ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ուզում եմ վերադարձնել ընտանիքիս

Ուզում եմ վերադարձնել ընտանիքիս

Երբևէ չէի պատկերացնում, որ գալու է պահը, երբ պիտի խուսափեմ իմ ընտանիքից, ամեն ինչից հոգնած` ուզենամ փախչելու տեղ գտնել: Ամբողջ կյանքում չեմ սիրել վեճեր ու կոնֆլիկտներ, միշտ աշխատել եմ խուսափել հատկապես ընտանեկան վիճաբանություններից: Բայց, ինչպես ասում են, ինչից շատ ես փախչում, այնքան շուտ է այն գլխիդ գալիս:

Կնոջս հետ ամուսնացել եմ սիրելով: Թեպետ մայրս ի սկզբանե նրան չէր հավանում: Ամեն ինչ փորձեց անել` ինձ նրանից բաժանելու համար, բայց ոչինչ չստացվեց: Ինձ վրա ազդեցություն չունեցավ նրա ոչ հորդորները, ոչ սպառնալիքները, ոչ էլ «առողջական պրոբլեմները»: Ամուսնացա` անտեսելով ամեն խոչընդոտ ու ապագայի մռայլ պատկերացումներս:

Կինս, սկզբում որքան նկատում էի, փորձում էր մորս հետ փոխզիջումների գնալ, հաշտության եզրեր գտնել, սակայն` ապարդյուն: Մայրս բացահայտ արհամարհում էր նրան, ցույց տալիս իր հակակրանքն ու անհանդուրժողականությունը: Կարող էր օրերով բառ չփոխանակել հարսի հետ, կարծես ինչ-որ բանից խռոված լիներ: Կամ էլ (ինչից ավելի շատ էր վիրավորվում կինս) սրա-նրա հարսին կսկսեր գովել` երանի տալով նրանց, ում հարսն ամենալավն է: Երբեմն էլ այս կամ այն աղջկա անունն էր տալիս և ասում, որ իր երազանքն է եղել այդ աղջկան մեր տանը հարս տեսնելը: Ես մի քանի անգամ փորձեցի խոսել մորս հետ, հասկանալ նրա ատելության պատճառը: Մայրս ասում էր. «Չգիտեմ, ի՞նչ անեմ, որ չեմ սիրում Աննային, ես այդպիսին եմ. ում չսիրեցի, մինչև վերջ չեմ սիրի»:

Ստիպված որոշեցի առանձին ապրել, բայց դա միայն ցանկություն էր. ոչ այլ բնակարան ունեի, ոչ էլ այնպիսի աշխատանք, որ կարողանայի տուն վարձել: Հետո էլ, ես ծնողներիս միակ զավակն էի (եղբայրս մահացել էր երկրաշարժին) և չէի կարող լքել նրանց: Ի՞նչ կասեին մարդիկ, չորս կողմից կմեղադրեին, թե չկարողացավ մորն ու կնոջը հաշտ պահել: Փորձեցի բանի տեղ չդնել. «Միգուցե ժամանակի ընթացքում հասկանան իրար, հարմարվեն, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու»: Սակայն օր օրի ամեն ինչ ավելի էր վատանում: Կինս դարձավ առավել անհանդուրժող, մորս կոպտությանը նույն կերպ էր պատասխանում, սկսել էր «բանեցնել» իր իրավունքները: Իրավիճակն ավելի բարդացավ երեխայի ծնունդից հետո: Մայրս ու կինս վիճում էին կենցաղային ամեն հասարակ պատճառից: Մորս նյարդայնացնում էր այն, որ կինս ամեն օր ուտելու այս կամ այն բանն էր պահանջում ինձանից, կամ` ժամերով կանգնում էր հայելու առջև ու մոդայիկ շորեր ուզում: Տունը վերածվել էր իսկական դժոխքի: Տեղ էի փնտրում` վեճերից ու փնթփնթոցներից գլուխս ազատելու համար: Կինս մի կողմից էր պահանջում, որ առանձին ապրենք, մայրս էլ` մյուս կողմից, ուզում էր չսիրած հարսից ազատվել: Ես երկու քարի արանքում էի: Ինձ հարկավոր էր մի բան, որ կարողանար թուլացնել լարված նյարդերս, մոռացնել բոլոր դժվարությունները:

Իմ կյանքում հայտնվեց… սիրուհի: Նրա հետ ես ինձ հանգիստ էի զգում, հեռու ամեն գլխացավանքից: Եկավ մի պահ, որ այլևս չէի ուզում տուն վերադառնալ: Շուտով կինս իմացավ նրա մասին. սկանդալն աներևակայելի էր: Ես հասկանում էի նրան. մի կողմից մայրս, մյուս կողմից` դավաճանությունս: Կինս վերցրեց երեխային ու գնաց… Նրա հեռանալուց հետո նոր միայն զգացի, թե որքան թանկ, շատ թանկ բան եմ կորցրել: Նրան վերադարձնելու բոլոր փորձերս ապարդյուն անցան: Ամեն ինչ ավելի բարդացրեց այն, որ մայրս դիտավորյալ նրան լուր էր ուղարկել, թե իբր մենք գնացել ենք ուրիշ աղջիկ ուզելու: Սարսափելին առջևում էր. իմացա, որ երեխայի հետ մեկնել է Ռուսաստան…

Մնացի միայնակ. ընտանիքս վերադարձնելու բոլոր ջանքերս զուր անցան: Վիշտս խեղդում եմ օղու, ցավս` ծխախոտի մեջ: Վերհիշում եմ անցյալս, փորձում վերլուծել արածս ու չարածս սխալները, ելք գտնել այս իրավիճակից: Կնոջս ու որդուս ահավոր կարոտել եմ, մեռնում եմ նրանց կրծքիս սեղմելու ցանկությունից: Աղոթում եմ Աստծուն, որ վերադարձնի նրանց: Ես ամեն ինչ կանեմ նրանց երջանկացնելու համար:

Ա.

Հ.Գ. Այս պատմությունը «Շրջապատում» տպագրվել էր դեռևս 2006 թվականին: Մենք այն կրկին հրապարակեցինք, քանի որ տեղեկացել ենք, որ Ա.-ին հաջողվել է Ռուսաստանից վերադարձնել կնոջն ու երեխային, և այժմ նրանց ընտանիքն ապրում է հաշտ ու համերաշխ, ունեցել են ևս մեկ զավակ:


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: