ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բոտեքս, ֆիլեր, լիպոսակցիա… կամ՝ նշտարի «վրձնած» պլաստիկ և էսթետիկ միջամտությունների մասին

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի Պլաստիկ և էսթետիկ բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ ԴԱՎԻԹ ՍՄՈՅԱՆԻ հետ:

— Բժիշկ, տարիներ առաջ եզակի մարդիկ էին պլաստիկ վիրաբույժի դիմում, այն էլ սոսկ անհրաժեշտության դեպքում, ասենք՝ առողջական, կամ ինչու ոչ՝ եզակի թիվ էին կազմում այն կանայք, որոնք դեմքի թերությունները վերացնելու պահանջով էին դիմում: Հիմա ինչպիսի՞ն է դիմելիրության մակարդակը, մանավանդ, կարծես մոդայիկ է դարձել:

— Պահանջարկն ավելացել է, դիմելիությունը բարձր է, շատ է վիրահատվելու, միջամտելու ցանկություն ունեցողների թիվը, շատ է պլաստիկ վիրաբույժների թիվը՝ մեկը մյուսի հետ փոխկապակցված է, նաև շատ է առաջարկը: Այսինքն, ներկայում բավականին բազմազան է առաջարկվող ծառայությունների տեսականին ու մեթոդները: Մի կարևոր հանգամանք էլ կնշեյի. հաճախորդը դարձել է ավելի խստապահանջ, առավել քան կողմնորոշված, մի կողմից բարձրացել է պլաստիկ վիրաբույժների հանդեպ վստահությունը, մյուս կողմից տեղեկատվությունն է բազմազան ու հասանելի, և տեղեկացված հաճախորդը երբ գալիս է վիրաբույժի մոտ՝ երբեմն պահանջները ձևակերպում է բժշկական մասնագիտական հարցադրումներով:

— Կարծում եմ, դրան համացանցն է նպաստում:

— Այո, և նաև նույն պահանջարկով հաճախորդների միջև շփումով է պայմանավորված որևէ բժշկի մոտ գնալը, ինչին էլ նպաստել է տվյալ բժշկի հանդեպ վստահության մակարդակի բարձր ցուցանիշը: Օրինակ՝ ես գովազդ չեմ տարածում, քիչ եմ համացանցերում իմ աշխատանքը գովազդում, սակայն երբ ինձ գտնում, զանգահարում, գալիս են, արդեն տեղյակ են լինում, թե ինչպիսի մեթոդներով ու ինչ միջամտությամբ եմ որևէ հաճախորդի հետ աշխատել:

— Նախկինում պլաստիկ վիրաբուժությանը հիմնականում ծանոթ էինք քթի վիրահատությամբ պայմանավորված: Հիմա շուրթեր են մեծացնում, կրծքեր են մեծացնում, կազմվածք են փոխում…

— Շատացել են կրծքի վիրահատությունների, դեմքի միջամտությունների թիվը՝ էսթետիկայի առումով, և շատացել է ռեկոնստրուկտիվ խնդիրներով դիմելիությունը: Այսինքն, երբ հաճախորդն ունենում է սպի, դեֆորմացիա, կամ լուրջ խնդիրներ, մինչև անգամ օնկոլոգիական, իմ դեպքում՝ շատ են մաշկի վերականգնումը. երբ պետք է հեռացնել գոյացություն, ուռուցք, բազալիոմայով ուռուցքներ, և հեռացնելուց հետո մենք մտածում ենք, թե արդյո՞ք պետք է հեռացվածի տեղը փակել, թե ինքն իրեն կվերականգնվի: Ինձ հանդիպել է դեպք, երբ կոպի վրա պացիենտն ունեցել է ուռուցք, իսկ այն հեռացնելուց հետո բավական տեսանելի անցք է մնացել, պարզ է, չէ՞, մեծ մակերեսի վրա 1սմ կտրվածքի ընկալումն այլ է, իսկ փոքր հատվածի վրա՝ այլ, լուրջ դեֆեկտ է: Դա մեզ նոր առաջադրանք է թելադրում, որպեսզի մենք և՛ ֆունկցիոնալ, և՛ գեղեցիկ մոտեցում ցուցաբերենք, իսկ ուռուցքների դեպքում, բնականաբար, առավել քան լուրջ ու մանրակրկիտ մոտեցում է պահանջում:

— Կանայք առավել ինչի՞ համար են դիմում պլաստիկ վիրաբույժին. տարիքային դեֆորմացիաները վերացնելու, թե՞ սեփական ցանկությունները բավարարելու՝ ուզում են դիմագծեր փոխել, որևէ աստղի դեմքի այս կամ այն հատվածի նմանությամբ իրենք էլ ունենան:

— Լավ ասացիք՝ որևէ աստղի նմանվելը… Սա պետք է նկատենք, որ թաքնված պաթոլոգիկ, հոգեբանական ցանկություն է, այս դեպքում շատ զգույշ պետք է լինել, թե որքանով է հաճախորդի ցանկությունը առողջ: Փառք Աստծո, որ այդ կոնտիգենտը դեռ շատ չի, որ չեն ցանկանում նմանվել կոնկրետ այլ մարդու, բայց շատ է, երբ մարդը ցանկություն ունի բարելավել իր ունեցածը՝ և էսթետիկ, և ֆունկցիոնալ առումով: Կինը միշտ ցանկանում է մնալ թարմ ու գեղեցիկ, ընդգծել իր գեղեցկությունը՝ անկախ տարիքից, և դա բնական է, և շատ ուրախալի է, որ կինը չի ուզում թողնել իր մարմինը ժամանակի հոսանքների ներքո, այլ փորձում է իր ձեռքը վերցնել ու զսպել տարիքային ազդեցությունը: Լինում են դեպքեր, երբ դիմում է պացիենտ, որն անթերի է. այստեղ նկատի ունեցեք, որ բացարձակ անթերի մարդ չկա, բայց իմ բերած օրինակը նրան է վերաբերում, որ ցցուն թերություն չունի, ուզում է էլ ավելի բարելավել իր գեղեցկությունը, սա ևս հոգեբանական խնդիրների աստիճաններից մեկում է: Բժիշկը պետք է տարանջատի, թե որքանով է պացիենտի ցանկությունն արդարացված, առողջ:

— Այսինքն, Դուք փորձում եք հաճախորդին նրբանկատորեն բացատրել, որ նա անթերի է, որ բնավ անհրաժեշտություն չկա էլ ավելի բարելավվելո՞ւ: Թվում էր, թե բժշկի համար այս դեպքում պիտի միևնույն լիներ՝ ինքն իր գործի ու վաստակածի տերն է:

— Ես գտնում եմ, որ բժիշկը բարձր է գնահատում իր մասնագիտությունը և չի ընկնում նման էյֆորիայի մեջ, նա հասկանում է, որ ինչ-որ միջամտություն անիմաստ է, եթե դրա անհրաժեշտությունը չկա, որ արդյունքը չի լինի ավելին, քան է: Այլ բան է մնացած դեպքերը, եթե կինն ունի թերի դիմագծեր, նեղ շուրթեր, որ ուզում է քիչ պարարտ տեսք հաղորդել, կամ փոքր կուրծք ունի, կամ հետծննդաբերական շրջանից հետո մնացած կրծքի թերություն, և ուզում է այն ձևափոխել. սա բնական ցանկություն է: Կամ որովայնային հատվածում ունի խնդիրներ, ճարպակալում և անհրաժեշտություն կա լիպոսակցիայի, լիպոֆիլինգի՝ սա ևս բնական է ու ողջունելի, երբ կինը չի թևաթափվել ու բաց թողել կազմվածքը, այլ հետևում է իր մարմնին՝  ինչպես կխնամեր մազերը, եղունգները, և այլն:

— Իսկ ի՞նչ կասեք այն դեպքերի մասին, երբ պլաստիկ նշտարի տակից հետո այլանդակված դեմքեր՝ շրթունքներ, քիթ են ունենում, երբեմն համացանցում նման փաստերի ենք հանդիպում: Սա բժշկի՞ սխալ է, ոչ պրոֆեսիոնալի՞զմ, թե՞ ինդիվիդուալ հետևանք:

— Օրինակ եմ ասում. կան, որ ուզում են շուրթերը չափից ավելի մեծացնել, նաև մյուս դեպքերում, բայց օրինակս հենց շուրթերի վրա եմ բերում, որովհետև շրթերի ներարկումով հիմա շատ զբաղվողներ կան, համարյա բոլոր գեղեցկության սրահներում կան, առանց քննադատական նոտայի եմ սա ասում, այլ լոկ ճշմարտությունն եմ արձանագրում՝ իրենցից շատերը բժիշկ չեն, շատերն ընկնում են ագահության հետևից, երբ հաճախորդի ցանկություններով են առաջնորդվում, ու արագ արդյունք ապահովում՝ մեծ գումար վաստակելու համար: Երբեմն արագ ազդեցություն ունեցող ֆիլեր են գործածում, որը կարճ ժամանակահատվածում է ներգործում, ասենք մի երկու ամիս, որպեսզի հաճախակիացնեն հաճախորդի այցելությունները, և բնականաբար, հաճախակի էլ եկամուտ ապահովեն: Եվ սա երբեմն չի կարող անհետևանք լինել:

— Այս դեպքում նախընտրելի է Ձեր նկարագրած բժշկի առաջին տեսակը: Եվ նորից պիտի հարցնեմ, դեմքի ո՞ր հատվածն է առավել Ձեր նշտարի տակով անցել:

— Եվ անցյալում, և հիմա, և ապագայում էլ ես գտնում եմ, որ Հայաստանում հիմնականում ավելի շատ պլաստիկ կամ էսթետիկ վիրահատությունների է ենթարկվում քիթը՝ ելնելով մի քանի ֆակտորներից. լեռնային տարածաշրջան, հայկական գենետիկա: Ինչ վերաբերում է մարմնի այլ հատվածներին, ապա եկեք փաստենք, որ մեր երկիրը ոչ Բրազիլիա է, ոչ ծովափնյա տաք երկիր, և կանայք իրենց մարմինը ի ցույց դնելու մշտական, լայն հնարավորություններ համարյա չունեն: Ինչը և լավ է, և վատ: Եվ այս դեպքերում լիպոսակցիայի, լիպոֆիլինգի, կրծքերի մեծացման դեպքերն համեմատության մեջ ավելի քիչ կհանդիպեն: Բայց նաև այդ վիրահատություններն են աճել, որը կախված է նաև այն հանգամանքից, որ մեկը մյուսին խորհուրդ է տալիս գնալ այս կամ այն բժշկի մոտ, որը նման միջամտությունը շատ լավ է արել, և արդյունքը գոհացրել է:

— Համացանցում արդեն հանդիպում են գովազդներ, իբր ինչ-որ սարքերի միջոցով երիտասարդացնում են. այսինքն՝ նանո տեխնոլոգիաների զարգացմամբ հնարավո՞ր է «Աստծո գործերին խառնվելը»:

— Հիմա, այո, շատ են գործիքները, ժամանակակից սարքեր ունենալու հնարավորությունները: Բացատրեմ. իրականում չկա այնպիսի մեթոդ, որը կիրառելի լինի մարմնի պանացիաների տարբեր մասերի համար: Ասենք, ճակատի հարաքթային շրջանի համար ամենահարմարը բոտեքսի կիրառումն է, դեմքի ստորին հատվածների համար ամենալավ տարբերակը դեմքի ձգում վիրահատությունն է՝ հատկապես տարիքայինով պայմանավորված, կրկնակզակի դեպքում՝ դեմքի լիպոսակցիա, լիպոֆիլինգ, կոնտուրի ընդգծում… ամեն մի տեղամաս, ամեն մի խնդիր ունի իր համապատասխան լուծումը: Մի հավատացեք՝ «…այս դեղը խմեք և կերիտասարդանաք»՝ գովազդին, հիմա դա հնարավոր չէ, ճշմարտությանը չի համապատասխանում: Էլի եմ ասում՝ կան շատ լավ մեթոդներ, բայց պետք է հմուտ մասնագետը վերլուծի, թե հատկապես որ դեպքում ինչն է արդյունավետ: Օրինակ՝ դեմքի մաշկի երիտասարդացման համար կարելի է կիրառել բիոռեալիտազիացիայի մեթոդը, պլազմոլիֆտինգը, բայց պանացիա չէ, ունի ժամանակավոր լավ արդյունք: Հնարավոր է վիտամինային կոկտեյլներով, հիալուրոնաթթվի նոսր լուծույթներով և այլ պեպցիտների համադրությամբ ունենալ մաշկի երիտասարդացման լավ արդյունք, բայց բնականաբար էլի ժամանակավոր է… Կյանքն էլ է ժամանակավոր:

— Իսկ եղել է, որ տարօրինակ ցանկություններով Ձեզ դիմեն:

— Եղել են: Կոնկրետ օրինակը չեմ բերի, բայց եղել են: Վիրահատությունների դեպքում մենք ամենայն մանրամասնությամբ մինչև չզննենք, չհետազոտենք պացիենտին՝ նոր հավասարակշռված որոշում կկայացնենք:

— Ի՞նչ կասեք տղամարդկանց մասին. իրենք հետաքրքրվա՞ծ են պլաստիկայով:

— Տղամարդիկ նույնպես սկսել են ավելի շատ դիմել, քան նախկինում էր: Առաջներում, ելնելով մեր մենթալիտետից, անգամ քթի կամ այլ մասի լուրջ խնդիր ունենալու դեպքում հնարավոր է չդիմեր՝ ամոթ է, ինչ կասեն տղեքը…, բայց հիմա, երբ խնդրի դեպքում բացատրում ես, հասկանում և ընդունում են ու գնում են վիրահատական միջամտության:

— Կարո՞ղ ենք ասել, եթե նախկինում շատերը գնում էին Թբիլիսի՝ քթի վիրահատության, հիմա մեր երկրում էլ կգտնեն լավ մասնագետների:

— Միգուցե, առաջ ավելի հեշտ էր բնակության և այլ խնդիրները, իսկ հիմա մեր երկրում էլ կան լավ մասնագետներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում որևէ այլ երկրի մասնագետներին: Հիմա բժշկական սարքավորումներն առավել հնարավոր է ձեռք բերել, և մենք ևս հագեցած ենք գործիքակազմով: Հիմա նույնիսկ դրսից եկող պացիենտներ շատ ունենք: Ես բազմաթիվ օտարազգի հաճախորդներ ունեմ: Եթե անգամ լեզվական դժվարություն կա՝ դա էլ է հեշտ լուծելի: Շվեդիայից պացիենտ ունեյի, որը վիրահատվել էր իմ մոտ, և իր ընկերուհուն, որը Թուրքիայում միջամտության էր դիմել ու դժգոհ էր մնացել՝ խորհուրդ տվեց իմ ծառայություններից օգտվել… ու արդյունքից գոհ մնացին:

— Եթե այն ժամանակներում, երբ որևէ աստղ պլաստիկ միջամտության էր ենթարկվում՝ դա մի հազար կողպեքի տակ էր պահվում կամ սենսացիա էր դառնում: Հիմա ոնց որ փոխվել է, անգամ լսել եմ, որ կան երկրներ, որտեղ մոդայիկ է այնքանով, որ ամեն 3-րդ կինը պլաստիկ որևէ միջոցի դիմում է: Իսկ մեր հայտնիներից Ձեզ մոտ եղե՞լ են:

— Այո, եղել են, բայց ես այդ մասին չեմ բարձրաձայնի: Իսկ ինչ մնում է պլաստիկ միջամտությունների տարածվածությանը, ապա իրոք, շատ են: