ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ի՞նչ թատրոն` էդ հոպարը ղասաբ է, ոչ թե դերասան»

Հարցազրույց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան ՖՐՈՒՆԶԻԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Ամիրխանյան, Դուք արդեն շուրջ չորս տասնամյակ թատրոնում եք, ինչպե՞ս բացվեցին թատրոնի դռները Ձեր առջև:

— 1973 թվականին ընդունվեցի այն ժամանակ Լենինականի Մռավյանի անվան թատրոնին կից թատերական ստուդիա, որը ղեկավարում էր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: Ստուդիան ավարտելուց հետո, այն տարիներին թատրոնի տնօրեն Մարիամ Գևորգյանը պատճառաբանելով, թե առայժ հաստիք չունի, հորդորեց, որ ժամանակավոր աշխատանքի անցնեմ Տիկնիկային թատրոնում: Գնացի ու սիրեցի այդ գործը: Ի դեպ, տիկնիկային թատրոնը հնարավորություն է տալիս միևնույն ներկայացման մեջ տարբեր կերպարներ խաղալ: Սա ինձ գրավիչ էր թվում: Հետո, իհարկե, ես տեղափոխվեցի դրամատիկականի բեմ:

— Դուք ժամանակին ընդգրկված եք եղել նաև «Հումորի երգիծանքի թատրոնում», որի ներկայացումները շատ մեծ ոգևորությամբ էին ընդունվում հումորասեր գյումրեցիների կողմից…

— Իսկապես, դա 1985 թվականին էր: Մալոյան Գագիկն էր, Մայլամյան Լևոնը, Գրիգորյան Սամվելը, Սարգսյան Սամվելը… Այդ տարիներին «Հումորի տան» ներկայացումները տոն էին քաղաքում: Սկզբում խաղում էինք «Ուրախ Գյումրին», հետո այլ ներկայացումներ էլ ունեցանք: 1988 թվականին բեմադրեցինք «88 րոպե» ներկայացումը: Այստեղ էր, որ պետք եկավ տիկնիկային թատրոնի իմ դերասանական փորձը, որտեղ, ինչպես նշեցի, տարբեր կերպարներ էի խաղում: «88 րոպեում», որում ընդգրկված էին 11 մանրապատումներ, իմ մարմնավորած կերպարների թիվը 9 էին ու բոլոր դերերը գլխավորն էին:

— Կարծեմ, այդ «Ուրախ Գյումրու» թիմո՞վ էր, որ երկրաշարժից հետո տեղափոխվեցիք ԱՄՆ` բնակվելու: Թիմին հեռավոր Կալիֆորնիայում չէ՞ր լքել հումորի զգացումը, երբ բոլորդ ստիպված էիք ապրել մեկ վարձած տանը:

— Ճիշտն ասած, մեզ ուրախ զգացումները չէին բերել ԱՄՆ: Ընտանիքս դոմիկում էր ապրում, թատրոնում ամիսներով աշխատավարձ չէինք ստանում, ամեն օր մտածում էի, թե ինչ երեսով եմ գնալու խանութ ու պարտքով երկու հաց բերելու: Պետք էր ինչ-որ ելք գտնել այդ վիճակից: Ու այդ շրջանում Ամերիկա մեկնելու հնարավորություն ներկայացավ: Իսկապես, «Ուրախ Գյումրու» ու մի քիչ էլ համալրված թիմով ապրում էինք Լոս Անջելեսում վարձած մեկ բնակարանում: Այնտեղ մեզ միացան դերասաններ Արթուր Հակոբյանը, Նիկոն` Սամվել Առաքելյանը: Նրանք համարյա երեք տարի մնացին: Հովհաննես Հովհաննիսյանն էր նրանց հետ, միայն թե ինքը քիչ մնաց` մեկ տարի: Մի օր, երբ հայկական խնջույքից էինք տուն վերադարձել, Նիկոյին խնդրեցի, որ առավոտյան ժամը 7-ին ինձ արթնացնի` գործի էի գնալու: Նիկոն այլ սենյակում էր քնում, իսկ ժամացույցը նրա մահճակալի մոտ էր: Ասաց. «Հա, հա, անհոգ էղի, ձեն կուտամ»… Մի քիչ էլ քեֆը լավ էր, ինչպես և բոլորինս: Պատկերացնո՞ւմ եք, առավոտը Նիկոն զարթնել ու ինչ-որ բան շփոթել է` Գագոյին է ձեն տալիս. «Գագո, Գագո, դու յոթին բդի չերթայի՞ր»: Գագոն էլ` քնատ, թե. «Չէ` ես քառսունքին բդի էրթամ, Ֆրունզը բդի յոթին էրթա»:

— Իսկ ամերիկյան ռեալ կյանքն ինչպիսի՞ն էր «Հումորի տնից» եկածներիդ համար:

— Ռեալ կյանքը շատ դժվար էր, այնտեղ դերասանությամբ գլուխդ պահել չես կարող, եթե, իհարկե, հոլիվուդյան աստղ չես (ծիծաղում է): Լավագույն դեպքում` դերասանությամբ կարող ես զբաղվել սիրողական մակարդակով: Շատերին թվում է, թե բավական է, որ մեկնի այնտեղ ու ամերիկյան հրաշքն իրեն գրկաբաց կընդունի: Չէ, այնտեղ մենք գիշեր-ցերեկ աշխատում էինք: Որպեսզի նախ` կարողանայինք գլուխներս պահեինք, հետո` Գյումրիում տուն պահեինք: Ես 12 տարի ապրեցի ԱՄՆ-ում: Ընտանիքս այստեղ էր` կինս ու երկու որդիներս, որ ծնվել էին երկրաշարժից հետո, իսկ մինչ այդ աղետը մեզնից խլել էր երկու զավակի: Այնպես որ, հիմա, եթե դեռ պապիկ ու տատիկ չենք, իր պատճառներն ունի: Որդիներս ավարտել են բուհը, ծառայել բանակում, աշխատում են, մեկը ռեժիսոր է, մյուսը` ծրագրավորող: Կինս` Տիկնիկային թատրոնում դերասանուհի է:

— 12 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, ի վերջո, վերադարձաք Գյումրի, հասկանալի է, որ բացի Ձեր ընտանիքից, թատրոնի նկատմամբ ևս կարոտ ունեիք սրտում, բայց ստեղծագործական այդ պարապուրդից հետո, պետք է կարծել, որ որոշակի դերասանական հմտություններ էիք կորցրել, դժվա՞ր էր դրանք վերագտնելը:

— Մի պահ կարծես ներփակված լինեի, բայց հետո, փառք Աստծո, խաղացի դերեր ու դժգոհ չեմ` ինչպես ես, այնպես էլ հանդիսատեսը: Ներկայում 7-8 խաղացանկային դերերում եմ զբաղված:

— Իսկ որո՞նք են Ձեր նախասիրած կերպարները:

— Անկեղծ ասած, այդպիսիք կոնկրետ չկան ինձ համար: Ինձ գոհացնում են, հարազատ են իմ խաղացած բոլոր դերերը, սկսած` մանկական ներկայացումներում խաղացածներիցս: Դրանցում անգամ կերպարային ընդհանրական եզրեր կարող են չլինել, ինչպես, օրինակ, ինքներդ դատեք` ի՞նչ ընդհանրություն կարող է լինել իմ խաղացած տերտերի ու ոստիկանի միջև: Մի ծիծաղաշարժ դեպք հիշեցի. ծանոթներիցս մեկը որդուն ասել էր, որ ես թատրոնում դերասան եմ, դե, նա էլ ինձ տեսել էր ռուսական «Երկրաշարժ» ֆիլմի` Գյումրու շուկայում նկարահանված դրվագային դերս ու հորը միամտորեն` իր պատկերացրածի չափով, հարցրել էր, թե ինչո՞ւ էր ստել` «Ախր, ի՞նչ թատրոն` էդ հոպարը ղասաբ է, ոչ թե դերասան»:

Դրվագ «Երկրաշարժ» ֆիլմից

— Ի դեպ, կինոյում և հեռուստասերիալներում էլ են Ձեզ հրավիրում խաղալու: Վերջին շրջանում Դուք խաղում էիք Հանրային հեռուստատեսության նկարահանած «Շտապ օգնություն» սերիալում: Ըստ իս, վարորդի Ձեր դերը կոլորիտային էր ստացվել: Իսկ առհասարակ գոհացնո՞ւմ են հայկական սերիալները:

— Այդ սերալի նկարահանումները երկուսուկես ամիս տևեցին, իսկ թատրոնում զբաղվածությունս այդ ընթացքում մեծ չէր և, որքան տեղյակ եմ, դրա մասին հեռուստադիտողների արձագանքներից, կարող եմ ենթադրել, որ հիմնականում դրական էին: Բայց թող ինձնից ոչ մեկը չնեղանա, թաքցնելու ոչինչ չունեմ` ինձ դուր չեն գալիս նկարահանվող սերիալները:

— Դատելով Ձեր անցած կյանքից, այն հարթ չի եղել` զավակների կորուստ, պարտադրված բաժանում ընտանիքից` կարիքներ հոգալու նպատակով, իսկ այսօր կարո՞ղ եք ասել, որ եկել եք մի հանգրվանի, երբ Ձեզ կարող եք թույլ տալ երջանիկ զգալ:

— Երջանկությունը, իհարկե, հարաբերական հասկացություն է, կարելի է, օրինակ, ինչպես ոմանք են պատկերացնում, երջանիկ զգալ, երբ կարողանում են ամսվա կոմունալ վարձերը մուծել: Սա, իհարկե, կատակով: Բայց, եթե լրջորեն մոտենամ հարցին, ապա հրաշալի կնոջ ու հրաշք երեխաներով ընտանիքում դու կարող ես երջանկության բույրը զգալ: Եթե, իհարկե, դեռ այդ բույրն զգալու կարողությունդ չես կորցրել:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ