ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Գոհանալ գիրքը շոշափելու զգացողությամբ

«Էլդորադո» հրատարակչությունը լույս է ընծայել ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Իմ Աստղիկի թաղումը» վիպակը: Գրողի ծրագրած եռագրության առաջին գիրքն է սա, որի գրական արժանիքների գնահատումը նա արդեն թողնում է ընթերցողի հայեցողությանը: Վիպակի գլխավոր պերսոնաժը հեղինակի Աստղիկ անունով տատն է:

Ընդհանուր առմամբ, գյումրեցիներն Արմեն Գասպարյանին ճանաչում են որպես ռեժիսորի, ում նկարահանած ֆիլմերը ներկայացվել են եվրոպական կինոփառատոներում և արժանացել հեղինակավոր մրցանակների, մինչդեռ քչերին է հայտնի, որ նա ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարական ֆակուլտետը, ինչը վկայում է նրա ստեղծագործելու, գրելու ձիրքի նախասիրության մասին: Այստեղ է, որ սցենարիստի` իր ստացած մասնագիտական որակավորումը հեղինակն հաջողությամբ իրացրել է գրական ստեղծագործության տեսքով: Վիպակն ընդգրկում է նովելների մի շարք, որոնք նրբորեն միահյուսվում են՝ կազմելով վիպակի կառուցվածքային ուղղվածությունը: Գրքում Գյումրի քաղաքն իր ժամանակային ընթացքի մեջ է դիտարկված: Իսկ քաղաքի նկարագրության համապատկերում, հեղինակը ներդրել է իր ընտանիքի կերպարը` որպես այդ պատմության ուրույն «դերակատարի»:

Այսուհանդերձ, հեղինակը համաձայն չէ այն կարծրատիպային մտածողության հետ, թե գյումրեցիների մասին պատմող իր գիրքը կարող է հետաքրքիր լինել միայն գյումրեցիների համար: Արմեն Գասպարյանի կարծիքն է, որ, եթե գրում ես համամարդկային արժեքների մասին, ապա այն` ըստ էության, հետաքրքիր կլինի բոլորին: «Իրականում, եթե այն զուտ ազգային երևույթների մասին է, ուրեմն` ընկալելի է բոլորին, որովհետև մարդիկ դա ընդունում են ինչպես իրենց սեփական պատմությունը»,- ասում է նա:

«Իսկ կնկարահանե՞ր արդյոք ֆիլմ այս վիպակի հիման վրա»,- իմ հարցին ի պատասխան նշում է, թե նախ` դրա համար կպահանջվի գրական երկի սցենարական ադապտացում, այնուհետ` կարևորն իր համար դերասանների ընտրության խնդիրն է, քանի որ այն կլինի խաղարկային, ոչ վավերագրական, ինչպես մինչ այժմ իր նկարահանածները: «Հետո, շատերն այն թյուր կարծիքն ունեն, թե վավերագրական կինոյով զբաղվելն ավելի հեշտ է, քան գեղարվեստական կինոնկարի ստեղծելը, մինչդեռ իրականում այդպես չէ»:

Իսկ եթե մի պահ պատկերացներ, որ, այնուամենայնիվ, վիպակն էկրանավորելու առիթը ներկայացել է, ապա կարծում է, որ ճիշտ կլիներ վիպակում տեղ գտած կերպարներին մարմնավորեին ոչ թե հմուտ դերասանները, այլ` սովորական մարդիկ, ովքեր պատկերացում իսկ չունեն դերասանական խաղի գաղտնիքների մասին: Գործնականում դա նորամուծություն չէ, արձանագրում է ռեժիսորը՝ հավելելով, որ համաշխարհային կինոյի գլուխգործոցներում այդպիսի փորձի կիրառությունը բազմիցս ունեցել է իր արդարացումը: Հենց թեկուզ` եթե հաշվի առնվի իտալական նեոռեալիզմի առկա փորձը: Տվյալ դեպքում, Արմենի ռեժիսորական բնազդն հուշում է, որ կերպարների վիզուալացման տեսանկյունից, այսօրինակ մոտեցումն ավելի շահեկան կլիներ: Այս ուղղությամբ նա մտածել է ու չի կարծում, թե դա հեշտ կլինի արագ իրականացնել. «Իրատես լինելու համար, առայժմ պետք է սահմանափակվեմ նրանով, որ ես գրել եմ վիպակ, որն ինքնին ներկայանում է որպես գրական ստեղծագործություն»:

Ինչ մնում է եռագրության մյուս երկու վիպակներին, Արմեն Գասպարյանը նշում է. «Սկզբունքորեն դրանք ևս պատրաստ են նախնական տարբերակով: Հաջորդ վիպակս կլինի «Բաբոյի հեռախոսը»: Սա պատում է իմ մյուս` Կարսից ներգաղթած տատիս մասին: Գլխավոր սյուժետային գիծն այն է, որ տատս քույրեր ուներ, ովքեր տարիների ընթացքում մահանում էին մեկ առ մեկ, ու դեռևս ողջ մնացած քույրերն այդ իրողությունը թաքցնում էին իրարից, որովհետև նրանց միջև անհավանական կապվածություն է եղել: Նրանք պարզապես կորստի կսկիծից էին խնայում մեկը մյուսին»:

Արմենի երրորդ վիպակը, որ վերնագրել է «Հայելու բեկորները», որոշակիորեն ինքնակենսագրական երանգ է ներառում իր մեջ: «Երբ ես կինոմեխանիկ էի աշխատում «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հաճախ նկատում էի, որ էկրանին ցուցադրվող գործողությունները կատարվում են իմ ռեալ կյանքում: Առանց ռեժիսորական որևէ միջամտության: Եվ, քանի որ «Հայելու բեկորները» վիպակի դեպքերը ևս Լենինականում են տեղի ունեցել, ես որոշեցի այն էլ ընդգրկել եռագրության շրջանակում»:

Ռեժիսորն անկեղծանալով խոստովանում է, թե իր համար մի տարօրինակ հայտնագործություն էլ է արել: Այն է, թե գրքի ազդեցությունն ավելի մեծ է, քան կինոյինը. «Գիրքը` ըստ էության, նաև շոշափելի երևույթ է: Գիրքը կարող ես քո ձեռքում զգալ, իսկ այն, ինչ ցուցադրվում է էկրանին, քեզ հետ ոչ մի կերպ տուն չես տանի: Գրքի ազդեցության դաշտն այլ է: Մի բան էլ ասեմ` ես չեմ կարող գիրքն ընթերցել էլեկտրոնային տարբերակով, գրքի ներկայությունը ես անպայման պետք է առարկայորեն զգամ` թերթեմ այն: Էջ առ էջ ընթերցեմ»:

Կինոռեժիսոր Ղարիբ Ղազարյանն իր կրտսեր ընկերոջ մասին պատմում է. «Նոր չէ, որ պիտի սկսեմ ճանաչել Արմենին` ծանոթ եմ նրա գրական գործերին: Այնպես որ, այս վիպակի ծնունդը պատահական չէր: Մոտավորապես 20 տարի է, ինչ ճանաչում եմ նրան: Դա այն ժամանակ էր, երբ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ ուսուցողական դասընթացների համար խումբ հավաքեցինք: Արմենը այդ խմբում էր: Հետո, իհարկե, նա շարունակեց իր ուսումը Մոսկվայում և կարողացավ կինոաշխարհի ոլորտում որոշակի հաջողությունների հասնել: Ընդհանուր առմամբ, ուրախ եմ նրա համար, որ կարողացավ իր նպատակասլացությամբ դրան հասնել: Ես ինքս 17 տարի բացակայում էի քաղաքից` աշխատում էի «Մոսֆիլմում», այնտեղ էլ առիթ եղել է իրար հանդիպել: Ուրախալի  փաստ է, որ նա հրատարակեց այս գիրքը, որը նրա շնորհի արգասիքն է: Ես այն համոզման եմ, որ չնայած գործող իշխանությունների անտարբերությանը, շնորհալի մարդիկ չեն ընկճվում, ավելին` կարողանում են իրենց տրված շնորհի բացահայտման սեփական ուղին հարթել: Դա իր ուղին է ու դա խլել նրանից ոչ ոքի տրված չէ»:

Քանդակագործ Արտյոմ Սարգսյանի կարծիքով, Արմենը զիլ անհատականություն է` «Ինքը հայկական բնավորության տեր մարդ է: Չէի զարմանա, եթե մի օր հանկարծ որոշեր նկաչությամբ զբաղվել ու այդ ուղղությամբ հաջողությունների չհասներ»:

Ատամնաբույժ Արա Շահբազյանը նկատում է, որ, եթե անգամ Արմեն Գասպարյանին անձամբ չճանաչեր որպես ռեժիսորի, իր համար բավական կլիներ զուտ այն փաստը, որ նա հայ մտավորական է. «Ես համացանցում գրառած իր տեքստերին եմ ծանոթ, դրանցում ներփակված են ենթատեքստային խորը մտքեր, որոնք ինձ անտարբեր չեն  կարող թողնել»:

«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը նրան ճանաչում է վաղուց, նույն թաղից են`«Կարող եմ միայն ասել, որ կյանքի հետ սինթեզված ապրելակերպը գտած մարդ է»:

Երգահան, բանաստեղծ` հատուկ այս առիթով մայրաքաղաքից եկած Անիտա Հախվերդյանն էլ գտնում է, որ Արմենը շատ կարևոր գործ է անում, որի գնահատականը դեռ պիտի տրվի շատերի կողմից. «Նա վերցնում է մոլորակի մի պստիկ մոդել, որն հասանելի ու հարազատ է բոլորին ու մեծ աշխարհը ներառող իր փոքր աշխարհի մասին է պատմում բոլորին: Սա իր սցենարական հնարքն է: Այսպես անվանենք: Ինձ` անձամբ, կանչում է Լենինականը, որովհետև տատիկս Սլաբոդկայում է ապրել, իսկ Արմենը գտել է իր հայրենի քաղաքով մարդկանց հրապուրելու միջոցը: Նա իր քաղաքի պատմությամբ է կապում մարդկանց այս քաղաքի հետ: Իսկ պատմել նա կարողանում է: Նրա պատմելու ձևն էլ` համով ու կանչող է»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ