ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՇՊՀ-ում արաբերեն լեզվի լսարան է բացվում

Սեպտեմբերի 17-ին Շիրակի պետական համալսարանում Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանությունը՝ «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում, նախաձեռնել էր ԱՄԷ համալսարանի դոկտոր Համադ բին Սարայի դասախոսությունը «Էմիրություններն անցյալի և ծաղկող ներկայի միջև» խորագիրը կրող թեմայով:

Նրկա էին նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին, ԱՄԷ դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին:

Մինչ դասախոսությունը, ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը հայտարարեց, որ ԱՄԷ դեսպանատան հետ պայմանավորվածության արդյուքնում Շիրակի պետական համալսարանում կբացվի արաբերենի ուսուցման լսարան: Բուհի կողմից եղել է առաջարկ, որ դասախոսները պատրաստ են հայերեն դասավանդել Էմիրությունների համալսարաններից մեկում, որի հետ համագործակցության պայմանագիր կկնքեն։ «Այդ պայմանագիրը իր մեջ ներառելու է ոչ միայն ուսանողների և դասախոսների փոխանակում, այլ նաև կրթական ծրագրերի համատեղ իրագործում ու ամենակարևորը՝ հետազոտական աշխատանքների համատեղ իրագործում։ Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք պարոն դեսպանի հետ, մեր բուհից մեկ ուսանող 3 օրով հրավիրվում է Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարան՝ ծանոթանալու: Այդ ուսանողը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից է և տիրապետում է լեզվին. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանն է: Հենց նոր է պարոն դեսպանը ծանոթացել նրա հետ: Նա կլինի առաջին ծիծեռնակը, որը մեր համալսարանը կներկայացնի Միացյալ Էմիրությունների համալսարաններից որևէ մեկում»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

Դեսպան Ն.Գ.Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին նշեց, որ ապագայի համար կան մի շարք ծրագրեր, կրթության ոլորտում համագործակցությունը սկսել են, սա ամենակարևորն է: Ասաց, որ ԱՄԷ-ն մեծ ուշադրություն է դարձնում կրթությանն ու մշակույթին: Դեսպանը նվեր հանձնեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարին: Հանդիպման վերջում դեսպանը հայտարարեց, որ պատրաստ են նաև երկու լավագույն ուսանողի տոմս տրամադրել՝ Արաբական Էմիրությունների համալսարան երեքօրյա այցելություն կատարելու համար։

Պաշտոնական մասի ավարտից հետո, դոկտոր Համադ բին Սարայը դասախոսություն կարդաց, որը հիմնականում նվիրված էր արաբ ծովագնաց իբն Մադիդի պատմվածնքերին, որը լույս էր սփռում ԱՄԷ-ի անցյալին ու ներկային:

Այնուհետև հնարավորություն տրվեց հարցեր ուղղել բանախոսներին: Մինչ ուսանողությունը զարմանում էր ԱՄԷ-ում Երջանկության, Հանդուրժողականության նախարարությունների լինելու փաստից, դեսպան Ն.Գ.Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիին հայտնեց ևս մեկ նորություն. երկու ամիս առաջ ԱՄԷ-ում բացվել և գործում է ևս մեկ նախարարություն, որի թարգմանությունը բառացի նշանակում է «Անհնարին ոչինչ չկա»: Այս նախարարության գործառույթն այն է, որ այն, ինչ չեն կարող անել ուրիշները, նրանք պետք է իրականացնեն։ Ի դեպ, ինչպես Երջանկության, Հանդուրժողականության և Արհեստական բանականության նախարարությունները, Անհնարին ոչինչ չկա նախարարությունը ևս ենթարկվում է ԱՄԷ վարչապետին:

Ներկաներից մեկն հարցրեց. «ԱՄԷ-ն հայտնի է իր նավթի պաշարներով, որի շնորհիվ էլ աննախադեպ զարգացում է ապրում: Ի՞նչ պիտի անեն, երբ այդ պաշարները սպառվեն»: Պարոն դեսպանը պատասխանեց ասույթով. «Գումարը արժեք չունի, եթե այն չի ծառայում մարդուն»: Մենք ի սկզբանե նավթի վրա չենք կենտրոնացել, մենք կենտրոնացել ենք գյուղատնտեսության, ձկնորսության վրա, զբոսաշրջությունը զարգացնելու վրա, նաև՝ արտահանումների: Ներդրում ենք կատարել կրթության, բժշկության ոլորտում: Մեր ունեցած միակ հարստությունը նավթը չէ, այլ կրթությունն է, ուսումնասիրությունն է և մարդու մեջ ներդրում կատարելն է»:

Այնուհետև ԱՄԷ դեսպանությունը այցելեց Շիրակի տարածքային գրադարան, որտեղ մեծ թվով գրքեր նվիրաբերեց: