ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Շատացել են ամուսնալուծություններն ու դրա հետ կապված քաշքշուկները

Հարցազրույց փաստաբան ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

Տիկին Դավթյան, հետհեղափոխական Հայաստանում, երբ տարբեր բնագավառներում ակնառու են շատ փոփոխություններ, արդյո՞ք փոփոխություններ կան նաև փաստաբանական ծառայություններից օգտվող քաղաքացիների հայցադիմումներում, բողոքներում:

— Փաստաբանական ինստիտուտը, անկախ նրանից, թե որ ու ինչպիսի իշխանությունների ժամանակահատվածում է գործում, զբաղվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ և, բոլոր դեպքերում էլ՝ լինում են խախտված իրավունքներ: Թեպետ, պիտի ասեմ, որ եթե ժամանակագրությամբ վիճակագրություն անցկացնենք, ապա անցած իշխանությունների օրոք բավական շատ էին ժողովրդի դժգոհությունները՝ իրավունքների խախտումներից: Հիմա էլ կան, սակայն ավելի շատ են եղել ու մնում են միջանձնային, սոցիալական խնդիրներով պայմանավորած բողոքները:

Եթե մտովի պատկերացնենք վարկանիշային աղյուսակ, ապա առաջին հորիզոնականում ո՞ր գործերն են:

— Ամուսնալուծությունները՝ դրան առնչվող մնացյալ խնդիրներով հանդերձ. երեխաների հետ տեսակցություններ, տան ու գույքի բաժանում… Առավել բարդ են այն ամուսնությունների լուծումը, որոնք պետական գրանցումով չեն, ընդամենը կա հայրության ճանաչում, և շատ բարդ իրավիճակներ ու կոնֆլիկտներ են առաջանում, մանավանդ երեխայի՝ ում մոտ մնալու հարցի շուրջ: Ցավոք, հենց նման վեճերն են շատ շատացել. ամուսնալուծություններ, և դրա հետևանքով քաշքշուկներ: Երբ ծնողներն իրենց «ես»-ի, էգոյի պատճառով, ազդում են երեխաների հոգեբանության վրա, նրանց դարձնում գործիք, օգտագործում իրար դեմ: Առանց մտահոգվելու, թե երեխային ինչ հոգեբանական վիճակների մեջ են գցում, յուրաքանչյուր կողմ առաջնային մտածում է իր վիրավորանքի, անձնական շահի, ինչ գնով էլ լինի՝ վրեժ լուծելու մասին: Նման գործերը չափից դուրս շատ են: Ես, լինելով զգացմունքային անձ, յուրաքանչյուր նման դեպք շատ ծանր եմ տանում, ու շատ հաճախ հոգեբանական աշխատանքը մենք ենք վերցնում մեր վրա, որ ծնողներին, այսպես ասած, ուշքի բերենք, երկկողմ փաստաբաններով հրավիրում ենք մեզ մոտ, բացատրում: Բայց, ավաղ, արդյունքի չենք հասնում: Որքան տարօրինակ է, որ հատկապես վրեժի թիրախ են դառնում տատիկ-պապիկները. ասենք, կինն ասում է՝ թող ամուսինը տեսակցի երեխայի հետ, բայց ոչ երբեք տատ-պապը…

Ասել է, թե՝ մեր հին, ավանդական հարսսկեսուր կռիվը մինչ օրս արդիական է:

— Այն էլ ինչպես: Ձեր ասած՝ մտովի վարկանիշային աղյուսակը գլխավորում է ամուսնալուծությունները՝ հարակից խնդիրներով, գյուղական բնակավայրերում հող կիսելու, ժառանգության, ունեցվածքի կիսման հարցերն են: Ու պիտի նշեմ, վերջերս շատացել են այն ընտանիքների բողոքները, որոնք կառավարության 1999թ. 432 որոշմամբ, կիսվեցին, ու որպես անօթևան, մի հատվածին բնակարան հատկացվեց, իսկ մյուս մասը մնաց տնակում:

Դե, իհարկե, մարդիկ սկզբում հույս ունեին, թե մի օր էլ իրենց խնդիրը կլուծվի, և պետությունն իրենց էլ, որպես անօթևան, բնակարան կհատկացնի, սակայն տարիներն անցան, լիքը ջրեր հոսեցին և մարդկանց հույսերը մարան:

— Այո, այդպիսի իրավիճակ է, մեկը մյուսից փոխհատուցում է պահանջում, իրար մեջ չեն կարողանում հարցը լուծել, գործը հասնում է «դիվան բաշուն»: Ի վերջո, այդ բնակարանն աճուրդային հիմունքով վաճառվում է, երկու ընտանիքներին շատ քիչ գումարային փոխհատուցում է հասնում, ու ստացվում է, որ երկուսի համար էլ բացասական հետևանք է գրանցվում: Մյուս դեպքերն էլ կան. մարդիկ աղետից տուժածներ են, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել անօթևանների հաշվառման ցուցակներից: Այս պահին միայն ինձ մոտ 15 նմանատիպ գործ կա:

Տիկին Աննա, հեղափոխությունից հետո ժողովուրդը մեծ սպասելիք ուներ, որ դատական համակարգում ևս բարեփոխումներ կլինեն:

— Ունենք թերացում, ունենք ժամանկի անտեղի կորուստ: Հեղափոխությունից հետո մենք ունեցանք ժողովրդի ուզածով և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություն, բայց դատական իշխանությունն այդպես էլ բաց մնաց: Ճիշտ է, դժվար է կադրային քաղաքականությունը ճիշտ վարելը, ճիշտ կադրեր ընտրելը, բայց լիքը բաներ կան՝ հաշվի առնելով աշխատանքային ստաժը, մասնագիտական փորձը, բարոյական կերպարը, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ, գոնե մի 100 ազնիվ դատավոր գտնել և խնդիրը լուծել: Հիմա չեմ կարող չասել, դատական համակարգ մուտք գործող երիտասարդ դատավորները, որոնք 1-2 տարվա փորձ արդեն ունեն, բավական անաչառ են, արդար են, մարդկային բարձր որակական հատկանիշներով են օժտված: Նոր սերունդը տիրապետում է իր մասնագիտությանը, օրենքներին, բավականին պատրաստված է, ուղղակի փորձն է պակասում, բայց դա էլ ժամանակի ընթացքում հնարավոր է ձեռք բերել: Մեր նախկին դատավորներից մեկը հաճախ էր ասում. «Խղճիս դեմ եմ գնում. օրենքն այլ բան է ասում, խիղճս այլ»: Բայց նույն այդ դատավորը հայտնի էր նրանով, որ երբեմն օրենքին դեմ էր գնում, բայց ոչ խղճին: Բարոյական չափանիշներով էր առաջնորդվում: Եվ մենք միշտ նրանց պես մարդկանց հիշում ենք ու, երբ նրանց մոտ գործ էր ընկնում, մենք հաճախ ասում էինք՝ մարդկայնորեն կշարժվի, ոչ թե ցամաք օրենքներով: Չեմ կարող ասել՝ դա ճիշտ էր, թե սխալ, քանզի օրենքը մնում է օրենք, բայց բոլոր դեպքերում, այստեղ արդարության և բարոյականության ընկալության խնդիր կա: Հասարակությունն ընկալում է բարոյական օրենքը:

Թեպետ ենթադրելի էր, որ օրենքները մարդկային սկզբունքներ պետք է ունենային:

— Օրենքները բոլորի համար հավասար են, բայց տեսեք, երբ օրինակ ենք վերցնում կառավարության 432 որոշումը, այստեղ հասկանում ես, որ դա ընդամենը վիրահատական միջոց դարձրած որոշում է: Բայց դա էլ պայմանավորված է եղել ֆինանսատնտեսական միջոցների հետ. պետությունը դա չուներ, կամ գոնե մեզ է այդպես հայտնի, ու ստիպված նման կացնային օրենք է ընդունել: Հիմա, տեսեք, նշածս ամուսնալուծությունների պատճառով առաջացած երեխայի տեսակցման խնդիրը. ունենք որոշում, որ մի կողմի ծնողը պիտի տեսակցի երեխային: Անգամ ընդունվել են այն օրենքները, որ քրեականացվում է այն ծնողի վարքագիծը, որը կարող է խոչընդոտել: Բայց չկան այն մեխանիզմները, թե ինչպես պետք է դա տեղի ունենա: Եթե, ասենք, մայրը երեխային սաստել է, հոգեբանական ազդեցություն ներգործել երեխայի վրա ու, երբ հայրը կամ հայրական կողմի տատիկը գալիս է տեսակցության, երեխան չիմանալով ինչպես վարվել, վախից կպնում է մորը: Այստեղ փաստացի խոչընդոտում տեղի չի ունենում, բայց հո տեսանելի է, որ հոգեբանական ազդեցություն կա: Եվ սա օրինական դաշտում չէ:

Ծնողական իրավունքից զրկման դեպքե՞ր էլ կան:

— Օրենսդրությունն այդ առումով շատ խիստ չափորոշիչներ է դրել: Եվ այդ չափորոշիչներին համապատասխան մենք չենք կարող գնալ դատարան ու ասել՝ այ, սրան զրկեք մայրական կամ հայրական իրավունքից:

Ի՞նչ կարծիքի եք այսօր տարբեր ուժերի կողմից շահարկվող Ստամբուլյան կոնվենցիայի մասին:

— Նրանք, ովքեր դեմ են այդ կոնվենցիային, հայուգենապաշտությամբ են տոգորված, ինչպե՞ս կընդունեին, եթե իմանային, որ 21-րդ դարում դեռ գործում են վայրենի բարքեր, թե՞ հենց կնոջը ծեծելով, երեխայի աչքի առաջ մորը նվաստացնելով է տղամարդը զորեղանում ու իսկական, արիացու, տղամարդկային գենը պահպանում: Սա շատ ցավալի հարց է: Այստեղ բոլոր տեսակի նորմերը խախտված են: Դուք ասում եք ամուսինը, ես կասեմ՝ դեռ ոչինչ, որ ամուսինը, բա որ սկեսրա՞րն է ծեծում հարսին: Մարալիկում նման դեպք ունենք: Մի տարվա ընթացքում հարսը 4 անգամ դիմել է ոստիկանություն, հետո, ընտանիք է, որպեսզի չքայքայվի, հարսը հետ է վերցրել բողոքը՝ հաշտության հիմքով գործը կարճվել է: Բայց սա շարունակական բնույթ է կրել: Եվ հարսը ստիպված երեխաներին վերցրել, հեռացել է:

Օրենքը չունի՞ այն ենթակետը, որ, եթե նույն դեպքը կրկնվում է, ապա այլևս չի գործում բողոքդիմումի հետկանչումը:

— Ոչ, եթե հաշտության եզր է գտնվում, գործը փակվում է:

Այսինքն, դա կարող է այնքան կրկնվել, որ մի օր էլ հարսը կամ հաշմանդամ դառնա, կամմահանաՆման դեպքերն էլ են հայտնի:

— Ամեն մեկը պատասխանատվություն է կրում իր կատարած արարքների համար: Եթե մեկի կատարած արարքին իրավական գնահատական չի տրվում, ապա այն մնում է անցյալում:

Մի անգամ, Շիրակի մարզի դատախազն օրինակ բերեց, որ կա դեպք, երբ կինն է ամուսնուն բռնության ենթարկել:

— Ես երկու դեպք ունեցել եմ: Ամուսնուն երկու քույրերով կամ մայր ու աղջիկ ծեծել, անձնական իրերը չեն տվել, ու դուրս են արել տանից: Այսօր հայ կինը բավական փոխվել է, առաջվա այն հեզ-համեստը չէ, համարձակ են դարձել:

Տիկին Աննա, երբ ինչոր դատավարական պրոցես է սկսվում, մեկ էլ տարիներով ձգձգվում է, դա ինչի՞ հետ է կապված:

— Դա դատարանների ցավն է: Տեսեք, խնդիրն ինչումն է. օրենքները կան, կան նաև դատավարական, այսպես ասած, անցնելիք փուլեր, որոնք ժամկետների հետ են կապված: Երբ նախկինում հայցը ներկայացնում էիր, դատավորը 3-օրյա ժամկետում պետք է որոշում ընդուներ: Հիմա՝ 7-օրյա է դարձել: Հետո՝ 14-օրյա ժամկետ կա, որ պիտի կողմերին ծանուցի… ու այդպես շարունակ: Այս փուլերը մինչև չանցնի՝ դատ չի նշանակվի: Այս ամենից զատ, կա դատավորների ահավոր ծանրաբեռնվածություն: Ներկայում մեր մարզում կա դատավորների թափուր աշխատատեղեր՝ և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործերով: Եվ ունենք գործերի շատ մեծ հոսք: Դե, պատկերացրեք, գործերի ծավալն ու ծանրաբեռնվածությունը. եթե մի դատավորն իր վարույթում ունի 1000-1200 գործ, միայն, որ հերթի դնեն, արդեն ժամանակի մեծ անհրաժեշտություն կլինի: Պետք է նաև որոշակի տեսակի գործերի լուծում տալ: Այդ գործերի առյուծի բաժինն ընկնում է բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ կապված խնդիրներին՝ վարկեր, չվճարումներ, արգելքներ և այլն: Դրա համար էլ գտնում եմ, որ մի ճկուն համակարգային լուծում է պետք տալ: Ասենք, բանկային գործերը քննելու համար ստեղծվի Արբիտրաժային դատարան: Նման ձևով բեռնաթափելով, մյուս գործերը ոչ ժամանակի, ոչ էլ որակի առումով այլևս չեն թերանա:

Իրավաբանների հետ զրույցներում, ոմանք նշում էին, որ կարիք չկար Հայաստանում ունենալ եռաստիճան դատական համակարգ, սակայն այս դեպքում Դուք ևս մեկը «ավելացրեցիք»:

— Նախկինում մեր հարևան պետություններում, եվրոպական պետություններում միշտ էլ երկաստիճան դատական համակարգ է եղել: Բայց ժամանակի ընթացքում փոխվեցին պատկերացումները. Ֆրանսիայում դարձավ եռաստիճան, ԱՄՆ-ում՝ 7-աստիճան ու եսիմ քանի աստիճան… Մենք էլ նայելով ու հենվելով հարևան պետությունների դատական համակարգի փորձին, ընդունեցինք ֆրանսիական եռաստիճան դատական համակարգի փորձը: Սակայն, բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնել նաև ազգայինն ու բնակչության առանձնահատկությունները, կրոնական և, ինչու չէ, մենթալիտետը, չի կարելի մի երկրում հաջողած փորձը վերցնել ու կիրառել քո երկրի մեջ: Ես աշխատել եմ երկաստիճան դատական համակարգի ժամանակ ու պիտի ասեմ, որ այն ժամանակ, իրոք, ավելի արագ էին գործերն ընթացք ստանում: Հիմա մի տեսակ ձգված է ու «կարուսելային». գործը մի տեղում շահում ես, գնում է մյուս տեղ՝ հակառակորդի օգտին է  բեկանվում, նորից հետ է գալիս, նորից սկսում ես այստեղից, գնում է այնտեղ… Ու այսպես մի 5 գործ միայն իմ ձեռքի տակ է: Եվ սա էլ, իր հերթին, ծախսեր է բերում: Քաղաքացիները հոգնում են: Մի հարցը լուծելու համար տարիներ են պահանջվում: