ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Բարութ խանա»

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ստորգետնյա կառույցի մասին հիմա շատ քչերը գիտեն: Այն կառուցվել է դեռևս ցարական ժամանակներում և, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես զինամթերքի պահեստ: Խորհրդային ժամանակաշրջանում դրան անվանում էին «Բարութ խանա»: Կառույցն ունի պատմական նշանակություն: Այն գտնվում է նախկին բուսաբանական այգու Արևմտյան կողմում՝ «Չերքեզի ձորի» տարածքում և զբաղեցնում է բավական մեծ տարածք՝ ամբողջովին գտնվելով գետնի տակ:

Երբ փորձեցի պարզել, թե այն ինչ վիճակում է գտնվում, հասկացա, որ այնտեղ մուտք գործել հնարավոր չէ, քանի որ թունելաձև մուտքի քարերն ամբողջովին փլվել էին և փակել պահեստներ տանող ճանապարհը: Անմիջապես մուտքի վրա առկա էր մետաղյա դուռ, որն ամբողջովին քայքայված էր: Դրսի պատերը խոնավացած են և շատ քարեր թափվել են ներքև: Այս վիճակում ստորգետնյա կառույցը շահագործման բացարձակ ենթակա չէ: Թե ինչ հետաքրքրություն այն կարող է ներկայացնել թեկուզ վերականգնելուց հետո, դժվար է ասել: Նաև դժվար է ասել, որ այն կվերականգնվի, քանի որ դրա համար զգալի գումարներ են պահանջվում: Եթե ժամանակին դրա պահպանման համար անհրաժեշտ խնամք ցուցաբերվեր, ապա պատմական այս կառույցը հետաքրքրություն կներկայացներ զբոսաշրջիկների համար: Կառույցի այն մասերը, որտեղ գտնվում են զինամթերքի պահեստներն, արդեն աղբանոց են դարձել: Դրանք թվով երկուսն են, որոնցից մեկի վրա դեռևս պահպանվում է օդանցք՝ խոշոր տրամաչափի մետաղյա խողովակի տեսքով, որի վերևի մասը ճաղապատված է:

Հ.Գ. Գյումրիում կան նաև ստորգետնյա անցումներ, որոնք նախկինում զինվորական նշանակություն են ունեցել: Այժմ դրանք իրենց նշանակությունը վաղուց են կորցրել: Դրանց քանդված մասերը լցված են աղբով և անուշադրության են մատնված քաղաքային իշխանությունների կողմից: Նման տեղեր հայտնաբերվել են Գյումրու քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմում՝ փողոցի վրա, ինչպես նաև Գորկու այգում: Դրանք որևէ նպատակի ծառայեցնելու համար չեն ուսումնասիրվում և լցված են աղբով:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ