ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

Բրիջ Բուշան Շարան Սինգխ. «Ես Ռիոյում հիացել էի Արթուրի գեղեցիկ հաղթանակով»

Հնդկաստանում մարզական ոլորտի ներկայացուցիչներից հանդիպեցի Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Ասիայի ըմբշամարտի ասոցիացիայի փոխնախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխի հետ: Նրա հետ ունեցա բազմաբովանդակ զրույց՝ սպորտի, մշակույթի, հայ-հնդկական հարաբերությունների շուրջ: Ըմբշամարտին վերաբերող  զրույցի հատվածը ներկայացնում եմ ընթերցողներին:

Պարոն Բրիջ Բուշան, ըմբշամարտի քանի՞ դպրոց կա Հնդկաստանում և, ինչպիսի՞ ենթակառուցվածքներ ունեն:

 — Հնդկաստանում բոլոր մեծ մարզադաշտերը և մարզադպրոցները գտնվում են կառավարության հովանու ներքո: Մեր մարզիկների համար ստեղծված են լավագույն պայմանները մարզվելու համար: Կար ժամանակ, երբ մարզադպրոցները հասու չէին շատ երեխաների և նրանք հնարավորություն չունեին մարզվելու, բայց այժմ կոնկրետ ըմբշամարտի մարզումներն անցկացվում են գրեթե բոլոր խոշոր մարզադպրոցներում և հանրակրթական դպրոցներում։ Բացի այդ, երբ ըմբիշները հեռանում են մեծ սպորտից՝ բացում են իրենց դպրոցները և իրենց հարուստ փորձը փոխանցում երեխաներին։ Այս ամենի շնորհիվ մեր մարզիկներն արդեն բարձր արդյունքներ են գրանցում միջազգային մրցաշարերում:

 — Տեղյակ եմ, որ Հնդկաստանում ըմբշամարտը մեծ տարածում ունի նաև աղջիկների շրջանում: Նրանք տղաների հե՞տ են մարզվում, թե՞ նրանց համար կան առանձին մարզադահլիճներ:

— Այո, մեծ թվով աղջիկներ են մարզվում: Նրանց համար առանձին պայմաններ չկան, քանի որ բոլորը հավասար են, բոլորն էլ մարզիկներ են։ Աղջիկների և տղաների համար պայմանները նույնն են։ Մեր դռները բաց են բոլորի համար՝ անկախ սեռից։

Ի՞նչ փոխվեց Բրիջ Բուշան ջիի՝ Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ նշանակվելուց  հետո,- հարցին պատասխանեց հանդիպմանը ներկա նրա օգնականը՝ Վինոդ Տոմարին:

— Երբ պարոն Բրիջ Բուշանը նշանակվեց նախագահի պաշտոնում, նա բացեց դռները բոլորի առջև։ Իր տան սենյակներից մեկում հիմնեց ֆեդերացիայի գրասենյակը, որտեղ բոլորը կարող էին ցանկացած ժամանակ, ցանկացած հարցով դիմել նրան։ Նա ունի ըմբշամարտի սեփական ակադեմիա։ Պարոն Բրիջ Բուշանը բարելավեց մարզիկ-ֆեդերացիա կապը։ Ցանկացած հարցով բոլոր մարզիկներն անմիջական դիմում են իրեն և ցանկացած հարց շատ արագ լուծում է ստանում։ Նա նաև մեծ գումարներ է ծախսում այս մարզաձևի զարգացման համար, մարզադահլիճներ է վերանորորգում, մեծ թվով մարզիչների է աշխատանքի ընդունում: Ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները մտածեն միայն մարզումների մասին և մեդալներ նվաճեն։

Հաջորդ հարցս ընդհանուր եմ հնչեցնում, բայց պատասխանում է Բրիջ Բուշանը:

Գիտե՞ք, այն քաղաքը՝ Գյումրին, որտեղից ես եկել եմ, չնայած փոքր է՝ համեմատած Հնդկաստանի քաղաքների հետ, բայց տվել է օլիմպիական չեմպիոններ և մրցանակակիրներ, այն համարվում է մեր երկրի սպորտի շտեմարանը: Ունենք հրաշալի, բարձրակարգ մարզիչներ ու մարզիկներ: Նրանք շատ են, և անուններ թվարկելը երկար կտևի, բայց կուզենայի նշել մեր պարծանքի՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն «Սպիտակ Արջի»՝ Արթուր Ալեքսանյանի անունը…

— Այո, իհարկե, գիտեմ, որ Հայաստանը, չնայած փոքր երկիր է, բայց բարձրակարգ շատ մարզիկներ ունի: Ես Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ տեսել եմ, թե Արթուր Ալեքսանյանը ինչպիսի գեղեցիկ ոճով նվաճեց ոսկե մեդալը: Բայց մեր այս հանդիպումից հետո ես առավել ուշադիր կլինեմ Հայաստանի մարզական կյանքին, քանզի ինձ շատ հետաքրքրեց Հայաստանը:

Դուք հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի և Հնդկաստանի միջև սպորտային, մանավանդ՝ ըմբշամարտի համատեղ միջոցառումներ կամ մրցաշարեր կազմակերպելը:        

— Ինչո՞ւ ոչ, միայն թե Ձեր ղեկավարությունը ցանկություն հայտնի:

Ես Ձեզ հրավիրում եմ Հայաստան: Եկեք, անձամբ տեսեք մեր մարզիկների մարզումները, տեսեք, թե ինչպիսի պայմաններում են մարզվում և, չնայած դրան, հաջողություններ գրանցում:                                 

— Ես հաճույքով կայցելեմ Հայաստան, քանզի Ձեր՝ հայ-հնդկական հարաբերութուններին մեկ այլ տեսակի կենդանություն հաղորդելու ոգևորությունն ու ձգտումը համոզիչ էին: Իմ կողմից այս պահին Հնդկաստան եմ հրավիրում Ձեր օլիմպիական չեմպիոնին, մենք կարող ենք ապահովել նրա այցի մեծ տեսանելիությունը և փիառը, ինչպես նաև առաջարկել լավ գումար։ Ես պատրաստ եմ նաև իմ ֆինանսական աջակցությամբ Հնդկաստան հրավիրել Ձեր ըմբշամարտիկներից կազմված մի թիմի: Եթե Ձեր ղեկավարությունը հայտնի պատրաստակամություն, կարող եմ Հայաստանն ընդգրկել Ասիական լիգայի մեջ, որը խոստանում է հետագա համատեղ բազմաթիվ մրցաշարերի, ծրագրերի իրականացում: Ես, իրոք, ոգևորվեցի Ձեր այցով:

Պարոն Բրիջ Բուշան, շնորհակալ եմ զրույցի համար: Հուսամ, որ շուտով կհանդիպենք Հայաստանում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Դելի-Գյումրի

Պիտակներ՝