ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հույսից առավել մեզ հավատ է պետք

Հարցազրույց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆԻ հետ:

— Զարեհ, Սաքո, Արա Աստված, Փոսիո, Էդգար Մյուրցոն, Մախլասուլի, Միստր Բիլլ, Վռամշապուհ արքա, Խեղկատակ, Արշիլ Գորկի, Բլեզ, Ռիչարդ, Դեյմոն, Դանիել Վարուժան… Տիգրան, քո մարմնավորած կերպարներն այնքան շատ են, որ հարցս ուզում եմ այսպես ձևակերպել՝ կարո՞ղ ենք ասել, որ քո կյանքի կեսը բեմում ես անցկացրել:

— Մարդը երբ ծնվում է, այդտեղից չէ, որ տարիքը պիտի հաշվենք, այլ իր գիտակցական կյանքից: Եթե անգամ թատրոնում ավելի վաղ եմ եղել՝ 1995թ-ից, ապա դարձյալ պիտի հաշվարկենք այն ժամանակահատվածը, որը գիտակցական շրջանն է: Երբ 15 տարեկան էի, թատրոնում բացվեց ստուդիա, բայց այն փակվեց, իսկ ինձ պահեցին թատրոնում: Ինչպես բոլոր դերասաններն են անցնում այդ շրջանը՝ սկզբում ժողովրդական տեսարաններում էի, իսկ առաջին տեքստային խաղն եղավ Ա.Մկրտչյանի և Ռ.Քոչարյանի «Հավատք» պատմական դրամայում՝ որպես մեծ քրմապետի որդի Զարեհ:

— Առաջին լուրջ դերը քո մոտ ինչպիսի՞ տպավորություններ թողեց:

— Ես չեմ զգացել, չեմ մոտեցել դերին որպես պրոֆեսիոնալ, իսկ բեմադրիչներից՝ Ալբերտ Մկրտչյանը լինելով կինոռեժիսոր, նա այնպիսի մոգական ուժ ուներ, որ դու ակամայից անում էիր այն, ինչ ինքն ուզում էր: Հետո պիտի թերթերից իմանայի, որ ներկայացումը բարձր է ընդունվել, և մի հատված էլ իմ մասին էր գրվել…

— Ասել է թե՝ քեզ նկատել են, քո աստղը փայլել է, ուրեմն՝ դերը ստացվել էր:

— Դա իմ ձեռքբերումը չէր, Ալբերտ Մկրտչյանի շնորհքն էր: Ես այդ ժամանակ գիտակցաբար չէի խորացել դերի մեջ, սակայն երբ արդեն սովորեցի Ակադեմիայում, արդեն առարկայական շոշափեցի դերասանի մասնագիտությունը, գիտակցորեն մոտեցա, կերպարն արդեն վերլուծում էի, թափանցում հոգեբանական շերտերը, ներաշխարհը… այ, սա ուրիշ է:

— Յուրաքանչյուր դեր ինչքա՞ն ժամանակում է հաջողվում հղկել:

— Շատ դերեր եմ խաղացել, բայց ինձ համար միշտ էլ ասես մի բան կիսատ էր մնում, յուրաքանչյուր ներկայացման փորձում էի ավելացնել, ավելի հղկել: Թատրոնը կենդանի արվեստ է, կենդանի մարդիկ են, և մարդու ներաշխարհ հեշտ չի ներթափանցել, որքան էլ հասնես, էլի տեղ կա, դեռ մեկ հանդիսատես կա, որ կուզենաս հասցնել: Անդադար պեղում ենք… Ի վերջո, Մարդ արարածը պեղեց Տիեզերքը, հասավ Մարս, Լուսին, մոլորակներն ու աստղերն է ուսումնասիրում, բայց դեռևս անբացահայտելի է և ամբողջովին ուսումնասիրված չէ Մարդու հոգին, ներաշխարհը: Իսկ իմ գործը հենց բացահայտումն է ու ներաշխարհ թափանցելը: Մանավանդ, երբ հետաքրքիր դրամատուրգ է, կուռ դրամատուրգիական կառուցվածքով, կերպարը հետաքրքիր է՝ անդադար պիտի փնտրես:

— Հնարավո՞ր է, քեզ մոտ եղել է, երբ պիեսն այդքան խորքային չի եղել, որքան դերասանն է իր մարմնավորած կերպարով այն տպավորիչ, խորքային դարձրել:

— Եղել են, կան թույլ գործեր, որոնք ռեժիսորի, դերասանի, թիմային աշխատանքի շնորհիվ ավելի խորքայնություն է ստացել: Մենք ավելի շատ աշխատել ենք բեմի վրա, ավելի շատ հղկել, խորացրել: Մեր թատրոնի վերջին շրջանի մեկ-երկու ներկայացումների դրամատուրգիան ստեղծվել է բեմի վրա. կա հիմքը, կա գաղափարը, և տեսնում ենք, որ մի բան թերի է, մի բան պակասում է՝ և մենք բեմում միանգամից ստեղծագործում ենք: Կային ժամանականեր, երբ ստեղծագործողը, դրմատուրգը և ռեժիսորը անմիջապես աշխատում էին թատրոնում: Կարծես այս ավանդույթը վերաիմաստավորվել է մեզ մոտ: Օրինակ՝ «Քեյսը», «Մաուգլին», «Հարսանիք թիկունքում»-ը:

— Գուցե ստանդարտ հարց եմ տալիս՝ որն է ամենասիրված դերակատարումդ:

— Իհարկե, հարցը ինձանից հարյուր տարի առաջ էլ են տվել, ինձանից հարյուր տարի հետո էլ կտան… Բոլոր դերերն էլ սիրելի են, բայց կան հաջողված, ստացված ու կիսատ, թերի կամ չստացված դերեր, որոնց բուն գնահատողը արդեն մենք չենք, այլ հանդիսատեսը: Ես սիրում եմ ժամանակի հերոսի կերպար խաղալ: Իրական կերպարի խաղալ: Եվ իմ բախտը բերել է, որ նախասիրությունս իրականություն է դարձել Արշիլ Գորկի կերպարը մարմնավորելով: Սակայն, ինչպես և սկզբում ասացի, ես դեռ բացահայտում եմ այդ մարդուն, այդ տարակարծիք, իրարամերժ տեսակետներով մարդուն դեռ փորձում եմ ներթափանցել խորքը, քանզի միանշանակ չես կարող ասել՝ ով էր Գորկին՝ իր արվեստով, իր մարդ տեսակով, ես դեռ փնտրում եմ իրեն: Չնայած 2015թ-ից ենք խաղում այս ներկայացումը, և ամեն բեմ դուրս գալիս ես անդադար փնտրում եմ, փորձում ավելիին հասնել:

-Գուցե այս հարցս էլ ստանդարտների թվից է. երազո՞ւմ եք որևէ կերպարի մարմնավորման մասին:

— Աներազանք մարդը նման է տնանկի, և բոլոր տարիքներում էլ մարդը չպիտի դադարի երազել: Կա: Բայց ինձ դեռ չի հանդիպել, միգուցե մեզ դեռ չի հանդիպել այդ դրամատուրգիական գործը: Ես կուզենայի խաղալ իսկական հայի կերպարում, հայ մարդու՝ իր բոլոր դրսևորումներով, իրական կերպարով: Կան շատ դերեր, որոնք մի ուղղվածություն ունեն՝ հայրենասեր հայը, արվեստագետ հայը, բայց կուզենայի համամարդկային կերպարով հայի կերպար ստեղծվեր, որը պիտի ներկայացվի աշխարհին: Ֆիլմեր էլ կան նկարահանված՝ հերոսական հայի, ըմբոստ հայի, բայց շատ ավելի հաճախ թշվառ կյանքով ապրող հայի են ներկայացնում, խավարամիտ են ներկայացնում: Բայց երբ նայում եմ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը, այ, այնտեղ հայն ուրիշ է, իր բնավորությունների բոլոր դրսևորումներով: Մի անգամ նմանատիպ հարցի ես պատասխանեցի, որ մենք մեզ պիտի փնտրենք մեր էպոսի մեջ. զրո կետից մինչև վերելք, և վերելքից մինչև ներքև: Ես ուզում եմ գտնել այն հային, որը համամարդկային արժեքների կրողն է, վեհն է, վսեմ է, աշխարհը փոխոխող, նորոգող, գիտակցական այնպիսի բարձր մակարդակում, որ աշխարհի ցանկացած երկրի քաղաքացու հետ հավասարի պես է, քաղաքակիրթ է: Մենք ունենք այդ պոտենցիալը, բայց չգիտեմ ինչու՝ քնած է, թմբիրի մեջ է, բայց պիտի արթնանա մի օր: Սա վերամբարձ խոսքեր չեն, պաթետիկ խոսքեր չեն: Բայց մեր ազգը պիտի արթնանա, սակայն ե՞րբ, այս է խնդիրը: Պիտի կարողանանք մեր գիտակցությունն արթնացնենք: Ցավոք, այնպիսի պայմաններում ենք ապրում, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Իսկ կեցությունը շատ վատ է:

— Մինչդեռ մեզ պետք է, որպեսզի գիտակցությունն ազդի կեցության վրա:

— Դա շատ ցանկալի է, բայց այնուամենայնիվ, հակառակն է, և այն այնքան վատ է, որ խեղդում է գիտակցությանը: Մեր գենի ոգեղեն հզորությունը պետք է արթնացնենք:

— Տեսեք, շատ ազգեր իրենց ունեցած-չունեցած պատմությունները ֆիլմերի, սերիալների միջոցով այնպես են ներկայացնում, որ այն համաշխարհային սփռում է ստանում՝ իր հետ տարածելով այդ ազգի եղած-չեղած էությունը, իսկ մենք, որ բազմադարյա ազգ ենք, չենք կարողանում նման՝ ժամանակակից խոսքով ասած՝ ՓիԱռ անել:

— Ես չգիտեմ դրանց պատասխանները: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մինչև խոսքդ ասում ես, հաջորդ պահն արդեն այլ իրականություն է. այդքան որ տարերային ենք: Քաղաքակիրթ տեմպերով գնում ենք Արևմուտք, բայց այնտեղից վերցնում ենք այնպիսի բաներ, որ բնավ մեր մտածելակերպին, մեր տարածաշրջանին հատուկ չէ: Մենք մեզ ներկայացնում ենք շատ ցածր, ավանդական ասելով՝ վերցնում ենք խավարամիտ բաները: Իզուր չմեջբերեցի «Մայրիկ» ֆիլմը, որովհետև այնտեղ զարգացած, կիրթ, և այո՝ ավանդական հայի ընտանիք ենք տեսնում: Իմ նշած օտար արժեքները թափանցում են արվեստ, որոնք վերացնում են ազգային արժեքները: Ինչպես Դանիել Վարուժանն է գրել, բառացի չեմ կրկնում, բայց. «Մենք պիտի ստեղծենք մեր ազգայինը, այն դարձնելով համամարդկային», այ սա պիտի գիտակցենք: Աղը, որ աղամանում է, անպիտան է, մինչև այն չես լցնում ինչ-որ կերակրի վրա: Հիմա՝ բնություն, ճակատագիր, բախտ ասեմ, Աստված ասեմ, բայց մեր ազգին ասես տրվել է մի բան, որ պիտի վերցնեն շաղ տան այլ ազգերի վրա, որ նոր իմաստավորվենք: Նայում ես տեղեկություններ, և համաշխարհային հայերի մասին կարդում, որոնք փոխել են աշխարհը, բայց ոչ մեկը այստեղից չէ: Եվ նման շատ հայտնագործություններ, երևույթներ հենց այսպես են: Այ սա մեզ խորհելու առիթ պիտի տա: Գուցե մենք մեր հողի վրա իրար չենք սիրում… Այս ինֆորմացիոն տեղատարափում էլ ամեն մեկն իր պարտքն է համարում խոսք ասել, սուբյեկտիվ կարծիք հայտնել, այս քաոսի մեջ կորում է գիտակից խոսքը, ճիշտը կորցնում ենք, քաոս է: Համո Սահյանի ասածի պես՝ խոսքը չհասած բերանիդ՝ դառնում է հնություն: Եվ որ մտավորականներին են շատ դեպքերում քննադատում, այնքան ամենը հեղհեղուկ է դարձել, որ մարդը եթե մի կարծիք հայտնի, այն քաոսի մեջ կորում է, կորցնում է իր իմաստը: Հավատն է մարդկանց մեջ կորել, մինչդեռ հույսից առավել մեզ հավատ է պետք: Մեր սփոփանքը ստեղծագործելն է, քո ներաշխարհը բացահայտելը: Սոս Սարգսյանը մի դիպուկ, խորքային միտք ունի. «Երբ մարդն ուզեց ճանաչել իրեն՝ թատրոն ստեղծեց», սա անբեկանելի ճշմարտություն է գոնե ինձ համար: Պիտի հայելին պարզես մարդու դեմ ու ասես՝ մարդ, նայիր քեզ, դու, որ բնության մեջ ամենահզոր կաղնին ես, ստեղծվել ես Աստծո պատկերով՝ այս ի՞նչ ես անում… Խելագարվել է Մոլորակը: Եթե արվեստագետի մեջ հավատը մահանա՝ հույսի հետ միասին, ապա էլ ի՞նչ ենք անելու:

— Ասել է թե՝ պիտի ջուրը պղտորվի, որ պարզաջրվի, Վերածննդի նոր դարաշրջան է պետք ապրել…

— Ես ուզում եմ, որ լուսավորվեն մարդիկ, կյանքի հանդեպ, ապրելու հանդեպ կիրքը շատանա, արարելու, ստեղծելու, նախաձեռնող լինելու բերկրանքը զգան, գիտակցեն:

— Եվ վերադառնալով թատրոնին…

— Ինձ համար դժվար է մտնել իմ ու թատրոնի մեջտեղը և սկսել մեր հարաբերությունները մեկնաբանել: Ստեղծագործելու պահին բացում ես հոգիդ ու փռում: Ես չեմ սիրում խաղալ բառը, դա այլ ժանրում է, ես սիրում եմ լինել այդ մարդը, այդ կերպարը, ու դրա համար անդադար փնտրում եմ այդ մարդուն: Դու ազատ ես բեմում՝ և մտոք, և հոգով: Անգամ մարմնական ցավը չի կարող խաթարել քեզ բեմում: Դու ազատ ես քո կրքերից, քո սովորություններից, կատարյալ ազատության մեջ կարողանում ես թռչել, ստեղծագործել: