ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մենք գուզենք աշխատինք, մեր տունը պահենք, սոված չմնանք»

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էին հրավիրել նախկինում ավտոկայանատեղիների հսկիչներ աշխատած քաղաքացիները: Նրանք վրդովված էին. ջղայնացել էին քաղաքապետ Սամվել Բալասանյանի վրա. երբ իրենք ուզեցել են հանդիպել քաղաքապետի հետ, վերջինս նրանց «իրեն մոտիկ չի թողել» (անվտանգության աշխատակիցների միջոցով, իհարկե), իրենց իսկ խոսքերով՝ «արհամարհական» է հետները խոսել և ասել է, թե թող նախկին 6 միլիոն դրամ պարտքը փակեն: Խեղճուկրակ հսկիչներն էլ տարակուսանքի մեջ են ընկել, թե «օրվա հացի փող աշխատողին» որտեղի՞ց այդքան մեծ գումար: Բայց, իհարկե, ասուլիս հրավիրելու պատճառը միայն սա չէր:




Պատմությունն այս ունի նախապատմություն: Դեռևս նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ԱՁ «Տարոն Գասպարյան»-ին 99 տարի ժամկետով քաղաքի տարբեր հատվածներում տրամադրվել էր ավտոկայանատեղիներ: Հետո, երբ Սամվել Բալասանյանը դարձավ քաղաքապետ, ուսումնասիրեցին այս գործարքի արդյունավետությունը և պարզվեց, որ օրական շուրջ 22 հսկիչների հավաքագրած գումարների հասույթի պատկերն ու քաղաքային բյուջե հարկ-տուրք տված գումարը չեն համապատասխանում: Նույնիսկ դատական քաշքշուկներ եղան, ի վերջո, մինչ անհատ ձեռնարկատեր «Տարոն Գասպարյան» ընկերության լուծարումը, նա քաղաքին պարտք էր մնացել 6 մլն դրամ: Ձեռնարկությունն արդեն 2 տարի լուծարված էր, իսկ հսկիչները, որոնք շուրջ 13-18 տարի այս գործին էին աշխատել, սովոր լինելով աշխատանքին, չէին դադարեցրել գործունեություն ծավալել: Սակայն իրենց գործունեությունն եղել է ոչ հարկային դաշտում, այլ, այսպես ասած՝ անօրինական: Երբ հերթական անգամ քաղաքապետարանը դժգոհություն էր հայտնել հսկիչների անօրինական աշխատանքի վերաբերյալ՝ հիմնվելով վարորդների բողոքներին, նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները, սակայն հսկիչները բացատրել են, որ իրենք օրինական կարգով գումար չեն հավաքագրում՝ ինչպես նախկինում էր, այլ, սովորության համաձայն, օգնում են կայանող վարորդներին, իսկ վերջիններս էլ իրենց կամքով գումար են թողնում՝ «չայեվոյ»: Քաղաքապետարանը տեսնելով, որ այս հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում, որոշեց գնալ կտրուկ քայլերի՝ ոչ ավել, ոչ պակաս, ավագանուն ներկայացրեց որոշում, իսկ վերջիններս էլ տվեցին համաձայնություն, որ այսուհետ քաղաքային ավտոկայանատեղիները անվճար են: Սակայն սա էլ հարցի լուծում չեղավ, քանզի, ըստ հսկիչների, այլ աշխատանք չունենալով, շարունակել են զբաղվել իրենց «սիրելի» աշխատանքով: Երբ վերջերս նրանց հարկային ոստիկանությունն է մոտեցել ու պահանջել մտնել կա՛մ հարկային դաշտ, կա՛մ լքել տարածքներն ու վարորդներին անհանգստություն չպատճառել, որոշել են բողոք ներկայացնել և առաջարկով հանդես գալ:

Մինչ ասուլիսի սկսվելը զրուցեցի հսկիչների հետ: Փորձեցի բացատրել, որ իրենց գործունեությունն անօրինական է, քանի որ քաղաքում ավտոկայանատեղիներն անվճար են հայտարարված: Ապա այս քննարկմանը միացավ Գյումրու ավագանու անդամ, Լևոն Բարսեղյանը: Նա ևս հսկիչներին փորձեց բացատրել իրավիճակը, որ ավտոկայանատեղիներն անվճար են, որ դա քաղաքի ավագանու որոշմամբ է, որ դա արվել է լոկ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, որ նրանց գործունեությունն անօրինական է. «Գյումրի քաղաքում կանգառները 4 տարի է օրենքով հայտարարված են անվճար… Ավագանին իրավունք ունի տեղի վարձը համարել «զրո»: Դուք և ուրիշ մարդիկ օգնել են վարորդներին՝ կայանատեղիներում, վերջիններս էլ կամովին գումար տվել են կամ չեն տվել, դա շորթում չէ, հանցագործություն չէ: Բայց դուք աշխատող չեք համարվի, ոչ էլ մեղադրանք է, բայց, եթե ձեր «կոլեկտիվից, համքարությունից» մեկը կմոտենա վարորդին ու կասի՝ փող տուր, գլուխը պատին է տվել, իրավունք չունի: Տարիներ շարունակ այդքան փողն հավաքվել է, իսկ քաղաքային բյուջե մտել է ընդամենը 60 հազար դրամ… Դուք էդ կինոյից խաբա՞ր եք: Խաբար չեք: Դուք ձեր գործի տերն եք եղել, հավաքել, տվել եք՝ ում որ պիտի տայիք»:

Հսկիչները փորձեցին օրինակներ բերել, թե «ըբը ընչի «Պիվի գործարանը» պետությանը պարտք է 365 միլիոն ու չի տվել, ուրեմն թող փակվի…»: Բարսեղյանն էլ բացատրեց, որ դա մասնավոր բիզնես է, ինքը պետության հետ կհարաբերվի օրենքներով, ավագանին այդտեղ գործ չունի, այլ տնօրինում է համայնքի գույքը, տարածքները, շենքերը, քաղաքի մակերեսը, կայանատեղիները: Սա է տարբերությունը: «Էն բարդակը, որ քաղաքում մինչև հիմա եղել է՝ հավաքում ենք ու բյուջե մտնում է  60 հազար դրամ… էս քաղաքը կթու կո՞վ է, չհասկացանք։ Եթե էդ մարդիկ չեն ուզեցել մուծել ժամանակին, վեճ է առաջացել, դատի են տվել… Ձեզի չեն տվել դատի, դուք ձեր գործն եք արել, դատի են տվել էն ընկերությանը, որը ձեր ղեկավարությունն է, ով պայմանագրով պարտավորություն էր ստանձնել»,- բացատրեց Լ.Բարսեղյանը:

Հսկիչները դարձյալ անդրդվելի, շարունակեցին բողոքել, որ իրենք օրենքով են աշխատել, ինչ հավաքել են, օրական «վիռուչկա» վճարել են, իրենք կտրոններ են տվել վարորդներին: Հետո ավագանուն մեղադրեցին իրենց աշխատելու սահմանադրական իրավունքից զրկելու մեջ։ Նույնիսկ Սահմանադրության առաջին երկու կետերը ցիտեցին:

«Ավագանին որոշել է, որ էդ դաշտում կոռուպցիան քոքահան անելու եղանակն էդ է՝ պտի լինի անվճար, որովհետև եքա գումար կհավաքե, վերջում կբերե 60 հազար կմուծե քաղաքապետարան, թե՝ «էս եմ հավաքել», ըդիկ եղավ, որ ինձ ու ձեզ ձեռ կառնին: Դուք աշխատանք ունիք, շատ հաճելի է, բայց քաղաքը ձեր միջոցով կքերեին, կտանեին չիդեմ ուր, քաղաքապետարան կբերեին 200 դոլար կմուծեին։ Հիմա դրա քոքը տալու եղանակն անվճար դարձնելն է: Դուք կարող եք հավաքվել, կազմակերպություն հիմնել, որոշեք էդ բիզնեսով զբաղվել, կամ դիմեք քաղաքապետին, թե մեզ որևէ գործով ապահովեք։ Կանգառները սահմանված են անվճար, ժողովուրդ, ավագանին եղավ 3-4 տարի է՝ որոշել է ըդպես: Որոշվել է հարցը լուծել տապոռով, ու վսյո»,- հազիվ վրդովմունքը զսպելով, ևս մեկ անգամ բացատրեց Լ.Բարսեղյանը։

Հսկիչները բողոքեցին, թե ինչո՞ւ քաղաքապետարանը, իբր բողոքների հիման վրա, ոստիկաններ է ուղարկում իրենց վրա, իրենց սկսել են անհանգստացնել, տեղահանել այնտեղից։ «Եթե ձեզ կմոտենա որևէ ոստիկան, կասի` իրավունք չունեք այստեղ կանգնելու, ասեք, որ իրավունք ունենք այստեղ կանգնելու»,- ասաց Լևոն Բարսեղյանը և խորհուրդ տվեց, որ, եթե հերթական անգամ ոստիկանն իրենց մոտենա, թող իրեն իմաց տան։ Բացատրեց, որ «էն բանի վրա գործ հորինել, որն անվճար է, դժվար է, ժողովուրդ»:

Հսկիչները շարունակեցին պնդել իրենցն ու եկան այն եզրահանգման, որ այս ամենը Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան անձնական շահերի բախում է. «Թող իրանց անձնականը քցեն երկրորդ պլան, թազա սկսենք, մենք գուզենք աշխատինք, մեր տունը պահենք, սոված չմնանք»,- մեկնաբանեցին բանախոսները: Հետո սկսեցին հաշվարկներ անել, թե, ասենք, 20 հոգով ամսական 1մլն 800 հազար է հավաքվում, ապա տարեկան ահագին գումար կկազմի, թող քաղաքապետարանը մեզ վերցնի աշխատանքի, մենք շարունակենք մեր պարտականությունը: Լ.Բարսեղյանն էլ բռնացրեց խոսքի վրա. «Ահան, այսինքն դուք հասկացել եք, թե ինչն ինչոց է, թե ինչի եք էս օրն ընկել… Կտեսնի՞ք, ինչե՜ր են էրել»:

Հսկիչները լրագրողներին ևս մեկ անգամ պատմելով եղելությունը, խնդրեցին իրենց հետ գնալ քաղաքապետարան, որպեսզի Սամվել Բալասանյանը ԶԼՄ-ներից ազդվելով՝ ընդունի ու լսի իրենց պահանջը։

Քաղաքապետարանում հանդիպման եկավ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։ Երկու կողմն էլ լարված էր. ՏԻՄ ներկայացուցիչը՝ բազմաթիվ անգամ այս հարցի վերհանումից ու քննարկումից, տրված իզուր բացատրություններից, մյուս կողմն էլ՝ աշխատանքը կորցնելուց, անզորությունից:

Ինչորէ, խոսեցին, վիճեցին: Ռ.Սանոյանը հաստատեց, որ ավագանին որոշել է ավտոկայանատեղիներն անվճար դարձնել, ավագանու որոշումն անբեկանելի է, իսկ, եթե համաձայն չեն, թող բողոքարկեն։ Իսկ հսկիչներն էլ պատասխան նախահարձակ եղան. «Մերը հացի փող է։ Ո՞վ է ավագանուն իրավունք տվել մեզ զրկել աշխատելու իրավունքից։ Էսօրվա դրությամբ մեզի դարձրել եք հանցագործ»: Փոխքաղաքապետը հարցրեց, թե ո՞վ է նրանց դարձրել հանցագործ։ Բողոքավորներն ասացին՝ «Դուք, քաղաքապետն ու ավագանին, էդ էլ քիչ է, միլիցիքն էլ գուկան, մատ թափ կուդան վրեքս»։ «Օրենքով չէ, որ դուք փող կառնիք։ Միլիցիային էլ մենք կարգադրող չենք, միլիցիան օրենք պահպանող է»,- ասաց Ռուբեն Սանոյանը՝ խորհուրդ տալով չկանգնել ու փող չհավաքել։ Մի խոսքով, հարցը չկարգավորվեց, բողոքավորները նեղված հեռացան քաղաքապետարանից:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ