ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրիում «բեսպրեդել» իրավիճակ է ստեղծվել

Վերջին շրջանում Գյումրիում արտակարգ դեպքերի պակաս չկա: Ամեն օր մամուլը գրում է կռիվների, սպանության կամ ինքնասպանության դեպքերի մասին: Վերջին դեպքը տեղի ունեցավ մայիսի 18-ին: Այդ օրը Գյումրիում սպանված են գտել Կամոյի 71ա շենքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանին: Իրավապահների հայտարարությունից պարզ դարձավ, որ տղային դաժան սպանել են՝ բազմաթիվ անգամ բութ գործիքով հարվածելով գլխին, տակնուվրա արել բնակարանը՝ իրերը շպրտելով այս ու այն կողմ:

«Արթուր Հարությունյանի դին հայտնաբերվել է գլխի շրջանում բութ առարկաների բազմաթիվ ներգործությամբ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ենթադրյալ հանցագործության հատկանիշներով»,- ասել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Կամոյի 71ա շենքի բնակիչները նշեցին, որ Արթուրը համեստ երիտասարդ էր, զբաղվել է սպորտով, որևէ բանով աչքի չի ընկել: Բանակից վերջերս է վերադարձել, փորձել է Գյումրու ռեստորաններից մեկում աշխատել որպես խոհարար: Ապրել է մոր հետ, քույրը ուսանում է Երևանում, իսկ հայրը մահացած է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Դատախազի խոսքով՝ դեռ բերման ենթարկվածներ և կասկածյալներ չկան:
Նշենք, որ Արթուր Հարությունյանը երեք օր շարունակ անպատասխան է թողել Երևանում գտնվող մոր հեռախոսազանգերը: Վերջինս ահազանգել է ոստիկանություն, ովքեր էլ մայիսի 18-ին՝ գիշերը գտել են տղայի դին:

Այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ լրահոսում ակտիվ շրջանառվեց տեղեկություններ այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ՝ ծեծի է ենթարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ Աղասի Ջանոյանի ազգականին: Այս դեպքի վերաբերյալ, ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն:

Վարդան Ղուկասյանի որդու մասին շրջանառվող սկանդալից ընդամենը մի քանի օր անց, newspress.am կայքը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներն են քաղաքի կենտրոնում կրակոցներ հնչեցրել: Սակայն այս տեղեկության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն իրավապահների կողմից չեղավ:

Դեպքերի հաջորդականության ժամանակային տարբերություններն հաշվի առնելով, ստեղծվում է տպավորություն, որ Գյումրիում «բեսպրեդել» իրավիճակ է ստեղծվել:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ