ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի բաղնիքները

Ակնհայտ է, որ Գյումրին նահապետական սովորույթների քաղաք է: Գյումրեցիներն հարգել են այն ավանդույթները, որոնք իրենց հայրենի քաղաքի կոլորիտի բաղկացուցիչ մասն են կազմել: Հանրային բաղնիք գնալը (իր բոլոր նախապատրաստություններով և բուն լողանալու մանրամասներով) ոչ միայն ընդունված ու հաճելի երևույթ է եղել նրանց համար, այլև՝ կենցաղի անբաժան անհրաժեշտություն:

Գյումրվա հանրային բաղնիքներն հիմնականում կառուցվել են քաղաքի կենտրոնում: Դրանք պատկանել են մեծահարուստներին ու կրել նրանց իսկ անունները: Հաղթանակի պողոտայում են գտնվել «Ձիթողցոնց» և «Ուռումների» բաղնիքները, Ալեքսանդրովսկի (Աբովյան) փողոցում գործել է Մարտիրոսյանների «Ցենտրալնի», իսկ Գորկու փողոցում՝ «Կուստանովենց» աղայի բաղնիքները: Հիշյալ բաղնիքների մի մասը չի պահպանվել ու պատմության գիրկն են անցել: Այժմ դրանց ու բաղնիք հաճախելու հարուստ սովորույթների մասին գրավոր ու բանավոր հուշեր են միայն պահպանվել և փոխանցվել մեզ:

Հին Գյումրվա բաղնիքների նախասրահներում տեղադրված են եղել հացկերույթի համար նախատեսված հատուկ փայտե թախտեր: Լողասրահի անկյուններում գուռերն էին, իսկ կենտրոնում՝ օճառվելու համար նախատեսված մարմարե սեղանը, որը կոչվել է «գյուպակ» կամ «քալդաշ»: Ընդհանուր լողարանում առանձնացված սենյակները  ծառայել են մազակալած տղամարդկանց համար, ովքեր ներս են մտել ու մարմնին հատուկ ցեխ քսել, որն էլ օգնել է նրանց ազատվել ավելորդ մազերից:

Մարդիկ հիմնականում եկեղեցական ծեսերի նախօրեին էին բաղնիք գնում, ինչն իր խորհուրդն ուներ. պետք էր պատշաճ ու մաքուր մարմնով ոտք դնել եկեղեցի:

Հատկապես կանայք բծախնդրորեն էին պատրաստվում բաղնիք գնալուն: Նրանք դեռևս մի քանի օր առաջ կապում էին բաղնիքի բոխչան՝ տեղավորելով ամենատարբեր պարագաներ. սպիտակեղեն, գլխակապ, ցամքոց, փայտից նալիկներ, պղնձե սափոր, կերակուր, որ լողանալու ընդմիջումներին սնվեին: Ընդունված էր բաղնիք տանել գաթա, հալվա, մրգեղեն, տապակած հավի միս: Սովորաբար կառքերով էին գնում բաղնիք, իսկ ուղեկցում էին նոքյարները: Կառքերի թվով պայմանավորված էր մարդկանց ունևորության չափը: Սնապարծությունը ոմանց թույլ էր տալիս բոխչան ու կերակրի կապոցը տեղադրել առանձին կառքում, իսկ իրենք գնում էին մեկ այլ կառքով: Դա ևս հարստությունն ընդգծելու եղանակ էր: Հարուստ կանանց լողացնում էին նաթրճիները, մյուսներին՝ քիսաջիները, համապատասխանաբար՝ 50 և 20 կոպեկ վարձավճարով: Լողանալը տևական ու հաճելի արարողություն էր: Կանայք բաղնիքում անցկացնում էին 5-6 ժամ:

Երբ սկեսուրներն ու հարսները միասին են լողացել, վերջինները գոտկամասում շոր են կրել, դա խոնարհության ու ամոթխածության նշան էր: Մի ավանդույթ էլ կար՝ նախքան հարսանիքը, փեսացուի կին ազգականները հարսնացուին տանում էին բաղնիք ու ինչպես կարգն է՝ մանրակրկիտ զննում նրա բարեմասնությունները: Այս գործը գլուխ էր բերում քավորկինը, իսկ փեսացուին լողացնելու խնդիրը կարգավորում էր քավորը: Այս սովորույթները պատկերավոր ներկայացված են «Պեպո» ֆիլմում:

Գյումրեցի ուստաները ևս լողանալու հատուկ կարգ են ունեցել: Նրանք բաղնիք են տարել իրենց աշակերտներին: Աղաներն էլ իրենց դասի մարդկանցով են նախընտրել բաղնիք գնալ: Դա գլուխ-գլխի հավաքվելու, զրուցելու, տարբեր հարցեր քննարկելու, հետն էլ՝ ինչպես կատակով նկատել են, լողանալու լավ առիթ է եղել:

Բաղնիքն իր խորհուրդն ու նշանակությունն է ունեցել նաև սգո առիթներով: Հանգուցյալի թաղումից հետո, միառժամանակ նրա հարազատները ոչ բաղնիք էին գնում, ոչ սափրվում: Ու միայն 40 օր անց էին սգավորներին տանում բաղնիք, տղամարդկանց նաև՝ վարսավիրանոց: Դա սգից դուրս հանելու ընդհանուր կարգ էր:

Մեր օրերում Գյումրիում շատ ավանդույթներ են կորսվել, որոնք կապված են եղել հին բաղնիքների հետ: Այժմ բաղնիք գնալն ընդամենը զուտ լողանալու սովորական ու համեստ միջոց է դարձել:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ