացքում արդյունավետության անկում է նկատվել: Ավելի շուտ, սկսնակ մասնագետներն են կարիք ունեցել շփվելու փորձառուների հետ: Մեր դեպքում, «Դուալ» կրթական ծրագրի վրա օրինակ բերեմ. իհարկե, այն չկանգնեց, բայց բավական դժվարություններ ունեցավ, որովհետև ընդհանուր կրթական ոլորտն էր կոլապսի ենթարկվել: Ուսանողներ կային, որ համակարգիչներ չունեին, որպեսզի դասապրոցեսին մասնակցեին, կային, որ «գլուխ էին պահում»… Տուժել են պրոյեկտներ, որոնք պանդեմիայի շրջանում գնահատվել են ըստ կարիքի: Պրոյեկտ ունեինք, որ օնլայն հարթակում հուշանվերների վաճառքի ավտոմատացումն էինք կազմակերպել. սա տուժեց, բայց ոչ թե կոնկրետ մեր ընկերության աշխատանքի պատճառով, այլ այն, որ պահանջարկը չկար: Իսկ բժշկական մեծ պրոյեկտ էլ ունեինք, որն ԱՄՆ-ի պատվերն էր, հակառակը, շատ լավ իրականացնելուց հետո, ավելի մեծ շահույթ ունեցանք: Եղել է, երբ պատվիրատու կողմը մինչ կարանտինը աշխատում էր 6 տարբեր երկրների ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ, պանդեմիայի ընթացքում որոշում կայացրեց բյուջեն սեղմել և թողնել մեկ գործընկեր, և այդ մեկը մենք էինք՝ «Բրեյն Ֆորսը»: Այսինքն, մենք ճիշտ հիմքի վրա էինք դրել, և շահել գործընկերոջ վստահությունը: Գլոբալ առումով, եթե բիզնեսներն անցում են կատարում ավտոմատացման, ՏՏ ոլորտը շահեկան վիճակում է հայտնվում, մյուս կողմից, եթե ոլորտներ էլ կան, որ փակվում են, այդ ոլորտի ավտոմատացումն ինքնըստինքյան կանգնում է:

Այստեղ վերադասավորման խնդիր կա: Եթե որոշ բիզնեսներ աշխատանքները կազմակերպել են օնլայն պատվերներով, կամ նույնը՝ բժշկական պրոյեկտները, ապա այս ճյուղերը որևէ խնդրի առաջ չեն կանգնել, հակառակը՝ ծաղկել են: Բայց, կան գործունեության տեսակներ, որոնք չեն կարողացել աշխատանքը շարունակել սովորական ընթացքով, քանզի իրենք առաջարկել են ոչ առաջին անհրաժեշտության ծառայություն կամ ապրանք: Պատկերավոր օրինակ բերեմ. ընկերությունը, որն օնլայն հուշանվերներ էր վաճառում, ապա այս ընթացքում այն չի աշխատել և փակվել է: Պարզ է, չէ՞, որ այստեղ վերադասավորում է տեղի ունեցել: Ավելի մեծ գումարներ սկսել են ներդնել բժշկական, կրթական, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների օնլայն պատվերների հարթակում:

Պարզ է. քանի որ մարդիկ գնացին, այսպես ասած, էկոնոմ ապրելակերպի և սկսեցին գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ, ապա այս պահանջարկը խթանեց այն բիզնեսներին, որոնց առաջարկը համապատասխանում էր կարիքներին:

— Այո: Տեսեք, հենց Գյումրիում էլ շատ կազմակերպություններ դիմել են մեզ՝ իրենց բիզնեսների ավտոմատացումը կազմակերպելու համար: Բիզնեսների վերադասավորումների փոփոխությունները մենք կտեսնենք հաջորդ տարի: Որովհետև զարգացած երկրներում բիզնեսի պլանավորումը սկսում են հունվարից, իսկ այս տարի արդեն ֆինանսական փաթեթները պատրաստած եղել էին:

Այս տարի դեռ կդիմանան, տրամադրված ֆինանսներն ըստ պլանավորածի կաշխատեն մինչև տարեվերջ, հետո խնայողությունները կնվազեն

— …Եվ հաջորդ տարեսկզբին, երբ պետք է պլանավորեն ու սկսեն, արդեն ստիպված կլինեն ձևափոխումների գնալ: Այդ փոփոխությունների ազդեցությունը ՏՏ ոլորտի վրա մենք շոշափելի կզգանք արդեն մյուս տարվա առաջին ամիսներին:

Մյուս կողմից, երբ կարծում ենք, որ ՏՏ ոլորտը քիչ է տուժել, պետությունը, կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրության է արժանացնում հատկապես այս ոլորտին:

— Գլոբալ առումով, դա այդպես չէ: Տեսեք, Հայաստանում մոտ 2000 ՏՏ ընկերություն կա, բայց դրամաշնորհային ծրագրերը խիստ սահմանափակ թվով է իջեցվել: Օրինակ, COVID-19-ի 18-րդ փաթեթով առաջարկվել է 3 ծրագիր, որոնց մեջ առաջինում նախատեսում է 30 կազմակերպություն, երկրորդում՝ 23, իսկ երրորդն ավելի շուտ ներդրումային է: Իսկ 50-60 կազմակերպությունը 2000-ի մեջ շատ քիչ տոկոս է կազմում: Սակայն մյուս կողմից, օրինակ, մենք մեծ և լուրջ պրոյեկտ ունենք, որին անհրաժեշտ է պետական ֆինանսավորում, այդ իսկ պատճառով մենք ևս դիմել ենք 18-րդ միջոցառման օգնությանը:

Պիտակներ՝