ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին նամակ գրելու հաջորդ օրը զանգել են դեսպանատնից

Ֆրանգուլյանների ընտանիքն այն հազարավոր հայ ընտանիքներից է, որ մեկնել էին արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն: Մինչ կորոնավիրուսի մեր կյանք ներխուժելը, երիտասարդ ամուսինները աշխատում էին, իսկ թոշակառու մայրը և 6 տարեկանը չբոլորած փոքրիկը տանն էին: Շուտով ընտանիքն ուրախ լուր է ունենում. հարսը՝ Հռիփսիմեն երեխայի է սպասում: Գիտեին, որ ՌԴ-ում մնալը ժամանակավոր է, և շուտով պետք է վերադառնային Գյումրի, առավել ևս, երբ ամռանն արդեն փոքրիկն է ծնվելու:

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, Մոսկվայում դժվարացավ հղի կնոջ պոլիկլինիկա այցերը: Ֆրանգուլյանները դիմել էին Մոսկվայում գտնվող ՀՀ դեսպանություն, որպեսզի հերթական չվերթով հասցնեին վերադառնալ: Սակայն դեսպանությունից պատասխանել են, թե՝ «3 ինքնաթիռ հղի ունենք ցուցակագրված», և հույս չկա, թե իրենց հերթը երբ կհասնի: Մինչդեռ Հռիփսիմեի գինեկոլոգը խորհուրդ էր տվել և հորդորել՝ հղիությունը չվտանգելու նկատառումներով, մինչև մայիսի վերջ ինքաթիռով վերադառնալ հայրենիք, հետո կտրականապես արգելված կլիներ: «Չգիտեի, ինչ անել, ինչպես վարվել… Ու որոշեցի «Ֆեյսբուքով» գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,- պատմում է Հռիփսիմեն:- Վարչապետին հղած նամակում նկարագրել էի այն իրավիճակը, որում հայտնվել էի. 27 շաբաթական հղիություն ունեմ, կորցրել եմ աշխատանքս, շուտով կկորցնեմ ապրելու հնարավորությունը, ապրելու տեղը, ու սկեսրոջս, փոքրիկիս հետ՝ ամուսիններով կհայտնվենք փողոցում… Օգնեք՝ վերադառնանք Հայրենիք, մինչև մայիսի 30-ն են բժիշկները թույլատրել…»: Նաև ներկայացրել էր, որ դեսպանությունը մերժել է իրենց հերթագրումը:

Դիմում-խնդրանքը վարչապետի աշխատակազմի կողմից ընթերցվել էր… Դա պարզ դարձավ, երբ նամակի հղման հաջորդ օրը դեսպանատնից Հռիփսիմեին զանգահարում են, հարցուփորձ անում ճշտում մանրամասները: «Ասացին մայիսի 25-ին պատրաստ լինենք, որպեսզի չվերթին հասցնենք: 24-ին իրենց նշած տեղից տոմսերը գնեցինք: Թռիչքի օրը մեր միջոցներով հասանք «Դոմոդեդովո» օդանավակայան: Մենք, բնականաբար, դիմակներով էինք: Այնտեղ մուտքի մոտ, հատուկ արտահագուստներով աշխատակիցները ջերմաչափում արեցին: Նստանք ինքնաթիռ»,- պատմում է Հռիփսիմեն:

Ուղևորները բոլորը դիմակներով են եղել: Ինքնաթիռում թղթեր են տվել լրացնելու. ովքեր են, որտեղից, ինչ հասցեից են դուրս եկել, ուր են գնում, ինչ հասցեով են բնակվելու:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են առողջապահության ներկայացուցիչները, ջերմաչափում են արել, հականեխել են անգամ ուղեբեռերը, դարձյալ անձնական տվյալներ են լրացրել, և ստորագրություն պահանջել: Հետո ուղևորներին ուղեկցել են հատուկ սպասարկող, անվճար տրամադրված ավտոբուսներ: Շիրակի մարզ ուղևորվող ավտոբուսում Ֆրանգուլյանները սպասել են, մինչև բոլորը համալրեն, և արդեն ուղևորվել են դեպի Գյումրի: Ավտոբուսում նույնպես ուղեկցող բժիշկ է եղել: Ճանապարհին հերթով, ամեն մեկին իջեցրել են իրենց նախանշած հասցեներով:

«Երբ արդեն տուն հասանք, մեզ ասացին, որ 14 օր ինքնամեկուսանալու ենք, ոչ հյուրեր պիտի ընդունենք, ոչ հյուր գնանք, տանից դուրս պետք է գանք բացառապես անհրաժեշտության դեպքում: Իսկ 14-րդ օրը կգան, թեստավորում կանեն, նոր միայն որոշումը կհայտնեն: Ինձ նաև ամեն օր մեր պոլիկլինիկայից զանգահարում են, տեղեկանում մեր ջերմությունից, և որպես հղի՝ իմ ինքնազգացողությունից,- պատմում է Հռիփսիմեն:

Հարցնում եմ, թե երկար ժամանակ տանից բացակայել են և, բնականաբար, տանը սնունդ չի եղել, ինչպե՞ս են կազմակերպելու այդ ամենը:

— Նախօրոք տեգրս կարգավորել էր կեցության հարմարավետության հարցերը: Իսկ սկեսրոջս եղբայրն ու հարսը մեզ համար սնունդ էին ապահովել, ինչպես նաև մեր մյուս հարազատները. դռան մոտ են դնում, զանգում զգուշացնում են, հեռանում են, բացում ենք դուռը՝ վերցնում:

Օգտվելով առիթից՝ մեր ընտանիքի կողմից խորին երախտագիտություն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առողջապահության ներկայացուցիչներին, և բոլոր նրանց, ովքեր այս պայմաններում չեն կորցրել իրենց մարդկային կերպարը և պատրաստ են օգնության ձեռք մեկնելու,- այսպես ավարտեց իր պատմությունը Հռիփսիմե Ֆրանգուլյանը:

Մեր հերթին, մենք ևս առողջություն մաղթեցինք մեր զրուցակցին, հույս հայտնեցինք, որ մինչև մեկուսացման ավարտն ամեն ինչ բարեհաջող կանցնի: Բնականաբար, Ֆրանգուլյանների օրինակով, բոլորին մաղթում ենք առողջություն, անհետևանք մեկուսացում:

Պիտակներ՝