ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հանրային մոբիլիզացիա՝ COVID-19-ի դեմ պայքարում

Դեռևս հունիսի սկզբին «Կոմպասս ԳԿԽԿ» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր արել. «… հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրիս ներդրումը ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալու առումով դարձել է կենսական։ Խիստ անընդունելի է բոլոր մերկապարանոց հայտարարություններն ու քննադատությունները։ Դրա փոխարեն անհրաժեշտ է ազգովի մոբիլիզանալ և օգնել պետությանը՝ դուրս գալ այս իրավիճակից։ Մի նախաձեռնություն ունեմ. այն անձինք, ովքեր ունեն որոշակի վերլուծական/հետազոտական կամ ռուսերեն, կամ անգլերեն լեզուներից թարգմանչական հմտություններ և ուզում են այս պահին օգտակար լինել մեր երկրին՝ դուրս գալու այս իրավիճակից, թող արձագանքեն»։ Հայտարարությանը հետևեց բազմաթիվ մարդկանց արձագանքը, շատ արագ ձևավորվեց կամավորներից կազմված խումբ, ստեղծվեց  «Հակաճգնաժամային շարժման հանրային օպերատիվ շտաբ» (ՀՇՀՕՇ) հարթակը, իսկ 2 օր անց արդեն Շիրակի մարզպետի մոտ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, հետագայում նաև կազմակերպվեց քննարկում օնլայն հարթակում:

— Ղարիբ, խոսենք նախաձեռնությունից. ինչո՞ւ, ինչի՞ համար այն ստեղծվեց:

— Բացի այն, ինչ անում է կառավարությունը՝ գործողություններ, պարետատան ցուցումներ և այլն, այս փուլում, այս իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի հանրային մոբիլիզացիա ևս տեղի ունենա: Կարողանանք օգնել, աջակցել՝ կանխարգելիչ գործողությունների իրազեկման, քաղաքացիների շրջանում վարքականոնի փոփոխության, անմիջական ազդեցության օրինակների և այլնի մասին: Իհարկե, ողջ պատասխանատվության բեռը կառավարության ուսերին է, բայց չի կարելի մի կողմ քաշվել ու ասել, թե մենք որևէ պատասխանատվություն չենք կրում: Սա պատերազմական վիճակի է նման և, ինչպես Ղարաբաղյան հակամարտության, Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցավ կամավորական, ազգային մոբիլիզացիա, ու մենք տեսանք, թե այն ինչպիսի արդյունք գրանցեց, նույնն էլ հիմա է. եթե ուզում ենք ավելի շուտ դուրս գալ այս իրավիճակից, ավելի քիչ կորուստներով, ապա նույնը հիմա է պետք անել:

— Կարո՞ղ ենք ենթադրել, քանի որ վերջին ամսում համաճարակային վիճակն Հայաստանում այնքան էլ հուսադրող չէ, դա ևս խթան հանդիսացավ, որպեսզի ակտիվ քաղհասարակությունը մտածեր համախմբման ու գործողությունների ծրագրեր մշակելու մասին:

— Տնտեսագիտության մեջ կա վտանգի սրացում, անկում, երբ տնտեսությանը վտանգ է սպառնում, և այն նկարագրվում է փուլային ցիկլով. մի քիչ աճում է, հասնում է պիկի, հետո կորն իջնում է… Սա չեմ ասում առողջապահական տեսանկյունից, դա իմ ոլորտը չէ, այլ ասում եմ համաճարակային իմաստով: Տնտեսության առումով մենք գտնվում կամ մոտենում ենք պիկին: Այստեղ է, որ շատ է կարևորվում հասարակության մոբիլիզացումը: Եվ այս փուլում որևէ կերպ հարված հասցնելը կառավարությանը՝ հավասար է պետական դավաճանության: Պատկերավոր ասած՝ գտնվում ենք սահմանին, ու չկանգնել հրամանատարի կողքին, այլ թիկունքից հարվածե՞լ… Սա բնավ ընդունելի չէ ոչ մի իրեն հարգող իրական քաղաքացու համար: Եթե, իրոք, հայրենասեր ես, իրոք մտածում ես քո երկրի առողջացման, առաջընթացի մասին, տեսնում ես, որ քո երկիրը ծանր վիճակում է, ուրեմն դու պետք է կանգնես իշխանության կողքը, անկախ այն բանից, թե ով կամ որ քաղաքական թիմի կողմից է այն ղեկավարվում: Անգամ, եթե նախկին թալանչի, քրեաօլիգարխիկ համակարգը լիներ, այսպիսի փուլում մենք նույնկերպ կվարվեինք: Ոչ ադեկվատ, կամ դավաճանական նկրտումներով անձինք դա հանրությունը չէ, և ոչ էլ ժողովուրդն է:

— Քննարկվում էր, թե նախաձեռնության գործողությունների ռազմավարություն մշակելու արեալը ողջ Հայաստա՞նն է ընդգրկելու, թե՞ առայժմ միայն Շիրակի մարզը, ի՞նչ եզրի հանգեցիք: Նաև գիտեմ, որ աշխատանքային 3 խումբ է ձևավորվել:

— Քանի որ մենք երեք ուղղություններ ընտրեցինք՝ հետազոտական, արագ արձագանքման և իշխանությունների հետ աշխատանքի, և բավական լուրջ փորձագետներ մեզ միացան, ապա ընդհանուր որոշում կայացվեց: Եթե մենք ուզում ենք մեր աշխատանքի արդյունավետությամբ պարետատանը օբյեկտիվ տեղեկություն տրամադրել, հետազոտական հարցաշար ենք մշակել, մեթոդաբանություն մշակել, մենք որոշեցինք դա անել ամբողջ Հայաստանով, և հստակ ու օբյեկտիվ պատկեր ներկայացնել իշխանությանը, պարետատանը: Ի վերջո, հստակ տեղեկությունից կախված է իրական գործողությունների պլանավորումը:

— Քանի որ արագ արձագանքման հիմունքներով եք աշխատում, ներկայում ինչպիսի՞ արդյունքներ եք գրանցել:

— Նախ ուզում եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը, ամբողջ գործընթացը բացարձակ կամավորության հիմունքներով է և ոչ մի այլ և այլ նկատառումներ չկան՝ ի տխրություն ոմանց: Այս ամենն արվում է հանուն նրա, որ մենք որքան հնարավոր է շուտ ձերբազատվենք համաճարակից ու դրա հետևանքներից: Մեզ կամավորագրվել են մարդիկ, ովքեր քաղաքացի են՝ բառի բուն իմաստով, ենթարկվում են օրենքներին ու կանոններին, և նման կազմակերպված հանրային խմբերի աջակցությունը պետությանը շատ կարևոր է: Այս պահին մոտ 500 հոգի ունենք մեզ միացած: Եթե այս ինտենսիվությամբ շարունակվի, բավական սահամանային ցուցանիշի կհասնենք: Եվ, բնականաբար, մեր ինտենսիվ աշխատանքների արդյունքները շուտով կներկայացնենք պարետատանը:

— Տեսեք, մենք հստակ չգիտենք, թե ազգաբնակչության ինչքան հատվածն է «Ֆեյսբուքում». եթե մենք մեր պատկերացումները վերցնենք սոցիալական ցանցերի «լայքային» արձագանքներից, ապա դա խաբուսիկ կամ թվացյալ կարծիք կստեղծի: Սոցցանցից դուրս, ինչպիսի՞ ազդեցության գործողություններ եք մշակելու:

— Ճիշտ եք: Մենք հենց այդ մոտեցմամբ ենք կազմում մեր աշխատանքային պլանները: Դրա համար մշակված «Հանրային տրամադրությունների և հանրության կողմից հակահամաճարակային կանոններին հետևելու վերաբերյալ անանուն հարցումը» միտված է նրան, որ այն լրացնողը, որը սոցցանցում է, ևս մեկ հոգի՝ ընտանիքի անդամի կամ մտերիմի համար էլ լրացնի, ով համացանցից չի օգտվում։ Սա ցանցից դուրս մարդանց տրամադրությունների ստուգում է, և գործընթացների մեջ ընդգրկում: Հաշվի է առնվում տարիքայի սահմանը. եթե «Ֆեյսբուքում» 14-50 և անց տարիքային խումբն է, ապա հարցաթերթիկի շահառուներ ցանկալի է լինեն 65+ տարիքի մարդկանց կարծիքները: Իսկ արագ արձագանքման խումբն էլ իր հերթին հանրության հետ իրազեկման աշխատանքներ է տանում. մենք դիմակներով, ձեռնոցներով շրջում ենք համայնքում, և կանխարգելիչ միջոցների անհրաժեշտության, նոր վարքականոնի պահպանման կարևորության մասին ենք մարդկանց հետ զրուցում: Բացի այս, քարտեզագրում ենք քիչ թե շատ հայտնի, հեղինակություն ունեցող մարդկանց, ովքեր համաձայն են մեզ օգնել՝ նույնկերպ դուրս գալ իրենց թաղերը, բակերը, փողոցները և իրազեկման գործողություններ իրականացնեն: Բնականաբար, նաև այդպես հանրության արձագանքներ, առաջարկներ են հավաքագրվում: Մենք արդեն Շիրակի մարզպետին մի շարք հարցեր ենք փոխանցել: Սա պարետատան համար էլ է օգնություն, չենք ասում, թե իրենք որևէ գործողություն չեն իրականացնում… ուղղակի հավելյալ օգնության պարագայում ՕԳԳ-ն առավել բարձր կստացվի: Բացի այս, նաև միջազգային փորձն ենք ուսումնասիրում, հաջողված գործողություններն ենք հավաքագրում, որը ևս ուղարկում ենք պարետատուն: Գիտեք, մեր մարզպետը բաց է, այսպիսի նախաձեռնություններին արագ արձագանքում և խրախուսում է, մենք ուզում ենք, որ մեր այս մոդելը մյուս մարզերում ևս կիրառելի դառնա:

— Պարետատնից, իշխանություններից ինչպիսի՞ արձագանքներ ունեք:

— Մեր մարզպետի միջոցով իրենք տեղյակ են մեր նախաձեռնությունից, ողջունել են, մեզանից պարբերաբար տեղեկատվություն ստանում են և, բնականաբար, մեզանից սպասում են նաև հարցումների արդյունքները: Դե, նման հարցումներ կազմակերպելը բավական աշխատատար է և ժամանակային առումով՝ ռեսուրսատար է: Բայց փորձագետները, սոցիոլոգները կամավոր մեզ միանալով, լուրջ աշխատանք են կատարում: Եվ սա կառավարության համար շատ օգտակար է:

Պիտակներ՝