ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բոլորը միայն ելույթ են ունենում, թե օգնում են

Գյումրիի 50-ամյակի կամուրջի տակ, կիսաքանդ տնակում է ապրում Խառատյանների ընտանիքը՝ երեք անչափահասների հետ: Ընտանիքը 88-ի աղետից հետո, պատսպարվել է ընդամենը 15 քառակուսի մետր տնակում, որը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից: Բնակարան ստանալու հույս չունեն, քանի որ անօթևանի կարգավիճակի մասին վկայող փաստաթղթերն ուշացումով են ներկայացրել քաղաքաշինության վարչություն:

«Մենք այն ժամանակ անօթևանների ցուցակում 31 համարն էինք: Երբ սկեսուրս մահացավ, մենք ուշ ներկայացրեցինք մեր թղթերը քաղաքապետարան, հիմա էլ ոչ մի թուղթ չենք տարել, քանի որ մեզ այն ժամանակ ասացին, որ ուշացրել ենք: Գիտեմ, որ բնակարան չենք ստանալու, բայց հույս ունեմ, որ երբ բոլոր անօթևաններին տուն տան, հետո մեզ նման մարդկանց համար էլ մի բան կանեն»,- «Շրջապատի» հետ զրույցում ասաց Սաթենիկ Խառատյանը:

Տնակը գտնվում է «Գյումրի գետակի» ափին, ձնհալի հետ գետակը սկսում է վարարել և դուրս գալ ափերից՝ հոսել

ով տնակի ուղղությամբ: Իսկ ամռան ամիսներին տնակի կողքից հնարավոր չէ անցնել՝ գարշահոտության պատճառով: «Ձնհալի և անձրևների ժամանակ շատ դժվար է, հատկապես, երբ դպրոց ենք գնում, հնարավոր չէ անցնել, իսկ ամառը երեխաներս չեն կարող անգամ բակում խաղալ, քանի որ այդ սեզոնին առնետներն ու մկները անպակաս են, գետի հետ էլ ինչ ասես գալիս է ու բակը դառնում աղբանոց: Մեր այս տնակի մասին ոչ մեկը տեղյակ չէ, որովհետև անմարդաբնակ կղզյակ է, բոլորի աչքից ու ականջից հեռու, դուք էլ եկաք՝ զարմացանք»,- ասաց տիկին Սաթենիկը:

Ընտանիքն ապրում է 35 հազար դրամ նպաստով, որը հազիվ է բավարարում կոմունալ ծախսերին, իսկ

Սաթենիկի ամուսինը շինարարությամբ է զբաղվում, երբ հարմար աշխատանք է գտնում: «Ամուսինս ծառերի ճյուղեր է բերում, որ տաքացնենք տնակը, ստիպված մկների համար դեղ ենք գնում, որ հանկարծ գիշերը երեխաների վրա չելնեն, վախենում ենք արդեն, որովհետև կարող են վնասել… Վախենալով ու մրսած, մի կերպ գոյատևելով ամառ ենք հասնում»:

Ընտանիքի ամենափոքրը մեկ տարեկան դուստրն է, իսկ ավագ որդին 11 տարեկան է: Տղան դասերից հետո օգնում է հայրիկին՝ վառելիքի հայթայթման հարցում: Խառատյաններն օգնության համար բազմիցս դիմել են պետական մարմիններին, սակայն մերժվել տարբեր պատճառաբանություններով: «Քաղաքապետարան եմ դիմել, խնդրեցի, որ օգնեին վառելափայտով, ասացի, որ հնարավորություն չունեմ տնակը ջեռուցել, երեխաներս կմրսեն, բայց ինձ պատասխանեցին, որ բյուջե չունեն: Ես չեմ կարծում, որ իրենց համար էդ մեկ խորանարդ փայտի գինը մեծ խնդիր էր: Թումասյան Վահանն է 5 կոճղ փայտ բերել, որ մի քիչ գոյատևենք: Ոչ մեկը ոչ մի օգնություն չի ցուցաբերում, բոլորը ելույթ են ունենում, թե օգնում են մեզ նման մարդկանց… Ի՞նչ են անում, ինչպե՞ս են օգնում՝ չգիտենք, չենք տեսնում: Ծայրահեղության մեջ ապրում ենք, անգամ ընտողի տեղ չեն դնում»:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ