ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա Մինասյանը ներգրավվել է, որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված  առերեւույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ:

Նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջեւ կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերեւույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ՝ այսօր որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից եւ պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Պիտակներ՝