ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Եթե պետության աջակցությունը չլինի, Շիրակի մարզի գյուղատնտեսությունը կրախի առաջ կկանգնի

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, ձմռան ավարտին մեկ ամիս է մնացել, ու չնայած դեռ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո, սակայն այս պահին կարող ենք արձանագրել, որ առանց տեղումների էր այն. սա գյուղատնտեսության համար բախտորոշի՞չ է:

— Եթե եղանակը նույն կերպ շարունակվի, դե, իհարկե, բախտորոշիչ կլինի ցանքատարածությունների համար, որտեղ աշնանացան ցորեն ունենք: Իսկ մյուս մշակաբույսերի համար խոսելը դեռ ավելորդ է, քանզի հայտնի չէ, թե գարունն իրեն ինչպես կդրսևորի: Այս պահին կասեմ, որ ցորենի խնդիրն է: Եթե փետրվարին էլ ջերմաստիճանի կտրուկ նվազումներ արձանագրվեն, ապա միանշանակ աշնանացան ցորենը վերջնականապես կվնասվի:

Տեղումների ինչիպիսի՞ մակարադակը բավարար կարող է լինել

— Ձյան շերտն Ախուրյանի հարթավայրային մասում առնվազն 15սմ պիտի լինի, որ մտածելու տեղիք չտա, բայց եթե 2-5սմ լինի ու նորից արագ հալչի, գնա, ու ցրտերի վտանգ էլ լինի՝ սա լուրջ խնդիր կլինի:

Սա միայն աշնանացանի՞ն է վերաբերում:

— Ոչ միայն: Նաև ջրամբարների լցվածության խնդիր կառաջանա: Ընդունենք, մենք Կառնուտի ջրամբարը Ախուրյան գետից դոտացիոն կարգով ջուր լցնենք, ասենք, Ախուրյան, Ազատան համայնքներին Ախուրյան գետից ջուր բերենք, լցնենք, բայց չենք կարողանա Մանթաշի, Սառնաղբյուրի, Վարդաքարի ջրամբարների ջրալցման հարցը կարգավորել ու այս ջրամբարներից սնուցվող համայնքներին ջրով ապահովել:

Երբ գյուղացին վնաս կրեց կարկտահարություններից, պետությունը որոշակի չափով օգնության ձեռք մեկնեց, հետո երաշտ եղավ, հետո այսպիսի բնակլիմայական պայամններն են, ապա գյուղացին ի՞նչ պիտի անի, ու ի՞նչ է լինելու

— Ես հասկացա՝ ինչ եք ուզում հարցնել. նախորդ տարվա կարկտահարության փոխհատուցումից հետո մենք առաջարկեցինք կառավարությանը՝ մեր մարզի կտրվածքով, թե այդ փոքր դրամային օգնությունների տրամադրումը ոչ միայն բավարար չէ, այլ զարգացման ակնկալիքներ չենք կարող ունենալ: Ես, որպես այս ոլորտի պատասխանատու, ուզում եմ, որ իմ ոլորտը զարգանա, առաջընթաց ունենա: Իմ համար ավելի լավ կլիներ, որ էդ կարկտահարությունից տուժած տնտեսություններին ընդհանուր գումարով հատկացված 243 միլիոնը ոչ թե փոքր-փոքր չափաբաժիններով տրամադրվեր, այլ գնվեին ժամանակակից, նոր հակակարկտակայաններ, որպեսզի, ասենք, տվյալ տարածքն ապահովագրվեր կարկտահարությունների այս կամ հաջորդ տարվա փորձանքներից: Պետությունը մեզ ուղղորդում է, որ գյուղատնտեսությունը պետք է զարգացնենք ինտենսիվ, բարձրարժեք մշակաբույսերի մշակմամբ. ասենք, ցորենի փոխարեն եգիպտացորեն ցանենք, որի 1 հեկտարից 50 տոննա բերք է ակնկալվում: Եվ, եթե ընդունենք, որ արտահանման խնդիր չունենք, չգիտեմ ինչ խնդիր չունենք, բայց կարկուտը, բնական աղետը որ վրա հասավ, էլի խնդիր ենք ունենալու, չէ՞:




Թե՞ նկատի ունեն ժամանակակից տեխնոլոգիաներով, ջերմոցային նոր մեխանիզմներ կիրառելով գյուղատնտեսությունը զարգացնել:

— Գիտե՞ք, էդ նոր սիստեմները հո մեկ տարվա մեջ չենք կարող զարգացնել, հո մենք Սինգապուր չե՞նք, որ թռիչքային զարգացում ունենանք: Այստեղ պետք է տարածաշրջանի բնակլիմայի հետ հաշվի նստել, համեմատականներ տանել, ասենք, Արարատյան դաշտավայրի հետ, սխալ կլինի, ու ծախսային հարաբերական հաշվարկները նկատի առնելով, չգիտեմ քանի տարի, բայց վստահ եմ, որ մոտակա 7-10 տարվա ընթացքում մենք դրան չենք հասնի: Մեր Շիրակի մարզի կողմնորոշումները հաշվի առնելով՝ անմիջապես փոխել հնարավոր չէ. մարդիկ սովոր են, տրադիցիոն մշակաբույսեր են մշակել: Դիցուկ, կարտոֆիլի ինտենսիվ մշակաբույսը, որի մեկ հեկտարից բավականին եկամուտ են ստացել, կարտոֆիլի իրացման խնդիր չկա: Օգտվելով առիթից, ասեմ, որ մարզում ստեղծվել է մեծածախ շուկա, պահեստ, որտեղ կարտոֆիլի մթերում է իրականացվում: Ասենք, գնում են, մթերում են, հետո վերավաճառում են: Անգամ Վրաստանից են գալիս՝ գնելու:

Նույնն էլ գազարի, ճակնդեղի, կաղամբի՞ մասով է:

— Այս տարի գազարի, ճակնդեղի դեֆիցիտ է մարզում:

Մինչդեռ, տարիներ շարունակ լսում էինք համայնքներից, որ խնդրում, աղաչում էին, առատ բերքն իրացնելու նոր շուկաներ փնտրում:

— Հավատացեք, օրական 7-15 մթերող միայն ինձ հետ են կապվում, որ գազար, ճակնդեղ ձեռք բերեն, բայց չկա, այս տարի ահավոր վիճակ է: Իսկ նախորդ տարի մնացել էր, չէինք կարող իրացնել:

Դուք մեր նախորդ հարցազրույցներից մեկում այդպես էլ կանխատեսել էիք, որ առատ բերքից հետո երաշտ կլինի

— Դե, 20 տարուց ավել վարչության պետ եմ, իմ ուսումնասիրություններից ելնելով եմ ասել: Այ, օրինակ, կարող եմ ասել, որ ձմեռը ելնելուց հետո, այս տարին գյուղատնտեսության համար դարձյալ լավ տարի է լինելու:

Վատ ձմեռից հետո, լավ գարուն է սպասվելու, հա՞:

— Այո: Չնայած այս պահին մենք դեռ բնությունից հույսներս չենք կտրել, Բարձրյալին ենք ապավինում, որ գյուղացու արդար քրտինքը չի չորանա: Բայց մենք այլ խնդիր ունեինք. ցանքերն են պակասել: Տարին տարվա վրա ցանքերը պակասում են՝ 25 հազար հեկտար աշնանացանից իջել է 12 հազարի: Դրա համար եմ ասում՝ պետության՝ տնտեսություններին հատիկ-հատիկ օգնություն տալը սխալ է: Այդ օգնությունով կարելի էր գարնանացան սերմացու գնել ու բաժանել ըստ վնասի. 50 տոկոսովին՝ 50 տոկոսով, 25-ին՝ 25, ինչպես աղետն էր հաշվարկվել: Հաստատ իմացեք, որ մենք այս պահին գարնանացան սերմացուի խնդիր ունենք, որովհետև անցած տարի մենք բերք չենք ստացել, 60 տոկոսի կորուստ ենք ունենցել: Եթե 2018-ին մենք 103 հազար տոննա հացահատիկ ենք ունեցել, ապա անցած տարի 43 հազար ենք հավաքել: Սերմացուների խնդիրը առկա է: Կարտոֆիլի, բանջարեղենի մասով խնդիրը մի քիչ այլ է, եթե հանրապետությունում չկա, ապա դրանք ներկրվում են, շուկան ազատականացված է՝ Հոլանդիայից, Ավստրիայից բերվում են, բայց դրանք թանկ են, քան առաջին վերարտադրությանը: Այստեղ էլ կարտոֆիլի ցանքատարածությունների խնդիր է առաջանալու: Տարին կարող է բարենպաստ լինել, բայց ցանքատարածությունների ծավալի կրճատումն է առաջ գալու: Չնայած կարտոֆիլի առաջին ներկրողները մեզ հայտ ներկայացրել են, որ կարող են ներկրում ապահովել և մենք համայնքներին տեղյակ պահել ենք, բայց հացահատիկային ցանքերի համար պետական աջակցությունն անհրաժեշտ է: Գյուղատնտեսության գծով փոխնախարարի մոտ ես խորհրդակցության եմ հրավիրված և պատրաստվում եմ պարոն Քամալյանի հետ այս խնդիրները քննարկել: Եթե աջակցություն չեղավ, Շիրակի մարզում վատ է լինելու:

Իսկ անասնապահական մասով ի՞նչ կասեք:

— Նույնն է: Եթե կերային բազա չունենք, ապա գլխաքանակ չի կարող ավելանալ: Հունվարի մեջ անասնագլխաքանակի հստակ հաշվարկ կունենանք, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ գլխաքանակի հազարների նվազում ունենք: Դրա համար եմ ասում, որ պետք է իրականացնել այնպիսի ծրագիր, որ օգնեն հողագործներին՝ հացահատիկային սերմացուով օգնեն՝ գարնանացան իրականացնելու համար: