ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարանտինի շրջանում նվազել են բնակարանային գողությունները, աճել՝ ընտանեկան բռնությունները

Հարցազրույց Շիրակի մարզի դատախազ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:

Պարոն Գաբրիելյան, երբ կարանտինի պատճառով մարդիկ տանը նստեցին, ժողովրդի մոտ կարծես համոզմունք ձևավորվեց, որ բնակարանային գողությունների թիվը կնվազի:

— Մենք ուսումնասիրել ենք 2020թ. առաջին կիսամյակում արձանագրված բնակարանային գողությունների շարժը, համադրել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ և արձանագրել, որ, այո, ունենք բնակարանային գողությունների թվի նվազում: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 52 դեպք, ապա այս տարի 38: Այո, ես ևս այն կարծիքին եմ, որ նվազումը պայմանավորված է կարանտինով, որ բնակիչները չեն բացակայել բնակարաններից: Բացի այս, նպաստել է նաև Գյումրի քաղաքի շատ հատվածներում տեսանկարահանող սարքերի տեղադրումը:

Նաև մտավախություն կար, որ բնակարանային գողերն «անգործ» մնալու պատճառով կանցնեն ավազակային հարձակումների:

— Բնակարանային գողությունների հանրային վտանգավորությունն կայանում է նրանում, որ կարող է նշված հանցագործությունը շատ արագ վերաճել այլ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ավազակային հարձակումներ, ծանր մարմնական վնասվածքների պատճառում, սպանություն: Այսինքն, օրենսդիրը փոփոխեց բնակարանային գողություններով սահմանված հանցագործությունների սանկցիան և այն դասեց ծանր հանցագործությունների շարքին և պատժի առումով խստացրեց:

Հեղափոխությունից հետո ժողովուրդը հույս ուներ, որ իշխանությունը կդրսևորի քաղաքական կամք՝ բացահայտելու կոռուպցիոն հանցավոր խմբերին, ակնկալիք ուներ, որ հանցագործները կպատժվեն: Ինչպիսի՞ ցուցանիշներ ունենք:

— Մարզի դատախազությունը երկար, բազմաչարչար աշխատանքներ է իրականացրել կոռուպցիոն սխեմաների բացահայտման և արձանագրման ուղղությամբ: Այս տարվա 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավել է (2019-ին 42 դեպք էր): Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերը վերաբերել են հիմնականում կրթության, ՏԻՄ, կադաստրային, բանկային, առողջապահական, սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ոլորտներին, ՊՈԱԿ-ում կատարված տարբեր կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված առերևույթ հանցագործություններ: 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 87 անձի նկատմամբ իրականացրել ենք քրեական հետապնդման գործընթացներ, որոնցից՝ 23 համայնքի ղեկավար, 16 դպրոցների և մարզադպրոցների տնօրեններ, 4 փոխտնօրեն, 8 ուսուցիչ, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 3 տնօրեն, բժշկասոցիալական ոլորտի 1 ղեկավարի և 2 աշխատակցի, ՊՈԱԿ-ի 6 տնօրենի, հիվանդանոցի 3 տնօրենի և 9 բուժաշխատողի, պաշտոնատար անձանց և 8 քաղաքացու, որոնք օժանդակել են պաշտոնատար անձանց կողմից իրենց հետ հանցավոր գործարքին:

Գումարային տեսքով պետությանը որքա՞ն վնաս է պատճառվել:

— Պետության պատճառված վնասը կազմել է 137 միլիոն դրամ, վերականգնվել է շուրջ 18 միլիոն դրամը: Մնացած գումարի վերականգնման ուղղությամբ գործողություններ են ձեռնարկվել, բռնագանձումները պատշաճ ապահովելու համար մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանքներ են դրվել:

Պարոն Գաբրիելյան, այսօր կոռուպցիոն դեպքերի մասին քրեական գործերը կան, հանցագործը կա, բայց պատիժ՝ որպես այդպիսին, չկա, բացառությամբ, երբ պատճառված վնասն է վերականգնվում:

— Ձեր հարցին հետևյալ կերպ կպատասխանեմ. մենք ունենք հարուցված բազմաթիվ քրեական գործեր՝ այդ թվում կոռուպցիոն դրսևորումների: Եթե մենք ունենում ենք բավարար ապացույցների համադրություն կոնկրետ ներկա և նախիկին պաշտոնատար անձերի կողմից կատարված հանցավոր դրսևորումների մասով, մեր կողմից իրականացվում է քրեական հետապնդում, այսինքն առաջադրվում է մեղադրանք: Այդ հանցագործությունների ոչ մեծ կամ միջին ծանրության դեպքերով պատճառված վնասը վերականգնելուց հետո մենք նրա նկատմամբ կիրառում ենք խրախուսող նորմ. այսինքն, վերականգնում է պետությանը պատճառված վնասը, փաստում ենք, որ առաջին անգամն է կատարել ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն հանցագործությունը, նշված սուբյեկտը գործի նախաքննության ընթացքում աջակցել է վարույթն իրականացնող մարմնին՝ տվել է խոստովանական ցուցմունք, իր ցուցմունքներով բացահայտվել է գործի բոլոր հանգամանքները, բացի այդ, նաև հաշվի առնելով, որ այդ անձն այլևս չի զբաղեցնում պաշտոնը, մենք կարող ենք խրախուսական նորմով որոշում կայացնել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու:

Այսինքն, սուբյեկտը, որը «բռնվել» է կոռուպցիոն հանցանքի մեջ, Ձեր նշած փաստերից ելնելով, այլևս չի՞ կարող շարունակել պաշտոնավարումը:

— Նայած, թե ինչ պաշտոն է զբաղեցնում. եթե դպրոցի տնօրեն է, օրենքի տեսակետով խնդիր չի ստեղծվում, եթե չկա դատական ակտ, որով նրա լիազորությունները որոշակի ժամկետով սահմանափակվել են, կարծում եմ, խնդիրներ չի առաջացնում: Բացի այս, երբ նման որոշումներ են կայացվել, իմ կողմից համապատասխան միջնորդագրեր են հասցեագրվել Շիրակի մարզպետին, որով առաջարկվել է նշված անձանց նկատմամբ կարգապահական ներգործություն կիրառել, բայց, եթե անձին մեղսագրվում է 19-րդ հոդվածը՝ ծանր հանցագործություն, որոնց համար նախատեսված է մինչև 10 տարի ազատազրկում, նշված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել խրախուսական նորմ, օրենքը չի թույլատրում: Բազմաթիվ դեպքեր էլ ունենք, օրինակ, դպրոցի տնօրեններ, որոնք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը, արդեն իսկ ունենք հիմնավորված ապացույցներ՝ նրանց կողմից ենթադրյալ հանցավոր դրսևորումները կատարելու համար, խոսքը բազմադրվագ հանցագործությունների մասին է, և այդ գործերն ուղարկվել են դատարան, նշված անձանց նկատմամբ բացառվում է մեղմ պատիժ նշանակելը: Ես, որպես մարզի դատախազ, մեղադրական ճառով՝ որպես պատիժ պարտադիր նախատեսում եմ ազատազրկումը:

Դարձյալ վերադառնալով կարանտինին. ընտանեկան բռնությունների ինչպիսի՞ ցուցանիշներ են արձանագրվել:

— Կարանտինի շրջանում ընտանեկան բռնությունների աճ ունենք: Մեր կողմից որդեգրվել է հստակ իրականացվող քրեական քաղաքականություն. երբ մենք ունենում ենք նշված դեպք, անմիջապես մանրամասն քննության առարկա է դարձվում: Եթե ճշտվում է, որ տվյալ ընտանիքում բռնությունը կրել է պարբերական բնույթ, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքին, հանրային մեղադրանքի սկզբունքով, դատախազի կողմից հարուցվում է քրեական գործ:

— «Ճանապարհային խուլիգանների», «գիշերային շումախերների» նկատմամբ հնարավո՞ր է զսպող, պատժող գործիք կիրառելը:

— Այդ հանգամանքն ինձ ևս շատ է մտահոգել: Բազմաթիվ անգամ միջնորդագրեր եմ հղել ճանապարհային ոստիկանության պետին, հորդորել եմ ուժեղացնել ծառայությունը. Սայաթ-Նովա, Պարույր Սևակ փողոցներում, հրապարակներում կոնկրետ օրինակներով փաստել եմ իրավախախտումները: Իրավախախտ շատ անձինք հայտնաբերվել են և ենթարկվել վարչական պատասխանատվության:

 

Մի քանի աղմկահարույց  դեպքերի մասին

Պարոն Գաբրիելյան, Մարալիկ համայնքի ղեկավարի նկատմամբ ևս քրեական գործ հարուցվեց. այն ի՞նչ էտապում է գտնվում:

— Գիտեք, որ դատարանի կողմից կայացվեց մեղադրական դատավճիռ՝ 2 տարի 6 ամսվա ազատազրկման և համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացման:

Սակայն նա այս պահին պաշտոնավարում է:

— Այս պահին պաշտոնավարում է, քանի որ այդ դատական ակտը օրինական ուժ դեռ չի ստացել, մեկ ամիս ժամանակ կա, եթե պաշտպանական կողմից Վերաքննիչ բողոք կբերվի, ապա գործի քննությունը կշարունակվի:

Մեկ այլ աղմկահարույց դեպքից խոսենք. Գյումրու 1 և 2 սոցծառայության պաշտոնյաների և աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցավոր դրսևորման դեպքեր արձանագրվեցին:

— Այո, ունենք բացահայտված դեպք. նրանք տևական ժամանակ զբաղվել են հանցավոր արարքներ կատարելով: Այս  պահին ունենք բազմաթիվ ներգրավվյալ մեղադրյալ անձինք, ունենք նաև կալանքի տակ գտնվող անձ: Այս գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Իսկ ՇՊՀ նախկին ռեկտորի նկատմամբ ևս գործ էր հարուցվել, սակայն վերջնական հանգուցալուծում կարծես չունենք:

— Քրեական գործ էր հարուցվել մի քանի դրվագներով, այդ թվում Սահակ Մինասյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու, նախկին ռեկտորի կամ այլ աշխատակիցների կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Այդ քրեական գործն արդեն իսկ տևական ժամանակ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, այնտեղ կատարվում է նախաքննություն, և Շիրակի մարզի դատախազության կողմից դատավարական ղեկավարում չի իրականացվում այդ գործի նկատմամբ: Ես այս պահին որևէ տվյալ չունեմ այդ գործից:

Մարմաշենի համայնքում ֆուտբոլային խաղի ողբերգական ավարտի՝ սպանության դեպքի պահով ի՞նչ կասեք:

— Այս քրեական գործով մտահոգվելու որևէ հանգամանք չկա, մենք ունենք որպես մեղադրյալ ներգրավված անձ, կալանավորված է: Հիմնավորվել է, որ տուժողի նկատմամբ բռնություն կատարել է մեկ անձ, որի բռնության հետևանքով տուժողը մահացել է: Մենք հրավիրել ենք տուժողի հարազատներին, զրուցել ենք, հարցրել ենք, որ եթե այլ անձանց մասին գիտեն, կոնկրետ  փաստական տվյալներ ներկայացնեն, սակայն նման տվյալներ չեն տրվել:

 

Պիտակներ՝