ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարերար. «Հեչ, նոր մի ընտանիքի համար էլ տուն էինք գնել, տեղափոխեցինք»

Շվեյցարական «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի «Ոսկե հուշամեդալով»՝ տարիներ շարունակ Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրիում իրականացրած բարեգործությունների համար: Ինչպես քաղաքապետ Ս.Բալասանյանը նշեց. «Այս տարիների ընթացքում շուրջ 50 տնակից ընդհանուր 320 անօթևանների բնակարաններով է ապահովել այս բարերարը: Ու ընթացքում իր ուշադրության ներքո պահել, թե մարդիկ ինչպես են ապրում, ինչ ապրելակերպ ունեն, երբ տնակից տեղափոխվել են բնակարան: Նույնիսկ աշխատանքի է տեղավորել, լուծել կոմունալ վարձավճարների հարցերը, երբ դրա անհրաժեշտությունն եղել է: Ես հիացած եմ Թերեզայի համեստությամբ: Զանգում է, ասում է՝ տեղո՞ւմ եք: Գալիս է, հոգնած, բեզարած: Հարցնում ես՝ «ի՞նչ է պատահել»: Ու շատ հանգիստ ասում է. «Հեչ, նոր մի ընտանիքի համար էլ տուն էինք գնել, տեղափոխեցինք»: Ու ամեն անգամ, երբ նման մեծ գործ է անում, համեստորեն ներկայացնում է: Եվ ահա, հիմա էլ, շուրջ 11 բնակարան ևս պատրաստվում են նվիրաբերելու: Ուր էր, թե բարերարներից շատերը Թերեզայի նման լինեին: Գյումրեցիներ, տեսեք, թե ինչ բարի մարդիկ կան մեր կողքին: Ես ոչ միայն իմ, այլև Գյումրիի ողջ բնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում»:

«Շատ-շատ շնորհակալություն: Ես վազում եմ, որպեսզի Հայաստանում ինչ-որ գործեր անեմ, երկիրն առաջ տանենք,- իր խոսքում նշեց Թերեզա Մխիթարյանը,- բայց ես իմ աշխատանքով ուզում եմ ցույց տալ, որ ամեն մեկից է կախված, ու կարող է այնպես անել, որ երկրի վիճակը լավանա: Երբ մի ընտանիքի տնակից տեղափոխում ենք բնակարան, փորձում ենք ապահովել նաև կահույքով, որ կարողանան նոր կյանք սկսել՝ առանց նեղությունների: Եվ համոզված եմ, որ նյութականը չի փոխում մարդկանց, դու ինչքան էլ մարդուն նյութական տաս, դա նրան չի փոխում, մարդուն փոխում է սերն ու մարդկային վերաբերմունքը: Մենք նրանց ասում ենք՝ ուզում ենք, որ դուք լավ լինեք, ուզում ենք, որ դուք երջանիկ լինեք: Ու ստացվել է այնպես, որ իրենք էլ իրենց հերթին փորձել են իրենց երջանկությունից ուրիշներին փոխանցել. այսինքն, ինքն էլ իր հերթին է փորձում իր կողքինին ուշադիր լինել, սեր տալ, երջանկացնել: Եթե մենք իրար լավն ենք անում, այդ բարության շղթան կերկարի: Մենք մեր ընտրած ընտանիքներին եթե միայն տուն տայինք ու հեռանայինք, գուցե և նա օրերից մի օր արդեն մոռանար մեզ, բայց մենք նրանց հետ կապ ենք պահպանում, մեկի հետ՝ 4 տարի, մյուսի հետ՝ մի քանի ամիս, այսինքն, իրենք գիտեն, որ մենք իրենց թիկունքին կանգնած ենք: Նրանք վստահ են, որ մենք իրենց թիկունքին ենք: Եվ արդեն հաջողության պատմությունների շղթա է կազմվում, որտեղ մարդիկ արդեն աշխատանք են գտնում, կենցաղն էլ ավելի են բարելավում: Երբ տնակներով ենք շրջում, մենք էլ ենք փնտրում լուսավոր մարդկանց, այն մարդկանց, որոնք ապրելով տնակում՝ հույսը չեն կորցրել, ովքեր այդ դարն ապրած տնակը մաքուր են պահում, ապրում են, աշխատում, իրենց ժամանակավոր օջախը ջերմ պահում: Սա շատ կարևոր է, որ մարդը նույնիսկ այդ պայմաններում չի չարացել, հույսը չի կորցրել, նշանակում է, որ եթե այդ պայմաններից նրան դուրս հանես, ավելի լավ, ավելի բարիացած կապրի: Եվ այս ամեն մի անհատը, որ երջանիկ է դառնում, նա համալրելով գյումրեցիների շարքը, երջանիկ մարդկանց թիվն է ավելացնում: Երջանիկ մարդն իրեն ուրիշ ձև է պահում, նա ավելի բարի է լինում, ավելի ուշադիր: Եվ ես ամենն անում եմ, որպեսզի բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում»:

Քաղաքապետարանի աշխատակիցները, բաժնի պետերը, մանավանդ նրանք, ովքեր աշխատել էին Թերեզայի հետ, իրենց սրտի ջերմությունն ու երախտագիտությունը հայտնեցին վերջինիս: Առավել քան ջերմ ու հուզումնալից էր այն քաղաքացիների խոսքերը, որոնք Թերեզայի շնորհիվ ազատվել էին տնակներից ու լուսավոր բնակարանատերեր դարձել:

Թերեզա Մխիթարյանը նշեց, որ համագործակցությունը Գյումրու համայնքապետարանի հետ կլինի շարունակական: