ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք որքան անհանդուրժող ենք թաղային խուժանի, նույնքան էլ անհանդուրժող ենք կեղծարար ընտրողի հանդեպ»

Հարցազրույց ԱԺ պատգամավորության թեկնածու ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:

— Տիկին Թադևոսյան, որպես առաջիկա ԱԺ ընտրություններում ներկայացված կին թեկնածու՝ ինչպե՞ս եք գնահատում կնոջ աշխատանքի արդյունավետությունն Ազգային ժողովում:

— Կնոջ գործունեությունն ԱԺ-ում գնահատում եմ որպես մաքառելու աստիճան ծանր աշխատանք, որովհետև նրանց ձայնը հաճախ լռեցվում է, նրանց բարձրախոսն հաճախ անջատվում է, նրանց ձայնը խամրում է ընդհանուր իշխանամետ տրամադրությունների արանքում: Դրա համար ընդդիմությունը ներկայացնող կանանց թիվը միշտ փոքր է եղել, իսկ իշխանության հետ համագործակցող կանանց գործունեությունը գնահատել պետք չէ, բոլորն էլ տեսնում են:

— Կինը քաղաքականության մեջ. սա նոր մշակույթ է Հայաստանում: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում կին ու քաղաքականություն համատեղությունը:

— Ես քաղաքականության մեջ եմ 2007 թվականից, ու միշտ առաջնորդվել եմ համընդհանուր շահով, ինչքանով է հաջողվել, ինչքանով ոչ, հասարակությունը պետք է գնահատի: Երբևէ չեմ դավաճանել այն համոզմունքներին ու ընդդիմադիր իմ կեցվածքին, որը համարել եմ ճիշտ: Գուցե ուրիշներն այդպես չեն կարծում, համենայնդեպս, փորձել եմ գործել այնպես, որ հետագայում չամաչեմ իմ կատարած քայլերի հետևողականությունից կամ բարձրաձայնած գաղափարներին դավաճանելու երևույթից:

— ՀԱԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն բարիդրացիություն» կարգախոսով: Խաղաղության ու անվտանգության դերն ինչպե՞ս եք կարևորում այս ժամանակաշրջանում Հայաստանի համար:

— Խաղաղության կոչի պատեհությունը հասունացել էր: Այդ մասին մեր կուսակցության առաջնորդը համագումարում շատ հետևողականորեն ու մանրամասնորեն ներկայացրեց: Խաղաղության անհրաժեշտության ապացույցը քառօրյա կայծակնային պատերազմն էր, որի ժամանակ բացահայտվեց մեր բանակում տիրող իրական վիճակ, մեր ազգային անվտանգության վտանգված լինելը, զինվորի նկատմամբ ոչ պատասխանատու վերաբերմունքը, հակառակորդի տրամադրվածությունն ու մեր վարքագիծը: Եվ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դա չի կրկնվի, չկա երաշխիք, որ, եթե նախորդ անգամ ունեցանք 120-ից ավելի զոհ, հետագա հարձակումները չեն ավարտվի ավելի մեծ կորուստներով: Իսկ դա իրեն երկրի համար պատասխանատու համարող քաղաքական գործչի համար ամենևին էլ չպետք է լինի երկրորդական հարց, ընդհակառակը, սա հարցերի հարցն է, մանավանդ պետության առջև եղած նման մարտահրավերների դեպքում: Մենք կորցնում ենք մեր երկիրը, որովհետև ժողովուրդը լքում է հայրենիքը, լքում է այն պատճառով, որ իր երեխայի ապագան վտանգված է: Մեր երկրի անվտանգությունը պահպանելուն է ուղղված ՀԱԿ-ի խաղաղության կոչը ու, ինչպես տեսնում ենք, վերջին դեպքերի հետ կապված, համաշխարհային հանրությունը, եռանախագահողները անընդհատ կոչ են անում գնալ բանակցությունների, խնդիրը լուծել՝ խաղաղություն հաստատելով:

— Երկրում խաղաղություն հաստատելուց բացի կարևոր է նաև տնտեսական առաջընթաց ապահովելը: Իսկ մենք գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ետընթաց է գրանցել: Որպես տնտեսագետ՝ որն է Ձեր, նաև ՀԱԿ-ի մոտեցումները երկրում տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ:

— Որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ Հայաստանին զարգացում պետք չէ: Միանշանակ պետք է երկիրը զարգացնել, բայց հարց է, թե ինչպես դա անել, եթե կա համատարած կոռուպցիա, եթե ռազմական ծախսերը աղքատ պետության բյուջեից բավականին մեծ միջոցներ են խլում, երբ ռազմական իրավիճակը թույլ չի տալիս գրավիչ դարձնել երկրի ներդրումային մթնոլորտը, երբ բանիմաց, գրագետ քաղաքացին ստիպված է արտագաղթել՝ իր գիտելիքներն ու ներուժն օգտագործել այն երկրում, որը ոչ մի դրամ չի ծախսել նման մասնագետ ունենալու համար: Մենք փոշիացնում ենք մեր բոլոր հնարավորությունները, և որքան ձգվում է պատերազմը, այնքան ավելի շատ անդառնալի կորուստներ ենք ունենում, այնքան մեր ժողովրդագրական վիճակն է վատթարանում: Խաղաղություն-պատերազմ երկընտրանքի մեջ որքան շուտ մեր մեջ հաղթահարենք խաղաղության կողքին կանգնելու տարակուսանքը, այնքան ավելի շուտ հաջողությունների կհասնենք:

Որևէ տնտեսագետ կամ քաղաքական գործիչ չի կարող ինձ հետ վիճել, որ պատերազմի պայմաններում հնարավոր է օտարերկրյա ներդրումներ ունենալ, տնտեսությունը զարգացնել, գործարաններ կառուցել: Որևէ մեկը չի կարող թվերով, փաստերով, վիճակագրությամբ ու պատմական օրինակներով ապացուցել, որ ինքը ճիշտ է: Ովքեր փորձում են ժողովրդին մոլորեցնել, որ պատերազմի պայմաններում երկիրն ունի զարգանալու հնարավորություն, նրանք պարզապես ուզում են իշխանության մեջ մնալ, բոլոր լծակներից օգտվել, սեփական հարստությունը մեծացնել և շարունակեն ժողովրդին թալանել:

Բոլոր հարցերը լուծելու համար ՀԱԿ-ի ծրագրային հիմնադրույթներում առաջնահերթ խնդիրները սահմանված են՝ խաղաղության ամրագրումը, երկրի շրջափակումը վերացնելը և բարիդրացիական հարաբերություններ հաստատելը հարևան պետությունների հետ: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, զարգացած երկրները տնտեսության զարգացման առաջնահերթ ծրագրերը կառուցում են հարևանների հետ համագործակցությունը խորացնելու ճանապարհով: Ուրեմն՝ մեր խնդիրն է, որպեսզի ի շահ մեր պետության՝ հանդես գանք որպես խաղաղասեր պետություն, որին կաջակցի ամբողջ աշխարհը և ինչը երկիրը կտանի տնտեսական զարգացման: Մենք այդ ներուժն ունենք, որը, ցավոք սրտի, անտեսվում է, ու այդ անտեսման արդյունքում տարեկան 60.000 մարդ լքում է երկիրը:

— Տիկին Թադևոսյան, չնայած ընտրատեղամասերում տեսախցիկներով կվերահսկվի ընտրական գործընթացը, ընտրողների ցուցակները կհրապարակվեն, բայց ընտրատեղամասից դուրս տնետուն ընկած արդեն իսկ սկսել են մարդկանց ցուցակագրել ու ընտրակաշառքի խոստումներ տալ, երբեմն դա որակելով բարեգործություն… Սրա դեմ հնարավո՞ր է պայքարել:

— Ես չեմ ընդունում որևէ բացատրություն, երբ հասարակ քաղաքացին օժանդակում է հանցագործին, հանցագործի հետ գնում է հանցագործության: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի ճակատագրի առջև և ունենք բոլոր շանսերը այս անգամ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ առանց թելադրանքի, առանց պարտադրանքի, առանց կեղծիքի ու բռնության: Եթե ընտրություններն այդպիսին չլինեն, թող ամեն մեկն իրեն մեղադրի: Ուզում եմ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, մենք որքան անհանդուրժող ենք թաղային խուժանի, նույնքան էլ անհանդուրժող ենք կեղծարար ընտրողի հանդեպ:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ