ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Կյանքն ափի մեջ

Գրիգորի Եսայանը ծնվել է 1974թ., Ախլցխայում, սակայն մշտապես բնակվել է Ռուսաստանում: Երգչին ավելի լավ են ճանաչում Ռուսաստանում, նրա մի քանի երգեր հիթեր են, եւ Youtube-ում բազմամիլիոնանոց  դիտողականություն ունեն: Գրիգորի Եսայանը թողարկել է մի քանի երաժշտական ալբոմ

 

Ո՞վ է Գրիգորի Եսայանը` իր նկարագրությամբ:

— … ամբողջ էությամբ երաժշտությամբ տարված, բարի անձնավորություն:

Ծննդավա՞յրն է հարազատ, արյան կա՞նչը, թե՞ այն միջավայրը, որտեղ ձևավորվել է անհատի գիտակցական կյանքը:

— Ես՝ լինելով հայազգի, ծնվել եմ Վրաստանում, որտեղ անցկացրել եմ մանկությունս, իսկ հետո տեղափոխվել ենք Ռուսաստան, որտեղ կայացել եմ արդեն որպես հասուն մարդ: Իմ կյանքի յուրաքանչյուր շրջափուլ ինձ համար կարևոր է, և յուրաքանչյուր շրջան իր մեջ ներառում է զգացողությունների այն շրջանակը, որի մեջ տեղավորվում է ընկերություն, շրջապատ, մտերմություն, հարազատ մարդիկ ու միջավայրեր: Չեմ կարողանա զատել մեկը մյուսից՝ դա իմ կյանքն է: Լինելով հայ, սակայն երբևէ Հայաստանում երկարաժամկետ չեմ բնակվել, բայց ասեմ, թե Հայաստանն իմ կյանքում որևէ դերակատարություն չունի, դա անհնարին է: Ես նույնիսկ ուզում եմ հայկական անձնագիր ստանալ՝ որպես երկքաղաքացի:

Ծանոթանալով Ձեր կենսագրությանը՝ Դուք մասնագիտությամբ ճանապարհաշինարար եքերաժշտությունը հոբբի՞ է եղել, թե՞

— Փառք Աստծո, որ ճանապարհաշինարար չեմ դարձել, այդպիսով հասարակությունը շահել է, որ ճանապարհ, կամուրջ կառուցելուն ես չեմ եղել (ծիծաղում է)… Բայց ես շատ լավ սովորել եմ թե՛ դպրոցում, թե՛ բուհում: Չարաճճի լավ սովորողներից եմ եղել: Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ոչ թե հոբբի էր, այլ մանկությունից իմն է եղել. կիթառը ձեռքիս ման էի գալիս, դպրոցում էլ եմ նվագել, միշտ կիթառն ինձ ընկերակցել է:

Որտեղի՞ց կամ ինչի՞ց սկսվեց Ձեր ստեղծագործական ուղին:

— Որ ասեմ, թե մանկուց երազել եմ երգիչ դառնալ՝ այդպես չէ: Երազում էի լինել բեմում, թե որպես ով կլինեի բեմում, դա արդեն երկրորդական էր: Բայց, միգուցե բախտս էլ բերել է, որ բեմում եմ որպես երգիչ, այլ ոչ, ասենք՝ տեխնիկ, մեխանիկ, թմբկահար…

-… Մի րոպե. սակայն մինչ երգարվեստում բեմելը, Դուք թատերական բեմում եք եղել, անգամ այնպիսի հայտնի ներկայացումներում եք խաղացել, ինչպիսիք են՝ «Գնա մեռի, արի սիրեմ», «Չար ոգի», իսկ «Նամուս»-ում մարմնավորել եք գլխավոր հերոսին:

— Այո, մի քանի հայկական ներկայացումներում խաղացել եմ: Թերևս այո, բեմն ինձ համար միշտ ձգողական մեծ ուժ է ունեցել: Մարդիկ կան, որ վախենում են բեմից, իսկ ես ինձ շատ հարմարավետ եմ զգացել փոքրուց, առանց կաշկանդվելու:

Թատերական փորձն ի՞նչ տվեց՝ երգչի կարիերայի կայացման ուղում: Եվ հիմա, երբ արդեն կայացած երգիչ եք, ու եթե ընտրության մեկ պահ լինի, նորից երգչի՞ կարիերան կնախընտրեիք, թե՞ դերասանի:

— Ես շատ ուրախ եմ, որ երգարվեստում եմ: Միևնույն ժամանակ պետք է փաստեմ, որ մեծ ուրախությամբ, եթե ժամանակ լինի, 2-3 ներկայացումների մեջ դարձյալ կխաղայի, մանավանդ, որ հրավերներ ունեմ: Բայց, թատրոնը շատ ժամանակ է պահանջում, մինչև ներկայացման խաղը՝ փորձեր, փորձեր, բայց ժամանակ չունեմ: Եթե ընտրության պահը լիներ, այդուամենայնիվ, ես դարձյալ կընտրեի երգարվեստը: Իսկ թատերական փորձն, իհարկե, կարևոր դաս էր՝ բեմում լինելու ոչ միայն որպես երգիչ, այլ որպես արտիստ: Բացի այս, երիտասարդ տարիներիս նաև դիսկոտեկներում դիջեյ եմ եղել՝ և՛ վարել եմ, և՛ երգել եմ, ինչն ինձ էլ ավելի ազատ լինելու փորձ տվեց:

Ձեր երգերի բառերը Դո՞ւք եք գրում, այսպես ասած, Մուսայի հետ լա՞վ եք, թե՞ Ձեզ համար գրում են:

— 99 տոկոսով երգերիս բառերի հեղինակն ես եմ: Երեք երգ ունեմ, որոնց համահեղինակն եմ:

Ձեր մայրը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, իսկ հայրը՝ կինոմեխանիկ. Ձեր վրա ավելի շատ ծնողներից ո՞րի ազդեցությունն եք զգում:

— Որպես հայկական ընտանիք, կարծում եմ հայրս է մեծ ազդեցություն ունեցել: Փոքրուց, դպրոցից վազել եմ նրա մոտ, օգնել աշխատանքում:

Ձեր երգերը մեծ դիտողականություն ունեն համացանցում: Պարզ է, որ Ձեր երգարվեստի երկրպագուները մեծ թիվ են կազմում: Ի՞նչ կասեք, ի՞նչն է երկրպագուներին գրավում, երգերի բառե՞րն են ունկնդիրների սրտերին դիպչում, թե մեղեդին է հեշտ ընկալելի:

— Չեմ կարծում, որ մեծ թիվ են կազմում երկրպագուներս…

— … Կներեք, սակայն «Յութուբով» Ձեր տեսահոլովակները բազմամիլիոնանոց դիտողականություն ունեն:

— Լավ, ասեմ այսպես՝ ես ավելին եմ ուզում (ծիծաղում է): Իսկ թե ինչն է գրավում իմ երգարվեստին հետևողներին, ճիշտ նկատեցիք՝ բառերն ունկնդիրներին հարազատ են, որովհետև ամեն մի երգ կյանքի մի պատմություն է, իսկ կյանքի նման պատմություններ շատերն ունեն: Ասեմ ավելի՝ ես իմ երգերում անկեղծ եմ, և այդ անկեղծությունն է, որն իմ հաղթաթուղթն է: Օրինակ՝ էջմիածինցին չպիտի երգի «գյումրեցի, ես քո ցավը տանեմ… քեզ շատ եմ սիրում…», որովհետև ինքն անկեղծ չի: Կամ՝ իմ մայրը մահացել է… Եվ, եթե հեշտ բառերի ու հանգերի հետևից ընկնեմ ու երգեմ՝ «արի մայրիկ, իմ հետ պարի», ես անկեղծ չեմ լինի: Բայց մյուսների մոտ շատ լավ բառակապակցված, հանգավորված երգ կստացվի…

Իսկ երաժշտությո՞ւնը, այն հայտնի գործիքավորումների հենքի վրա՞ է կառուցվում, թե՞ նորն է ստեղծվում

— Սկզբի տառից մինչև վերջին նոտան մեր ստեղծագործական թիմի աշխատանքի արդյունքն է: Մենք տրադիցիոնալ ընդունված հայկական 6/8 չենք գրում, երևի դրա համար տարբերվում ենք…

— 6/8-ը դա ռաբի՞սն է:

— Ռաբիսը կարող է և՛ ռումբա լինել, սալսա լինել, բայց 6/8-ն ասենք՝ «Կտրիճ Դավո» և այլն: Իմը կարելի է երևի արևելյան փոփ անվանել: Բայց հստակ սահմանազատում չէ. մեր երգիչների մեջ չկան նրանք, որոնք կոնկրետ «սթայլ» ունեն… Ես էլ ինչ-որ տեղ կարող եմ ռաբիս համարվել:

Երգարվեստում ԱՄԵՆԱ ո՞ւմ եք համարում, որին երկրպագում եք:

— Անկեղծ՝ ես ոչ մեկին չեմ երկրպագել: Լսում եմ այն գործերը, որոնք ինձ դուր չեն գալիս… Իսկ այդպես եմ վարվում, որպեսզի այն սխալները, որոնք տվյալ երգիչը թույլ է տալիս, որն ինձ դուրեկան չէ, փորձեմ ինքս զերծ մնալ ու նման սխալներ թույլ չտամ:

Մասնակցել եք բազմաթիվ շոուների. Նովոսիբիրսկում՝ «Շոու տրանզիտ», Սոչիում՝ «Ծով, գարեջուր Սոչիում», հետագայում հայաստանյան «Համազգային աստղ» նախագծում. ամենուրեք հաղթող կամ մրցանակակիր եք դարձել: Դուք հաղթո՞ղ եք, թե՞ Ձեզ Ճակատագիրն է «երես տվել»:

— Այդ շոուներն երիտասարդ տարիքում էին… Երևի՝ այո, երես առել եմ. մանավանդ Ռուսաստանում լինելով այլազգի ու հաղթել որևէ շոու-ծրագրում, դա, իրոք, երես առնելու հավես է տալիս…

Ո՞ր լեզվով կատարած երգերն եք հոգեհարազատ համարում. վրացերեն, հայերեն, թե՞ ռուսերեն:

— Անկեղծ, վրացերեն 1-2 երգ ունեմ, շատ ափսոսանքով եմ ասում: Մնացածը հայերենով ու ռուսերենով եմ երգում, ունեմ նաև իսպաներենով:

Դուք ճոխ խնջույքների ամենասպասված երգիչներից եք. եթե անկեղծ՝ համերգասրա՞հ, թե՞ կարևոր չէ, որտեղ եք հոգու ճիչն արտահայտում:

— Այո, ես ճոխ խնջույքների մասնակից եմ՝ որպես երգիչ: Բայց համերգասրահում տված համերգը, տված ու ստացած էներգետիկան անհամեմատելի է: Իսկ խնջույքներին միայն տալիս ես… Չնայած, պետք է այսպես ձևակերպեմ. համերգները տալիս են հոգևոր հարստություն, իսկ խնջույքները՝ գումարային: Ես երբ երգում եմ, ինձ շատ երջանիկ եմ զգում: Բայց բեմի մարդիկ գիտեն, թե որքան էներգիա ես ծախսում, երբ նվիրված ես քո արվեստին:

Փող, մեծ կապեր, թե՞ տաղանդ, ո՞րն եք ընտրում և, ո՞րն է Ձեր հաջողության բանալին:

— Տաղանդն ու մեծ կապերը բավարար են: Հաջողության բանալին՝ իմ շատ լավ ընկերներն են ու շրջապատը: Բայց ամենակարևորը, ինչպես արդեն նշեցի՝ երգելիս անկեղծ լինելն է, որ իմ հաջողության բանալին է:

— «Ներիր սիրելիս» երգն ո՞ւմ է նվիրված:

— Չէի ուզենա ասել…

Իսկ «Ոնց եմ քեզ սիրում» երգը:

— Այն իմ մեծ տղայիս է նվիրված… Այն որպես նամակ է, էն ժամանակներում, երբ ես որդուս հետ շփվելու հնարավորություն չունեի, նրան այդկերպ եմ իմ սիրտը բացել: Ես չէի էլ սպասում, որ այդ երգը այդպիսի մեծ արձագանք կստանա: Երբեմն խնջույքներին մոտենում, ասում էին. «Ոնց եմ քեզ սիրում», ես մտածում էի, թե ինձ են ասում. (ծիծաղում է): Նաև, գալիս, ասում էին՝ «սպիտակ ուսերը»… Զարմանում էի, հետո հասկանում էի, որ երգի մեջ եղած սպիտակ ու սև բառերն ընկալել են «ուսեր»… Հետո կամաց-կամաց հասկացա, որ երգը տարածվել է, տարբեր լեզուներով են սկսել երգել: Տեսահոլովակը՝ երգի համար, նկարահանվել է 2-3 տարի հետո:

Ձեր տեսահոլովակները բավական ճաշակով են ու ինքնատիպ:

— Այո, համամիտ եմ. իմը ընտանիքն է, ընկերներ, անկեղծություն… Ինչ լավ է ստացվում, դա պետք է անես: Իսկ տեսահոլովակների վրա թիմով ենք որոշում, խորհրդակցում, աշխատում:

Հայաստանյան վերջին իրողություններին հետևո՞ւմ եք:

— Ես քաղաքականությունից հեռու եմ, չնայած, հիմա երբեմն այնպիսի մարդիկ եմ տեսնում քաղաքականության մեջ, որ մտածում եմ, թե այնքան էլ հեռու չեմ… Չէ, բայց… Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Հայաստանը, իսկ ավելի շուտ՝ Երևանը, ես շատ եմ սիրում: Կարոտում եմ, ուզում եմ, որ Հայաստանը լավ ապրի: Ճիշտ հասկացեք. ազգությամբ հայ, որը ծնվել է Վրաստանում՝ օտար է եղել այնտեղ, ծնված լինելով Վրաստանում, երբ եկել եմ Հայաստան, այստեղ՝ վրացահայ եմ եղել, իսկ գնալով Ռուսաստան, այնտեղ առավել ևս օտար եմ եղել: Դա դաժան իրողություն է:

 

Կյանքի խաչվող ուղիներում

Սերը որքանո՞վ է Ձեր կյանքում:

— Ես սիրատոչոր անձնավորություն եմ. շուտ եմ սիրահարվում, և դա բնավ նկատի չունի հենց կին… կարող եմ սիրել լավ մեքենա, լավ ֆիլմ: Ես հուզական մարդ եմ, էմոցիոնալ, կարող է, եթե մի բանի այնքան հավանեմ, որ հուզվեմ: Ես, որ երգի բառերը գրում եմ, երբ ինձ շատ-շատ է դուր գալիս, կարող է նույնիսկ լացեմ… սենտիմենտալ եմ:

Կնոջ ինչպիսի՞ կերպարն է Ձեր սիրտը գերում:

— Իմ կինը, որը մինչև հիմա էլ գերում է:

Երկու ամուսնություն. Ձեր ամուսնական կյանքը երկփեղկվել էԻնչպիսի՞ ապրումներ եք թողել անցյալում:

— Շատ երջանիկ, շատ լավ հիշողությունները պահպանել եմ, իսկ վատ բան չեմ հիշում: Ես այդպիսին եմ:

Ստացվել է այնպես, որ երկու ընտանիք ունեք: Եվ առաջին, և երկրորդ օջախում երեխաներ ունեք, ինչպիսի՞ն են հարաբերությունները:

— Շատ լավ, հիանալի հարաբերությունների մեջ ենք: Փառք Աստծո, ամեն ինչ կարգավորվել է, հասկացել ենք, որ կյանք է, որում ամեն ինչ պատահում է:

 

Բլից

Իմ կյանքի կարևոր մարդը կամ մարդիկ

— … Իմ երեխեքն են, իսկ գլխավորը՝ հայրիկս, նա իմ Աստվածն է: Եթե մայրս լիներ, նրան էլ կներառեի:

Իմ սկզբունքն է

— … Նախ ինքս իմ հետ լինել անկեղծ,

—  Իմ ամենամեծ ձեռքբերումը՝ դա

-… Իմ երեխաներն են:

Ամենացնցող իրականությունը

-… Այսօրվա շոու-բիզնեսը

Իմ՝ կյանքից քաղած դասը/երը

-… Ամեն օր, ամեն ինչից էլ դաս ենք քաղում:

Իմ հարստությունը

-… Առաջի հերթին՝ իմ երեխաները, հետո նոր ընկերությունը: