ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բալասանյանների գերդաստանը

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1545″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1546″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Բալասանյանների տոհմը մեկն է այն հարյուրավորներից, որ 19-րդ դարում Կարսից ներգաղթել են Գյումրի, հաստատվել ներկայիս Հաղթանակի պողոտայի մերձակա թաղամասում և, ինչպես ասում են, դարձել տոհմիկ գյումրեցիներ: Բալասանյանները զբաղվել են Սարիղամիշի փայտի ներկրմամբ, մշակմամբ և վաճառքով, խանութներ են ունեցել նախկին ռուսական 2-րդ դպրոցի տարածքում: Այն ժամանակ քաղաքում հայտնի փոթրադչիկ Բալասանյաններից մեկը Մկրտիչն է եղել: 1903 թվականին կառուցված Պուշկինի 51 տանն այժմ էլ նրա թոռը՝ Լյովա Բալասանյանն է ապրում իր ընտանիքով:

Գերդաստանի նահապետը՝ որդիների և դստեր Խարկով մեկնելուց հետո էլ նախընտրեց կնոջ՝ Եսթերի հետ, մնալ իր կառուցած տանը: Երևի չէր կամենում դարձյալ պանդուխտ լինել և համոզված էր, որ մի օր զավակները կվերադառնան իրենց հարազատ օջախն ու լավ կլինի, որ այն կանգուն տեսնեն: Խարկովում պատկառելի հայկական համայնք կար, մյուս կողմից՝ հիմնավոր կրթություն ստանալու և ըստ մասնագիտության աշխատելու լայն հնարավորությունները միշտ գրավիչ են եղել կյանքում իրենց տեղը որոնող երիտասարդության համար: Ցարի օրոք, Մկրտիչ Բալասանյանի ավագ որդու՝ Սիմոնի գործերը լավ են դասավորվել: Նա ռեստորան է ունեցել, բայց սովետական կարգերի հաստատումից հետո և՛ ռեստորանն են առգրավել, և՛ Սիմոնն է ազգականների տեսադաշտից անհետացել: Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Միայն սերնդե-սերունդ փոխանցվել է, որ լավ ջութակահար է եղել: Խարկովցի ընկերները նրա այդ շնորհի համար սադափե նախշերով մանդոլինա են նվիրել: Այդ մանդոլինան կախված է եղել հայրական տան պատին: Մի ուշագրավ դեպք է կապված այդ երաժշտական գործիքի հետ: Անցյալ դարասկզբին թուրք զինյալների արշավների ժամանակ է պատահել: Մի թուրք սպա եկել, կանգնել է Բալասանյանների տան շեմին ու պահանջել, որ ներս ուղեկցեն: Տանտիրոջ ճարն ի՞նչ, տարել է: Այստեղ թուրք սպան տեսել է պատից կախված մանդոլինան ու աչքերը զմայլված փայլել են: Անթարթ, առանց Մկրտչի կողմը նայելու, ասել է. «Տաս, թե չտաս՝ միևնույն է, տանելու եմ»: Պատից հանել ու գնացել է: Մեկ շաբաթ չանցած, Բալասանյանների տան դիմաց ալյուրով բեռնված սելն է ճռռացել: Թուրք սպան է ուղարկած եղել: Սադափե եզակի նախշերով մանդոլինայի գինը: Ծանր տարիներ էին, շատերը քաղցած էին ապրում: Դե, Մկրտիչը հարևաններին էլ է բաժին հանել այդ ալյուրից:

Խարկովում էլ ծանր ժամանակներ պիտի բաժին ընկնեին գերմանացիների օկուպացման տարիներին: Օդային ռմբակոծություններ, հետո քաղաքում տանկային շարասյուներ: Մարդիկ ձգտում էին հնարավորինս քիչ դուրս գալ տանից. ի՞նչ իմանաս, թե ինչ շառ ու փորձանք է դարանակալել փողոցում: Այդ օրը ջրի կարիք է եղել: Տան կրտսերը՝ Հայկն է դույլը վերցրել ու գնացել: Գերմանացի տանկիստը, որ տանկն է լվացել, նկատել է պատանուն, մոտ կանչել ու իր գործը «հանձնարարել» նրան: Հայկն ըմբոստացել է, հրաժարվել: Գերմանացին առանց երկմտելու կրակահերթ է արձակել նրա վրա: Հայկի ուշացումից անհանգստացած, տանեցիները դուրս են եկել և աղբյուր տանող ճանապարհին գտել պատանու անշունչ մարմինը: Հետո տան կոմոդից դագաղ են պատրաստել ու թաղել տան բակում:

Հայրենական պատերազմից հետո երկու եղբայրները՝ Արամայիսն ու Աղասին, քրոջ հետ վերադարձել են Լենինական:

-Հայրս՝ Աղասին, կյանքի մնացյալ մասն ապրեց այստեղ: Աշխատեց Լենինականի տարբեր հիմնարկներում, հիմնականում՝ «Երկաթուղում»: Հաշվապահ էր: Վերջին աշխատավայրը «Հայառն» էր: Մահացավ 1964 թվականին: Հորեղբայրս՝ Արամայիսը, աշխատում էր ՀԽՍՀ Կենտրոնական կոմիտեում: Նրա գլխավորած վարչությունը «Սկոտիմպորտ» էր կոչվում: Վարչությունը զբաղվում էր անասնափոխադրումների հետ կապված խնդիրներով,- հիշում է Լյովա Բալասանյանը:

Այնպես ստացվեց, որ Աղասի Բալասանյանի երեք որդիներն էլ, կարծես խոսքերը մեկ արած, ընտրեցին ինժեների մասնագիտությունը: Լյովան և Մկրտիչը համապատասխանաբար՝ կապի և շինարարության ինժեներներ են: Ավագը՝ Միքայելը, քիմիկոս-ինժեներ և հանրապետության քիմիական արդյունաբերության բնագավառում իր նշանակալի ներդրումն է ունեցել, արժանացել պետական պարգևների և շնորհակալագրերի: Աշխատել է «Արմքիմնախագիծ» ինստիտուտում: Ծանրակշիռ մասնակցություն է ունեցել 1962 թվականին Կիրովականում «Արհեստական մանրաթելերի գործարանի» հիմնադրման գործում: Քանի որ գործարանն իր տեսակի մեջ նախադեպը չուներ տարածաշրջանում, Միքայել Բալասանյանը գործուղվում է Անգլիա՝ պատվիրված սարքավորումների փորձարկման և ընդունման համար: Քովենթրի քաղաքում գտնվող գործարանի մասնագետներն առաջարկում են մի հսկայածավալ օդափոխիչ: Հայ ինժեները հաշվարկներ է կատարում և գալիս է այն համոզման, թե ո՛չ իր այդ ծավալով, ո՛չ էլ Կիրովականի կլիմայական պայմաններում դրա աշխատանքն արդարացված լինել չի կարող: Այս մասին նա տեղեկացնում է անգլիացիներին: Ֆիրմայի ղեկավարությունը խնդրում է նրան հիմնավորել իր կասկածները: Միքայելն անգլերեն լեզվով, գիտականորեն ներկայացնում է հաշվարկները: Եվ դա առավել քան համոզիչ է լինում: Միքայել Բալասանյանի այս հաշվարկը խորհրդային երկրին մի բավական պատկառելի գումարի տնտեսման օգուտ է բերում: Այս առիթով, սովետական դեսպանատունը հայ ինժեների համար ընդունելություն է կազմակերպում: Երբ անգլիացի մասնագետները Կիրովականի մանրաթելերի գործարանում ավարտում են սարքերի տեղադրումը և այդ առիթով նրանց պատվին ճաշկերույթ է տրվում, ֆիրմայի ղեկավարն անկեղծանում և ասում է. «Ես մինչև հիմա գիտեի, թե հայերը միայն լավ կոմերսանտներ են, բայց միսթեր Մայքլի օրինակն ինձ ցույց տվեց, որ նրանք նաև լավ ինժեներներ են»:

-Եղբայրս Անգլիայում աշխատած ժամանակ սիրահարվել էր մի անգլուհու, ուզեցել էր ամուսնանալ, բայց դա այն ժամանակներում բարդ բան էր,- հիշում է Լյովա Բալասանյանը,- անկատար մնաց երազանքը: Ստիպված էր Հայաստանում ամուսնանալ: Դա անհաջող ամուսնություն էր, հետո էլ շաքարախտից մահացավ:

Լյովա Բալասանյանն իր աշխատանքային գործունեությունն անհամեմատ համեստ է նկարագրում: Այժմ էլ, չնայած 70-ամյա տարիքին, աշխատում է: Ապրում է երջանիկ կյանքով՝ բազմամյա մանկավարժական վաստակ ունեցող Էմմա կնոջ, դստեր, որդու և թոռների հետ: Իսկ Էմմա Բալասանյանն ասում է. «Ինձ հեշտ է եղել բարեկիրթ մարդկանց գերդաստանում ապրել, մերվել: Կարծում եմ յուրաքանչյուր կին էլ կերազեր այսպիսի գերդաստանի անդամը դառնալ:

Ս.ՀՈՒՆԱՆՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Պիտակներ՝