ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Եղշատովների գերդաստանը

Գոհար Եղշատյանը՝ Եղշատովների հայտնի գերդաստանի շառավիղը, պատմում է, որ իր նախնիները էրզրումցիներ են: Հովհաննես պապի ընտանիքը հայկական ջարդերի ժամանակ է Թուրքիայից Հայաստան ներգաղթել: «Հետո պապս ամուսնացել է տատիս՝ Իսկուհու հետ: Նրանք յոթ զավակներ են ունեցել, երեք որդի՝ Միքայելը, Կարապետը, Մկրտիչը՝ հայրս, և չորս դուստր՝ Գայանեն, Անահիտը, Վարդանուշը և Երանուհին,- պատմում է Գոհար Եղշատյանը:- Գայանեն քույրերից ավագն էր: Ամուսնացել է Թութխալենց Ավետիքի հետ: Նա Ալեքսանդրապոլում սրճարան է ունեցել: Անահիտ հորաքույրս ամուսնացել է Ղարսում: Հովհաննես պապս, ամենագետ Եղշատովի՝ Հարությունի եղբայրը, Ալեքպոլում շատ հայտնի արհեստավոր է եղել՝ ոսկեձեռ վարպետ, փականագործ ու շինարար: Նախկինում գյումրեցի արհեստավորները սպիտակ կաշվից գոգնոց են կրել: Պապս լաբլաբու քիշմիշ, Բաղդադի խուրմա, յուղ է լցրել գրպանները, տուն բերել՝ լավ նայել ընտանիքին: Հետի աշխատողները մտածել-մտածել են, թե ինչ մականուն «կպցնեն» նրան: Օրինակ՝ ինչո՞ւ «Ճենճոտենց» չանվանեն: Արհեստավորներից մեկն էլ այլ առաջարկ է ունեցել. «Չէ՛, արեք «Եղշատենց» կոչենք, Հովհաննեսը եղ շատ կսիրե, տունը եղ շատ կտանի»: Էդպես էլ մնացել է, և մեր գերդաստանի Պետրոսյան ազգանունը դարձել է Եղշատով, թեպետ հորեղբայրս Պետրոսյան ազգանունն է շարունակում կրել»:

Գերդաստանի հայտնի անձի՝ Հարություն Եղշատյանի մասին տիկին Գոհարը պատմում է.

— Ես նրան կենդանության օրոք չեմ տեսել: Ինչ գիտեմ՝ հայրիկիս պատմածից եմ մտապահել: Աշխատել է զագսի վարիչ: Հիմի վայենկոմատ գոյություն ունի, զագս գոյություն ունի, էն ժամանակ Հարություն պապս մենակ է գլուխ բերել էդ բոլոր գործերը: Ամեն ինչից տեղյակ է եղել. ո՞վ ամուսնանալու տղա կամ աղջիկ ունի, ո՞ւմ բանակ ճամփելու ժամանակն է և այլն: Իր բացառիկ հիշողությամբ՝ գյուղերից ու ռայոններից սկսած, Գյումրիով վերջացրած, ամբողջ արխիվը մտքում է կուտակել: Սա մեր գերդաստանի շնորհն է, որովհետև հայրիկս էլ, ես էլ՝ էդ փայլուն հիշողությունից զրկված չենք եղել: Օրինակ՝ չափազանցություն չլինի, ես համարյա բոլոր տոհմիկ գյումրեցիներին ճանաչում եմ: Երբ որևէ մեկը գնում, քրոջս հարցնում է, թե՝ Քնար, էս մարդուն ճանաչո՞ւմ ես, նա ասում է՝ «Գնացեք, Գոհարին հարցրեք, ես խաբար չեմ»: Էս հիշողությունը մեզ պապական գեներով է փոխանցվել: Հիմա, տեսեք, երբ մարդ մի քիչ տեղեկացված է լինում դեսից-դենից, զարմանքով հարց են տալիս. «Ա՛յ մարդ, հո Եղշատովը չե՞ս»: Այսինքն՝ բանիմացությունը բնութագրելու թևավոր խոսք է դարձել: Դա էլ մեր գերդաստանի դրոշմն է:

Գոհար Եղշատյանի հորը՝ Մկրտիչին, Շաքար ախպեր են ասել: Նա գրագետ, ընթերցասեր, լավ արհեստավոր էր: Պատերազմի ժամանակ ծառայությունից ազատված էր, աշխատել է «Կոշիկի» գործարանում, որպես գլխավոր մեխանիկ, հետո նաև՝ «Էլեկտրասարքերի» և «Հղկող հաստոցների» գործարաններում:

Շաքար ախպերը կնոջ՝ Բալասանի հետ, 1977թ.

— Հիմա, երբ պատահաբար հայրիկիս ճանաչած մարդկանց եմ հանդիպում ու նրանք իմանում են, որ Շաքար ախպոր աղջիկն եմ, ասում են. «Վա՜յ, ես իրա գերեզմանին ղուրբան, ուրիշ ըդպես մարդ գոյություն չուներ Գյումրիում»,- հպարտությամբ նշում է Գոհար Եղշատյանը,- հայրիկիս ձեռից ամեն ինչ գալիս էր: Արզնու հանգստարանի շենքի խորաքանդակներն էլ նրա ձեռքի գործն են: Մոլեռանդ հավատացյալ էր՝ Սուրբ Յոթվերք եկեղեցու շեմից մինչև խորան ծնկաչոք է մոտեցել: Ամեն կիրակի՝ մինչև ժամերգությունը չավարտվեր, տուն չէր գա: Լեզուներ սովորելու յուրօրինակ ընդունակություն է ունեցել: Ինքնուսուցմամբ տիրապետել է ֆրանսերեն, գերմաներեն, վրացերեն ու թուրքերեն լեզուներին: Հայրս նաև ձայնային բացառիկ տվյալներով օժտված մարդ էր: Երբ իր փառահեղ ձայնով երգում էր «Գորկայի» այգում, այն լսելի էր մինչև Ձիթողցոնց բաղնիքը: Մարդիկ ասում էին՝ Շաքար ախպերն եկավ, այնինչ, դեռ մենակ ձենն էր տեղ հասել, ինքը չկար: Մի դեպք էլ եմ հիշում. երբ Արաքսի Գյուլզադյանը մենահամերգ է տալիս Սևյանի անվան երկաթուղայինների պալատում, հայրս էլ է գնում իր ընկերների հետ: Դահլիճում հանկարծ ծափեր են հնչում, ասում են. «Շաքար ախպերը ըստեղ է» ու բեմ են հրավիրում: Հայրիկս իր քաղցրահունչ ձայնով առաջինն է սկսում երգել էդ համերգին, հետո նոր՝ Արաքսի Գյուլզադյանը, ով համբերատար սպասել էր նրա ելույթի ավարտին:

Իսկ ահա Մկրտիչի ավագ եղբայրները՝ Միքայելն ու Կարապետը, մաուզերիստներ են եղել, ցարական բանակի սպաներ: Երբ Գյումրեցի կանայք Գևոր աղի «օբշի» բաղնիքն էին գնում, նրանք էին ուղեկցում ֆայտոնները, մեկը՝ մի, մյուսը՝ երկրորդ ֆայտոնի ոտնակին կանգնած: Ուղեկցում էին, որպեսզի հանկարծ կանանց զարդն ու զարդարանքը թալանող չլինի: Լողանալուց հետո էլ ֆայտոնները նույն «անձնակազմով» ետ են դարձել:

— Ճիշտ է, ընդհանուր առմամբ, մեր տոհմը մեծ չի եղել, բայց Գյումրվա պատմության մեջ իր ուրույն հետքը թողել է: Այսքանը հաստատ կարող եմ ասել,- անթաքույց հպարտությամբ, խոսքն ավարտում է Եղշատովների տոհմի շառավիղը՝ Գոհար Եղշատյանը:

Ս.ՀՈՒՆԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Կարապետ և Միքայել Եղշատյանները

Պիտակներ՝