ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախի խնդրի լուծումը կախված է մեր երկրի վիճակից»

Վերջերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց: Թեմայի վերաբերյալ «Շրջապատը» զրուցել է քաղաքագետ ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Նազարյան, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարվեց: Ադրբեջանն առաջին անգամ կիրառեց կառավարվող հրթիռ՝ շարքից հանելով հայկական ՀՕՊ համակարգի մասերից մեկը: Հայկական կողմն էլ խոցեց ադրբեջանական ՀՕՊ համալիրը: Ինչո՞վ կպայմանավորեք սահմանին իրավիճակի սրումը:

— Քանի դեռ ԼՂ հիմնախնդիրն իր վերջնական լուծումը չի գտել, այսպիսի միջադեպերը բացառել չի կարելի, հատկապես, եթե հաշվի նստենք այն իրողության հետ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում տնտեսական լուրջ խնդիրներ կան: Ալիևը հերոս-հերոս խաղալով, պարբերաբար կարող է դիմել նման սադրանքների: Մեր խնդիրն այն է, որ հակառակ կողմին հասկացնենք՝ հերթական սադրանքի դեպքում պատասխանն անհամեմատ ուժեղ է լինելու:

— Հակամարտության կարգավորման սկզբունքներում կարևորվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մինչդեռ Բաքուն չի ուզում դրա մասին լսել: Ադրբեջանը կրկնում է, որ չի ցանկանում, որպեսզի ԼՂ-ի կարգավիճակը հստակեցվի, միայն խոսում է տարածքային զիջումների մասին: Ըստ Ձեզ, ինչպե՞ս է հնարավոր հակամարտությունը կարգավորել:

— Մի կողմ դնենք քաղաքագիտական լեզուն, գոյություն ունեցող փաստաթղթերը և խոսենք անկեղծ, ինչպես ասում են, մարդավարի լեզվով: Որքան էլ տարօրինակ հնչի, Իլհամ Ալիևը չի ցանկանում, որ խնդիրը կարգավորվի: Այս իրավիճակը բխում է նրա և նրա ղեկավարած կլանի շահերից: Իհարկե, Ալիևը հնարավորութան դեպքում կվերցնի ամբողջը. և՛ Արցախը, և՛ նրա շուրջ գոյություն ունեցող անվտանգության գոտին: Բարեբախտաբար, Ադրբեջանը հիմա էլ, հետո առավել ևս՝ նման հնարավորություն չի ունենալու: Ալիևի դիրքերն Ադրբեջանում կթուլանան, եթե նույնիսկ Ադրբեջանին անցնի հայտնի հինգ, անգամ յոթ շրջանները: Նա դա գիտակցում է, ուստի ամեն ինչ անելու է՝ խնդրի կարգավորումը ձախողելու համար, և շարունակելու է լարվածության մեջ պահել ռազմաճակատի գոտին: Իսկ մեր խնդիրն է, որ նա համարձակություն չունենա իր իշխանությունը պահել սահմանում լարումների գնով: Կարծում եմ՝ շատ շուտով մենք, միջազգային հանրության աջակցությամբ այս խնդիրը կլուծենք: ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում արմատական բարեփոխումներ է սկսել, որը սկսվել էր ապրիլյան մարտերից հետո, և դրա հաջող իրականացման դեպքում Ալիևը կզրկվի նաև սահմանում լարումներ առաջացնելու իր հնարքից:

— Հակամարտության կարգավորման առումով ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

— Մինսկի խմբի գործունեությունը միայն դրական, գերազանց գնահատականի է արժանի: Հենց այդ խումբը նպաստեց, որ համեմատաբար խաղաղ կյանքի անցնենք: Հատուկ ուզում եմ շեշտել նաև վերջին հայտարարությունը, որում նրանք հստակ մեղադրեցին Ադրբեջանին՝ կառավարվող հրթիռ արձակելու մեջ: Նաև նշեմ, որ մենք պետք է գիտակցենք՝ Արցախի խնդրի վերջնական լուծումը մեծապես կախված է մեր երկրի վիճակից: Ուժեղ լինենք, լավ լուծում և խաղաղություն կունենանք, հակառակ դեպքում կա՛մ վատ լուծում, կա՛մ մշտական լարվածություն:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ