ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու գերեզմանոցներում տիրող վանդալիզմը եւ մի քանի իրավապահների «բեսպրեդելը»

Գյումրու գերեզմանատներում, մասնավորապես, թիվ 2-ում կատարված վանդալիզմը, որին անդրադաձել ենք «Շրջապատի» նախորդ համարներում (Վանդալիզմ Գյումրու գերեզմանոցներում եւ բացահայտ անպատժելիություն /մաս 1/;  Վանդալիզմ Գյումրու գերեզմանոցներում եւ բացահայտ անպատժելիություն /մաս 2/), ամիսներ շարունակ մնում է անպատիժ: Այդ ոճրին ավելանում է իրավապահների իրավական վակխանալիան՝ հանցագործ/ներին չհայտնաբերելու, գործնականում այդ աշխատանքը կաթվածահար անելու դրսևորմամբ: Բառերիս ընտրությունը պատահական չէ, ավելին՝ դրանք արտահայտում են այն իրավիճակը, որում 11 ամիս շարունակ գտնվում եմ ես և իմ ընտանիքը: Իմ գնահատմամբ, դա մի այլ որակի կոռուպցիոն սարդոստայն է: Ի վերջո, խնդրին լուծում տալու համար առցանց դիմեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ներկայացնելով «իրավական» անհաջող թատրոնը, որի դերակատարն են մեր մարզի և ՀՀ դատախազության ներկայացուցիչները:

 

Հանցագործ հայտնաբերելու էպոպեան՝ ըստ Շիրակի մարզի իրավապահների և ՀՀ գլխավոր դատախազության

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ առցանց նամակի, որը վերաբերում էր հայրիկիս գերեզմանի անարգման փաստով հարուցված թիվ 68105517 քրեական գործին, ստացա ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետ Ա.Հարությունյանի ստորագրությամբ հերթական նամակը, որն ուղղակի «copy paste» է՝ իր ստորագրությամբ ստացված նախորդ նամակների: Ցավալի է, որ ցայսօր էլ պաշտոնատար այդ անձը, թող ներվի ասելու, չի ըմբռնել ամիսներ շարունակ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին և այլ պատկան կառույցներին ուղղվող դիմումների իմաստը: Մասնավորապես, 06.05.2018թ. ինձ ուղղված նամակում ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետը նշում է. «Վերստին պարզաբանում եմ, որ հիշյալ քրեական գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի մասով նախատեսված օրենսդրական պահանջների պահպանմամբ, իսկ Շիրակի մարզի և ՀՀ գլխավոր դատախազությունների կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականության ստուգմամբ այն վերացնելու հիմքեր չեն հայտնաբերվել»:

Սույն պաշտոնյայի կողմից ՀՀ քրդատ. օրենսգրքի հիշատակած հոդվածն ասում է. «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

Հարց 1. Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է քրեական հետապնդում իրականացնող մարմինը ձեռնարկել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ դիմումում նշել եմ, մեջբերում եմ. «Եթե Ձեր ղեկավարած կառույցի աշխատակիցը «վերստին պարզաբանում է», ապա պետք է գեթ մեկ անգամ հիմնավորեր այդ պնդումը: Գործի հարուցումից մինչ այսօր գրել, բողոքել եմ, որ ոչ Շիրակի մարզի դատախազությունը, ոչ նախաքննական, հետաքննական մարմինները պատշաճորեն՝ եթե չասեմ, բացարձակապես չեն զբաղվել նշյալ գործի հետազոտությամբ, ցուցաբերել են հանցավոր անգործություն, մատը մատին չեն տվել՝ բացահայտելու սույն գործը, հարցաքննելու տարբեր անձանց, որոնք կարող են տարբեր ժամերին գտնվել ու գտնվում են Գյումրու թիվ 2 գերեզմանատանը: Եթե քննչական վարչության քննիչն ինձ է հարցնում՝ թե էլ ո՞ւմ հարցաքննի, եթե նա չի այցելում դեպքի վայր, եթե գործի հարուցումից մինչեւ կասեցում հարցաքննվում են բացառապես իմ կողմից մատնանշված անձինք՝ ընդհանուր թվով 5 մարդ, այդ թվում ես՝ տուժողս, եթե մինչ օրս ոչ Շիրակի մարզի դատախազությունը, ոչ քննչական վարչությունը, ոչ  ոստիկանությունը չեն ուրվագծել կասկածյալների իրենց շրջանակը, առաջ չեն քաշել կատարվածի իրենց վարկածը, չեն հայտնաբերել այն միջոցը/գործիքը, որով իրականացվել է գերեզմանի պարիսպի միտումնավոր քանդումը, ի՞նչ համակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության մասին կարող է լինել խոսքը»:

Ամոթ չէ՞, ո՞ւմ եք ստում եւ ո՞ւմ քողարկում այդ ստով: Լավ, կարելի է դիմանալ շաղակրատությանը, բայց գոնե մեկ-մեկ մտածեք, որ դիմացինը պատկերացում ունի գործից, հատկապես այն պարագայում, որ հանդիսանում է տուժող:

Երկրորդ. ՀՀ գլխավոր դատախազության՝ ինձ «գրող-ճզող» պաշտոնյայի պատասխանների առանցք հանդիսացող հոդվածում հստակ գրված է՝ «պարզել  կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը….»: Հարց եմ տալիս. իսկ իրավապահներն ո՞ւմ են կասկածել կամ մեղադրել այս գործի շրջանակներում: Կա՞ն նման մարդիկ, հայտնաբերվե՞լ են, հարցաքննվե՞լ են: Եթե սույն պաշտոնյան, ինչպես եւ նրանք, ովքեր իբր զբաղվում են գործի քննությամբ համարում է, որ իմ կողմից կասկածվող անձանց մակերեսային հարցաքննությունը, ընդ որում՝ մեկի բացահայտ ստախոսությամբ, որի բացահայտման վերաբերյալ գրավոր դիմել եմ քննիչին, իսկ մյուսի՝ մեկ՝ հպանցիկ, «վազող տողով» հիշատակումը գործում մեղադրյալի կամ կասկածյալի հայտնաբերման պատշաճ ջանք է համարվում, ապա արդարադատությունը մեզանում դեռ երկար կմնա կաղացող, կույր ու համր: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ աշխատակից՝ Մարատ Հակոբյանը, ինձ համոզում էր, որ էական չէ, թե քանի մարդ է հարցաքննվել՝ 4, թե 14: Այսինքն, այս մարդիկ պատկերացում չունե՞ն իրավաբանությունից, գործի վարման կարգից ու քննությունից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներից:

Դառնամ հայրիկիս գերեզմանի անարգման քրեական գործի կասեցման օրինականությանը: Ինչպես արդեն նշել եմ, հիմք է ընդունվել ՀՀ քրեական դատավարության 31 հոդվածի 1-ին կետը. «Հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»: Իմ կողմից վերեւում հիշատակած ո՞ր գործողությունն է իրականացվել անձը հայտնաբերելու ուղղությամբ, ի՞նչ  միջոցներ են ձեռնարկվել համապատասխան կառույցների կողմից: Գործը վարող իրավապահ երեք կառույցները 11 ամիս շարունակ այս հարցերին չեն կարողացել պատասխանել, քանզի նման միջոցներ չեն ձեռնարկվել:

Վերստին մեջբերեմ ՀՀ դատախազին ուղղված իմ դիմումից մի հատված. «Հստակ կարող եմ ասել, որ գործը քննող քննիչը, դատախազը նույնիսկ չեն եղել դեպքի վայրում, ինչը պարտավոր էին անել՝ ելնելով ՀՀ քրդատ. օրենսգրքի 55 հոդվածի 9-րդ կետի պահանջներից»:

 

Մարդու իրավունքների խախտումը «սերժապետության» ավանդույթներից է, որը դեռեւս չի վերացել

Բոլոր այն կառույցները՝ Շիրակի մարզի քննչական վարչությունը, ոստիկանության «Կումայրի» բաժինը, Շիրակի մարզի դատախազությունը իրենց հիմնական գործառույթը համարել եւ համարում են ոչ թե գերեզման անարգողներին գտնելը, այլ ինձ անընդհատ հարցաքննության կանչելը: Շիրակի մարզի դատախազին ուղղված իմ նամակում ասել եմ. «Լուրջ, հետեւողական, իրավական եւ իրավաբանական աշխատանքի պարագայում, Դուք պետք է ընկալեիք, որ Ձեր կողմից ուղարկված գրություններն ուղղակի անարձագանք են մնում համապատասխան կառույցներում, պարզ ասած՝ պետք է հետեւեիք գործի ընթացքին, ինչը չեք արել ակնհայտորեն: Ձեր գրություններում (կից ներկայացնում եմ թվագրումը՝ 03.11.2017թ., 15.01.2018թ., 03.04.2018թ.), անընդհատ ցանկություն եք հայտնում ինձ վերստին հարցաքննել: Ես ե՞մ հանցագործը: Սա ծա՞ղր է, թե՞ արհեստավարժության իսպառ բացակայություն»:

Պարզ ու հստակ է, որ իրավապահները բացահայտ ու բռի ձեւով խախատել են իմ իրավունքները, տրորել ու ցեխոտել դրանք: «Copy paste»-ի վարպետ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցն ինձ ուղղվող իր պատասխաններում երբեք չի կարողացել հիմնավորել, թե ի՞նչ է արվել գործի քննությունը պատշաճորեն իրականացնելու ուղղությամբ:




Հանցագործին չեն գտնում, բայց գործը կասեցնում են

Իրավապահ ոլորտում արմատացած է մի երեւույթ՝ հարմարեցնել օրենքի հոդվածները իրենց քմահաճույքին՝ մեկնաբանելով դրանք ըստ իրենց ցանկության: «Кто этот потерпевший, куда он пошел?» հայտնի ֆիլմի թեւավոր դարձած արտահայտությունը կարծես դարձել է օրինապահ համակարգի խեղված աշխատաոճ: 11 ամիս շարունակ Շիրակի մարզի գոնե ինձ հանդիպած իրավապահները առաջնորդվելով՝ «ուր ուզում ես գնա, ում ուզում ես բողոքի, ինչքան ուզում ես գրի» քարացած սկզբունքով, փաստորեն, իրենց դուրս են դրել իրենց իրավունքների կատարումից, օրենքի կիրառումից: Նրանց ձեռքն ընկած մարդը ակամայից դառնում է իրավաբան՝ օրենքներ ուսումնասիրելով, դրանք հոդված առ հոդված ներկայացնելով մեր իրավունքները պաշտպանելուն կոչված անձանց: Գործնականում՝ նրանք խեղում են ե՛ւ մեզ՝ քաղաքացիներիս, ե՛ւ օրենքը:

Ինչպես արդեն ասել եմ, հայրիկիս գերեզմանի անարգման փաստով հարուցված քրեական գործը կասեցվել է 49-օրյա ժամկետում ավարտին չհասցնելով նախաքննությունը՝ օրենքով սահմանված վերոնշյալ ժամկետում: Քննիչի այդ որոշումը անփոփոխ է թողել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը: Ինչո՞ւ են խուսափել գործը տանել մինչեւ սահմանված ժամկետի ավարտը՝ կասեցնելով այն քննության կեսից: Ընդ որում, նախաքննության ընթացքին խանգարող հանգամանքներ չի եղել, իսկ համապատասխան օրենքի համապատասխան հոդվածը չի կարող չլինել իմպերատիվ: Այս ամենի մասին գրել եմ բազմիցս՝ բաց, փակ, կիսաբաց ու կիսափակ նամակներում, սակայն իրավական պետության «կերտիչները» չեն կարողացել ցայսօր լիարժեք պատասխանել նշածս հարցերին:

Եվ վերջինը. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ հերթական նամակում գրել եմ. «Ձեզ ուղղվող իմ նամակներին՝ Ձեր ղեկավարած կառույցի բարձրագոչ անվանումով վարչության copy paste-ի վարպետ պետը, ինձ եւ Շիրակի մարզի դատախազին նույնաբովանդակ պատասխաններ է ուղղել  հետեւյալ օրերին, հետեւյալ գրություններով՝ 2017-10-25 Ն15/9009-17, 2018-03-20 Ն15/152220-18,  2018-03-30 Ն15/152600-18, 2018-02-20 Ն 15/15 1262-18, 2018 01.08.Ն 15/15/2-18, 2018-06-05 Ն 15/15/4750-18: Այսքանից հետո, մի՞թե Ձեզ չի հետաքրքրում, թե ի՞նչ գործողություններ են հետեւում այս պատասխաններին, ո՞վ եւ ինչպե՞ս է արժեւորում կամ, պարզ ժողովրդական բառերով ասած, «բանի տեղ» դնում ՀՀ դատախազի եւ Շիրակի մարզի դատախազի գրությունները: Ի դեպ, ըստ լուրերի, մեր մարզի դատախազը ձեր սանիկն է»:

Ընդունում եմ, որ սխալ եմ գործել, երբ օգնել եմ քննությանը՝ նշելով իմ կողմից կասկածվող անձանց շրջանակը: Դրանց հարցաքննությունով սկսվել եւ ավարտվել են քննչական գործողությունները: Հեշտացրել եմ իրավապահների՝ մատը մատին չտալու հանցավոր անգործությունը:

 

Զարթնեք լաոներ, քայլ արեք, դուխ արեք՝ մերժեք հինը

Ինձ հետ առնչված մարդիկ, ուղղակի անգործություն են ցուցաբերում, կներեք բառիս համար՝ «սղացնելով», մի կառույցից մյուս կառույցի վրա գցելով գործի բացահայտումը: Շիրակի մարզի դատախազության աշխատակից Արտյոմ Ավետիսյանը նշում է, որ գործի քննությունը պետք է վարի քննչական վարչությունը՝ չպատասխանելով իր՝ որպես գործը վարող դատախազի գործառույթների մասին հարցին, քննիչն ասում է, որ բացահայտումը պետք է արվի  դատախազության կողմից, ոստիկանությունն էլ ասում է, որ իրականացնելու է այն հրահանգները, որոնք տալիս են այս երկու կառույցները: Սա է կոչվում աշխատաոճ: Ո՞ւր ենք հասել:  Իրավապահնե՛ր, եթե ձեր հարազատներից մեկի գերեզմանի հետ նման դեպք տեղի ունենար, դատախազությունը, քննչական վարչությունը, ոստիկանությունն էլ վարվեին այսպես, ի՞նչ կանեիք դուք: Ասեք, կհետեւեմ ձեր փորձառության վրա հիմնված խորհրդին: Գիտակցե՛ք, որ սա նոր Հայաստանն է, սա ՀՀ հպարատ քաղաքացու Հայաստանն է, սա անմանվել, անսերժ, անգագիկխաչատրյան, «անմուկ ու անձուկ» Հայաստանն է այլեւս:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ