ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Մի տիեզերական սիրո պատմություն

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

17 տարեկան տղա, ուսանող, հանրակացարանի սենյակում անտերուդուս կռնակի վրա պառկած երազում է Վալենտինա Տերեշկովայի ու նրա հետ տիեզերք թռնելու մասին: Վերջապես որոշեցի նամակ գրել ու նախ խոստովանել անհույս ու անհեռանկար սերս ու հիացմունքս, ապա խնդրել նրա օգնությունը՝ ինձ տիեզերագնացների խմբում ընգրկելու գործում: Իմ խելքով` աղջիկ է, թույլ սիրտ կունենա, կմտածի տղեն ռոմանտիկ, նկարիչ տղա է, բավական չէ՝ որ սիրահարված է իրեն, համ էլ թող թռնի մի երկու կռուգ տա, գա, ո՞ւմ է խանգարում…

Երկար ժամանակ մտքիս մեջ ռուսերեն արտասանում էի նամակիս տողերը, բայց չէի կարողանում սկսել: Վերջապես գտա ձևն ու, հայկական դպրոցում սովորած ռուսերենով, սկսեցի գրել: Նախ՝ նշել էի իմ գիտելիքները տիեզերքի մասին, իմ երազանքները` տեսնել սքանչելի Վալենտինա Տերեշկովային, նկարել նրա դիմանկարը նատուրայից, ապա մարզվել տիեզերագնացների հետ…

Նամակի վերջում, գյումրեցուն հատուկ համեստությամբ, խոստովանեցի սերս և չմոռացա նշել, որ ես լեննականցի եմ ու շատ լավ գիտեմ, որ ինքը Լեննականի Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի` ՖԵԶԵ-ի աղջիկներից է եղել ժամանակին, որի համար հպարտ եմ ու երջանիկ: Նամակս ավարտելուց հետո, մյուս օրը տարա հետս ինստիտուտ և ռուսերեն դասի ժամանակ մոտեցա դասախոսին ու կիսաձայն խնդրեցի կարդալ և խմբագրել նամակս: Ոչ էի խնդրել…

Անխիղճը դրեց ու բարձրաձայն, հանգամանորեն կարդաց նամակս կուրսի ծաղրալից փռթկոցների ներքո: Ավարտեց, ապա տող առ տող սկսեց մեկնաբանել, ծամածռվելով ու նամակս թափահարելով օդում: Վերջապես հասավ ավարտին, ու ես շունչ քաշեցի: Այնինչ նոր շնչառություն բացեց ու սկսեց բոլորին բացատրել, որ ՖԵԶԵ-ն դա անբարոյական աղջիկների հավաքատեղի է և հայտնի է նրանով, որ Լեննականի տղաների 80 տոկոսը սեռական դաստիարակությունը ստանում է վերոհիշյալ ՖԵԶԵ-ի պատերի տակ… և պատերից ներս: Մի խոսքով: Ավարտեց բացատրական աշխատանքն ու, նամակս սեղանին շպրտելով, կռնչաց.

— Словом, все это говно.

Անտեր մնար ռոմանտիկա հնարողը: Ասա քեզ համար երազում էիր` երազեիր, էլ նամակն ի՞նչ մեղքս էր, որ գրեցիր: Հիմա էլ բերիր, էս դասախոսի ձեռը տվիր, որ ձե՞ռ առնի՝ համ իր օրը լցնի, համ էլ էս հռհռացող գլխաքանակի… Հիմա կգնա դեկանատում էլ կպատմի: Առանց էդ էլ, դեկանը աչքով աչք չունի հետս, հետո էլ՝ երեք օր այստեղ-այնտեղ կպատմի ու կծիծաղի: Լավ է, որ գրածս չպահեց:

Ես, ուղղակի, արժանապատվորեն վերցրի գրավոր ուղերձս սեղանի վրայից ու, աչքերս լցված, դանդաղ դուրս եկա դասասենյակից: Նամակն, իհարկե, ուղարկեցի առանց խմբագրելու և սրբագրելու, էջերը զարդարելով լիրիկական գծանկարներով…

Հ.Գ. Մինչև հիմա դեռ ոչ մեկին չէի պատմել այս մասին, միայն հիմա եմ պատմում, և հուսով եմ՝ սիրելի ընկերներ, որ մեր մեջ կմնա իմ գաղտնի տիեզերական սիրո պատմությունը:

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ